Երեկ Հայաստանի սահմաններին եւ նաեւ Արցախում լարված իրավիճակ էր։ Ադրբեջանական կողմը ոչ միայն փորձել էր առաջանալ Հակարիի կամուրջի ուղղությամբ ու դրոշ տեղադրել, այլեւ կրակել է Սյունիքի դիրքերի ուղղությամբ՝ վիրավորելով ԱԱԾ աշխատակցին՝ կիրառելով ԱԹՍ։ Իսկ ինչո՞վ էր զբաղված ՀՀ կառավարոթյունն ու Ազգային ժողովը:
ՀՀ իշխանությունները լուրջ դեմքով խորհրդարանում քննարկում էին ՀՀ պետական բյուջեի 2022 թվականի կատարողականի արդյունքները՝ չմոռանալով քննադատել նաեւ ընդդիմությանը՝ հին ու նորի համեմատություն անելով:
Երեկ ամբողջ օրը Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում էր, օրվա վերջում արդեն քննադատում էր մեր գերբը եւ պետական խորհրդանիշները. առաջարկում է այլ կերպ ավարտել ՀՀ օրհներգը։
«Ինքը՝ գաղափարախոսությունը ճիշտ է, այսինքն՝ տեքստի հետ ես որեւէ խնդիր չունեմ, բայց ավարտվում է զոհվելու տողով եւ զոհվելու տեսարանով: Առաջարկում եմ փոփոխություն կատարել: Բայց քաղաքական առումով ճիշտ կլինի, որ ՀՀ հիմնը ավարտվի հետեւյալ տողերով՝
«Նայի՛ր նրան երեք գույնով,
Նվիրական մեկ նշան,
Թող փողփողի թշնամու դեմ,
Թող միշտ պանծա Հայաստան»»,- ասաց ՀՀ վարչապետը։
Երեկ ԱԺ նիստը ձգվեց մինչեւ 20:00-ն. ՔՊ-ականներն ավարտեցին արագ, որ շտապեն Դիլիջան: Այնտեղ մեկնարկում է ՔՊ քաղաքական ժողովը, եւ նիստը կխանգարեր նրանց: Այսօր, սակայն, կառավարության նիստ է լինելու, եւ օրակարգն արագ սպառելուց հետո գործադիրն էլ կշտապի Դիլիջան։
ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը թերեւս ամենաանհասանելի նախարարներից է լրատվամիջոցների համար. վերջինս իր նշանակման օրվանից գրեթե մշտապես խուսափել է պատասխանել լրագրողների հարցերին:Արարատ Միրզոյանի ղեկավարած կառույցն էլ, հավանաբար, հետեւելով իր օրինակին, փակ է լրագրողների համար. ԱԳՆ-ից հազվադեպ են պատասխանում զանգերին, իսկ գրավոր հարցումներին էլ պատասխանում են ամիսներ անց: Պարզվում է՝ ԱԳՆ-ն սեւերի-սպիտակների քաղաքականությամբ է առաջնորդվում լրատվամիջոցների դեպքում, ունի սիրելի ու ոչ սիրելի լրատվամիջոցների ցուցակ: Երեկ սա առավել ընդգծվեց, երբ պարզ դարձավ, որ ԱԳՆ-ն կազմակերպել էր Հայաստանում հավատարմագրված դեսպանատների ներկայացուցիչների եւ մի խումբ լրագրողների այցը Երասխ, որը մի քանի օր է՝ թշնամու թիրախում է հայտնվել, կրակոցներ են այդ ուղղությամբ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հատուկենտ լրագրողների են տարել Երասխ: Մեզ չեն հրավիրել, եւ պարզեցինք, որ լրատվամիջոցների ընտրությունն արել է փոխնախարար Վահան Կոստանյանը նախարար Միրզոյանի անունից: Երեկ ողջ օրը փորձեցինք հասկանալ՝ ԱԳՆ-ն ինչ սկզբունքով է առաջնորդվել, որ «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրակազմին չի ներգրավել Երասխ մեկնողների ցանկում: ԱԳՆ-ից պարզաբանեցին, որ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանն է կազմակերպել այցը: Նրան էլ ողջ օրը չգտանք: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցեցին, որ յուրային եւ ոչ յուրային լրատվամիջոցների ցանկն իրականում կազմել է «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ը, որը հանրությանն առավել հայտնի է «Ֆեյքերի ՊՈԱԿ» անունով: Հավանաբար, «Ժողովուրդ» օրաթերթի աղմկահարույց բացահայտումները այդ կառույցի գործունեության մասին դուր չեն եկել նրանց, ինչի պատճառով հայտնվել ենք նրանց սեւ ցուցակում։ Փաստորեն, «Ֆեյքերի ՊՈԱԿ»-ից այնքան են մեզանից վրդովվել ու սրտնեղել, որ անգամ չեն բարեհաճել տեղեկացնել, որ լրատվամիջոցների այց է կազմակերպվում Երասխ:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեի քննչական բաժնում քրեական գործ կա, որով անցնում են ԱԺ նախկին պատգամավոր Մելիք Մանուկյանը՝ Շշի Մելոն, եւ քրեական աշխարհի ներկայացուցիչ Ազատանցի Պետոն: Այդ քրեական գործով շոշափվում են շատ պաշտոնյաների, այդ թվում՝ Արցախի պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Սամվել Կարապետյանի (Օգանովսկու) եւ այլ անձանց անունները, որոնց կանդրադառնանք առաջիկայում: Քրեական գործի թեման այն է, որ Շշի Մելոն եւ այլ պաշտոնյաներ գործարանի համար պահանջվող հումքը իրենց մատնանշած ընկերությունից վերցնելու համար հարց ու պատասխան են ունեցել միմյանց հետ: Ի դեպ, Ազատանցի Պետոն Օշականցի Գեւորիկի եւ «օրենքով գող» Զապի մտերիմ ընկերն է, ինչպես նաեւ գերենալ Օգանովսկու սանիկը: Նշենք, որ 2021թվականին Նիկոլ Փաշինյանն էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանի ուղեկցությամբ այցելել էր Կոտայքի մարզում գործող «Սարանիստ» ընկերություն, որը զբաղվում է ապակիների արտադրությամբ, իսկ բոլորովին վերջերս էլ սկսել է գործել կոնյակի գործարանը: Սա հենց նույն Մելիք Մանուկյանի գործարանն է: Նկատենք, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության եւ Մելիք Մանուկյանի հարաբերությունների «ջերմացումը», ըստ էության, սկսվեց 2019-ի ամառվա դեպքերից հետո, երբ պայթեցվեց Մելոյի մեքենան, ապա եղբայրը՝ Ռոբերտ Մանուկյանը, փորձեց այդ մեքենան դեպքի վայրից տեղափոխել։ Երբ նրան բերման էին ենթարկել, 6 ոստիկանի էր ծեծի ենթարկել։ Ռոբերտ Մանուկյանին մեղադրանք էր առաջադրվել իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու հոդվածով։ Նրան ձերբակալել էին, ապա մի քանի օրից բաց թողել, եւ հետագայում այդ բոլորը գործերը փակել էին։ Դրանից հետո Շշի Մելոն դարձավ իշխանությունների «սրտի գործարարը» եւ սկսեց աշխատել նրանց համար: Այս ամենին զուգահեռ՝ իշխանությունները քրեական գործ ունեն Մելոյի եւ նախկին պաշտոնյաների մասով, որոնք չեն փակում եւ որպես մահակ պահում են նրանց գլխին, որպեսզի հարկ եղած դեպքում այն օգտագործեն եւ վերահսկեն գործարարին: