Առաջիկայում Հայաստանի քաղաքացիները՝ Վրաստան, իսկ Վրաստանի քաղաքացիները Հայաստան կկարողանան ճամփորդել նաեւ նույնականացման քարտերով:
Հայաստանի ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության եւ Վրաստանի միջեւ երկու պետությունների քաղաքացիների համար փոխադարձ առանց մուտքի արտոնագրի ճամփորդելու մասին» համաձայնագիրը վավերացնելուն:
Հայաստանի եւ Վրաստանի միջեւ գործում է քաղաքացիների համար առանց մուտքի վիզաների այցելության ռեժիմ, որը սահմանվում է 1993թ. մայիսի 19-ին ստորագրված ՀՀ-ի եւ Վրաստանի քաղաքացիների՝ իրենց տարածքներով առանց վիզաների տեղաշարժման մասին համաձայնագրով: Ներկայումս ՀՀ քաղաքացիներն անձը հաստատող փաստաթղթով Վրաստանի տարածքում կարող են գտնվել մինչեւ 1 տարի ժամկետով, Վրաստանի քաղաքացիները՝ ՀՀ տարածքում առավելագույն 180 օր մեկ տարվա ընթացքում: Նոր համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո 1993-ի համապատասխան համաձայնագիրն ուժը կորցրած կճանաչվի:
«2020թ. մարտի 3-ին ՀՀ եւ Վրաստանի վարչապետների կողմից ստորագրվել է ՀՀ կառավարության եւ Վրաստանի կառավարության միջեւ քաղաքացիների տեղաշարժի դյուրացման մասին մտադրությունների հուշագիրը: Կողմերը հայտնել են իրենց մտադրությունը համաձայնագիր կնքելու վերաբերյալ, որն էլ կնքվել է 2023թ. հունվարի 12-ին: Վրացական կողմը փետրվարի 2-ին արդեն ավարտել է ներպետական ընթացակարգերը: ՀՀ-ում նախագիծն անցել է սահմանադրական վերահսկողություն եւ ներկայացվել ԱԺ»,- ասաց ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը:
Ըստ համաձայնագրի՝ երկու երկրների քաղաքացիները ձեռք կբերեն միմյանց պետությունների տարածքներ նույնականացման քարտերով այցելելու իրավունք:
Հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը նշեց, որ համաձայնագրի վավերացումը բխում է ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագրից, շատ կարեւոր է Վրաստանի հետ երկկողմ հարաբերությունների տեսանկյունից: «Սա մեր հարյուրավոր քաղաքացիների կյանքը հեշտացնող նախագիծ է, հատկապես՝ այն մարդկանց, որոնք հաճախ են ճամփորդում հարեւան երկիր»,-ասաց Խանդանյանը:
ՔՊ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը շեշտեց՝ հարեւանների հետ փոխհարաբերությունները կառուցելիս պետք է առաջնորդվել բացառիկ բարեկամական մթնոլորտ ստեղծելով պաշտոնական եւ ոչ պաշտոնական հարթություններում: «Մեր կարեւորագույն նվաճումը պետք է լինի մեր հարեւան ժողովուրդների հետ մեր հարաբերությունների ճշգրտումն ու դրանք հարեւանային ռեժիմ տեղափոխելը: Դա մեր առաքելությունն է, մեր պետության անվտանգությունն է…: Մենք այս պահին կանգնած ենք խրթին խնդիրների առջեւ, որը պարունակում է երկու թնջուկ՝ հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական հարաբերությունները: Երկու պարագայում էլ թնջուկը գեներացրել է վտանգ Հայաստանի եւ ժողովրդի անվտանգության համար: Վրաստանի օրինակով մենք պետք է կարողանանք ձգտել, որ մեզ շրջապատող բոլոր ժողովուրդների հետ գտնենք գոյակցության բանալին, այն ֆորմուլան, որը հնարավորություն է տալու մեզ խաղաղ ապրել՝ չունենալով իրար ոչնչացնելու ծրագրեր»,-ասաց Արսենյանը:
Վահան Կոստանյանն արձագանքեց՝ ՀՀ-ն իր երկու հարեւան երկրների՝ Վրաստանի եւ Իրանի հետ հարաբերությունները փորձում է կառուցել՝ անկախ աշխարհաքաղաքական զարգացումներից, հաշվի առնելով այն կարեւորությունը, որ Հայաստանը տալիս է այդ հարաբերություններին: Իսկ ինչ վերաբերում է Վրաստանի հետ հարաբերություններին՝ փոխնախարարն արձանագրեց, որ հատկապես վերջին տարիներին դրանք բավականին խորացել են, հարաբերությունները բավականին ինտենսիվացել են, քաղաքական մակարդակում հարաբերությունները շատ ակտիվ են: «Իհարկե, մենք հանրային, հասարակական մակարդակում ունենք որոշակի խնդիրներ, որոնք հասցեագրելը շատ կարեւոր է, անգամ անվտանգային նշանակություն ունի: Ցավոք, վրացական մեդիայում երբեմն նաեւ հայտնվում են որոշակի ելույթներ, որոնք ատելության խոսք են պարունակում Հայաստանի եւ հայերի նկատմամբ: Մենք այս թեմայով սերտորեն աշխատում ենք մեր վրացի գործընկերների հետ: Եվ վստահ եմ, որ կկարողանանք հաղթահարել այս խնդիրները»,-նշեց Կոստանյանը:
Իսկ, ընդհանրապես, փոխնախարարի խոսքով՝ Հայաստանը եւ Վրաստանն իրենց հարաբերությունները վերջին մի քանի տարիների ընթացքում կառուցում են միմյանց չվնասելու եւ միմյանց զգայունություններն ամբողջությամբ հաշվի առնելու վրա:
Համաձայնագիրը կքննարկվի ԱԺ լիագումար նիստում:
ՄԵՏՐՈՅԻ ՆՈՐ ԿԱՅԱՐԱՆ
Երեւանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը հայտնեց «Սուրմալու» առեւտրի կենտրոնի մերձակայքում մետրոյի նոր կայարանի կառուցման նախագծի մասին։
«Մենք շուտով պետք է հայտարարենք «Սուրմալու»-ի մերձակայքում մետրոյի նոր կայարանի կառուցման նախագծի մասին: Դրա տեխնիկական առաջադրանքը, ենթադրում եմ, պատրաստ է», – գործակարգավարական նիստի ժամանակ ասաց Ավինյանը։
Ավինյանն անդրադարձել է նաեւ Աջափնյակի մետրոյի նոր կայարանի նախագծման աշխատանքներին՝ ընդգծելով, որ միաժամանակ նախագծման երկրորդ եւ երրորդ փուլերում են։
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀՅՈՒՊԱՏՈՍՈՒԹՅՈՒՆ՝ ԿԱՊԱՆՈՒՄ
Քննարկվում է հենց Կապանում Ռուսաստանի Դաշնության գլխավոր հյուպատոսություն բացելու հարցը:
Այս մասին ասաց Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում:
«Քննարկվում է հենց Կապանում գլխավոր հյուպատոսություն բացելու հարցը»,-ասաց Կոստանյանը:
Թե ինչ նպատակներով է ՌԴ-ն հենց Կապանն ընտրել, փոխնախարարը հորդորեց հարցնել Հայաստանում ՌԴ-ի դեսպանությանը:
«Ընթացակարգերն ամբողջությամբ պահպանվելու են: Մենք ողջունում ենք մեր միջազգային գործընկերների հետաքրքրությունն ու ցանկությունը Սյունիքում ունենալ դիվանագիտական ներկայացուցչություն՝ տեղում իրավիճակին ավելի լավ ծանոթանալու համար»,-ասաց Կոստանյանը:
Ավելի վաղ Կապանում գլխավոր հյուպատոսություն էր բացել Իրանի Իսլամական Հանրապետությունը:
ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՄԱՍՆԱԿՑԻ
Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները հայտարարել են, որ չեն մասնակցելու 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստին, որին մասնակցելու է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ընդդիմադիր խմբակցություններն այդ մասին համատեղ հայտարարություն են տարածել։
Ընդդիմադիրները հանձնաժողովի նիստին իրենց չմասնակցելը հիմնավորում են նրանով, որ քննիչ հանձնաժողովի ձեւավորումն ինքնին իշխանական մեծամասնության կողմից չի կարող ապահովել անաչառություն, համապարփակություն, քանի որ, ըստ նրանց, իշխող ուժի՝ ճնշող մեծամասնություն ունեցող հանձնաժողովն ի զորու չէ առարկայական քննել սեփական իշխանության, կառավարության գործունեությունը։
Քննիչ հանձնաժողովները ձեւավորվում եւ ձեւավորվել են կա՛մ ընդդիմության, կա՛մ խնդրո առարկա հարցի շուրջ շահերի բախում չունեցող ուժի կողմից, ինչպես եղավ Ապրիլյան քառօրյայի հանգամանքներն ուսումնասիրելու պարագայում։ Իշխանությունը քննություն անցկացնելու համար ունի վարչական, իրավական, դատական բոլոր գործիքներն ու հնարավորությունները»,- ասված է հայտարարության մեջ։
Նշվում է, որ համապարփակ, ամբողջական եւ հանրային վստահություն ունեցող, Ազգային ժողովից դուրս, համախոհությամբ եւ համաչափությամբ հանձնաժողով ձեւավորելու համար ընդդիմությունը հադես էր եկել նոր որակի եւ կառուցվածքի քննիչ հանձնաժողով ձեւավորելու նպատակով օրենսդրական նախաձեռնությամբ, որն էլ մերժվեց իշխանությունների կողմից։
Ընդդիմադիր խմբակցությունները պնդում են, որ նախապես հայտարարված Փաշինյանի հրապարակային, ուղիղ եթերում ցուցմունք տալու նախաձեռնությունը որեւէ կերպ չի նպաստելու 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրելուն, քանի որ հրապարակային վկայությունների պարագայում անհնար է լինելու պետական, ռազմական, դիվանագիտական գաղտնի տեղեկությունների հրապարակումը կամ դրանց շուրջ հարցադրումների ներկայացումը:
Միեւնույն ժամանակ, հայտարարության մեջ նշվում է, որ մեկ հարցաքննվողի համար բացառություն անելու դեպքում քննիչ հանձնաժողովը հավասարության համար պարտավոր է հրապարակել բոլոր հարցաքննության ենթարկվածների ցուցմունքներն ու պատասխանները, հակառակ պարագայում ստեղծվում են անհավասար պայմաններ, եւ քննիչ հանձնաժողովը լինելու է Փաշինյանի քաղաքական թիրախավորումների, «մեղավորներ» նշանակելու հարթակ»։