ԲԱՑԱՐԿԻ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺՎԵՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Կարապետ Բադալյանի նախագահությամբ, շարունակվեց ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին եւ նրան փոխկապակցված եւս 16 անձանցից ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքերի եւ դրամական միջոցների բռնագանձման գործով դատական նիստը։

 

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին ՀՀ տարածքային կառավարման նախկին նախարար, ԱԺ նախկին նախագահ, նախկին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանից, նրա կնոջից՝ Ջ.Ա.-ից, որդուց, դստրերից, իրեն փոխկապակցված այլ անձանցից (աշխատակիցներ, ազգականներ եւ նրանց ամուսիններ) հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝

l 59 անշարժ գույք, որից 15-ը՝ Երեւան քաղաքում, մեծամասամբ՝ Կենտրոն վարչական շրջանում, 12-ը՝ Արարատի մարզի Մխչյան համայնքում, 10-ը՝ Նարեկ համայնքում, 2-ը՝ Կոտայքի մարզ, Արզական համայնքում, 6-ը՝ Կոտայքի մարզ Ծաղկաձոր համայնքում, 1-ը՝ Վայոց ձորի մարզ, Ջերմուկ համայնքում, 1-ը՝ Գեղարքունիքի մարզ, Սեւան համայնքում, 6-ը՝ Տավուշի մարզ, Դիլիջան համայնքում, 3-ը Կոտայքի մարզ Մեղրաձոր համայնքում, 1-ը՝ Արարատի մարզ, Մարմարաշեն համայնքում, 1-ը Արարատի մարզ, Այնթապ համայնքում, 1-ը՝ Արարատի մարզ, Արեւաբույր համայնքում,

l 4 ավտոմեքենա,

l 20 ընկերությունների մասնակցություններ եւ բաժնետոմսեր,

l շուկայականից էականորեն ցածր արժեքով օտարված 9 գույքերի շուկայական արժեքներ՝ ընդհանուր՝ 1 մլրդ 628 մլն 277 հազար 90 դրամ,

l ընկերություններին տրված փոխառություններից ծագող պահանջի իրավունք՝ 11 մլն 292 հազար 570 ԱՄՆ դոլարի, 687 մլն 500 դրամի եւ 3 մլն 117 հազար 680 եվրոյի չափով,

l 21 մլրդ 202 մլն 67 հազար 797 դրամ՝ որպես ապօրինի եկամտի մնացորդի եւ օրինական եկամուտներով չհիմնավորվող, բարեխիղճ երրորդ անձանց փոխանցված կամ չնույնականացված դրամի հանրագումար:

Նիստի ընթացքում որպես 3-րդ անձ ընդգրկված, ՌԴ-ում գործող «Կարտոն Ուպակ» ընկերության ներկայացուցիչ Իլոնա Միրզոյանը միջնորդեց դատական նիստը հետաձգել, քանի որ ընկերությունը գործով ներգրավելու որոշումը ստացել է հունիսի 2-ին։

Փաստաբանը խնդրեց նիստը հետաձգել, որպեսզի ինքը կարողանա ծանոթանալ գործի նյութերին։ Դատավորը բավարարեց ներկայացված միջնորդությունը։

Նշենք նաեւ, որ նախորդ նիստին պատասխանող, Հովիկ Աբրահամյանի թիկնազորի ղեկավար Բագրատունի Բարսեղյանի փաստաբանը գործը քննող դատավորին բացարկի միջնորդություն էր ներկայացրել։ Փաստաբանը կասկածի տակ էր դրել դատավորի անաչառությունը։

Երեկ տեղեկացանք, որ Կարապետ Բադալյանը մերժել է ներկայացված միջնորդությունը։

 

 

 

 

ԴԱՏԱՎՈՐԸ ՏԵՂԱՓՈԽՎԵԼ Է ՀԻՎԱՆԴԱՆՈՑ

Ինչպես հայտնի է, ԲԴԽ-ն հարուցել է կարգապահական վարույթներ, այդ թվում՝ Սնանկության դատարանի դատավոր Սամվել Թադեւոսյանի նկատմամբ, որը երեկ ազատման դիմում գրեց եւ ազատվեց դատավորի պաշտոնից: Քաղաքացիական դատարանի դատավոր Աստղիկ Խառատյանի, ինչպես նաեւ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորներ Տիգրան Պետրոսյանի ու Արտակ Բարսեղյանի նկատմամբ եւս կարգապահական վարույթներ են հարուցվել: Հունիսի 19-ի առաջին նիստն է, որը, ըստ էության, չի կայանա, քանի որ դատավորներից Արտակ Բարսեղյանը տեղափոխվել է հիվանդանոց:

Հրապարակել էինք, որ Սնանկության դատարանի դատավոր Սամվել Թադեւոսյանի կողմից երեկ ներկայացված ազատման դիմումը խորը արմատներ ունի։ Սամվել Թադեւոսյանը չսպասեց ԲԴԽ-ի՝ հունիսի 19-ի նիստին եւ հետագա քննության որոշմանը ու մեկ քայլ առաջ անելով՝ լքեց դատական համակարգը։

Հիշեցնենք՝ Եվրոպական դատավորների միությունը օրերս բավականին կոշտ հայտարարություն էր տարածել Հայաստանի դատավորների նկատմամբ հարուցված կարգապահական գործընթացների մասով՝ դրանք համարելով ճնշում անկախ դատական համակարգի վրա:

 

 

 

 

ՄԵԹՈԴՆԵՐ՝ ԸՆԴԴԵՄ ԹՄՐԱՆՅՈՒԹԻ

Ոստիկաններն ամեն ջանք թափում են ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարելու համար, բայց պայքարի մեթոդները պետք է փոխել, որովհետեւ թմրանյութերի օգտագործման տեմպն աճում է. բացահայտումները նպաստում են, բայց չեն կանխարգելում. այս մասին հունիսի 15-ին լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական խմբակցության» պատգամավոր Հայկ Սարգսյանը։

«Ապօրինի թմրաշրջանառությունը լուրջ խնդիր է, որի առջեւ կանգնած է ամբողջ աշխարհը։ Դա կասեցնելու համար պատիժը խիստ պետք է լինի, մեզ մոտ սպառնում է 7-10 տարվա ազատազրկում, որը կրկին խիստ է, բայց, միեւնույնն է, մարդիկ գնում են այդ քայլին։ Հաջորդ քայլը պատժի անխուսափելիույթյունն է, այսինքն՝ հանցագործը պետք է հաստատ իմանա՝ պատժվելու է»,- նշեց նա։

Պատգամավորի կարծիքով՝ թմրանյութերի վերաբերյալ բացահայտած հանցագործությունների դեպքում ոստիկաններին պետք է հավելյալ պարգեւատրել։

«Հայտանաբերված իրավախատման համար ոստիկանները ստանում են որոշակի պարգեւավճար, բայց ընթացակարգն է բարդ։ Պետք է լինի պարգեւատրման մեծ ֆոնդ»,- ասաց Սարգսյանը։

Անդրադառնալով իշխող խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանի հայտարարությանը, ըստ որի՝ Հայաստանում միջին վիճակագրական խնջույքները չեն անցնում առանց թմրանյութերի, Սարգսյանն ասաց. «Ես թմրանյութ չեմ օգտագործում, իմ մասնակցած խնջույքների ժամանակ էլ, բարեբախտաբար, չի լինում թմրանյութ։ Ես չեմ ուզում մեկնաբանել գործընկերոջս ասածը, ինքն այլ կոնտեքստում է ասում»։

Սարգսյանն ասաց, որ այս պահին մանրամասների չի տիրապետում Երասխում Ադրբեջանի սանձանազերծած սադրանքի մասին։

«Պետք է տեղեկանամ, որ գնահատական տամ։ Տարբեր հատվածներում տարբեր ծառայություններ են իրականացվում, կոնկրետ չգիտեմ՝ այդ հատվածում սահմանապահներն են, թե Պաշտպանության նախարարության զորքերը»,- ընդգծեց Սարգսյանը։

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

 

ԶԵՆՔ-ԶԻՆԱՄԹԵՐՔ՝ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԴԱՇՏԻՑ

ՀՀ ՆԳՆ ոստիկանության Չարենցավանի բաժնի համայնքային ոստիկանները օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ Ալափարս գյուղի մի բնակիչ իր տան տանիքում պահում է զենք եւ զինամթերք:

Ինչպես տեղեկացնում են Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, տեղեկությունը ստուգելու նպատակով ոստիկաններն այցելել են 41-ամյա ալափարսցու տուն: Ոստիկանների պահանջով նա ներկայացրել է 5,45 մմ տրամաչափի «ԱԿ» տեսակի ինքնաձիգ, 9 մմ տրամաչափի առանց գործարանային համարի ինքնաձիգ, ինքնաշեն թմբուկավոր ատրճանակ, տարբեր տրամաչափի եւ տարբեր զենքերի 620 փամփուշտ եւ 2 փամփշտատուփ: Նա հայտնել է, որ 44-օրյա պատերազմի մասնակից է եւ հայտնաբերվածը բերել է Արցախից:

Ըստ աղբյուրի՝ կազմված փաստաթղթերն ուղարկվել են Չարենցավանի քննչական բաժին:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

 

 

 

ԿԱՏԱՐՎՈՒՄ Է ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ

Հունիսի 14-ին՝ ժամը 02.00-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Ֆուչիկի փողոցում դանակահարություն է եղել:

Ոստիկանությունից  հայտնում են, որ հինգ րոպե անց «Արմենիա» բժշկական կենտրոնից է հաղորդում ստացվել. որովայնի եւ ձեռքի կտրած-ծակած վերքերով բուժօգնության էր դիմել 36-ամյա երիտասարդ: Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղի բնակիչը հայտնել էր, որ Ֆուչիկի փողոցում անծանոթ անձը դանակահարել է իրեն:

ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաջորդ ահազանգն է ստացվել. հայտնում էին, որ Մարգարյան փողոցում դանակը ձեռքին տղամարդը հարձակվում է քաղաքացիների վրա:

ՆԳՆ ոստիկանության ՊԾ Երեւանի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները ժամը 02.15-ին Մարգարյան փողոցում հայտնաբերել, մարմնական վնասվածք պատճառելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել եւ ոստիկանության Մաշտոցի բաժին են տարել 29-ամյա մի երիտասարդի:

Կատարվում է նախաքննություն։

 

 




Լրահոս