ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գեւորգ Մանթաշյանը հունիսի 12-13-ն աշխատանքային այցով գտնվում է Հնդկաստանի Պունի քաղաքում՝ մասնակցելու G20 Digital Economy Working Group-ի հանդիպման շրջանակներում անցկացվելիք «Գլոբալ թվային հանրային ենթակառուցվածք գագաթնաժողովին» (Global Digital Public Infrastructure (DPI) Summit)-ին:

 

ՀՀ ԲՏԱ նախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության եւ Հնդկաստանի էլեկտրոնիկայի եւ տեղեկատվական տեխնոլոգիայի նախարարության միջեւ ստորագրվել է «Թվային փոխակերպումների համար բնակչության մասշտաբով իրականացված հաջող թվային լուծումների փոխադարձ տրամադրման ոլորտում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիր:

Հուշագիրը ստորագրել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գեւորգ Մանթաշյանը եւ Հնդկաստանի Հանրապետության էլեկտրոնիկայի եւ տեղեկատվական տեխնոլոգիայի նախարարության գլխավոր քարտուղար Ալկեշ Կուար Շարման:

Ստորագրված փաստաթղթով կողմերն արտահայտում են իրենց պատրաստակամությունը՝ ընդլայնելու համագործակցությունը երկու երկրների միջեւ ինստիտուցիոնալ համագործակցության խթանման, տեխնիկատնտեսական հիմնավորման, արդիականացման   գնահատման եւ թվային փոխակերպման լուծումների իրականացման ոլորտներում:

Գագաթնաժողովին նախարարի առաջին տեղակալ Գեւորգ Մանթաշյանը հանդես է եկել ելույթի խոսքով, որում, մասնավորապես, նշել է.

«Այժմ մենք քննարկում ենք կարեւոր թվային հանրային ենթակառուցվածքները եւ դրանց կարեւորությունը այն մարդկանց համար, որոնք կիրառում են դրանք: Մենք բոլորս պատմական ժամանակաշրջանում ենք ապրում, որտեղ մասնակից ենք տեխնոլոգիաների ստեղծմանը, որոշ ժամանակ անց, միգուցե, այս տեխնոլոգիաները ինքնուրույն ստեղծեն իրենց տեխնոլոգիաները եւ սեփական լեզուն: Այստեղ են երկրներ, որոնք ունեն արհեստական բանականության ազդեցության դրական եւ բացասական փորձառություն: Եվ սա լավ առիթ է երկրների միջեւ ստեղծելու կոալիցիա՝ տեխնոլոգիաները կարգավորելու համար, եւ հարկ եմ համարում նշել, որ, այո՛, մենք ցանկանում ենք կարգավորել տեխնոլոգիաների կիրառությունը, բայց միեւնույն ժամանակ չսահմանափակել դրանց զարգացումը եւ աճը: Ես տպավորված եմ, թե ինչպես են Հնդկաստանում, կիրառելով տեխնոլոգիաները, պայքարում աղքատության դեմ եւ ապահովում որակյալ ենթակառուցվածքների հասանելիությունը: Սա լավ օրինակ է, թե ինչպես պետք է աշխատենք, եւ ինչի վրա կենտրոնանանք: Լիահույս եմ, որ միավորելով մեր ուժերը՝ կկարողանանք ստեղծել տեխնոլոգիաներ, որոնք կարող են նպաստել մարդկության կենսակերպի բարելավմանը»:

Գագաթնաժողովի շրջանակներում Գեւորգ Մանթաշյանը հանդիպումներ կունենա Հնդկաստանի պետական եւ մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ, քննարկումներ կլինեն միջոցառմանը ներկա տարբեր պետությունների մասնակիցների միջեւ:

«G20»-ում Հնդկաստանի նախագահության տարում գագաթնաժողովը մի հարկի տակ է հավաքվել G20-ի անդամներին, հրավիրված երկրների, միջազգային կազմակերպությունների հայտնի փորձագետների, քաղաքականություն մշակողների եւ պրակտիկ մասնագետների, որոնք աշխատում են թվային կառավարման ոլորտում՝ կիսելու իրենց փորձը, ինչպես նաեւ ընդունելու թվային հանրային ենթակառուցվածքը՝ համաշխարհային թվային տնտեսությունը բարելավելու համար: Այն համահունչ է G20-ի «Մեկ երկիր, մեկ ընտանիք եւ մեկ ապագա» թեմային: Գագաթնաժողովի շրջանակում տեղի կունենա նաեւ համաշխարհային թվային հանրային ենթակառուցվածքների ցուցահանդեսը, որտեղ G20-ի անդամները եւ հրավիրված երկրները կցուցադրեն իրենց բնակչության մասշտաբի թվային հանրային ենթակառուցվածքների մասին տեղեկություն։

 

 

 

 

ԵՎՐԱԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ՝ ՄԵՐ ՄԱՍԻՆ

Եվրոպական խորհրդարանը լիագումար նիստում նախատեսում է քննարկել  Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունները եւ իրավիճակը Լեռնային Ղարաբաղում ու Լաչինի միջանցքում:

Առաջիկայում կայանալիք  նիստում նախատեսված են դեբատներ, այդ թվում՝ «Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունները եւ իրավիճակը Լեռնային Ղարաբաղում եւ Լաչինի միջանցքում» թեմայով, կլինեն հարցեր՝ Եվրահանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին:

Ադրբեջանն ապօրինի կերպով անցակետ է տեղադրել Լաչինի միջանցքում՝ Հակարի կամրջի վրա։ Հայաստանի եւ Արցախի արտաքին գործերի նախարարությունները հայտարարել են, որ Ադրբեջանի այդ քայլը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության խախտում է։

 

 

 

ԲԵՐԵՏՆԵՐ՝ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության խաղաղապահ բրիգադում տեղի է ունեցել ատեստավորման քննությունները հանձնած եւ բրիգադում հաստիքների նշանակված «Պաշտպան հայրենյաց» ծրագրի մասնակիցներին խաղաղապահի կապույտ բերետ հանձնելու հանդիսավոր միջոցառումը:

Համաձայն ՀՀ ՊՆ-ի տարածած հաղորդագրության՝ շնորհավորելով զինծառայողներին ատեստավորման առաջին փուլը հաղթահարելու կապակցությամբ՝ Սուրեն Պապիկյանը վստահություն է հայտնել, որ ՊՆ խաղաղապահ բրիգադի շարքերը համալրած երիտասարդները պատվով են ստանձնելու իրենց ուսերին դրված պատասխանատու առաքելությունը, քանի որ ծառայելով հայոց բանակում՝ նրանք արտերկրում ներկայացնելու են Հայաստանը:

ԶՈՒ բարեփոխումների շրջանակում կարեւորելով ատեստավորման գործընթացը՝ պաշտպանության նախարարը շեշտել է, որ այն պետք է լինի շարունակական՝ դառնալով հայոց բանակի զարգացման կարեւոր խթաններից մեկը:

Սուրեն Պապիկյանը ՊՆ խաղաղապահ բրիգադում ծառայության նշանակված երիտասարդներին հանձնել է կապույտ բերետները, ինչպես նաեւ խորհրդանշական նվերով է պարգեւատրել շարքային Նվեր Չավիշյանին՝ որպես «Պաշտպան հայրենյաց» ծրագրով ատեստավորված առաջին բացարձակ գերազանցիկի:

Միջոցառումը եզրափակվել է խաղաղապահների հանդիսավոր երթով:

 

 

 

 

ՎԱՐՉԱՊԵՏԸ՝ ՔՆՆԻՉ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կներկայանա 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով։

«2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով քննիչ հանձնաժողովը հունիսի 20-ին՝ ժ. 10։00-ին, հրավիրել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ մասնակցելու քննիչ հանձնաժողովի աշխատանքներին։

Քննիչ հանձնաժողովը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից ստացել է դրական պատասխան», – հայտնում են ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովից։

 

 

 

 

ՀՅԴ ՆՈՐ ԿԱԶՄԸ

ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի հանրային կապերի գրասենյակից «Ժողովուրդ» օրաթերթին հայտնում են. «2023 թ. հունիսի 9-11-ը կայացել է ՀՅԴ Հայաստանի 26-րդ գերագույն ժողովը։

Ժողովը քննել է ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի երկամյա գործունեությունը, Հայաստանի եւ Արցախի Հանրապետություններում ստեղծված իրավիճակը, նախանշել առաջիկա անելիքները եւ սահմանել ՀՅԴ Հայաստանի կառույցի գործունեության ուղենիշները։

Ժողովի ավարտին ընտրվել է գերագույն մարմին հետեւյալ կազմով.

Ավետիսյան Թադեւոս

Գալստյան Լիլիթ

Գեւորգյան Արգիշտի

Հակոբյան Վարդան

Մաթիլյան Հակոբ

Մանուկյան Գեղամ

Մեղրյան Պետրոս

Սաղաթելյան Իշխան

Սարգսյան Իգոր

Սիմոնյան Աշոտ

Ստեփանյան Խաչատուր

Վարդանյան Գերասիմ

Տոնոյան Տարոն:

ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ է ընտրվել Իշխան Սաղաթելյանը»։




Լրահոս