ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀԸ ԱՄՓՈՓՎԵԼ Է ՆՈՐ ՀԱՎԱՔԱԾՈՒՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայ հին եւ միջնադարյան արվեստն ու եկեղեցական գեղանկարչությունը» ուղեցույց-պատկերագիրքն ամփոփում է Հայաստանի ազգային պատկերասրահի մշտական ցուցադրությունում ընդգրկված հայ հին եւ միջնադարյան արվեստի հավաքածուն՝ որմնանկարչության եւ մանրանկարչության ընդօրինակություններ, հայկական սրբանկարչության, քանդակի եւ դեկորատիվ-կիրառական արվեստի բարձրարժեք նմուշներ, որոնք ամբողջական պատկերացում են տալիս ազգային դարավոր արվեստի մասին: Պատմական ակնարկի ձեւով ներկայացվում է արվեստի առանձին տեսակների զարգացման ընթացքը` սկսած Ք.ա. VIII դարից մինչեւ Ք.հ. XIX դարի կեսերը:

 

Հայերեն եւ անգլերեն լեզուներով ուղեցույց-պատկերագրքի շնորհանդեսը տեղի ունեցավ հունիսի 7-ին պատկերասրահի «Արտ բազիս» գրադարանում:

Արվեստագիտության թեկնածու, դոցենտ Քնարիկ Ավետիսյանը, որն ուղեցույց-պատկերագրքի հեղինակն է, նշեց՝ ստեղծվել է հանրամատչելի հրատարակություն, որը ներկայացնում է ազգային դարավոր արվեստի գանձերը, ինչը հնարավորություն կտա ճանաչելու ինքներս մեզ: Նրա խոսքով՝ հատկապես հիմա կարեւոր է փոքր ծավալի, բայց հարուստ պատկերներով եւ բոլորին հասանելի լեզվով շարադրված նյութ մատուցել հանրության լայն շրջանակներին, հատկապես՝ Հայաստան այցելող զբոսաշրջիկներին:

«Խնդիր էր դրված ներկայացնել հայ հին եւ միջնադարյան արվեստը՝ հիմնվելով պատկերասրահի հարուստ նյութի վրա: Տարիներ առաջ, երբ կազմավորվում էր պատկերասրահը, նրա ակունքներում կանգնած մարդիկ՝ Մարտիրոս Սարյանը, Ռուբեն Զարյանը եւ այլք, մտածում էին ներկայացնել ազգային արվեստն իր բազմազանության մեջ եւ ժամանակի ընթացքում զարգացման փուլերը՝ մեկ վայրում ցուցադրելու համար, ուստի հայկական որմնանկարչության լավագույն գործերն ընդօրինակվեցին, եւ այդ վավերական ընդօրինակությունները, որոնք պատկերասրահի սրահներում են, գիտական ուսումնասիրության թանկ հուշարձաններ են դարձել, իսկ իրական հուշարձանների որոշ մասը կորստի է մատնվել»,- պատմեց Ավետիսյանը: Նա ընդգծեց, որ հայկական ձեռագրարվեստը բազմազան է նկարչական դպրոցներով, ուստի մանրանկարչության զարգացման ընթացքն ու դպրոցների գործունեությունը պատկերագրքում ներկայացնելու նպատակով ընդգրկել են այն կարեւոր ձեռագրերը, որոնք ոչ միայն այդ դպրոցի համար են նշանակալի, օրինակ՝ Ծերուն Ծաղկողի դպրոցի մանրանկարները եւ այլն: Քնարիկ Ավետիսյանն ասաց, որ պատկերասրահը ժամանակին հավաքել է, պատվիրել է հայկական միջնադարյան քանդակագործության նմուշներ, որոնք հայկական եկեղեցիների պատերի, շքամուտքերի քանդակային հարդարանքն են եղել: Արվեստի այդ տեսակին պատկանող թանգարանային նմուշները եւս ընդգրկվել են պատկերագրքում:

«Առանձին շեշտադրմամբ ներկայացվում է հայկական հաստոցային սրբանկարչությունը: Այն հետաքրքիր է եւ՛ թեմատիկ բազմազանությամբ, եւ՛ պատկերագրական, եւ՛ ոճական առումով: Դրանց գերակշիռ մասն անհայտ հեղինակների, ստեղծագործողների աշխատանքներ են: Ընդգրկված են Հովնաթանյան տոհմից Հովնաթան Հովնաթանյանի գործերը: Դարաշրջանը փակվում է Մկրտում Հովնաթանյանի ստեղծագործություններով, ուստի նրա՝ հայոց արքաներին նվիրված շարքից մի քանի պատկերներ եւս ներառվել են պատկերագրքում»,-եզրափակեց Քնարիկ Ավետիսյանը:

 

 

 

 

ԳԻՏԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՆՈՐ ՇԱՐՔ

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում մեկնարկել է «Լեռնցի ժողովուրդների ավանդական գեղարվեստական մշակույթի պրոբլեմները: Պատմատիպաբանական կապերն ու զուգահեռները Եվրասիայի ժողովուրդների ավանդական եւ ակադեմիական արվեստում» եռօրյա միջազգային գիտագործնական ֆորումը՝ նվիրված ՀՀ ԳԱԱ հիմնադրման 80-ամյա հոբելյանին։ Ֆորումը ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի եւ Արվեստների պատմության ռուսաստանյան ինստիտուտի (Սանկտ Պետերբուրգ) առաջին համատեղ գիտական միջոցառումն է։

 

Ֆորումի մասնակիցներին ողջունեց ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի տնօրեն, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Աննա Ասատրյանը։ «Անցյալ տարի ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի եւ Արվեստների պատմության ռուսաստանյան ինստիտուտի միջեւ ստորագրվեց համագործակցության պայմանագիր։ Սա մեր առաջին համատեղ գիտական ??միջոցառումն է։ 2023 թվականը հոբելյանական է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի համար, որը նշում է հիմնադրման 80-ամյակը։ Հոբելյանական տարվա ընթացքում Արվեստի ինստիտուտը մտադիր է անցկացնել գիտական միջոցառումների շարք՝ նվիրված այս փառավոր հոբելյանին։ Եվ շատ խորհրդանշական է, որ այս շարքի առաջին ակորդը հնչում է մեր պետերբուրգյան գործընկերների հետ միասին։

Ֆորումի մասնակիցներին ողջունեց Արվեստների պատմության ռուսաստանյան ինստիտուտի գործիքագիտության սեկտորի վարիչ, կոմպոզիտոր, գործիքագետ, Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Իգոր Մացիեւսկին։ Նա նշեց, որ Հայաստանի եւ Ռուսատանի արվեստագիտության հաստատությունները պատմականորեն կապված են միմյանց հետ եւ սերտ համագործակցում են։ Նա հիշատակեց հայ արվեստագետների, որոնք մեծ ներդրում ունեն Ռուսաստանի մշակույթի զարգացման գործում։ Իգոր Մացիեւսկին մասնակիցներին մաղթեց արդյունավետ աշխատանք։

Ֆորումին զեկուցումներով հանդես եկան ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի եւ Արվեստների պատմության ռուսաստանյան ինստիտուտի մասնագետները, հետազոտողներ Հայաստանի, Ռուսաստանի Դաշնության, Գերմանիայի, Չեռնոգորիայի, Բելառուսի գիտական տարբեր կենտրոններից։

Ֆորումի շրջանակներում հունիսի 7-ին ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտում (Մարշալ Բաղրամյան պողոտա 24/4) տեղի կունենա կլոր սեղան՝ «Ավետ Տերտերյան. «ռուսական-սովետական սիմֆոնիզմը»՝ հայկական համատեքստում» թեմայով, իսկ հունիսի 8-ին՝ կլոր սեղան՝ «Կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանի աշխարհի սիմֆոնիան» թեմայով:

 

 

 

ՀԱՎԱՔԸ ՍԿՍՎԵՑ

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը սկսել է մարզական հավաքը  ՀՖՖ տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում: Հունիսի 8-ի երեկոյան հավաքականին կմիանան Վարազդատ Հարոյանը եւ Կամո Հովհաննիսյանը, հունիսի 11-ին՝ Անդրե Չալըշըրը, հունիսի 12-ին՝ Էդուարդ Սպերցյանն ու Գեորգի Հարությունյանը: Լուկաս Սելարայանը եւ Նորբերտո Բրիասկո Բալեկյանը թիմին կմիանան Ուելսում հունիսի 14-ին. հաղորդում է ՀՖՖ-ի կայքը:

Ժիրայր Շաղոյանի ժամանման օրը պարզ կդառնա ավելի ուշ:

Արդեն հավաքին են միացել հետեւյալ ֆուտբոլիստները՝

Օգնյեն Չանչարեւիչ – «Ալաշկերտ»

Արսեն Բեգլարյան – «Ուրարտու»

Ստանիսլավ Բուչնեւ – «Փյունիկ»

Ժիրայր Մարգարյան – «Ուրարտու»

Էրիկ Փիլոյան – «Ուրարտու»

Դավիդ Դավիդյան – «Փյունիկ»

Սերգեյ Մուրադյան – «Նոա»

Տարոն Ոսկանյան – «Ալաշկերտ»

Ստյոպա Մկրտչյան – ԲԿՄԱ

Արտակ Դաշյան – «Փյունիկ»

Հովհաննես Հարությունյան – «Փյունիկ»

Ուգոչուկվու Իվու – «Ուրարտու»

Վբեյմար Անգուլո – «Ալաշկերտ»

Արթուր Սերոբյան – «Արարատ-Արմենիա»

Արթուր Միրանյան – «Ալաշկերտ»

Նաիր Թիկնիզյան – «Լոկոմոտիվ» (Մոսկվա, Ռուսաստան)

Վահան Բիչախչյան – «Պոգոն» (Լեհաստան)

Խորեն Բայրամյան – «Ռոստով» (Ռուսաստան)

Հրանտ-Լեոն Ռանոս – «Բորուսիա» (Մյոնխենգլադբախ, Գերմանիա)

Տիգրան Բարսեղյան – «Սլովան» (Սլովակիա):

«Եվրո-2024»-ի ընտրական մրցաշարում Հայաստանի թիմը հունիսի 16-ին կհյուրընկալվի Ուելսի հավաքականին: Հունիսի 19-ին Երեւանում Հայաստանի թիմը կխաղա Լատվիայի հավաքականի հետ:

 

 

 

 

Ո՞ՒՐ ԿԳՆԱ ՍՊԵՐՑՅԱՆԸ

Ամստերդամի «Այաքսը» ցանկանում է ձեռք բերել ռուսական «Կրասնոդարի» եւ Հայաստանի հավաքականի 23-ամյա կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանին։

Հոլանդական ակումբն առաջիկայում կսկսի բանակցությունները «Կրասնոդարի» հետ, որը պատրաստ է վաճառել Էդուարդ Սպերցյանի տրանսֆերը 10 միլիոն եվրոն գերազանցող առաջարկի դեպքում։

Ընթացիկ մրցաշրջանում Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդարի» հետ մասնակցել է 40 հանդիպման, խփել է 14 գոլ, կատարել 14 գոլային փոխանցում։ Նրա պայմանագիրը ռուսական ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2026թ. հունիս։




Լրահոս