ԽԱԺԱԿՅԱՆԸ՝ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը Երեւանի ավագանու առաջիկա ընտրությունների, Տիգրան Ավինյանին աջակցելու եւ Հայկ Մարությանի մասնակցության վերաբերյալ զրուցել է Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար, քաղաքապետի թեկնածու Դավիթ Խաժակյանի հետ:

 

ՔՊ-ի հետ դաշինքով մասնակցության մասին Խաժակյանը նշեց, որ քաղաքական ուժերի կոնֆիգուրացիաների հարցը դեռ հստակեցված չէ:

-Պարո՛ն Խաժակյան, գիտենք, որ սեպտեմբերին սպասվում են Երեւանի ավագանու ընտրություններ: Դուք եւս թեկնածուներից մեկն եք: Ի՞նչ սպասելիքներ ունեք այս ընտրություններից:

-Ես հանդիսանում եմ ավագանու անդամ արդեն ավելի քան 6 տարի, եւ կուտակվել է մեծ քաղաքային փորձ, եւ կարծում եմ, որ այդ փորձը պետք է շարունակել ծառայեցնել: Ընտրությունները կլինեն մրցակցային, թե ոչ՝ ցույց կտա ժամանակը: Այդուհանդերձ, դրանք լրջագույն քաղաքական բովանդակություն ունեցող ընտրություններ են, բայց նաեւ քաղաքային կոմպոնենտը, ես համոզված եմ,  շատ կարեւոր է, որովհետեւ մարդիկ ակնկալելու են լսել իրական քաղաքային ծրագրեր այն խնդիրների շուրջ, որոնցով մտահոգված են,  իսկ մնացածը ցույց կտա ժամանակը: Մնացել է ընդամենը 2-3 ամիս:

-Պարո՛ն Խաժակյան, գիտենք, ու դա ակնհայտ է, որ թեեւ քարոզարշավը չի մեկնարկել, բայց իշխող քաղաքական ուժի թեկնածուն՝ Տիգրան Ավինյանը, արդեն սկսել է քարոզարշավը, տարբեր հանդիպումներ է ունենում քաղաքացիների հետ, բացման արարողությունների է մասնակցում, ու տպավորություն է, որ իշխող քաղաքական ուժը արդեն գրավել է Երեւանի ավագանին, ու շատ քաղաքական ուժեր հենց այս պատճառով չեն պատրաստվում մասնակցել ընտրություններին. նրանք կարծում են որ ամեն ինչ արդեն կանխորոշված է: Դուք ինչպե՞ս եք այս իրավիճակը գնահատում:

– Նախ, եկե՛ք արձանագրենք, որ իշխող քաղաքական ուժը քաղաքային իշխանություն գրավելու խնդիր չունի, որովհետեւ 2018-ից ստացել են բացարձակ մեծամասնության մանդատը, եւ մենք հասկանում ենք, որ համամասնական ընտրակարգում քաղաքապետները կարող են փոփոխվել կամ մնալ նույնը՝ այն, ինչ տեղի ունեցավ Երեւանում  առնվազն երկու անգամ: Քարոզարշավը, այո՛, ինչ-որ տեղ մեկնարկել է: Մեկնարկել է բոլոր ուժերի կողմից. հիմա, օրինակ, մենք կարող ենք տեսնել քաղաքային ընտրությունների պաստառներ (չբարձրաձայնեմ՝ ում). ես էդտեղ խնդիր չեմ տեսնում: Ամեն դեպքում, դա իշխանության պաստառները չեն, մեր պաստառները չեն, բայց դրանք կան: Ես նորմալ եմ գնահատում, որ քաղաքական կուսակցությունները սկսել են իրենց արշավը արդեն վաղ շրջանից եւ ուզում են քաղաքացիների աջակցությունը ստանալ: Հուսանք՝ դա կնպաստի ընտրությունների մրցակցայնությանը եւ մարդկանց ավելի շատ մասնակցությանը: Մնացյալը պետք է լինի օրենքի տրամաբանության շրջանում:

-Պարո՛ն Խաժակյան, տարբեր հարցումներ ցույց են տալիս, որ քաղաքացիները որպես քաղաքապետի թեկնածու գիտեն միայն Տիգրան Ավինյանին: Դուք այս պայմաններում մրցակցային համարու՞մ եք ընտրությունները:

-Էստեղ մեծ է մամուլի դերը: Մամուլը շուրջ մեկ տարի պնդում է, որ Տիգրան Ավինյանը, ընտրվելով փոխքաղաքապետ, իրականացնում է քարոզարշավ, եւ այնքան այդ անունը շրջանառվեց, թեպետ՝ քննադատական կոնտեքստում, բայց մարդկանց մոտ ֆիքսվեց, որ Տիգրան Ավինյանը թեկնածու է: Բնականաբար, նա միակը չէ, շատ թեկնածուներ կան, բայց ընտրությունների մրցակցայնությունը, կարծում եմ,  կախված կլինի այն պոտենցիալից, որոնք թիմերը կունենան: Ինչքան էլ որ քաղաքական բաղադրիչը մեծ լինի, այն թիմը, որը հանդես կգա քաղաքային ընտրություններում, պետք է քաղաքի խնդիրներին որոշակիորեն տիրապետի, եւ լուծումներն էլ լինեն  ոչ թե հեքիաթային, այլ առարկայական: Հիմա, երբ ես մեր ավագանու կազմի քաղաքական ուժերից դուրս եմ նայում, տեսնում եմ, որ ուժերի մեծ մասն անգամ չի տիրապետում տարրական խնդիրներին ու դրանց լուծումներին, եւ ինձ այդ իմաստով շատ հետաքրքիր կլիներ նրանց հետ հրապարակային քննարկումներ, բանավեճեր ունենալ, որպեսզի մարդկանց ցույց տամ, որ ընտրություններին մասնակցելը  մի փոքր ավելի լուրջ պատրաստություն է ենթադրում, քան ինչ-որ վերացական թեմաներով ծրագրեր առաջարկելը:

-Դուք մեզ հետ զրույցում տեւական ժամանակ առաջ չէիք հաստատել, բայց նաեւ չէիք բացառել, որ, հնարավոր է, ՔՊ-ի հետ դաշինքային ֆորմատով մասնակցեք: Ասել եք, որ, ամեն դեպքում, հնարավոր է քննարկումներ լինեն սրա շուրջ: Նոր զարգացումներ կամ վերջնական որոշումներ կա՞ն՝ սրա հետ կապված:

-Այս առումով որեւէ փոփոխություն չկա. մենք շարունակում ենք անել մեր աշխատանքը, եւ կարծում եմ՝ որեւէ կոնֆիգուրացիայի հստակեցում՝ ոչ միայն մեր մասով, այլ ընդհանրապես քաղաքական ուժերի, կլինի հուլիսի վերջին կամ օգոստոսի կեսերին: Մինչ այդ ինձ համար ամենակարեւոր խնդիրը, այն ամենը, ինչ մենք ունենք՝ քաղաքի հետ կապված, դրանք պատշաճ լուսաբանելն է, եւ, օրինակ, ես երեկ տեսանյութ թողարկեցի՝ Մյասնիկյան պողոտայի բեռնաթափումը իրականացնելու հետ կապված,  եւ այն շատ լավ արձագանք ստացավ: Ինձ համար կարեւոր է, որ այդ արձագանքը  պահպանվի, ու դրա  հիման վրա ձեւավորվի պահանջարկ, եւ մենք կարողանանք հենց այդպես լուծել կամ լուծել խնդիրը այլ միջոցներով, բայց, ամեն դեպքում, այդ խնդիրը դառնա օրակարգի մաս: Սա է եղել ինձ համար գլխավոր խնդիրը իմ այսքան տարվա գործունեության ընթացքում, որ նույնիսկ եթե  առաջարկված լուծումը լավագույնը չի եղել, դա մտնի քննարկման դաշտ, մտնի օրակարգ,  եւ քաղաքային խնդիրները չստվերվեն  ավելի մեծ խնդիրներով, որովհետեւ,  ի վերջո, քաղաքը շարունակում է ապրել, մարդիկ շարունակում են զգալ այդ խնդիրները, եւ մենք  պետք է հասցեագրենք դրանք:

-Այսինքն՝ դեռ չե՞ք շարունակում բացառել, որ հնարավոր է  հանդես գաք դաշինքով:

-Ես բացառեցի այն, ինչը-որ այս պահին բացառելի էր: Մնացյալը քննարկման տիրույթում է, ու որեւէ մեկի համար գաղտնիք չէ, որ մենք ունենք գործընկերային հարաբերություններ տարբեր քաղաքական ուժերի հետ, եւ ասել, որ մենք բացառում ենք համագործակցությունը որեւէ մեկի հետ, իհարկե, կարող է որպես վերնագիր լավը դիտարկվել, բայց դա պրոցեսի մաս է, եւ ես կենտրոնանում եմ  մեր անելիքների վրա:

-Իսկ կա՞ն քաղաքական ուժեր, որոնց հետ հստակ գիտեք, որ չեք համագործակցելու ու չեք տեսնում այս դաշինքային ֆորմատը նրանց հետ:

-Այո, եւ ես այդ մասին բազմիցս ասել եմ: Երբ, օրինակ, նայում ենք Հանրապետական կուսակցության գործունեությանը, որ անգամ վերջին ընտրություններին առանձնացավ ընտրակաշառք բաժանելով, նրանց հետ էլ ի՞նչ համագործակցության եզրեր: «Հայաստան» դաշինքը կարծես դադարել է գոյություն ունենալ, ընդհանրապես խոսք չի գնում իրենց առաջադրման մասին: Այս եւ նմանատիպ ուժերի հետ, բնականաբար, համագործակցություն չեմ պատկերացնում: Մնացյալը կոնֆիգուրացիայի հարց է, որովհետեւ, ի վերջո, մենք ունենք նաեւ հետընտրական շրջան, որտեղ տարբեր զարգացումներ կարող են լինել, եւ ինչպիսի զարգացում էլ լինի, շատ կարեւոր է, որ մենք կարողանանք ձեւավորել ժողովրդի վստահությունը վաստակող ավագանի, որը կկարողանա միմյանց հետ աշխատել:

Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ

 

 

 

 

ԱՐՇԱԼՈՒՅՍՆԵՐԸ ԽԱՂԱՂ ՉԵՆ

«Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ արշալույսները խաղաղ չեն ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում։

ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը գնացել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան ու դատարանի դատավորների որոշ մասի հետ ժամերով փակվել, ներքին քննարկում իրականացրել:

Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ ներքին քննարկման ժամանակ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը Վերաքննիչ քրեական դատարանի  որոշ դատավորների հասկացրել է, թե իրեն հատկապես Վերաքննիչ քրեական դատարանում պետք է մեկ անձ, որը կհամակարգի ողջ դատարանի աշխատանքը։

Թե ինչ քվեարկություն է եղել, պարզ չէ, բայց դատարանի շատ դատավորների համար զարմանալի կերպով Վերաքննիչ քրեական դատարանի համակարգող   կամ ԲԴԽ Կարեն Անդրեասյանի աչք ու ականջներ ծառայող դատավոր է  ընտրվել Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռուբիկ Մխիթարյանը։

Նշենք, որ Ռուբիկ Մխիթարյանն այն դատավորն էր, որին ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը ցանկանում էր դարձնել ԲԴԽ անդամ, սակայն, ի հեճուկս իր ցանկությունների, ԲԴԽ անդամ ընտրվեց Վերաքննիչ քրեական դատարանից դատավոր Արշակ Վարդանյանը։ Հիմա ամենակարեւորի մասին. ինչո՞ւ է Կարեն Անդրեասյանը որոշել Վերաքննիչ քրեական դատարանում իր հավատարիմ մեկին ունենալ։ Բանն այն է, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Մխիթար Պապոյանին չեն կարողանում վերահսկողության տակ պահել եւ,  ըստ էության, Հայաստանի Հանրապետության  վերաքննիչ քրեական դատարանում իրենց ցանկալի որոշումները ունենալ, ուստի որոշել են Մխիթարյանի միջոցով իրավիճակը հսկել։

Իսկ թե ինչ քրեական գործերով է, որ չեն կարողանում ազդել Վերաքննիչ քրեական դատարանի նախագահի վրա, մանրամասները կներկայացնենք առաջիկայում։

 

 

 

 

ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ՈՒ ՌԴ ԴԵՍՊԱՆԸ

Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախաձեռնությամբ իր առանձնատանը տեղի է ունեցել հանդիպում Հայաստանում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ։

Այս մասին հայտնում է առաջին նախագահի խոսնակ Արման Մուսինյանը:

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի եւ Արցախի հասարակություններին հուզող գրեթե բոլոր խնդիրներին։

 




Լրահոս