ՓԱՇԻՆՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ՝ ՍՈՉԻՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սոչիում մասնակցել է ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին:

 

Վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից պարզ է դառնում, որ նեղ կազմով նիստում վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է.

«Պատվիրակությունների հարգելի՛ ղեկավարներ,

Հարգելի՛ Սերգեյ Նիկոլայի,

Ուրախ եմ ողջունել գործընկերներին ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում։ Առաջին հերթին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր ռուս ընկերներին եւ անձամբ Միխայիլ Վլադիմիրիին՝ ավանդաբար ջերմ ընդունելության եւ այսօրվա հանդիպումը բարձր մակարդակով կազմակերպելու համար։

Ընդհանուր առմամբ, դրական եմ գնահատում համագործակցության շրջանակներում այս տարի կատարված աշխատանքը՝ համագործակցության ամրապնդմանն ուղղված ջանքերի համախմբման տեսանկյունից: Նաեւ գոհունակությամբ նշեմ, որ այսօրվա հանդիպման օրակարգում ընդգրկված փաստաթղթերի ցանկն ընդգրկում է մեր երկրների կենսագործունեության լայն շրջանակ, որոնց արդյունավետ իրականացումը, ի վերջո, ուղղված է փոխշահավետ համագործակցության հետագա զարգացմանը՝ ի շահ ԱՊՀ անդամ պետությունների քաղաքացիների բարեկեցության եւ կյանքի որակի բարելավման:

Հայաստանի Հանրապետությունը համարում է «Ծառայությունների ազատ առեւտրի, ներդրումների հիմնադրման, գործունեության եւ իրականացման մասին» համաձայնագիրը մեծ հնարավորություն ԱՊՀ անդամ երկրներում ներդրումային գործունեության զարգացմանը նոր թափ հաղորդելու համար եւ իր պատրաստակամությունն է հայտնում սույն համաձայնագրի դրույթների գործնական կիրառման առումով:

Մեր առջեւ ծառացած կարեւոր խնդիրներից է մեր երկրների տնտեսվարող սուբյեկտների միջեւ արդյունաբերական կոոպերացիոն կապերի ակտիվացման եւ փոխգործակցության համար նպաստավոր պայմանների ստեղծումը՝ նորարարական արդյունաբերական կլաստերների եւ գիտաարտադրական գոտիների ձեւավորման նպատակով։

Գիտելիքի ինտենսիվ նոր ճյուղերի ստեղծումը եւ բարձր տեխնոլոգիական արդյունաբերական ներուժի արդիականացումը հիմնական գործոնն է կայուն եւ նորարար տնտեսական զարգացման հասնելու համար, ինչպես նաեւ մեր տնտեսությունների մրցունակության բարձրացման համար անհրաժեշտ պայման: Այս համատեքստում ուզում եմ նշել Արդյունաբերական համագործակցության զարգացման հայեցակարգի եւ միջոցառումների համալիրի ընդունման կարեւորությունը։

Գիտելիքահեն ինտենսիվ նոր ճյուղերի ստեղծումը եւ բարձր տեխնոլոգիական արդյունաբերական ներուժի արդիականացումը կայուն եւ նորարար տնտեսական զարգացմանը հասնելու հիմնական գործոնն է, ինչպես նաեւ մեր տնտեսությունների մրցունակության բարձրացման անհրաժեշտ պայմանը: Այս համատեքստում նշեմ Արդյունաբերական կոոպերացիայի զարգացման հայեցակարգի եւ Միջոցառումների համալիրի ընդունման կարեւորությունը։

Գիտական եւ տեխնոլոգիական արագ առաջընթացի ֆոնին աստիճանաբար ավելի են սրվում բնապահպանական խնդիրները, եւ շրջակա միջավայրի համար ռիսկերը նվազեցնելու արդյունավետ մեխանիզմների ստեղծման պահանջարկը մեծանում է: Հետեւաբար, խաղաղ նպատակներով էկոլոգիապես մաքուր միջուկային էներգիայի զարգացումը էական նշանակություն ունի կայուն զարգացում ապահովելու եւ շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցությունը նվազեցնելու համար:

Այս համատեքստում հայկական կողմն աջակցում է Ռադիացիոն իրավիճակի մոնիտորինգի նպատակով տվյալների փոխանակման ոլորտում համագործակցության համաձայնագրի ստորագրմանը, որն ուղղված է ոչ էներգետիկ նպատակներով, մասնավորապես՝ գիտության, բժշկության եւ գյուղատնտեսության ոլորտներում միջուկային տեխնոլոգիաների օգտագործման մեխանիզմների օպտիմալ մոտեցումների մշակմանը»։

Վարչապետ Փաշինյանը ԱՊՀ գործընկերների հետ շրջայց է կատարել նաեւ «Եվրասիա՝ մեր տուն» խորագրով ցուցահանդեսի տաղավարներով, ծանոթացել ԱՊՀ պետությունների ընկերությունների արտադրությանը` տարբեր ոլորտներում:

 

 

 

 

ՈՒՂԱՐԿՎԵԼ Է ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ

«Ժողովուրդ» օրաթերթն արդեն հայտնել էր, որ Փարաքար խոշորացված համայնքի Թաիրով գյուղում, արդեն երկար ժամանակ է, չունեն խմելու ջուր: Բնակիչների խոսքով՝ ամռան ամիսներին անհնար է ծորակից ջուր խմել, քանի որ այս շրջանում խմելու ջուրը փոխարինում են արտեզյան ջրով, ընդ որում՝ չափից շատ քլորի պարունակությամբ: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Թաիրովի բնակիչները նշեցին, որ անորակ ջրի պատճառով գյուղի բազմաթիվ երեխաներ ունեն աղիքային խնդիրներ, փորլուծություն, մի քանիսն էլ գտնվում են հիվանդանոցում:

Բնակիչներն այս խնդրով բազմիցս բողոքել են տարբեր պատկան մարմինների, սակայն որեւէ արդյուք չի եղել, իսկ «Վիոլա ջուր» ընկերությունից բնակիչներին պատասխանել են, որ ջուրը համապատասխանում է չափանիշներին, իսկ արտեզյանը խառնում են խմելու ջրին, քանի որ այն չի բավականացնում բնակիչներին:

«Ժողովուրդ» օրաթերթի տեսախցիկը ֆիքսել է նաեւ ջրի գույնը՝ դեղնավուն: Բնակիչները մեզ հայտնեցին, որ այս ջուրը  ուղարկվել է փորձաքննության. սպասում են պատասխանին:

 

 

 

ԿԱՅԱՆՈՒՄԸ ԿԱՐԳԵԼՎԻ

Երեւանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որով տեղեկացնում է, որ իրականացվելու են Հերացու փողոցի (դեպի կենտրոն ուղղության) գրպանիկների փակման աշխատանքներ, որոնցով պայմանավորված՝ սույն թվականի հունիսի 9-ից արգելվելու է տրանսպորտային միջոցների կայանումը:

Հայտարարության մեջ ասված է.

«Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության եւ բարեկարգման վարչության կողմից ուսումնասիրվել են Հերացի փողոցի ճանապարհային երթեւեկության կազմակերպման եւ կառավարման առկա խնդիրները, տրանսպորտային միջոցների դժվարանցանելիության պատճառները, առաջին եւ երկրորդ երթեւեկելի գոտիներում կայանման հարուցած բարդությունները եւ այլն:

Նշված խնդրի լուծման նպատակով նախատեսվում է իրականացնել Հերացու փողոցի (դեպի կենտրոն ուղղության) գրպանիկների փակման աշխատանքներ, որոնցով պայմանավորված՝ սույն թվականի հունիսի 9-ից արգելվելու է տրանսպորտային միջոցների կայանումը»:

 

 

 

 

 

ՏՐԱՆՍՊՈՐՏԻՑ ԴԺԳՈՀ ԵՆ

Հայաստանում տրանսպորտային նոր փոխադրամիջոցների ավելացման ու վերափոխման ֆոնին՝ մայրաքաղաքում դեռեւս շարունակում են բողոքել տրանսպորտների՝ ոչ պատշաճ աշխատելաոճից:

«Ժողովուրդ» օրաթերթի խմբագրությունը բազմաթիվ բողոքներ է ստանում՝ կապված երթուղային ցանցի տարբեր համարների վատ աշխատանքի հետ: Մասնավորապես, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մաս կազմող «Հաղթանակ» (4-րդ գյուղ) թաղամասի բնակիչները ահազանգում են. 53 համարի ավտոբուսներն ու 77 համարի միկրոավտոբուսները իրենց աշխատանքում թերանում են:

Քաղաքացիների խոսքով՝ 20:00-ից սկսած՝ գրեթե անհնար է դառնում թաղամաս գնալը, քանի որ 53 համարի ավտոբուս բացարձակ գոյություն չունի այդ ժամերին, իսկ 77-ին սպասելը կարող է ողջ հավերժություն ձգվել: Երթուղային տաքսիներով ամեն օր երթեւեկելն էլ խելամտության ժանրից չէ:

Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց մեկնաբանություն ստանալ երթուղիները սպասարկող վարորդներից: Վերջիններիս խոսքով՝ թերության պատճառը 53 համարի երթուղու ավտոբուսների քանակի անբավարարությունն է, դե իսկ 77-ը ունի 13 միկրոավտոբուս, իսկ թերացման պատճառը գծի երկարությունն է:

«Ժողովուրդ» օրաթերթին Երեւանի քաղաքապետարանի լրատվության վարչությունից տեղեկացրին, որ 77 համարի երթուղին մասնավոր է. սպասարկում է «Երեւանտրանս» ՓԲԸ-ն: Այդուհանդերձ, քաղաքապետարանից տեղեկացրին, որ առաջիկայում նախատեսվում է մինչեւ սեպտեմբերի 1-ը կասեցնել մասնավոր ընկերությունների կողմից սպասարկվող միկրոավտոբուսները՝ «գազել»-ները, այդ թվում՝ 77 համարի երթուղին: Քաղաքապետարանի լրատվության վարչությունը կապ է հաստատել նաեւ «Երեւանտրանս» ընկերության ղեկավար կազմի հետ, որտեղից խոստացել են բարելավել միկրոավտոբուսների աշխատանքը, երկարացնել աշխատանքային ժամերը, մինչեւ կավելացվեն նոր ավտոբուսներ 53 համարի երթուղում, եւ կկարգավորվի ավտոբուսների աշխատանքը:

Վարչությունից խոստանում են՝ շուտով բնակիչները կզգան ակնհայտ փոփոխությունը:

ՄԱՐԻԱՄ ՂԱԶԱՐՅԱՆ




Լրահոս