ԱԶԳԱՅԻՆ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը երեկ ներկա է եղել «Թուրինյան գործընթաց. դեպի ցկյանս ուսումնառություն» ազգային մեկնարկային հանդիպմանը:

 

Հայաստանը Թուրինյան գործընթացի նոր փուլի ակտիվ մասնակիցն է. գործընթացի մեկնարկը տվել է Եվրոպական կրթական հիմնադրամը (ԵԿՀ)՝ հատուկ ուշադրություն դարձնելով կրթական եւ ուսումնական համակարգերի ցկյանս հեռանկարների մշտադիտարկմանը եւ ցկյանս ուսումնառության հայեցակարգի փոփոխությանը։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը շնորհակալություն է հայտնել եվրոպացի գործընկերներին՝ ի դեմս Եվրոպական կրթական հիմնադրամի, ցկյանս կրթության հայեցակարգի եւ ուսումնառության, գործող մեխանիզմների վերաբերյալ Հայաստանում իրականացրած մշտադիտարկման եւ ստացված արդյունքների համար:

«Մշտադիտարկման շնորհիվ հնարավորություն ունենք արձանագրելու բոլոր խնդիրներն ու ձեռքբերումները եւ դրանց հիման վրա սկսելու գործընթացի երկրորդ փուլը: Սա նաեւ հնարավորություն է հայեցակարգում անհրաժեշտ փոփոխություններ կատարելու եւ մեր քաղաքացիների ապահովելու ցկյանս ուսումնառության առավել բարենպաստ պայմաններ»,- ասել է Արաքսիա Սվաջյանը:

Փոխնախարարը գործընթացի իրականացումը կարեւորել է թե՛ ֆորմալ, թե՛ ոչ ֆորմալ կրթական ոլորտների համար՝ որպես հնարավորություն տարբեր մասնագիտություններ ունեցող մարդկանց կարողությունները զարգացնելու կամ կյանքի ցանկացած փուլում նոր մասնագիտություն ընտրելու եւ ներուժը երկրի տնտեսության զարգացմանն ուղղելու տեսանկյունից:

Աշխատաժողովին ողջույնի խոսքով հանդես են եկել նաեւ Համագործակցության բաժնի ղեկավար, Հայաստանում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչ Ֆրանկ Հեսսը, ԿԳՄՍՆ նախնական /արհեստագործական/ եւ միջին մասնագիտական կրթության վարչության պետ, Թուրինյան գործընթացի ազգային համակարգող Արմենուհի Պողոսյանը, ԵԿՀ Մարդկային կապիտալի զարգացման ավագ մասնագետ Միհայլո Միլովանովիչը: Միջոցառման ընթացքում ներկայացվել եւ քննարկվել են Թուրինյան գործընթացի կողմից Հայաստանում ՄԿՈւ հայեցակարգի եւ դրա համակարգային առաջընթացի մշտադիտարկման արդյունքները։ Միջոցառումը դարձել է նաեւ Թուրինյան գործընթացի կողմից Հայաստանում ցկյանս ուսումնառության հայեցակարգի ուսումնասիրության եւ գործընթացի հետագա փուլերում Հայաստանը ներգրավելու մեկնարկ։

ԿԳՄՍՆ նախնական /արհեստագործական/ եւ միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արմենուհի Պողոսյանի խոսքով՝ Հայաստանը 2010 թվականից միացել է Թուրինյան գործընթացին. «Սա մեզ համար շատ կարեւոր գործիք է, որի շնորհիվ կարողանում ենք վերլուծել ու գնահատել ՄԿՈՒ ոլորտում արձանագրված առաջընթացը եւ որի հիման վրա նախանշում ենք բոլոր բարեփոխումներն ու ծրագրերը: Թուրինյան գործընթացի նախորդ տարիների վերլուծական փաստաթղթերը եւ զեկույցները մեծապես նպաստել են «ՀՀ կրթության՝ մինչեւ 2030 թվականի զարգացման պետական ծրագրի» եւ գործողությունների պլանի մշակման գործընթացին, ինչպես նաեւ օգնել՝ հստակ գնահատելու, թե ինչ ունենք եւ ինչպես պետք է շարժվենք առաջ մեր նպատակների իրագործման համար»:

Արմենուհի Պողոսյանը կարեւորել է Եվրոպական կրթական հիմնադրամի մշտական աջակցությունը Հայաստանում ՄԿՈՒ համակարգի զարգացմանը՝ իրականացնելով մի շարք ծրագրեր, որոնք ուղղված են թե՛ բովանդակության, թե՛ կառավարման բարելավմանը, թե՛ սոցիալական գործընկերության զարգացմանը եւ թե՛ ՄԿՈՒ ոլորտում ինստիտուցիոնալ համակարգի ներդրմանը:

Հայաստանում ԵՄ պատվիրակության եւ Եվրոպական կրթական հիմնադրամի ներկայացուցչները բարձր են գնահատել Հայաստանի մասնակցությունը Թուրինյան գործընթացին՝ ընդգծելով, որ մեր երկրում ստեղծված են բավական լավ հնարավորություններ ՄԿՈՒ համակարգի գրավչության բարձրացման ու մարդկանց ներգրավվածության ապահովման համար:

 

 

 

ԹՈՒՆԵԼԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԻՏԱԼԱԿԱՆ ՓՈՐՁ

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի ղեկավար Գոռ Ավետիսյանը հունիսի 12-ից գտնվում են Իտալիայի Հանրապետությունում։

ՏԿԵՆ-ից  հայտնում են, որ այցի նպատակն էր ծանոթանալ Իտալիայի ճանապարհային ենթակառուցվածքներին, մայրուղիների, թունելների շինարարությանը, դրանց պահպանման եւ շահագործման մեխանիզմներին, ճանապարհային ցանցի կառավարման համակարգերին։

Այցը նպատակ է հետապնդում խորացնել համագործակցությունը ճանապարհաշինության ոլորտում, բարելավել հայ-իտալական ճանապարհային ենթակառուցվածքների փորձի փոխանակումը։

Հունիս 12-ին հայկական պատվիրակությունը Azienda Nazionale Autonoma delle Strade կազմակերպության հետ այցելել է 2,6 կմ երկարությամբ Tempio di Giove թունել։ Տեղում ծանոթացել են թունելի շինարարության նորմերին, պահանջներին։

Նախարարին են ներկայացվել թունելաշինության ոլորտում իտալական փորձը, մեթոդները։

 

 

 

 

ԹՈՇԱԿԸ ԲԱՐՁՐԱՆՈՒՄ Է

Երեկ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հայարարեց, որ հուլիսի 1-ից կենսաթոշակները կբարձրանան քիչ աշխատանքային փորձ ունեցողների համար 4400 դրամով, իսկ 10 տարուց ավելի ստաժ ունեցողների համար՝ 3000 դրամով:

«Հուլիսի 1-ից թոշակի նվազագույն չափը կդառնա 36 000 դրամ, ներկայիս 31 600-ի փոխարեն, այսինքն՝ կլինի 4400 դրամի ավելացում: Շատ տարիների ստաժ ունեցողների համար ավելացումը կլինի 3000 դրամով. ինչո՞ւ, որովհետեւ մեծ թիվ են կազմում մինչեւ 10 տարի ստաժ ունեցող քաղաքացիները, որոնք խնդիր ունեն իրենց ծախսերը համապատասխանեցնելու պարենային զամբյուղին»,- ասել էր նախարարը:

Սակայն հարց է առաջանում՝ ավելացված 3000-4000 դրամը որեւէ կերպ նպաստո՞ւմ է, որպեսզի թոշակառուն կարողանա գնել պարենային զամբյուղի նվազագույն ապրանքները, թե՞ ոչ:

Նախարարի հայտարարությունից հետո «Ժողովուրդ» օրաթերթը բազմաթիվ ահազանգեր է ստացել քաղաքացիներից, որոնք նշում են, որ 36.000 դրամ թոշակով անհնար է գոյատեւել: Այդ գումարը անգամ չի բավարարում թոշակառուներին գնել ամսվա համար անհրաժեշտ դեղամիջոցների խմբաքանակը, իսկ պարենային զամբյուղը լցնելու մասին խոսք անգամ չի կարող գնալ:

Քաղաքացիների խոսքով՝ սա չնչին ավելացում է եւ գրեթե ոչ մի կերպ չի օգնի լուծել իրենց կենցաղային հարցերը, մանավանդ՝ այն դեպքում, երբ Հայաստանում թանկացումների ալիքը շարունակվում է եւ նվազելու միտում չունի:

ՄԱՇԱ ՄԵԼՔՈՆՅԱՆ

 

 

 

 

ՈՒՂԵՎԱՐՁԵՐԻ ԳՆԱՅԻՆ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ

Երեւան-Վանաձոր հեռավորությունը 117 կմ է: Երեւան Վանաձոր եւ հակառակ ուղղությամբ միկրոավտոբուսային երթուղու տոմսի գինը 800 դրամ է, տաքսի ավտոմեքենաներով (երբ 4 ուղեւորներով են հավաքվում, միասին վճարում)` 1500 դրամ։ Երեւան-Իջեւան հեռավորությունը 136 կիլոմետր է, միկրոավտոբուսային երթուղու տոմսի գինը՝ 1500 դրամ, տաքսի ավտոմեքենաներով` 2500 դրամ, Երեւան-Դիլիջան հեռավորությունը 90 կմ է, միկրոավտոբուսային երթուղու տոմսի գինը՝ 1000 դրամ, տաքսի ավտոմեքենաներով` 2000-2500 դրամ։ Գրեթե նույն հեռավորության դեպքում իջեւանցիները գրեթե երկու անգամ ավել են վճարում, քան վանաձորցիները։  Իջեւանցիները կրկնակի հարո՞ւստ են վանաձորցիներից, որ մայրաքաղաք Երեւան հասնելու եւ այնտեղից վերադառնալու համար Վանաձորի բնակիչներից գրեթե  կրկնակի են վճարում։

 

 

 

473 ՏՈՒՆ ՎԹԱՐԱՅԻՆ Է

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին տեղեկատվական հարցում եմ ուղարկել  մարզի համայնքներում  հողի  սողանքի հետեւանքով   3-րդ եւ  4-րդ կարգի վթարային տների թվի  վերաբերյալ։  Մարզպետարանից ստացված պատասխանում նշված է որ Իջեւան քաղաքում առկա է 4-րդ կարգի վթարային 5 տուն, Իջեւան  համայնքի Գանձաքար գյուղում՝ վթարային 3-րդ  կարգի 29, 4-րդ կարգի՝  13 տուն, Ներքին Ծաղկավան գյուղում՝ 4-րդ կարգի վթարային  3 տուն, Ակնաղբյուր գյուղում՝ 3-րդ կարգի վթարային 22, 4-րդ կարգի վթարային 43 տոն, Սեւքարում՝ 3-րդ կարգի վթարային՝ 22, 4-րդ կարգի՝ 12 տուն, Աչաջուր գյուղում՝ 3-րդ կարգի վթարային՝  31 , 4-րդ կարգի՝ 28 տուն, Գետահովիտ գյուղում՝ 3-րդ կարգի վթարային 67,  4-րդ կարգի՝  8 տուն, Խաշթառակում՝  3-րդ կարգի վթարային  40, 4-րդ կարգի՝ 7 տուն, Սարիգյուղում՝ 3-րդ կարգի 1, Այգեհովվտում՝  3-րդ կարգի վթարային՝ 2 տուն։ Դիլիջան քաղաքում առկա է սողանքից  4-րդ կարգի վթարային 5, Դիլիջան համայնքի  Հաղարծին գուղում՝ 4-րդ կարգի 3 տուն, Գոշ գյուղում՝ 3-րդ կարգի 14, 4-րդ կարգի՝ 11 տուն, Աղավնավանքում՝  3-րդ կարգի  2, Թեղուտում՝  4-րդ կարգի 1 տուն, Հովքում՝ 3-րդ կարգի վթարային՝ 61,  4-րդ կարգի՝ 35 տուն։ Նոյեմբերյան քաղաքում առկա է 4-րդ կարգի  վթարային 6, Նոյեմբերյան համայնքի Կողբ եւ  Կոթի գյուղերում՝ 4-րդ կարգի   մեկական տուն: Ընդհանուր առմամբ Տավուշի մարզում առկա է վթարային 3-րդ կարգի   289, 4-րդ կարգի՝ 184 տուն։ Վթարային տների խնդիրը լուծելու համար տարիներ շարունակ պետական բյուջեից  ֆինանսական հատկացումներ չեն արվում, հիմնահարցը չի լուծվում։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ




Լրահոս