ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԸ ՄԵԿՆԱՐԿԵՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 6-ին լրացավ  մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակը: Մամուլի ասուլիսով ազդարարվեց  Խաչատրյանի անվան 19-րդ միջազգային մրցույթի մեկնարկը։

 

Ասուլիսի բանախոսներն էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի գործադիր տնօրեն Մարտին Թովմասյանը, Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանը, Խաչատրյանի անվան 19-րդ մրցույթի ժյուրիի նախագահ Սերգեյ Սարաջյանը։

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը ողջունեց փառատոնի մասնակիցներին, հյուրերին, կազմակերպիչներին եւ նշեց, որ խաչատրյանական տարին մեկնարկում է մեծ միջոցառումներով եւ հագեցած կլինի աշխարհագրական լայն ընդգրկում ունեցող ծրագրերով. «Այս հոբելյանն առիթ է իրականում վերաիմաստավորելու Արամ Խաչատրյանի երաժշտական ժառանգությունը, մշտական, ամենօրյա աշխատանքի միջոցով միջազգային ասպարեզում ներկայացնելու մեծանուն կոմպոզիտորի ստեղծագործական ժառանգությունը: Արամ Խաչատրյանն այն անունն է, որի արվեստը շտկում է մեր մեջքը, եւ որի երաժշտության մեջ հայի գաղափարն ու Հայաստանը շատ ավելի մեծ են, քան Հայաստանի աշխարհագրական սահմաններն են: Արամ Խաչատրյանն այն անունն է, որով մենք լիակատար առումով դառնում ենք մեծ մշակութային ընտանիքի, մեծ քաղաքակրթությունների լիիրավ անդամ»:

Նախարարի տեղակալի նշմամբ՝ հոբելյանական տարվա ընթացքում շատ հագեցած ծրագրեր կիրականացվեն նաեւ մարզերում. պետական ստեղծագործական կոլեկտիվները բազմաթիվ միջոցառումներով հանդես կգան սահմանամերձ շրջաններում: Նախարարի տեղակալը շնորհավորել է Պետական սիմֆոնիկ նվագախմբի ղեկավարին եւ կոլեկտիվին  Միացյալ Թագավորության հեղինակավոր հարթակներում խաչատրյանական ստեղծագործությունների փայլուն ներկայացման համար, որին ներկա են եղել ոչ միայն  հայ, այլեւ օտարազգի երաժշտասերները:

Արա Խզմալյանը տեղեկացմամբ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության աջակցությամբ եւ «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի նախաձեռնությամբ ֆրանսիական հեղինակավոր  «Mezzo» հեռուստաալիքը փաստագրական ֆիլմ է նկարահանել հայ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի մասին։ Սերգեյ Սմբատյանը տեղեկացրեց, որ մրցույթի բացման համերգի ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենա բրիտանացի վիրտուոզ ջութակահարուհի Ջենիֆեր Փայքը: Անվանի ջութակահարը նվագախմբի հետ ելույթներ է ունեցել հունվարին Միացյալ Թագավորությունում կայացած հյուրախաղերի ընթացքում՝ ներկայացնելով Խաչատրյանի Ջութակի կոնցերտը։

«Մրցույթը՝ որպես երիտասարդ տաղանդներին բացահայտելու հարթակ, մեծ դեր ունի։ Եվ այսօր շատ տաղանդավոր երաժիշտներ, որոնք հանդես են գալիս աշխարհի տարբեր բեմերում լավագույն նվագախմբերի ու դիրիժորների հետ, հաղթել են Խաչատրյանի անվան մրցույթում։ Մենք ունենք բազմաթիվ նման օրինակներ, ինչը խոսում է մրցույթի՝ միջազգային չափանիշներին համապատասխանելու մասին»,- նշել է Սերգեյ Սմբատյանը։

«Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի տնօրեն Մարտին Թովմասյանը, ներկայացնելով մրցույթի ընթացքը, նշել է, որ այն բաղկացած է 3 փուլից, որոնք տեղի կունենան Կոմիտասի թանգարան-ինստիտուտում եւ Արամ Խաչատրյան համերգասրահում։ Նա նաեւ տեղեկացրել է, որ մրցույթի դափնեկիրների անունները կհրապարակվեն հունիսի 13-ին՝  փակման գալա համերգի ընթացքում։ Ժյուրիի նախագահ, անվանի դաշնակահար Սերգեյ Սարաջյանն էլ ընդգծել է, որ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթն իրեն շատ հոգեհարազատ է, քանի որ կանգնած է եղել մրցույթի ստեղծման ակունքներում։ Ըստ նրա՝ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը տարեցտարի թափ է հավաքում եւ մեծ դեր է կատարում Հայաստանի երաժշտական կյանքում։ Նա նաեւ ներկայացրել է ժյուրիի կազմը՝ շեշտելով, որ ընդգրկված են տարբեր երկրների ներկայացուցիչներ՝ Վահագն Պապյան (Իսրայել-Հայաստան), Պավել Գիլիլով (Ավստրիա-Գերմանիա), Ստեֆան Լեմելին (Կանադա), Օքսանա Յաբլոնսկայա (ԱՄՆ), Սիանդոն Կոն (Չինաստան)։ Ժյուրիի նախագահը նաեւ նշել է՝  լսել է մրցույթի մասնակիցների կատարումները եւ հաշվի առնելով կատարողական բարձր վարպետությունը՝ համոզվել՝  հետաքրքիր ու մրցակցային մրցույթ է սպասվում։ Նշենք, որ  մրցույթի շրջանակում Հայաստան են ժամանել բազմաթիվ երիտասարդ դաշնակահարներ տարբեր երկրներից, որոնք մրցույթի ընթացքում պայքարելու են խաչատրյանական միջազգային մրցույթի դափնեկրի կոչման համար։ Մրցույթի նախընտրական փուլը հաղթահարել են 22 դաշնակահարներ 7 երկրից (Հայաստան, Ֆրանսիա, Գերմանիա, Ճապոնիա, Չինաստան, Հարավային Կորեա, Ռուսաստանի Դաշնություն)։

Խաչատրյանի անվան մրցույթը կցուցադրվի ֆրանսիական հեղինակավոր «Mezzo» հեռուստաալիքով: Մրցույթի հաղթողների կատարումները ցուցադրվելու են այդ ալիքի եթերում: Ցուցադրվելու են նաեւ չինական «Music Today» հարթակում, առցանց հեռարձակվելու են Խաչատրյանի մրցույթի պաշտոնական կայքէջով:

Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը հեղինակավոր ստուգատես է, որն իր կարեւոր տեղն ունի աշխարհում անցկացվող միջազգային մրցույթների ընտրանիքում։ Մրցույթի նպատակն է բացահայտել երիտասարդ տաղանդավոր երաժիշտների եւ աշխարհում հանրայնացնել Արամ Խաչատրյանի արվեստը։  Մրցույթն անցկացվում է երեք փուլով։ Երկրորդ եւ երրորդ փուլերում պարտադիր կատարման ծրագրում ներառված են նաեւ Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները։ Մրցույթի պաշտոնական նվագախումբն է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը։ Երրորդ՝ եզրափակիչ փուլ անցած դաշնակահարները հանդես կգան Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ։ Խաչատրյանական մրցույթն անցկացվում է «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի կազմակերպմամբ եւ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։ Մրցույթը 2013 թվականից Ժնեւում հիմնված Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի (WFIMC) անդամ է եւ գործում է ֆեդերացիայի սահմանած կանոններով։

 

 

 

 

 

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ՀՐԴԵՀՎԱԾ ԿԱՑԱՐԱՆՈՒՄ

Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի զինվորական կացարանում այս տարվա հունվարին բռնկված հրդեհի հետեւանքով զոհված 15 զինծառայողների ծնողներն առաջիկա օրերին դեպքի վայրում կկատարեն որոշ ուսումանասիրություններ։ Այս մասին տեղեկացրել է զոհված 15 զինծառայողներից 13-ի ծնողների լիազոր ներկայացուցիչ, փաստաբան Նորայր Նորիկյանը։

«ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունում Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների ծնողները ինձ հետ միասին հանդիպել են Փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ, գնդապետ Կամո Ցուցուլյանին։ Հանդիպմանը մասնակցել են Փրկարար ծառայության բարձրաստիճան սպաներ, ինչպես նաեւ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետի տեղակալ, գնդապետ Արսեն Սարոյանը, որը դեպքի հաջորդ օրը՝ ս.թ. հունվարի 20-ին, Հանրային հեռուստաընկերության եթերով հեռարձակվող «Հանրային քննարկում» հաղորդման ժամանակ տառացիորեն հայտնել էր, որ զոհված 15 զինծառայողներից 14-ը ծխահարվել են, ներսում եղել է 21 հոգի, նրանցից 14-ը հայտնաբերվել են մահճակալներին պառկած։ Զոհված զինծառայողների ծնողները բազմաթիվ հարցեր են բարձրացրել։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկա օրերին դեպքի վայրում կատարել որոշ ուսումանասիրություններ։ Առաջիկա օրերի ընթացքում այս գործի վերաբերյալ հանդես կգամ առավել ծավալուն տեղեկատվությամբ…»,- սոցցանցի իր էջում գրում է փաստաբանը:

 

 

 

 

 

ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՄՈԼՈՐՎԵԼ ԵՆ

Հունիսի 6-ին՝ ժամը 21։24-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ երկու քաղաքացի մոլորվել են Բջնի գյուղի սարում։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին (Հ. Մ.՝ ծնված 2003 թ., եւ Դ. Գ.՝ ծնված 2003 թ.) եւ ուղեկցել Աղբյուրակի ջրամբարի մոտ:

 

 

 

 

ԵՐԿՈՒՍԻ ՓՈԽԱՐԵՆ՝ ՄԵԿ ԴՊՐՈՑ

Դիլիջան համայնքի Գոշ գյուղում գործում է հանրակրթական երկու դպրոց՝ հիմնական եւ միջնակարգ։  Մոտ  1100 բնակիչ ունեցող գյուղում երկու դպրոց է պահվում, պետական բյուջեից  մեծ ծախսեր են կատարվում։ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին տեղեկատվական հարցում եմ ուղարկել՝ հարցնելով, թե Գոշում գործող հիմնական եւ միջնակարգ դպրոցներից յուրաքանչյուրը քանի աշակերտ ունի, ինչքան են կազմում պետական բյուջեից այդ դպրոցների ֆինանսավորման ծախսերը,  այդ ծախսերը կրճատելու համար  Գոշ գյուղում ինչու  մեկ դպրոց չի գործում։ Տավուշի մարզպետարանից ստացված գրավոր պատասխանը ներկայացնում եմ առանց կետադրական ուղղումների. «Գոշի միջնակարգ դպրոցն ունի 109 աշակերտ, հիմնական դպրոցը 39 աշակերտ։ Կառավարության 300 դպրոց եւ 500 մանկապարտեզ ծրագրով Գոշ գյուղում կառուցվելու է մեկ մոդուլային դպրոց։ Աշխատանքները գտնվում են նախագծային փուլում։ Գոշի հիմնական դպրոցի 2022 թվականի պահպանման ծախսերի ֆինանսավորումը կազմել է 26611,6 հազար դրամ, իսկ Գոշի միջնակարգ դպրոցինը՝ 50226,8 հազար դրամ»։

 

 

 

 

Ո՞Վ ԿՆՈՐՈԳԻ ԲՈՒԺԿԵՏԸ

Արդեն երեք տարի է, ինչ Նոյեմբերյան խոշորացված համայնքի սահմանամերձ, հեռավոր Բարեկամավան գյուղի բուժկետի տանիքի կեսը բաց է, ձյունը, անձրեւները լցվում են առողջապահական հիմնարկ, ստեղծում հակասանիտարական վիճակ, բուժկետի պատերը բորբոսով պատել են։ Բուժկետի տանիքի կեսը քանդվել է ուժգին քամուց։ Երեք տարի առաջ Ռուսաստանի Ստավրոպոլ քաղաքում ապրող  բարեկամավանցիները գումարներ են հավաքել Բարեկավանի միջնակարգ դպրոցի տանիքը վերանորոգելու համար, սակայն  այն ժամանակ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը դպրոցի  տանիքը նորոգելու համար պահանջվող գումարի չափը քիչ է նշել, այդ  պատճառով  ստավրոպոլցի բարեկամավանցիների հանգանակած գումարը չի հերիքել, հանրակրթական դպրոցի տանիքի նորոգումը կիսատ է մնացել, անձրեւները լցվում են դպրոցի շենք:  Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին տեղեկատվական հարցում եմ ուղարկել՝ հարցնելով, թե երբ կիրականացվի Բարեկամավանի միջնակարգ դպրոցի եւ գյուղի բուժկետի տանիքների վերանորոգումը։ Տավուշի մարզպետարանի  պատասխանը ներկայացնում եմ առանց կետադրական  եւ այլ փոփոխություններ անելու. «Բարեկամավանի բուժկետի տանիքը կվերանորոգվի 2023 թվականին Կարմիր խաչի կողմից։ Բարեկամավանի դպրոցի տանիքը կընդգրկվի 2023 թվականի հրատապ ծրագրերում»։ Տավուշի մարզպետարանի թվով 76 աշխատակից 2022 թվականի  պետական բյուջեից 59,5 միլիոն դրամ պարգեւատրում է  ստացել։ Տավուշի  մարզպետարանի աշխատողների պարգեւատրումների, դրամական խրախուսումների եւ հատուկ վճարների համար 2023 թվականին նախատեսված է 48 միլիոն 121 հազար 800 դրամ, քաղաքացիական, դատական եւ պետական այլ  ծառայողների պարգեւատրումների, դրամական խրախուսումների եւ հատուկ վճարների համար՝ 24 միլիոն 47 հազար 400 դրամ։ Պետական բյուջեի  մեծ գումարները  ծախսվում են Տավուշի մարզպետարանի պաշտոնյաներին պարգեւատրելու  համար, իսկ պետական հիմնարկ  բուժկետի շենքի տանիքը նախատեսված  է  իրականացնել Կարմիր խաչի միջոցներով։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 

 




Լրահոս