ԽԱԺԱԿՅԱՆԸ՝ ՔՊ-Ի ՈՐՈՇՄԱՆ ՄԱՍԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցը Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ, «Լուսավոր Հայաստան» կուսակցության քաղաքապետի թեկնածու Դավիթ Խաժակյանն է:

 

-Պարո՛ն Խաժակյան, Դուք որոշ ժամանակ առաջ մեզ հետ զրույցում չէիք բացառել, որ ավագանու առաջիկա ընտրություններին հնարավոր է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ դաշինքով գնաք ընտրություններին, ասել էիք, որ քննարկումներ է գնում նրանց հետ:

Երեկ ՔՊ-ն հայտարարեց, որ առանձին են մասնակցելու ընտրություններին՝ առանց դաշինքի. սպասելի՞ էր Ձեզ համար այս որոշումը, թե՞ անակնկալ էր Ձեզ համար:

-Քննարկումների տրամաբանության մեջ երկու տարբերակն էլ հնարավոր էր. իրենք քննարկել են եւ իրենց որոշումը կայացրել են, այդտեղ ես մեկնաբանելու բան չունեմ, իրենց որոշումն է: Ես ԼՀԿ-ի ցուցակը գլխավորող թեկնածուն եմ, այս ընթացքում եղել են եւ շարունակվում են բազմաթիվ քննարկումներ տարբեր անհատների, քաղաքական ուժերի հետ: Այդ խոսակցություններն իմ մասով շարունակվելու են: ՔՊ-ն որոշել է մասնակցել առանձին ցուցակով, ես, բնականաբար, իրենց հաջողություն եմ մաղթում:

-Պարո՛ն Խաժակյան, ամեն դեպքում, Դուք հայտարարում եք, որ քննարկումներ են գնում ՔՊ-ի հետ՝ դաշինքով մասնակցելու մասով, բայց հիմա, ստացվում է, նրանք մերժում են ձեզ:

-Ես ասել եմ, որ ՔՊ-ի հետ դաշինքով մասնակցելու հարցը քննարկում ենք, հավանական համարում եմ դա, ես ասել եմ, որ չեմ բացառում դաշինքով ՔՊ-ի հետ մասնակցելը, բայց եթե նրանք որոշում են կայացրել առանձին կուսակցությունով մասնակցել, հետեւաբար նրանց հետ դաշինքը բացառվում է, ուստի այդ թեման եկեք համարենք փակված: Մնացյալի մասով կան հնարավորություններ, չկան փակված թեմաներ, կորոշվի առաջիկա 1-2 շաբաթվա ընթացքում:

-Այս պահին կա՞ն քաղաքական ուժեր, որոնց հետ դաշինքով մասնակցելու վերաբերյալ բանակցություններ եք տանում, թե՞ «Լուսավոր Հայաստան»-ն էլ առանձին կմասնակցի ընտրություններին:

-Ինչպես մեր նախորդ խոսակցության ժամանակ եմ ասել, կան ուժեր, որոնց հետ բացառել եմ դաշինքը, բայց մյուս ուժերի հետ չեմ բացառել: Ֆորմատի հետ կապված քննարկումները շարունակվում են:

-Կոնկրետ ո՞ր ուժերի հետ եք բանակցում այս պահին:

-Կան քննարկումներ առաձին անհատների հետ, որոնց մասով առաջիկայում կունենանք հստակություն: Չեմ բացառում որեւէ ֆորմատ, ես համարում եմ, որ քաղաքային ընտրություններում քաղաքի հետ կապ ունեցող մարդիկ պետք է հնարավորինս կոնսոլիդացված գնան ընտրություններին: Այդ կոնսոլիդացիայի հետ կապված ես իմ աշխատանքը տանում եմ, բայց եթե դա չստացվի կամ մասնակի ստացվի, ամեն դեպքում, մեր մասնակցությունը մնում է ուժի մեջ:

-Պարո՛ն Խաժակյան, մի շարք ուժեր արդեն հստակ հայտարարել են, որ մասնակցելու են ավագանու ընտրություններին, իրենց թեկնածուներին են ներկայացրել. ո՞ւմ եք համարում ձեր հիմնական մրցակիցը:

-Ես ամբողջ դաշտում բոլորին էլ համարում եմ մրցակից: Քանի որ քաղաքային ընտրությունների մեջ առաջնային բաղադրիչը քաղաքին հուզող հարցերն են, յուրաքանչյուրն ունի իր առաջարկը, այդ առաջարկները որպես գաղափար մրցելու են, այդ պատճառով էլ բոլորին մրցակից եմ համարում: Մենք պայքարելու ենք մեր քաղաքացիների վստահությանն արժանանալու համար:

Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ

 

 

 

 

 

«ՀԱՅԱՔՎԵԻ» ԴԻՄՈՒՄԸ ԲԱՎԱՐԱՐՎԵՑ

Երեւանի քաղաքապետարանը պաշտոնապես պատասխանել է «Հայաքվե» նախաձեռնության ներկայացուցիչ Արամ Պետրոսյանի դիմումին եւ տեղեկացրել, որ ՀՀ Ազգային Ժողովին «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ առաջարկելու նպատակով ստորագրահավաք իրականացնելու համար բոլոր վարչական շրջանների նստավայրերում նախաձեռնությանը տարածք հատկացնելու վերաբերյալ դիմումը բավարարվել է:

Ստորագրահավաքի ընթացքին կմասնակցեն մեկական հանրային ծառայող ամեն վարչական շրջանից:

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Հայաքվե» նախաձեռնությունը հանդես է գալիս օրենսդրությունը փոխելու առաջարկությամբ՝ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշումից հրաժարվելու եւ Հայոց ցեղասպանության նշանակությունը նսեմացնելու համար խիստ պատիժ նախատեսելու համար։ Դրանով ծանր պատիժ է նախատեսվում Հայաստանի Հանրապետության անունից Արցախն Ադրբեջանի մաս ճանաչող եւ Հայոց ցեղասպանության նշանակությունը նսեմացնող գործողությունների համար։

Նախաձեռնողները հիմք են ընդունում ՀՀ անկախության հռչակագիրը, ՀՀ Սահմանադրությունը եւ ՀՀ գերագույն խորհրդի՝ 1992թ. հուլիսի 8-ի որոշումը։

ԿԸՀ-ի կողմից դրական պատասխանից հետո սահմանվում է 60-օրյա ժամկետ՝ 2023 թվականի հունիսի 21-ից օգոստոսի 19-ը, քվեարկություն-ստորագրահավաքը կազմակերպելու համար (50 հազար ստորագրություն)։

Դրանից հետո կդիմեն ԿԸՀ, որտեղ կհաստատվի ստորագրությունների վավերականությունը, հետո կդիմեն արդեն Ազգային ժողով։

 

 

 

 

 

ԷՐԴՈՂԱՆԻՆ ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ Է ՓԱՇԻՆՅԱՆԸ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։

Վարչապետը շնորհավորել է նախագահին Կուրբան Բայրամի առթիվ, իսկ նախագահը շնորհավորել է վարչապետին գալիք Վարդավառի՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնի առթիվ։

Ղեկավարները քննարկել են իրենց երկրների միջեւ երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Այս համատեքստում քննարկվել է դիվանագիտական անձնագրեր ունեցողների եւ երրորդ երկրների քաղաքացիների համար ցամաքային սահմանի բացման մասին պայմանավորվածության կատարման ընթացքը։

 

 

 

 

 

ԱՐՑԱԽԻ ՊԲ-Ն ՀԵՐՔՈՒՄ Է

Համացանցի որոշ օգտատերեր շրջանառում են ստահոդ տեղեկություններ այն մասին, թե, իբր, հունիսի 28-ին ադրբեջանական սադրանքի հետեւանքով վիրավորում են ստացել պաշտպանության բանակի 8 զինծառայողներ:

Արցախի ՊԲ-ից հայտնում են. «Եվս մեկ անգամ հորդորում ենք ստահոդ եւ կեղծ լուրեր չշրջանառել, դիտավորությամբ ապատեղեկատվություն չտարածել:

Հունիսի 28-ին ադրբեջանական սադրանքի հետեւանքով զոհվել են ՊԲ 4 զինծառայողներ, վիրավորում ստացած զինծառայողներ չկան»:

 

 

 

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ՝ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀՐԱՄԱՆՈՎ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 28-ին որոշում է ստորագրել Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնավարման վերաբերյալ: Որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության  մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին, 17-րդ հոդվածի 4-րդ մասերով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով՝

  1. Հայաստանի Հանրապետության վարչապետի՝ 2011 թվականի ապրիլի 4-ի «Ս. Խլղաթյանին Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար նշանակելու մասին» N 281-Ա որոշման վերնագրում եւ տեքստում «մարզպետարանի աշխատակազմի ղեկավար» բառերը փոխարինել «մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար» բառերով:
  2. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար Սեւակ Խլղաթյանի պաշտոնավարման ժամկետը երկարաձգել մինչեւ 2024 թվականի հուլիսի 30-ը»։

 

 

 

 

 

ՈՒՇԱԳՐԱՎ ՈՐՈՇՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ուշագրավ որոշում է կայացրել ՀՀ-ում լիազորությունները դադարեցված 7 դատավորների մասով։

Մասնավորապես, լիազորությունները դադարեցրած 7 դատավորները՝ Ալեքսեյ Սոքոյանը, Զարուհի Նախշքարյանը, Աննա Փիլոսյանը, Սուրեն Անտոնյանը եւ այլք, դիմել են ՄԻԵԴ, որը դատավորների գանգատը ընդունել է վարույթ. ուշագրավն այն է, որ բոլոր դատավորների գործերը միացվել ու քննվելու են մեկ վարույթում։ ՄԻԵԴ-ի այս որոշումը աննախադեպ է այն առումով, որ, ըստ էության, Եվրոպական դատարանը հասկացել է, որ կա խախտում, եւ առաջնահերթության սկզբունքով  է քննելու լիազորությունները դադարեցրած դատավորների գործը։ Սա ենթադրել է տալիս՝ նոր «ապտակ» է սպասվում Բարձրագույն դատական խորհրդին։ Ի դեպ, մեզ հասած լուրերի համաձայն՝ ՄԻԵԴ-ը դատավորների դիմումը վարույթ ընդունելու եւ առաջնահերթությամբ 7 դատավորների հարցը մեկ վարույթում քննելու մասին անգամ տեղեկացրել է ԲԴԽ-ին։ «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ բարձրագույն դատական խորհուրդ՝ տեղեկությունը պարզելու համար, սակայն ի պատասխան՝ ԲԴԽ-ից հայտնեցին. «Մենք որեւէ բան ՄԻԵԴ-ից չենք ստացել եւ որեւէ գործառույթ չունենք նման հարցերը իրենց հետ քննարկելու»։

Զարմանալի է, բայց ԲԴԽ-ն ակնհայտ ստում է, քանի որ «Ժողովուրդ» օրաթերթի ձեռքում կա փաստաթուղթ, թե ինչպես է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը  ՄԻԵԴ որոշման մասին գրություն  ուղարկել ե՛ւ ԲԴԽ նախագահ Անդրեասյանին, ե՛ւ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին՝ ըստ էության պահանջելով բացատրություններ:

 

 




Լրահոս