2020թ.-ի 44-օրյա պատերազմից 3 տարի անց՝ արդեն վաղը, Նիկոլ Փաշինյանը վերջապես կգնա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով՝ պատասխանելու իր թիմակիցների նախապես պատրաստած ու սերտած հարցերին:
Ընդդիմադիր «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները երեկ հայտարարել են, որ չեն մասնակցելու քննիչ հանձնաժողովի վաղվա նիստին. խորհրդարանական ընդդիմությունը հանձնաժողովի ստեղծման հենց առաջին օրվանից բոյկոտել է դրա աշխատանքները՝ պարզաբանելով, որ քննիչ հանձնաժողովը ընդդիմության գործիքն է, ուստի չպետք է իշխանությունը ղեկավարի այդ հանձնաժողովը, իսկ դրա աշխատանքներին մասնակցելով՝ ընդամենը կլեգիտիմացնեն Նիկոլ Փաշինյանին:
Ստացվում է՝ ՔՊ-ականներն իրենք իրենցով վաղը հավաքվելու են, նիստ անեն ու լուռումունջ Նիկոլ Փաշինյանին լսեն:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ-ում երկար ժամանակ է՝ պատրաստվում են այս իրադարձությանը:
ՔՊ-ականները նախապես հարցեր են մտածել, դերերի բաժանումներ են արել, որպեսզի հանկարծ ավելորդ հարցեր չտան Նիկոլ Փաշինյանին, իսկ պատգամավորներին «կուռացիա» անելու պատասխանատու գործն իր վրա վերցրել է հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, որը պատգամավորներին նախապես հանձնարարել է՝ ինչ խոսեն, ինչ հարցեր տան Փաշինյանին:
Թե որքանով է այս իշխանությունն ի վիճակի անաչառ ուսումնասիրել այն պատերազմի հանգամանքները, որի պարտության հիմնական մեղավորները հենց իրենք են, սա հարցի մի կողմն է, բայց այն, որ Փաշինյանի վաղվա մասնակցությունը ընդամենը ձեւական բնույթ է կրում եւ նպատակ ունի հերթական անգամ «թոզ փչել» հանրության աչքին, դա ակնհայտ է:
«Ժողովուրդ» օրաթերթը ՔՊ-ի պաշտոնական կայքում հրապարակված լուսանկարներում նկատեց, որ կուսակցական-քաղաքական ժողովին ներկա են եղել ոչ միայն պատգամավորները, ՔՊ-ական մարզպետները, այլ նաեւ գործադիրը՝ իր ողջ կազմով: Բացի ՔՊ անդամ նախարարներ Սուրեն Պապիկյանից, Արարատ Միրզոյանից, Վահե Հովհաննիսյանից, Գնել Սանոսյանից, Հակոբ Սիմիդյանից եւ Արմեն Փամբուխչյանից, ՔՊ քաղաքական ժողովին մասնակցում էին նաեւ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանը, արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, որոնք ՔՊ անդամ չեն: Ենթադրվում է, որ կուսակցական հարցերը պետք է որ նրանց չառնչվեին, բայց, արի ու տես, ոչ կուսակցական նախարարները եւս ակտիվորեն նեգրավված են ներկուսակցական աշխատանքներում: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ քաղաքական ժողովի օրակարգում հիմնականում ներկուսակցական հարցեր են եղել եւ ավագանու առաջիկա ընտրություններին մասնակցության հարցեր: Հավանաբար, ՔՊ-ում այնքան մարտական են տրամադրված, որ որոշել են ռեսուրս չխնայել ու իրենց թեկնածուի քարոզարշավի աշխատանքներում ներգրավել, օրինակ, ոչ ՔՊ անդամ Անահիտ Ավանեսյանին կամ Վահան Քերոբյանին: «Ժողովուրդ» օրաթերթի աչքից չվրիպեց նաեւ, որ ՔՊ քաղաքական ժողովին մասնակցում են նաեւ փոխվարչապետներ Տիգրան Խաչատրյանը եւ Մհեր Գրիգորյանը: «Ժողովուրդ» օրաթերթը ՔՊ վարչության փոխնախագահ Գեւորգ Պապոյանից հետաքրքրվեց՝ ինչու են անկուսակցական փոխվարչապետները մասնակցել կուսակցության քաղաքական ժողովին, ինչ առնչություն ունեն նրանք ներկուսակցական հարցերի հետ։ «Մեր կանոնադրության համաձայն՝ քաղաքական ժողովին մասնակցում են կոնկրետ մարդիկ. կան պաշտոններ, որոնց համապատասխանող անձինք մասնակցում են ժողովին, եւ կան հրավիրյալներ, որոնց որոշում է կուսակցության վարչությունը: Այս պարագայում պարոն Գրիգորյանը եւ պարոն Խաչատրյանը քաղաքական ժողովին մասնակցել են որպես հրավիրյալներ: Կարծում եմ՝ հարց չպետք է առաջանա, քանի որ նրանք երկուսն էլ քաղաքական պաշտոններ են զբաղեցնում ու կարող էին հրավիրվել: Քաղաքական ժողովին բոլոր հրավիրվածները քաղաքական պաշտոն են զբաղեցնում»,-ասաց Պապոյանը:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի եւ Տիգրանյան փողոցում կարտոֆիլ վաճառող Արթուր Հակոբյանի միջեւ տեղի ունեցած միջադեպի գործը կարճվեց։ Այսինքն՝ իշխանական պատգամավորի մասնակցությամբ տեղի ունեցած խուլիգանական արարքը չքննվեց, եւ պատգամավոր Աղազարյանը չպատժվեց իր խուլիգանական վարքի համար։ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՀ քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը հաստատեց տեղեկությունը՝ նշելով. «Վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ քրեական վարույթը կարճվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով։ Որոշման օրինականությունը ստուգվել է դատախազության կողմից»։ «Ժողովուրդ» օրաթերթը դեռեւս ամիսներ առաջ գրել էր, որ այս գործը կկարճվի, քանի որ այդպես է ցույց տալիս ընթացքը ու նաեւ քաղաքական հրահանգը: Բանն այն է, որ կարտոֆիլ վաճառող Արթուր Հակոբյանը միջադեպից հետո որպես կասկածյալ ձերբակալվել էր ու կարճ ժամանակ անց ազատ արձակվել: Իրավապահները լսել էին նաեւ պատգամավոր Աղազարյանին, ու մինչ օրս գործով այլ քննչական գործողություններ չեն կատարվել, քրեական գործով չկա մեղադրյալ, Արթուր Հակոբյանի նկատմամբ էլ քրեական հետապնդում չի իրականացվել: Դատելով իրավիճակից՝ իրավապահները հասարակական բուռն արձագանքից հասկացան, որ ՔՊ-ական պատգամավոր Աղազարյանը, մեղմ ասած, սարքել էր վաճառական քաղաքացու գլխին, եւ այլընտրանք չունեն, քան քրեական գործը կարճելը: Վերջնարդյունքում քաղաքացու գլխին սարքած, խուլիգանական վարք դրսեւորած պատգամավորը մնաց անպատիժ. ընտրովի արդարադատության հերթական դրսեւորումը։ Հիշեցնենք, որ պատգամավորը մարտի 3-ին աշխատանքի գնալու ճանապարհին՝ Տիգրանյան հասցեում, կարտոֆիլի վաճառքով զբաղվող Հակոբյանի հետ վեճ էր ունեցել, ոտքով հարվածել առեւտրականի կարտոֆիլի պարկերին ու երկու պարկ թափել փողոցում: Միջադեպի պատճառը «կարտոֆիլների փողոց» անունով հայտնի փողոցում կարտոֆիլ վաճառելն է եղել, որը դուր չէր եկել Աղազարյանին:
2022 թվականի մարտի 13-ին երդում տված եւ Հայաստանի Հանրապետության նախագահ դարձած Վահագն Խաչատուրյանն իրեն պատկանող անշարժ գույքերը կա՛մ նվիրատվություն է ստացել, կա՛մ ժառանգել։ Օրինակ՝ 2002 թվականին նա նվիրատվություն է ստացել Երեւանի Կենտրոնում գտնվող բնակարան եւ ավտոտնակ, իսկ 2017 թվականին էլ երկու հողամաս է ժառանգություն ստացել, որոնցից մեկը՝ Արաբկիրում, մեկը՝ Ձորաղբյուրում։ Նվիրատուների ցանկը, կամ թե ումից է ժառանգություն ստացել հողամասերը, նշված չեն։ Հաշվետու տարում բանկային հաշվին, առանց ավանդների, նախագահն ունեցել է 5 մլն 540 հազար դրամ, 23 մլն դրամ, 1 մլն դրամ, 267 եվրո եւ 163 դոլար։ Որպես կանխիկ դրամ նա տարվա վերջին հայտարարագրել է 15 հազար դոլար եւ 800 հազար դրամ գումար։ Մեկ տարում Խաչատուրյանը վաստակել է 15 մլն դրամ, որից 170 հազար դրամը եղել ԵՊՀ-ից՝ աշխատանքի վարձատրություն, 9 մլն 926 հազար դրամը՝ աշխատանքի վարձատրություն որպես ՀՀ նախագահ, 4 մլն 630 հազար դրամը եղել է նրա՝ ԲՏԱ նախարար ժամանակ եղած եկամուտը, 400 հազար դրամ՝ կրկին աշխատավարձ «Անտարես»-ից, եւ 101 հազար դրամ էլ՝ Շուշիի տեխնոլոգիական համալսարանից։ Ծախսերի մասին որեւէ տվյալ Վահագն Խաչատուրյանի հայտարարագրում ներկայացված չէ։ Այսինքն՝ ստացվում է՝ նա ստացել է եկամուտ, բայց կարիք չի ունեցել ծախսելու դրանք: