Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) գործադիր խորհուրդն ավարտել է Հայաստանի հետ «Պահուստային ծրագրի» (SBA) առաջին ամփոփիչ ստուգումը՝ երկրին տալով շուրջ 24.5 միլիոն ԱՄՆ դոլարից օգտվելու հնարավորություն։
ԱՄՀ-ի տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Հայաստանի տնտեսական ակտիվությունը 2022 թ. -ին շատ բարձր էր, ընդ որում՝ իրական ՀՆԱ-ն 12.6 տոկոսով աճեց՝ պայմանավորված բարձր սպառմամբ եւ արտաքին պահանջարկով։ Այդ աճը սնուցվում էր Ռուսաստանից արտարժույթի եւ միգրանտների մեծ ներհոսքով։
Աճի թափը պահպանվեց 2023թ.-ի առաջին եռամսյակում շինարարության, ծառայությունների եւ առեւտրին առնչվող ոլորտների ընդլայնման արդյունքում։ Ընթացիկ հաշվի պակասուրդը նվազեց՝ տարվա համար կազմելով ՀՆԱ-ի 0.9 տոկոսը, ինչին նպաստեցին զբոսաշրջության բարձր եկամուտները։ Աճեցին նաեւ օտարերկրյա ուղղակի ներդրումները եւ այլ ներդրումների ներհոսքերը՝ գլխավորապես արտացոլելով Ռուսաստանից կապիտալի ներհոսքերը։ Համախառն պահուստերն ավելացան՝ հասնելով 4.1 միլիարդ ԱՄՆ դոլարի։ Դրամը արժեւորվեց ավելի քան 20 տոկոսով 2022 թ.-ին։ Գնաճային ճնշումները 2022 թ. վերջից 2023 թ.-ի սկիզբը սկսեցին մեղմանալ։ Գնաճի ցուցանիշը 2023 թ. ապրիլին նվազեց՝ կազմելով 3.2 տոկոս (նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ)՝ հիմնականում բազայի ազդեցությունների եւ սննդամթերքի ու տրանսպորտի գների արագ նվազման հաշվին։ Սակայն բնականոն գնաճը 2023 թ.-ի ապրիլին պահպանվեց գնաճի ցուցանիշից բարձր՝ 4.3 տոկոս (նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ)։ Գնաճային ճնշումների հիմնական աղբյուրն անվանական աշխատավարձերի երկնիշ աճը եւ ծառայությունների գների աճն էին։
Հարկաբյուջետային դիրքը 2022թ.-ին նշանակալիորեն բարելավվեց։ Հարկաբյուջետային դեֆիցիտի ցուցանիշը 2022 թ.-ին նվազեց բարձր եկամուտների եւ ծախսերի թերակատարման հաշվին՝ կազմելով ՀՆԱ-ի 2.1 տոկոսը։ Կենտրոնական կառավարության պարտքը նվազեց 14 տոկոսային կետով՝ կազմելով ՀՆԱ-ի 46.7 տոկոսը՝ պայմանավորված պակասուրդի նվազմամբ, բարձր անվանական աճով եւ փոխարժեքի արժեւորմամբ։
Ծրագիրն ընդհանուր առմամբ նախատեսված հունով է ընթանում։ Դեկտեմբերի վերջի դրությամբ բոլոր քանակական կատարողականի չափորոշիչները (ՔԿՉ) եւ կողմնորոշիչ թիրախները (ԿԹ) կատարվել են, եւ լավ առաջընթաց է գրանցվել կառուցվածքային հենանիշերի (ԿՀ) կատարման ուղղությամբ։ Մարտի վերջի կատարողական հենանիշը, որը պահանջում էր Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) լիազորությունների, հաշվետվությունների ներկայացման, թափանցիկության եւ կենսունակության պահանջները հստակեցնող որոշման ընդունում, կատարվել է որպես սույն ամփոփիչ ստուգման նախապայման գործողություն։
2023թ. -ի տնտեսական հեռանկարն ընդհանուր առմամբ դրական է, թեեւ նշանակալի ռիսկերը պահպանվում են։ Կանխատեսվում է ՀՆԱ-ի աճի տեմպի դանդաղում, սակայն սպասվում է, որ այն 5.5 տոկոս կպահպանվի՝ ուժեղ թափի, սպառման եւ ներդրումների շնորհիվ։ Ծառայությունների առեւտրի եւ դրամական փոխանցումների բնականոն հուն վերադառնալով՝ ընթացիկ հաշվի պակասուրդի ընդլայնում է սպասվում։
Գնաճն ակնկալվում է, որ մեկ տարվա ընթացքում կկայունանա ՀՀ ԿԲ թիրախի՝ 4 տոկոսի մակարդակում։ Հեռանկարը ենթակա է բարձրացած ռիսկերի, որոնք բխում են արտաքին դժվարին միջավայրից, այդ թվում՝ տարածաշրջանի լարվածությունից, համաշխարհային ավելի խիստ ֆինանսական պայմաններից եւ խոշոր առեւտրային գործընկերների աճի տեմպի դանդաղումից։
Մակրոտնտեսական քաղաքականությունն անհրաժեշտ է, որ կարճաժամկետ հեռանկարում կանխի տնտեսության գերտաքացումը՝ միաժամանակ միջնաժամկետ հեռանկարում աջակցելով ներառական եւ դիակայուն աճին։
Եթե աճը եւ եկամուտները կանխատեսվածից բարձր լինեն, հարկաբյուջետային բուֆերների կառուցումն առաջնահերթ կլինի։ Միեւնույն ժամանակ, եկամուտների մոբիլիզացման ջանքերն անհրաժեշտ է շարունակել, այդ թվում՝ ընդլայնելով հարկման բազան եւ պայքարելով ոչ ֆորմալության դեմ։
Դրամավարկային քաղաքականության վճռորոշ եւ նախաձեռնողական խստացմամբ հաջողվել է հասնել գնաճային ճնշումների զսպման, սակայն դրամավարկային քաղաքականությունն անհրաժեշտ է, որ պահպանի զգոնությունն ու տվյալներից կախվածությունը։ Ֆինանսական հատվածի ռիսկերը, որոնք կապված են անշարժ գույքի ոլորտի հետ, պահանջում են ուշի-ուշով մոնիթորինգ՝ վերահսկողական գործիքների հզորացմամբ։
Հայաստանի երկարաժամկետ աճի ներուժի բացահայտման համար կառուցվածքային բարեփոխումների իրականացման հարցում շարունակական առաջընթացի կարիք կա, այդ թվում՝ խթանելով առեւտրային կապերը եւ բազմազանեցումը, բարձրացնելով ֆինանսների մատչելիությունը, ավարտելով կառավարման բարեփոխումները եւ բարելավելով կլիմայի փոփոխությանը դիմակայունությունը։
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՈՒՄ Է
Կառավարությունը 2023 թվականին 35 միլիարդ դրամի սուբսիդավորում է իրականացնելու գյուղատնտեսական ոլորտում։ Ազգային ժողովի նիստի ժամանակ այս մասին ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ արձագանքելով այն դիտարկմանը, թե գյուղացին մենակ է մնացել իր խնդիրների հետ։
«Այսինքն՝ եթե նայենք 2006-2010 թվականների ցուցանիշները, այնտեղ 4 տարվա մեջ 1 միլիարդ դրամ է եղել ընդհանուր գյուղատնտեսական աջակցությունը։ Հիմա մենք խոսում ենք ամեն տարի 30 միլիարդ դրամի մասին։ Ես կտրականապես համաձայն չեմ այն տեսակետի հետ, որ գյուղացիները մենակ են մնացել։ Մեր ծրագրերից օգտվում են տասնյակ հազարավոր ֆերմերային տնտեսություններ։ Հայաստանի գյուղատնտեսությունը հիմա կառուցվածքային փոփոխության է ենթարկվում. ավանդական գյուղատնտեսությանը փոխարինման է գալիս բարձր արտադրողականության գյուղատնտեսությունը։
Այդ փոփոխությունների ազդեցությունը վիճակագրական թվերի վրա կերեւա որոշ ժամանակ անց»,- ասաց Քերոբյանը։
ԽԱԽՏՈՒՄՆԵՐ՝ ՀԱՑԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍՈՒՄ
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երեւանի կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Հմայակ Մանուկյանին պատկանող հացի արտադրամասում իրականացրած ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներով (ք. Երեւան):
Մասնավորապես՝
– արտադրական շինությունում չի ապահովվել հոսքայնությունը՝ չբացառելով պարենային հումքի եւ սննդամթերքի, աղտոտված եւ մաքուր գույքի հանդիպական խաչաձեւ աղտոտումը,
-չի ապահովվել պաշտպանությունը կրծողների եւ միջատների ներթափանցումից, կեղտի կուտակումներից եւ բորբոսի առաջացումից,
– պատերը, մակերեւույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, չներծծող նյութերից, չեն ունեցել հարթ մակերես, հեշտությամբ չեն մաքրվել եւ ախտահանվել,
– սարքերը, բեռնարկղերը եւ դարակաշարերը պատշաճ չեն մաքրվել ու ախտահանվել։ Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հացի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ:
ՆՈՐԻՑ ԴԱՏԻ ԵՆ ՏՎԵԼ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿԻՆ
«Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արա Խլոյանի 2021 թվականի հունիսի 25-ի հրամանով՝ Արտակ Հարությունյանի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ, նա ազատվել է ազգային պարկի «Դիլիջան տեղամաս» մասնաճյուղի պետի պաշտոնից։ Վերջինս դիմել է դատարան, կայացել է դատաքննություն։ 2022 թվականի ապրիլի 27-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի նախագահ Սարգիս Արմենակյանը վճռել է Ա. Հարությունյանի հայցը բավարարել, անվավեր ճանաչել Ա. Խլոյանի 2021 թվականի հունիսի 25-ի թիվ 258-Ա հրամանը՝ «Դիլիջան տեղամաս» մասնաճյուղի պետ Ա. Հարությանյանի նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու եւ նրան աշխատանքից ազատելու մասին, Ա. Հարությունյանին վերականգնել իր նախկին աշխատանքում, «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ից հօգուտ Ա. Հարությունյանի բռնագանձել միջին աշխատավարձը՝ հաշվարկը կատարելով հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար՝ 2021թ. հունիսի 25-ից մինչեւ վերջինիս իր նախկին աշխատանքում վերականգնելու օրն ընկած ամբողջ ժամանակահատվածի համար, «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ից հօգուտ ՀՀ պետական բյուջե բռնագանձել 4000 դրամ, ինչպես նաեւ դատարանի վճռով հաշվարկվող գումարի երկու տոկոսը՝ որպես վճարման ենթակա պետական տուրքի գումարներ։ Ազգային պարկի տնօրենի ԺՊ Արմեն Ղազարյանը, չսպասելով, որ անցնի մեկամսյա ժամկետը, եւ դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնի, հրաման է տվել Ա. Հարությունյանին վերականգնել իր նախկին աշխատանքում։ Ազգային պարկի իրավաբանը համարել է, որ դատարանի վճիռը բողոքարկելու իմաստ չկա, վերաքննիչ դատարանում հաղթելու շանս գոյություն չունի, իսկ յուրաքանչյուր օրվա համար ՊՈԱԿ-ը պետք է Ա. Հարությունյանին գումար վճարի։ Արտակ Հարությունյանը կրկին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարան է դիմել, այս անգամ՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ռոբերտ Ալիխանյանի՝ 2023թ. մարտի 24-ի թիվ 67-Ա հրամանն անվավեր ճանաչելու պահանջով։ 2023թ. մայիսի 18-ին դատարան է հանձնվել հայցադիմումի պատասխան։ Մայիսի 19-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Նարինե Անանյանը որոշել է սույն քաղաքացիական հայցով նախնական դատական նիստ նշանակել հունիսի 15-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Նոյեմբերյանի նստավայրում։ Զանգահարեցի Դիլիջանի ազգային պարկ, որպեսզի իմանամ, թե վերոհիշյալ թիվ 67-Ա հրամանը ինչ բովանդակություն ունի։ Տնօրենի քարտուղարուհին պատրաստվում էր միացնել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ռոբերտ Ալիխանյանի հետ, սակայն իմանալով, որ զանգահարողը լրագրող է, ասաց,որ նա զբաղված է։ Հետո նորից զանգահարեցի, քարտուղարուհին ասաց, որ Ռ. Ալիխանյանը կարող է լրագրողիս հարցերին պատասխանել միայն հունիսի 19-ին։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ