2022 թվականի ընթացքում տրամադրվել է արդյունահանման եւ երկրաբանական ուսումնասիրության համար անհրաժեշտ ավելի քան 60 ընդերքաօգտագործման իրավունք։ Սա հատված է ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցից։ Ստացվում է՝ 2018 թվականին իշխանության եկածները ընդերքօգտագործման թույլտվություններ տալը համարում են իրենց ձեռքբերումներից մեկն ու այն ամրագրում նաեւ զեկույցում։ Իսկ այս հանգամանքը տարօրինակ է այնքանով, որ այս իշխանության կազմում մեծ թիվ են կազմում բնապահպան ակտիվիստները, որոնք Սերժ Սարգսյանի օրոք առիթը բաց չէին թողնում խոսելու հանքերի շահագործման վտանգների մասին: Նույն Լենա Նազարյանը, որ դեռեւս ընդդիմադիր պատգամավոր եղած ժամանակ պայքարում էր, օրինակ, Ամուլսարի հանքի շահագործման դեմ, բնապահպանական ակցիաների էր մասնակցում, ճանապարհներ էր փակում, խոսում էր հանքի շահագործման վտանգավոր ռիսկերի մասին, հիմա, սակայն, տարօրինակ կերպով լռում է: Ներկայումս ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը 2021 թվականի օգոստոսի 23-ին ասում էր. «Հանքարդյունաբերությունը չպետք է շարունակել երկրում, եւ նախկինում էլ այնպիսի հանքարդյունաբերություն, որ վնասում էր բնապահպանությանը եւ մեր բնակիչների առողջությանը, պետք է բերվեն միջազգային ստանդարտներին: Պետք է դադարեցնել եւ չսպասարկել զարգացած երկրների շահերը»: Խոսենք նաեւ Փաշինյանի հայտարարությունների մասին։ 2018 թվականի հոկտեմբերի 24-ին Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հայտարարեց. «Ամուլսարի մասին ի՞նչ ենք ասում. մեզ պետք է փաստ եւ փաստարկ, որ Սեւանի համար այդտեղ վտանգներ չկան: Ասում են՝ չկա, հավատացե՛ք մեր խոսքին, փաստաթղթերին: Սեւանի հարցը Ղարաբաղի նման հարց է, չի կարելի ուղղակի փակ աչքերով գնալ այդտեղ»: Իսկ արդեն այս տարվա փետրվարին ՀՀ կառավարությունը «Լիդիան» ընկերության հետ 250 միլիոն դոլար արժեքով փաթեթ է ստորագրել։ Հանքը պետք է աշխատեր դեռ 2018 թվականին, սակայն նույն իշխանությունը, ինչ-ինչ շահերից ելնելով, փակեց թեման։ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանի ամբիոնից հայտարարում էր, թե Սեւանա լիճը իր համար Ղարաբաղի հարցին հավասար թեմա է, եւ եթե անգամ մի թեթեւ վնաս է կրելու հանքի շահագործումից, ուրեմն հանքը չի բացվի։ Սակայն հիմա 60 ընդերքաօգտագործման իրավունք տալն արդեն ձեռքբերում է. խոսքի եւ գործի մեծ տարբերություն:
ՔՊ-ականները երեկ, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, հավաքվել են Դիլիջանի ամենաշքեղ հյուրանոցներից մեկում՝ «Դիլիջան» հյուրանոցում: «Ժողովուրդ» օրաթերթին ՔՊ-ական աղբյուրները հայտնեցին, որ իշխանականները դեռ չեն շտապել ժողով անել. երեկ տեղավորվել են, միմյանց հետ շփվել, դեսից-դենից զրուցել, զբոսնել, այլ կերպ ասած՝ երեկ լիարժեք հանգստի են նվիրել իրենց ԱԺ ծանր եռօրյայից հետո: Այդ պատճառով խորհրդարանական մեծամասնությունը հինգշաբթի օրն արագ սպառեց ԱԺ նիստերի օրակարգը, լրացուցիչ ժամանակ ավելացրեց նիստի հիմնական ժամանակին, որպեսզի մեկ օր շուտ գնան Դիլիջան, հանգստանան, նոր անցնեն գործի: ՔՊ քաղաքական ժողովը տեղի կունենա այսօր. գրել էինք, որ քաղաքական ժողովի օրակարգում հիմնականում ներքաղաքական հարցեր են լինելու, մասնավորապես՝ ավագանու ընտրությունները: ՔՊ-ականների համար ավագանու ընտրություններում հաղթելը, կարելի է ասել, կենաց-մահու հարց է։ Մտադիր են այսօրվա ժողովին հատուկ «ռազմավարական» պլան մշակել, որ 100%-անոց հաղթանակ ապահովեն այդ ընտրություններում:
ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2014 թվականի հուլիսին բնակարանի բաժնեմաս է նվեր ստացել։ 2022 թվականի գույքի, եկամուտների, ծախսերի եւ շահերի հայտարարագրում գլխավոր դատախազը հենց այս բնակարանն է որպես անշարժ գույք հայտարարագրել։ Ըստ նույն հայտարարագրի՝ Աննա Վարդապետյանն ավտոմեքենա չունի։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նա «Անտառային ՇԻՆ» ՍՊԸ-ից երկու փոխառություն ունի՝ 47 մլն 780 հազար եւ 5 մլն 314 հազար դրամ։ 2022 թվականի վերջում (բացառությամբ ավանդների) նա բանկային հաշիվներին ունեցել է 641 հազար, 101 հազար, 1 մլն 447 հազար դրամ եւ 15 եվրո, իսկ որպես կանխիկ դրամ հայտարարագրել է 600 հազար դրամ գումար։ 2022 թվականին ՀՀ գլխավոր դատախազի եկամուտը 73 մլն դրամ է եղել, որից 1 մլն 216 հազար դրամը ստացված փոխառություններն են, 3 մլն 762 հազար դրամ նա ստացել է ՊԵԿ-ից, 47 մլն 780 հազար դրամ նա ստացել է կրկին վարկ բանկից, 614 հազար դրամ՝ Երեւանի պետական համալսարանից, 12 մլն դրամ ստացել է վարչապետի աշխատակազմից՝ որպես աշխատավարձ (մինչեւ 2022 թվականի սեպտեմբերը նա աշխատել է կառավարությունում), եւ 7 մլն դրամ էլ նա ստացել է աշխատավարձ արդեն որպես դատախազ սեպտեմբերից հետո։ Ստացած վարկերի մայր գումարի մնացորդը տարվա վերջին կազմել է 46 մլն 918 հազար դրամ։ Որպես ծախս Վարդապետյանը նշել է միայն վարկերի մարմանն ուղղված վճարումները՝ 11 մլն 243 հազար դրամ։
Երբ ՀՀ հատուկ քննչական ծառայության նախկին պետ, ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը դատական հայց ներկայացրեց «Ժողովուրդ» օրաթերթի դեմ, հայցը բավարարած դատավորը «պարգեւատրվեց» իշխանության կողմից. նա նոր պաշտոն ունի: Հիշեցնենք, որ մի հոդված էինք հրապարակել` նշելով՝ ապօրինի ծագման գույքի դեմ պայքարող Սասուն Խաչատրյանն ինքը չի կարողանում հիմնավորել իր ունեցվածքը, եւ լուրեր կան, թե նա Մոսկվայում մեքենաներ եւ այլ անշարժ գույքեր ունի, որոնք գրանցված են այլ անձանց անուններով: Առաջարկել էինք հրապարակավ, որ Խաչատրյանն ինքը ապացուցի, որ գույք չունի, ինչպես նա անում է ապօրինի ծագման գույքերի գործերով: Այս հրապարակման համար նա «զրպարտչական տեղեկատվությունը հերքելու եւ 2 մլն ՀՀ դրամ բռնագանձելու պահանջով» դատարան էր դիմել: Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սերգեյ Սահակյանը բավարարել էր Սասուն Խաչատրյանի հայցը ու ոչ միայն բավարարել էր, այլեւ ինքն էր հայցվող Խաչատրյանի փոխարեն ընկել ու ապացույցներ հավաքել մեր հրապարակման մասով, որը դատավորի էթիկայի եւ վարքականոնի կոպիտ խախտում է ու կարգապահական վարույթի հիմք: Դատավոր Սահակյանի չպատճառաբանված ու ապօրինի որոշման առիթով «Ժողովուրդ» օրաթերթը դիմել էր ՀՀ արդարադատության նախարարին՝ կարգապահական վարույթ հարուցելու պահանջով, սակայն այդպես էլ մեր դիմումը մնաց անպատասխան, եւ չպատճառաբանված որոշման համար Սերգեյ Սահակյանը պատասխանատվության չենթարկվեց: Փոխարենը նա առաջխաղացում ունեցավ։ 2023թ. մայիսի 26-ին ՀՀ նախագահի թիվ ՆՀ-175-Ա հրամանագրով՝ Սահակյանը նշանակվել է վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր: Ասել է թե՝ Սահակյանը իրավապահ համակարգի եւ քաղաքական իշխանության սրտի որոշումների համար խրախուսվեց: