«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի գրասենյակի գործունեությունը դադարեցված է: «Ժողովուրդ» օրաթերթն իր աղբյուրներից տեղեկացավ, որ ՔՊ գրասենյակի փաստացի լուծարման պատճառը դարձյալ ընտրակեղծիքներն են:
Պարզվում է, որ Մալաթիայում ՔՊ-ն թեւերի է բաժանված եղել. մի թեւն ուղղորդվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Արման Բարխուդարյանի կողմից, մյուս թեւը՝ ՔՊ-ական պատգամավոր, վարչապետի տիկնոջ ազգական, Մալաթիա-Սեբաստիայի տարածքային կառույցի խորհրդի նախագահ Էդգար Հակոբյանի կողմից: ՔՊ տարածքային կառույցի խորհրդի նախագահի եւ անդամների ընտրությունների ժամանակ կողմերը իրենց ցանկալի մարդկանց ցուցակներ են տվել շարքային ՔՊ-ականներին, որպեսզի ընտրեն, եւ այդ կեղծիքը պատահաբար բացահայտվել է:
Պատգամավոր Էդգար Հակոբյանն իր համար է ցանկալի ցուցակ տվել, իսկ թաղապետ Բարխուդարյանը՝ իր: Ու երբ բացահայտվել են կեղծիքները վերստուգիչ հանձնաժողովի անդամների կողմից, որոշվել է կասեցնել կուսակցության գրասենյակի գործունեությունը մինչեւ տարածքային կառույցի խորհրդի նախագահի եւ անդամների նոր ընտրությունները ավելի հարթ պայմաններում:
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց այս տեղեկությունը նախ ճշտել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Արման Բարխուդարյանից, սակայն թաղապետը խնդրեց իրեն միայն թաղապետարանին վերաբերող հարցերով անհանգստացնել, կուսակցական հարցերով դիմել կուսակցության ղեկավարությանը: Նա միաժամանակ չհերքեց մեր տեղեկությունները:
Զրուցեցինք նաեւ ՔՊ-ի՝ Մալաթիա-Սեբաստիայի տարածքային կառույցի խորհրդի նախագահ, պատգամավոր Էդգար Հակոբյանի հետ, որն ասաց. «Ես նման բան չգիտեմ, որ լուծարվել է, ես տարածքային կառույցի խորհրդի նախագահն եմ եղել, իմ պաշտոնավարելու ժամկետը լրացել է, հավանաբար դրա համար էլ տեղյակ չեմ: Տարածքային կառույցի խորհրդի նախագահի եւ անդամների ընտրություններ պետք է լինեն, բայց հետաձգվել են»:
Կուսակցության փոխնախագահ Գեւորգ Պապոյանը չցանկացավ մեկնաբանել կատարվածը: «No comment»,- ասաց նա: Մյուս փոխնախագահ Վահագն Ալեքսանյանն էլ պարզաբանեց հետեւյալը. «Գրասենյակի խորհրդի կազմի ընտրությունները հետաձգվել են, եթե չեմ սխալվում, տեխնիկական պատճառներով. մանրամասներին տեղյակ չեմ: Նախորդ խորհուրդը, որն ընտրվել էր, ժամկետով էր, հավանաբար ժամկետը լրացել է, այլ ապոկալիպտիկ սցենարներ չեն եղել»:
Հիշեցնենք, որ սա ՔՊ-ում ընտրությունների կեղծման երկրորդ դեպքն է: Նախորդ տարի՝ հոկտեմբերի 29-ին տեղի ունեցած ՔՊ վարչության անդամների ընտրությունները նույնպես կեղծվել էին, ինչի հետեւանքով մի շարք ՔՊ-ականներ դուրս էին մնացել վարչության կազմից:
Այսպիսով, ստացվում է՝ ՔՊ-ն սեպտեմբերին սպասվող Երեւանի ավագանու ընտրություններից առաջ մնացել է առանց Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի գրասենյակի:
Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում