Հայաստանում բնակավայրերի 66 տոկոսն ապահովված է լայնաշերտ ինտերնետով, ՀՀ բնակչության 96 տոկոսը հնարավորություն ունի օգտվելու ինտերնետից:
Այս մասին նշեց ՀՀ ԲՏԱ նախարարի տեղակալ Ավետ Պողոսյանը հեռավոր համայնքներում ինտերնետ հասանելիություն ապահովելու հնարավորությունների ստեղծման համար լուծումներ գտնելու նպատակով կազմակերպված՝ «Ապահովելով հասանելիություն բոլորին` Եվրոպա եւ տարածաշրջան» խորագրով գագաթնաժողովին:
«Կառավարությունն իր ուշադրության կենտրոնում է պահում բնակավայրերը լայնաշերտ ինտերնետով ապահովելու ծրագիրը, եւ 2021-2026 թվականների ծրագրում առկա է կետ՝ բնակավայրերի մինչեւ 80 տոկոսը մինչեւ 2026 թվականը լայնաշերտ ինտերնետով ապահովելու վերաբերյալ: Այս միջոցառման նպատակը այդ հարցի շուրջ մասնագետներին համախմբելն ու լուծումներ գտնելն է»,- ասաց փոխնախարարը:
Նրա համոզմամբ՝ մինչեւ 2026 թվականը Հայաստանի բնակավայրերի 80 տոկոսը ապահովված կլինի լայնաշերտ ինտերնետով:
«Այս պահին բնակավայրերի 66 տոկոսն արդեն իսկ ապահովված է լայնաշերտ ինտերնետով, միեւնույն ժամանակ ուզում եմ նշել, որ բնակչության 96 տոկոսը հնարավորություն ունի օգտվելու լայնաշերտ ինտերնետից: Մենք խոսում ենք շատ հեռավոր, փոքր բնակչություն ունեցող բնակավայրերի մասին, որտեղ ներդրումներ անելը տնտեսական տեսանկյունից նպատակահարմար չէ: Այս դեպքում լուծումը տեսնում եմ սուբսիդավորման կամ օպերատորներին այդ բնակավայրերում ինտերնետ հասանելիություն ապահովել շահագրգռելու մեջ: Մենք այս պահին ունենք գործիքակազմ. կառավարությունը պատրաստ է սուբսիդավորել այն համայնքներին, որոնք նման հայտ ներկայացնեն: Այս պահի դրությամբ համայնքներից որեւէ մեկը հայտ չի ներկայացրել, ինչը նշանակում է, որ ինտերնետ հասանելիությունը բավական լավ վիճակում է գտնվում»,- նշեց Պողոսյանը:
Նրա համոզմամբ՝ այս պահին ինտերնետ հասանելիության առումով Հայաստանը առաջատար դիրքեր է զբաղեցնում: Նման կարծիք հայտնեց նաեւ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը՝ նշելով, որ Հայաստանը ինտերնետ հասանելիության տեսանկյունից բավականին լավ դիրքերում է:
«Պետք է արձանագրել, որ ինտերնետի հասանելիությունը մարդկությանը տվել է նոր տեխնոլոգիաների միջով այլընտրանքային կրթություն ստանալու հնարավորություն: Ինտերնետ հասանելիությունը տարբեր համայնքներում, սահմանամերձ գյուղերում հնարավորություն կստեղծի օգտվել կրթական տարբեր ռեսուրսներից՝ վերապատրաստվել, զարգանալ, լեզուներ սովորել: Այն նաեւ լայն հնարավորություններ է ստեղծել տրանսպորտային եւ լոգիստիկ համակարգի համար»,- նշեց Արշակյանը:
Եզրափակելով՝ Արշակյանն ընդգծեց, որ Հայաստանը, հաշվի առնելով բոլոր հանգամանքները, չափազանց կարեւորում է ինտերնետի հասանելիությունը համայնքներին:
Հայաստանի օպերատորների միության տնօրեն Քրիստինե Գյոնջյանն ասաց՝ ինտերնետ կապն այսօր առաջնահերթությունների շարքում է եւ ստեղծում է հավասար հնարավորություններ համայնքների համաչափ զարգացման համար:
«Չնայած տեխնոլոգիաների գերարագ զարգացմանը՝ այսօր ամբողջ աշխարհում բնակվող 8 միլիարդ մարդուց 2.7 միլիարդը դեռ ինտերնետ հասանելիություն չունի՝ կախված աշխարհագրական դիրքից, ենթակառուցվածքների պակասից եւ բնակչության սակավությունից: Իսկ հասանելիություն ապահովելու համար պահանջվում է նոր, ոչ ավանդական մոտեցումներ: Այս խնդրին լուծում տալու համար կազմակերպությունները ողջ աշխարհից կազմում են դաշինքներ՝ ռեսուրսները համախմբելու, ներդրումները կառավարելու, թվային բացը լրացնելու եւ թվային վերափոխմանը նպաստելու համար: Հայաստանի օպերատորների միությունը եւս իր նպատակների իրագործման ընթացքում կոչված է նպաստելու ինտերնետի ու հեռահաղորդակցության ոլորտների զարգացմանը, օրենսդրական դաշտի բարելավմանը, թվային գրագիտության բարձրացմանը՝ ուղղված խնդիրների լուծմանը»,- ասաց Գյոնջյանը:
Նա նշեց՝ իրենց բազմակողմանի գործունեության հիմքում երկրի հավասարաչափ զարգացումն է, ՀՀ ողջ տարածքում որակյալ կապի հասանելիության ապահովմանը նպաստելը եւ համացանցի անվտանգ կիրառությունը:
ՄԵԿՆԱՐԿՈՒՄ ԵՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հանրապետությունում հունիսի 9-ին մեկնարկում են միասնական քննությունները։ Այս մասին հայտնում է Գնահատման եւ թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը:
Նրա խոսքով՝ քննություններին այս փուլում մասնակցելու է 13 հազար 456 դիմորդ։
«Միասնական քննությունների առաջին օրը դիմորդները քննություն են հանձնելու «Քիմիա» եւ «Ռուսաց լեզու» առարկաներից։ Այս փուլում քննություններն ավարտելու ենք հունիսի 27-ին «Հայոց պատմություն» եւ «Ֆիզիկա» առարկաներից։ Դիմորդները տեղաբաշխվել են հանրապետության 40 միասնական քննական կենտրոններում՝ 14-ը՝ Երեւանում, 26-ը՝ մարզերում»,-ասաց Կարո Նասիբյանը։
Այս փուլում քննություններին մասնակցող դիմորդների թվում կան նաեւ այն անձինք, որոնք հնարավորություն են ունեցել քննություն հանձնել նախորդ փուլում՝ ընթացիկ տարվա հունվարին։ Հունվարին քննություն հանձնածներից հունիսի համար չի հայտագրվել միայն 333-ը։ Մնացած 4200-ը պատրաստվում է կրկին մասնակցել քննություններին։
«Կար կարծիք, որ եթե դիմորդին բավարարում էր հունվարի ստացած իր գնահատականը, ապա հունիսին չի մասնակցի։ Ինչպես տեսնում ենք, մասնակիցների ճնշող մեծամասնությունը ցանկանում է երկրորդ անգամ քննություն հանձնել։ Կա դիմորդ, որ հունվարին ստացել է 19,75 միավոր, միեւնույնն է, հայտագրվել է հունիսի քննության համար»,-ասաց Կարո Նասիբյանը։
Այս տարվա պահանջված մասնագիտությունների ցանկում առանձնապես փոփոխություն տեղի չի ունեցել։ Հիմնականում պահանջված են տեղեկատվական տեխնոլոգիաներին, կառավարմանը, ֆինանսներին ու բուժական գործին առնչվող մասնագիտությունները։
Քննությունների կազմակերպչական աշխատանքներն ամբողջությամբ ավարտվել են։ Կարո Նասիբյանը նշեց, որ վերահսկողական գործիքակազմը, ինչպես նախորդ տարիներին, գործի է դրվելու։ Բոլոր նրանք, որոնց մոտ կհայտնաբերվի ցանկացած տիպի էլեկտրոնային սարք, դուրս կհրավիրվեն։ Հնարամիտ դիմորդները լինելու են վերահսկողների ուշադրության կենտրոնում։
ԽՆԿԱՐԿՈՒՄ՝ ՀԻՇԱՏԱԿԻՆ
Մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակի կապակցությամբ Կոմիտասի անվան պանթեոնում ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը եւ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը մասնակցել են Արամ Խաչատրյանի հիշատակի խնկարկման արարողությանը եւ ծաղիկներ խոնարհել նրա շիրիմին:
Միջոցառմանը մասնակցել են նաեւ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը, Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի տնօրեն Սարգիս Բալբաբյանը, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր Սոնա Հովհաննիսյանը, երաժշտարվեստի ներկայացուցիչներ, խաչատրյանական արվեստի երկրպագուներ, դպրոցականներ:
«Արամ Խաչատրյանի արվեստը միշտ այժմեական է՝ անկախ փոփոխվող մարտահրավերներից ու խնդիրներից։ Հոբելյանական տարին եւս մեկ առիթ է վերաիմաստավորելու եւ նորովի գնահատելու Արամ Խաչատրյանի թողած հսկայական ժառանգությունը, որտեղ մշտապես անելիք ունենք՝ նաեւ նոր շերտեր բացահայտելու առումով»,- ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
Նրա խոսքով՝ ՀՀ վարչապետի որոշմամբ՝ ձեւավորվել է Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակի հոբելյանական հանձնաժողով, հաստատվել է պետական ծրագիր, որի իրականացման համար բյուջեից հատկացվել է ավելի քան 530 միլիոն դրամ: Միջոցառումները բազմաժանր են եւ ընդգրկում են լայն աշխարհագրություն՝ Վրաստանից մինչեւ ԱՄՆ, Կանադա, Հունաստան, Ֆրանսիա, Գերմանիա: Ժաննա Անդրեասյանը նշել է, որ այսօր կմեկնարկի Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը՝ բացման համերգով:
«Արամ Խաչատրյանի երաժշտությունը կյանքի բոլոր փուլերի համար է եւ տալիս է մտորելու ու հասկանալու հնարավորություն: Կարեւորում եմ այն հանգամանքը, որ մեր երեխաները եւս ներգրավվեն հոբելյանական ծրագրերում՝ նորովի ճանաչելու եւ բացահայտելու Խաչատրյանին»,- եզրափակել է նախարար Ժաննա Անդրեասյանը:
Նախարարի տեղակալ Արա Խզմալյանի խոսքով՝ Արամ Խաչատրյանի հանճարեղ երաժշտարվեստը մեզ իրավունք է տալիս աշխարհի հանճարեղ ժողովուրդների շարքում զգալ որպես լիարժեք անդամ: