ԱՐՑԱԽԻ ՄԻՊ-Ը ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն մի քանի օր ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Ստեփանակերտից սահմանափակ քանակով մարդիկ են տեղափոխվել Հայաստան եւ նույնչափ էլ Հայաստանից են վերադարձել Արցախ: Այս մասին հունիսի 6-ին Alpha News-ի եթերում ասել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը եւ հավելել, որ Արցախից շուրջ 100 մարդ է տեղափոխվել Հայաստան, շուրջ 110-ն էլ վերադարձել է Արցախ:

 

ՄԻՊ-ը պարզաբանել է, որ ամբողջ ընթացքում, այդ թվում՝ Հակարիի կամրջի անցակետում հայ քաղաքացիներին ուղեկցել են ռուս խաղաղապահները, չնայած որ ադրբեջանական տեսանյութերում խաղաղապահները չեն երեւում:

«Կարծում եմ, որ ադրբեջանական կողմը հատուկ է անում, որ տեսանյութերում ռուս խաղաղապահները չերեւան. սա քարոզչական նպատակ է հետապնդում՝ ցույց տալու, որ, տեսեք, առանց երրորդ կողմի Ղարաբաղի հայ բնակչությունը անցնում է Հակարիի անցակետով:

Քաղաքացիներից մեկի խոսքով՝ ադրբեջանցի սահմանապահը փորձել է համոզել իրենց, որ առանց ռուս խաղաղապահների մեքենաների կարող են գալ, այսինքն՝ կարող են իրենց մեքենաներով հանգիստ տեղաշարժվել: Հստակ է, որ ադրբեջանցիների նպատակն է այնպես անել, որ այս պրոցեսին չլինի ռուսական կողմի մասնակցությունը կամ էլ Կարմիր խաչինը, ու նրանք կարողանան արտաքին աշխարհին ցույց տալ, որ խնդիր չկա, եւ այսպես կոչված «ինտեգրացիան» գործի մեջ է»,- ասել է Արցախի ՄԻՊ-ը ու հավելել, որ ադրբեջանական կողմը, տարածելով այդ տեսանյութերը, նպատակ է հետապնդում միջազգային հանրությանը ցույց տալ, որ անցակետն աշխատում է բնականոն հունով, եւ միջանցքով մարդկանց ազատ տեղաշարժն ապահովված է:

«Ընդ որում՝ նկարահանումն իրականացվում է առանց մարդկանց թույլտվության՝ խախտելով մարդկանց իրավունքը»,- նշել է Գեղամ Ստեփանյանը:

Արցախցի պաշտոնյան հիշեցրել է, որ Հակարիի կամրջի մոտ անցակետ դնելուց հետո ադրբեջանական կողմը խոչընդոտում էր Կարմիր խաչին արցախցի բուժառուներին տեղափոխել Հայաստան: Երկար բանակցություններից հետո, ըստ Գեղամ Ստեփանյանի, արդեն մի քանի անգամ Կարմիր խաչի միջնորդությամբ եւ ուղեկցությամբ բուժառուներ են տեղափոխվել Հայաստան:

«Ադրբեջանը դիտավորյալ էր խոչընդոտում բուժառուների տեղափոխումը. դա հատուկ էր արվում, որպեսզի Արցախի քաղաքացիները սկսեն օգտվել այսպես կոչված «անցակետից»: Վստահ եմ, որ ոչ միայն բուժառուները, այլեւ Կարմիր խաչի ներկայացուցիչները, որոնք անարգել ելումուտ պետք է ունենան Արցախ, այսօր անձնագրային ստուգում են անցնում:

Մտահոգիչն այն է, որ մարդիկ, որոնք գտնվում են Ադրբեջանի թիրախում եւ հայտարարված թշնամի են Ադրբեջանի համար, նրանց անձնագրային տվյալները հայտնվում են Ադրբեջանի տրամադրության տակ, ինչը խորացնում է անվտանգային սպառնալիքները արցախցիների նկատմամբ»,- ասել է Գեղամ Ստեփանյանը:

Օրինակ՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունում կան մարդիկ, որոնք անցնում են ադրբեջանական քրեական գործերով, հետեւաբար, ըստ ՄԻՊ-ի, այդ մարդիկ չեն կարող օգտվել այդ անցակետով, քանի որ Ադրբեջանը առիթը բաց չի թողնի եւ կարող է առեւանգել նրանց:

Գեղամ Ստեփանյանը կարծում է, որ որեւէ կերպ չպետք է թույլ տալ, որ առանց երրորդ կողմի հայ քաղաքացիները կարողանան տեղափոխվել այս կամ այն բնակավայր, քանի որ դա ադրբեջանական կողմին հիմք կտա՝ պնդելու, որ ազատ տեղաշարժը վերականգնվել է:

«Քանի դեռ մարդիկ այդ ճանապարհով անցնում են երրորդ կողմի ուղեկցությամբ, ուրեմն առկա են ե՛ւ հոգեբանական, ե՛ւ ֆիզիկական սպառնալիքներ: Այդ իրավիճակում խոսել միջանցքի բաց լինելու կամ շրջափակման վերացման մասին տրամաբանական չէ»,- ընդգծել է Արցախի ՄԻՊ-ը:

 

 

 

 

ԲՈՒՆՏ՝ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՈՂՆԵՐԻ ՇՐՋԱՆՈՒՄ

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանի հեղինակած նախագիծը իսկական բունտ է առաջացրել կառուցապատողների շրջանում:

Պատգամավորն առաջարկում է հետեւյալը. բանկը, որից քաղաքացին առաջնային շուկայից հիպոթեքային վարկով բնակարան է գնում, վարկն ամբողջությամբ չտրամադրի կառուցապատողին, դրա 25 տոկոսը փոխանցի, մնացած 75-ը վճարի, երբ բնակարանը կառուցվի եւ հանձնվի սեփականատիրոջը։

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ արդեն իսկ ընդունվել է ԱԺ-ում:

«Ժողովուրդ» օրաթերթը վերջին օրերին դժգոհություններ է ստանում կառուցապատմամբ զբաղվող ընկերություններից, որ պատգամավորի այս նախագիծը մեծ վնաս է հասցնելու կառուցապատման ոլորտին: Կառուցապատողները նշում են, որ եթե գումար չստանան, չեն կարողանա աշխատանքը կատարել: Նրանք մտադիր են մինչեւ անգամ բողոքի ակցիա կազմակերպել՝ ընդդեմ պատգամավորի հեղինակած նախագծի:

Մեր տեղեկություններով՝ ՔՊ ներսում եւս տարաձայնություններ կան՝ նախագծի հետ կապված, պատգամավորները եւս առաջարկել են Պապոյանին հետ կանգնել իր մտադրությունից, բայց վերջինս չի ցանկանում հետքայլ անել:

Բանը հասել է մինչեւ անգամ Նիկոլ Փաշինյանին: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Փաշինյանն ու Գեւորգ Պապոյանը կառավարությունում հանդիպելու են կառուցապատողների հետ:

Առաջիկայում թեմայի վերաբերյալ կներկայացնենք նաեւ Գեւորգ Պապոյանի պարզաբանումը:

ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆ

 

 

 

ՆՈՐ ՆՇԱՆԱԿՈՒՄ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Վահագն Հարությունյանին ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ նշանակելու մասին:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով եւ «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Վահագն Հարությունյանին 2023 թվականի հունիսի 12-ից նշանակել սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ»,- նշված է որոշման մեջ:

 

 

 

 

ԽԱՆԴԻ ՏԵՍԱՐԱՆՆԵՐ՝ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Ազգային ժողովի ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը շարունակում է իրեն որպես ընդդիմադիր դրսեւորել: Նա վերջին շրջանում հաճախ է «խանդի տեսարաններ սարքում»՝ հատկապես առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ կապված. հավանաբար Թորոսյանը դեռ չի հարմարվում այն փաստի հետ, որ Ավանեսյանը գործադիրում զբաղեցնում է իր տեղը, իսկ ինքն օրենսդիրում պատգամավոր է:

Արսեն Թորոսյանը գրեթե մշտապես փորձում է Ավանեսյանի գործունեության մեջ սխալներ, թերություններ գտնել, շտկել դրանք, դժգոհություններ է հայտնում նրա որոշումների մասով: Նա չի համակերպվում, որ Ավանեսյանն իրենից անկախ է գործում, իր թելադրանքները չի կատարում, իրեն չի ենթարկվում:

Թորոսյանը հերթական անգամ խանդի դրսեւորում է ցուցաբերել երեկ իր ֆեյսբուքյան էջում՝ Անահիտ Ավանեսյանի որոշման հետ կապված:

Անահիտ Ավանեսյանը 2022թ.-ի հոկտեմբերի 20-ին որոշում էր ստորագրել՝ հաստատելով տրանսպորտային միջոցների դեղարկղերում պարունակվող պարտադիր դեղերի եւ բժշկական պարագաների ցանկը: Համաձայն հավելվածի այդ դեղերն են՝

  1. Մանրէազերծված բինտ
  2. չմանրէազերծված բինտ
  3. էլաստիկ բինտ
  4. մկրատ
  5. բամբակ (խոնավածուծ, հիգրոսկոպիկ)
  6. յոդ կամ պովիդոն յոդի 10%-անոց լուծույթ
  7. մենթոլի լուծույթ մենթիլ իզովալերաթթվում (վալիդոլ)
  8. կորվալոլ
  9. նիտրոգլիցերին
  10. անուշադրի սպիրտ
  11. արյունահոսությունը դադարեցնող ձգալարան
  12. կպչուն սպեղանի
  13. ցավազրկող դեղեր:

Եւ, ահա, Արսեն Թորոսյանը հերթական բացթողումն է գտել Անահիտ Ավանեսյանի այս որոշման մեջ:

Թորոսյանը գտնում է, որ Ավանեսյանի որոշմամբ հաստատված դեղերի ցանկում կան դեղեր, որոնք ունեն պահպանման հատուկ պայմաններ, ինչը մեքենայի մեջ հնարավոր չի լինի ապահովել, ուստի դեղերը շուտ կփչանան:

Թորոսյանը կարծում է նաեւ, որ վարորդները դժվար թե իմանան այնտեղ նշված դեղերի օգտագործման ճիշտ ցուցումները:

Բացի սա, Թորոսյանը նշել է, որ մեքենաների դեղարկղներում պարտադիր պարունակող ցանկը պետք է ներառի միայն բժշկական պարագաներ՝ առաջին բուժօգնության համար, եւ ոչ թե դեղորայք:

Դիմելով Ավանեսյանին՝ Թորսյանը հորդորել է նախարարին վերանայել այդ որոշումը:

ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆ

 

 

 




Լրահոս