Լեհաստանում ընթացող Եվրոպական խաղերում հունիսի 23-ին «ատրճանակ» ձեւի մարզիկներ Բենիկ Խլղաթյանը (289 միավոր) եւ Էլմիրա Կարապետյանը (292 միավոր) 10մ, 30+30 կրակոց թիմային միքս վարժությունում, միասին խոցելով 581 միավոր, անցել են եզրափակիչ: Եզրափակչում զիջելով միայն Իտալիայի թիմին՝ հրաձիգները դարձել են արծաթե մեդալակիր:
Նախորդ օրը անհատական պայքարում մարզիկները՝ Էլմիրա Կարապետյանը եւ Բենիկ Խլղաթյանը, չեն կարողացել նվաճել Լեհաստանում մեկնարկած Եվրոպական խաղերի գնդակային հրաձգության մրցաշարի եզրափակիչ փուլի ուղեգիր։
10 մետր օդամղիչ ատրճանակ մրցաձեւի որակավորման փուլում Էլմիրա Կարապետյանը վաստակել է 572 միավոր եւ 38 մասնակցի մեջ զբաղեցրել 12-րդ տեղը:
Նույն մրցաձեւի տղամարդկանց պայքարում Բենիկ Խլղաթյանը որակավորման փուլում 573 միավորով գրանցել է 22-րդ արդյունքը (36 մասնակցի մեջ) եւ դուրս մնացել հետագա պայքարից։
Եզրափակիչ փուլի ուղեգիր են նվաճել 8 լավագույն արդյունք ցուցադրած մասնակիցները:
Հրաձգության Հայաստանի հավաքականի կազմում մրցավայր է մեկնել նաեւ Երջանիկ Ավետիսյանը (ստենդային հրաձգություն):
Հիշեցնենք, որ Եվրոպական խաղերի հրաձգության մրցումները վարկանիշային են «Փարիզ-2024» օլիմպիական խաղերի համար։ Էլմիրա Կարապետյանն ունի օլիմպիական ուղեգիր, որը նվաճել է 2022 թվականին Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում անցկացված գնդակային հրաձգության աշխարհի առաջնությունում 5-րդ տեղ գրավելու շնորհիվ։
Հայաստանը Եվրոպական երրորդ խաղերին մասնակցում է 57 մարզիկով։ Նրանք մասնակցում են խաղերի ծրագրում ընդգրկված 29 մարզաձեւերից 9-ի՝ աթլետիկայի, բռնցքամարտի, թաեքվոնդոյի, թեքբոլի, կարատեի, հրաձգության, ջրացատկի, մուայթայի եւ սուսերամարտի մրցումներին:
ՔԱՐՏԵԶ՝ ՀԱՅԿԱԿԱՆ ԳԱԹԱՅՈՎ
«Հրուշակագործների համահայկական միավորում» հասարակական կազմակերպությունը հունիսի 23-ին կազմակերպել էր միավորման գործունեության սկիզբը ազդարարող միջոցառում։ Միջոցառման ընթացքում հայկական ավանդական գաթաներով պատրաստվեց Հայաստանի Հանրապետության եւ Արցախի քարտեզի մակետը։ Ներկայացվեցին նաեւ Հայաստանի մարզերի ավանդական գաթաները։
Armlur.am-ը զրուցեց ArMaR Հրուշակագործության արվեստի ակադեմիայի տնօրեն, «Հրուշակագործների համահայկական միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Արփինե Խաչատրյանի հետ։ «Գաթան ընտրվել է որպես հին հայկական ավանդական քաղցրավենիք, եւ հենց դրա միջոցով ցույց ենք տալիս մեր միասնությունը, եռամիասնության ուժն ու հաղթական ոգին», – նշեց նա։
Հրուշակագործների համահայկական միավորման նպատակը Հայաստանը Արցախից չտարանջատելն ու միավորելն է։ Քարտեզի վրա առաջինը տեղադրվեց Սյունիքի մարզի գաթան՝ որպես երկրի ամուր դարպասներ։ «Առաջարկում եմ, որ Երեւանի գաթան տեղադրելուց առաջ տեղադրենք Արցախինը, որովհետեւ առանց Արցախ չի կարող լինել Երեւան»,-ասաց Արփինե Խաչատրյանը։
Նշենք, որ միջոցառմանը ներկա էին հրուշակագործներ Հայաստանի բոլոր մարզերից, Սփյուռքից եւ Արցախից տեղահանված հրուշակագործներ։
ԿԱԹՆԱՄԹԵՐՔԻ ԴԻՏԱՐԿՈՒՄ
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից հանրապետության իրացման ցանցերում անցկացվել էր երկրում արտադրվող եւ ներմուծվող պաղպաղակ արտադրատեսակի դիտարկում եւ հսկիչ գնում:
ՍԱՏՄ-ից հայտնում են, որ «Փինք Բերրի» ՍՊԸ-ի կողմից արտադրվող պլոմբիր տեսակի «Վանիլային պաղպաղակ թխվածքաբլիթով» եւ «Պաղպաղակ քոթոթ» արտադրատեսակների նմուշներում հայտնաբերվել էր կաթնայուղի փոխարինիչ։
Հետագծելիությամբ տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառում են իրականացրել «Փինք Բերրի» ՍՊԸ-ում։
Քանի որ նշված արտադրատեսակները պատրաստվում են թխվածքաբլիթի փշուրներով, որոնց բաղադրության մեջ առկա է կաթնայուղի փոխարինիչ, նմուշառումն իրականացվել է պաղպաղակի խառնուրդից՝ մինչեւ թխվածքաբլիթի փշուրների ավելացումը։
Փորձաքննության արդյունքում պաղպաղակի խառնուրդում կաթնայուղի փոխարինիչ չի հայտնաբերվել։
Այսպիսով, «Փինք Բերրի» ՍՊԸ-ի կողմից արտադրված պլոմբիր տեսակի «Վանիլային պաղպաղակ թխվածքաբլիթով» եւ «Պաղպաղակ քոթոթ» արտադրատեսակները համապատասխանում են օրենսդրությամբ սահմանված պահանջներին։