ՀԱՅԿ ՄԱՐՈՒԹՅԱՆԸ ՈՐՈՇՈՒՄ ՈՒՆԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դերասան, Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը օրերս վերադարձել է Հայաստան եւ Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու որոշման հանգել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Մարությանը երկար մտորումներից հետո վերջնական որոշում է կայացրել ավագանու առաջիկա ընտրություններին մասնակցելու վերաբերյալ: Մեր աղբյուրները տեղեկացրին, որ Մարությանը, մերժումներ ստանալով ՀԱԿ-ի, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանի կողմից, որոշել է դիմել «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության նախագահ Դավիթ Սանասարյանին: Վերջինս համաձայնել է, եւ սեպտեմբերի 17-ին Երեւանի նախկին քաղաքապետը կրկին կփորձի իր ուժերը Երեւանի ավագանու ընտրություններին: Տեղեկացանք նաեւ, որ Մարությանն առաջիկայում կհանդիպի թիմակիցների հետ ու կհայտնի իր այս որոշման մասին: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ Մարությանը դժվար է վերջնական որոշում կայացրել. սկզբում մտերիմներին ասել է, որ իրեն դերասանի մասնագիտությունն ավելի հարազատ է, չի ցանկանում վերադառնալ քաղաքապետարան, բայց մտափոխվել է:  «Ժողովուրդ» օրաթերթը երեկ փորձեց տեղեկությունը ճշտել հենց Հայկ Մարությանից, բայց նրան գրված մեր նամակները եւ արված հեռախոսազանգերը դեռ անպատասխան են:

 

 

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Ալիկ Միրզաբեկյանը  երեկ ներկայացել է ՀՀ հակակոռուպցիոն դատարան։ Նրան՝ որպես վկայի, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի դեմ հարուցված քրեական գործով ծանուցում էին ուղարկել մի քանի անգամ դատարան ներկայանալու համար, սակայն նա առողջական խնդիրների պատճառով հրաժարվել էր ներկայանալուց։ Եւ, ահա, երեկ վերջապես ներկայացել է դատարան, հայտնել, որ առողջական խնդիրներ ունի, ուստի դարձյալ չի կարող ներկայանալ դատարան: Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր՝ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի եւ ՊՆ նախկին պաշտոնյաների քրեական գործով դատարան են կանչվել Սեյրան Օհանյանը եւ ՊՆ որոշ աշխատակիցներ: Սեյրան Օհանյանը ներկայացել է եւ հարցաքննվել, ՊՆ աշխատակիցների հարցաքննությունը շարունակվում է: Հավելենք, որ Ալիկ Միրզաբեկյանը 2016 թվականին, Սերժ Սարգսյանի հրամանով, ազատվել էր ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետի պաշտոնից: Ըստ լուրերի՝ Միրզաբեկյանը սպառազինության եւ սննդամթերքի մատակարարման գնումները շուկայականից բարձր գներով էր իրականացրել։

 

 

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթը  անդրադարձել էր  Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի ավագ որդու՝ գործարար Միսակ Բալասանյանի՝ Իրաքի դեսպան նշանակվելու եւ Գյումրիում իշխանությունն ամբողջովին ՔՊ-ին տալու մասին լուրերին։ Մեզ հաջողվեց կապ հաստատել գործարար Միսակ Բալասանյանի օգնական Րաֆֆի Ասլանյանի հետ, որը մեզ փոխանցեց, թե դեսպանի կամ այլ պաշտոնի նշանակվելու մասին տարատեսակ լուրեր եւ ասեկոսեներ վերջին 10 տարիներին պարբերաբար հրապարակվում են, որոնց Մ. Բալասանյանը միշտ նույն պատասխանն է տալիս՝ պատրաստ է իր ունեցած հնարավորությունների շրջանակներում ծառայել իր երկրին, օգտակար լինել իր ժողովրդին, իսկ կոնկրետ Իրաքի դեսպան նշանակվելու մասով առայժմ մեկնաբանություն չունեն: Գյումրիում իշխանությունն ամբողջովին ՔՊ-ին զիջելու մասին մեր հարցին ի պատասխան՝ մեր զրուցակիցը փոխանցեց, որ իշխանությունն առաջին հերթին պատասխանատվություն է, եւ գյումրեցիների քվեն սակարկման, փոխանակման ենթակա չէ:

 

 

 

 

Հետաքրքիր զուգադիպությամբ Հայաստանում պաշտոնի նշանակված անձինք բնակարանի եւ ավտոմեքենայի տեր են դառնում պաշտոնավարման ընթացքում: Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանը եւս պաշտոնավարման տարիներին բնակարան է ձեռք բերել: «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից տեղեկացավ, որ վերջին երեք տարում մեկ բնակարան եւ մեկ մեքենա է գնել Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի թիվ մեկ վերահսկող պաշտոնյան: Մասնավորապես, 2022 թվականի հայտարարագրի համաձայն՝ Հովհաննես Մարտիրոսյանը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նորակառույցում 2021 թվականին տուն է գնել: Դրանից մեկ տարի առաջ՝ 2020-ին, 2006 թվականի արտադրության «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա է գնել: Չնայած սրան՝ նա տարվա վերջում բանկային հաշիվներին ունեցել է ընդամենը 309 հազար դրամ, իսկ կանխիկ դրամ ընդհանրապես չի հայտարարագրել: Տեղեկացնենք, որ Մարտիրոսյանի եկամուտը մեկ տարվա ընթացքում կազմել  16 մլն դրամից ավել գումար, որը գոյացել է նրա աշխատավարձից ու ոստիկանությունից ստացված կենսաթոշակից: Հավելենք, որ  տեսչական մարմնի ղեկավարն այդ պաշտոնին նշանակվել է 2021 թվականի ապրիլին, որից առաջ տարբեր պաշտոններ է զբաղեցրել ՀՀ ոստիկանության համակարգում։ Հիմա համակարգում է մի ոլորտ՝ հանքարդյունաբերություն,  որի հետ մասնագիտական որեւէ առնչություն չունի։

 

 




Լրահոս