Այսօր Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հայտարարություն տարածեց, որ հունիսի 28-ին՝ ժամը 01:30-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային միջոցներից կրակ են բացել Մարտունու եւ Մարտակերտի հայկական դիրքերի ուղղությամբ` կիրառելով նաեւ ԱԹՍ-ներ։
Հայկական կողմն ունի 4 զոհ:
«Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Մետաքսե Հակոբյանի հետ, որը մեզ հետ զրույցում ասաց, որ այս պահին բնակիչների մոտ խուճապային տրամադրություն չկա:
«Ինչպես միշտ, այսպիսի իրավիճակներում Արցախը թաղվում է լռության մեջ: Համատարած լռություն է, որովհետեւ մենք հերթական ցավն ենք գրանցում, որի հաղթահարումը արդեն անհնարին է դարձել: Ունենք 4 զոհ, եւ այս ամենն այլեւս հնարավոր չի ընկալել, մանավանդ երբ Հայաստանի իշխանությունները հենց հիմա իրենց խաղաղության օրակարգի շուրջ շարունակում են բանակցել:
Երբեք չեն կարող իմանալ՝ երբ կլինի հաջորդ կրակոցը, բայց մոտ մեկ ժամ առաջ խոսել եմ բնակիչների հետ, ասում էին՝ հանդարտ է, բայց ամեն վայրկյան կարող է իրավիճակը փոխվել:
Այն իրավիճակը, որում մենք հիմա գտնվում ենք, մեզ համար սարսափելի է. մենք այլեւս չենք դիմանում, երբ զոհվում են մեր երիտասարդները, մեր քաջերը: Բայց նաեւ հասկանում ենք, որ այն իշխանությունները, որ մենք ունենք, եւ, հատկապես, Հայաստանի Հանրապետության իշխանությունները, որոնք ջանք ու եռանդ չեն խնայում՝ Արցախից վերջնական հետք չմնա, բնականաբար սա կանխատեսելի էր: Այնպես չէ, որ մենք սպասում էինք, որ այդ թղթի կտորի վրա հերթական ստորագրությունը դնելուց հետո բոլորն ապրելու են խաղաղ եւ երջանիկ»:
Հարցին, թե այս պահին արտգործնախարարների հանդիպումն է նաեւ, սա որեւէ բան կարող է փոխել, Հակոբյանը պատասխանեց. «Չեմ կարծում, քանի որ այն օրակարգը, որով հանդիպումները տեղի են ունենում, չգիտես՝ խնդալու, թե լացելու բան է: Հայաստանը եւ Արցախը ներկայացնողը գնացել խոսում է խաղաղությունից մի կողմի հետ, որը սպանում է իրենց: Որեւէ բան չի կարելի սպասել այդ օրակարգով շփման արդյունքում: Եթե Ազգային շահի գիտակցություն ունեցող իշխանություն լիներ, հենց հիմա պիտի դադարեցնեին այդ բանակցությունները եւ վերադառնային:
Երբ դեկտեմբերին պետք է տեղի ունենար արտգործնախարարների եռակողմ հանդիպումը, Արարատ Միրզոյանը չներկայացավ՝ պատճառաբանելով Արցախի շրջափակումը եւ հումանիտար խնդիրները, որոնք իրենք պետք է լուծեին: Բայց արտաքին գործերի նախարարը այդ ժամանակ ընդամենը մի գործ ուներ անելու՝ օգտագործել այդ հարթակը եւ փորձել ինչ-որ կերպ հաջողության հասնել: Իսկ հիմա, երբ մենք ունենք 4 զոհ, իրենք միգուցե կշարունակեն խաղաղության օրակարգի շուրջ բանակցել, որոնք միայն մահ են բերում»:
ՄԱՇԱ ՄԵԼՔՈՆՅԱՆ
ԱԺ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ՝ ՀԱՐԵՎԱՆ ԵՐԿՐՈՒՄ
Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը հուլիսի 4-9-ը կգործուղվի Վրաստան: ՀՀ ԱԺ պատվիրակությունը Թբիլիսիում կմասնակցի Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի լիագումար նստաշրջանի աշխատանքներին:
Պատվիրակության կազմում կլինեն ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը, ինչպես նաեւ պատվիրակության համաքարտուղար եւ Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջխորհրդարանական կապերի եւ եվրաինտեգրման բաժնի առաջատար մասնագետ Ժաննա Հարությունյանը:
Պատվիրակության գործուղման հետ կապված ծախսերը` ճանապարհածախսը, օրապահիկը, ինչպես նաեւ գիշերավարձը կկատարվի պետբյուջեի հաշվին:
ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆ
ԿԱՐԳԱԼՈՒՅԾ Է ԱՐՎԵԼ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Մասյացոտնի թեմի հոգեւոր սպասավոր Տ. Սեդրակ քահանա Աղասյանը։
Մայր Աթոռից հայտնում են, որ տնօրինության համար հիմք է ծառայել Մասյացոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Գեւորգ եպիսկոպոս Սարոյանի միջնորդությունը եւ Կարգապահական Հանձնախմբի եզրակացությունը Տեր Սեդրակ քահանայի կանոնազանց ընթացքի վերաբերյալ։
Կարգալույծ եկեղեցականը դասվում է աշխարհականների շարքին՝ Հրանտ Աղասյան ավազանի անունով:
ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԸ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ պետդեպարտամենտի Միջազգային անվտանգության եւ զենքի չտարածման բյուրոյի Միջուկային էներգիայի առեւտրային մրցունակության գծով ավագ խորհրդական Ջասթին Ֆրիդմանի գլխավորած պատվիրակությունը: Հանդիպմանը ներկա էր նաեւ Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Քրիստինա Քվինը: Այս մասին հայտնում է Կառավարության մամուլի ծառայությունը։
«Փոխվարչապետը, ողջունելով հյուրերին, ներկայացրել է Հայաստանում էներգետիկայի ոլորտում առկա հիմնական մարտահրավերները, անդրադարձել տարածաշրջանային էներգետիկ ծրագրերում Հայաստանի մասնակցության կարեւորության հարցին: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են միջուկային էներգետիկայի ոլորտում համագործակցության հնարավոր ուղղությունները: Մտքեր են փոխանակվել նաեւ մարդկային կապիտալի զարգացման, թվայնացման եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտներում առկա գլոբալ միտումների եւ Հայաստանում այդ ոլորտներում իրականացվող բարեփոխումների վերաբերյալ»,- նշվում է հաղորդագրության մեջ:
«ԵՎՐՈՊՈԼ»-Ի ՏՆՕՐԵՆԸ՝ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐՈՒՄ
Եվրոպական միության իրավապահ ոլորտում համագործակցության գործակալության («Եվրոպոլ») գործադիր տնօրեն Քեթրին դը Բոլի գլխավորած պատվիրակությունը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանի եւ Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Բալայանի ուղեկցությամբ:
Այս մասին տեղեկացնում են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից:
Հյուրերին դիմավորել եւ հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը: Նա անդրադարձ է կատարել նաեւ Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի եւ Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի եւ Հայոց ցեղասպանության միջեւ:
Քեթրին դը Բոլը եւ Վահե Ղազարյանը ծաղկեպսակներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետեւ հյուրերը ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ եւ մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:
Հյուրերը շրջել են նաեւ Հայոց ցեղասպանության թանգարանում, որտեղ ՀՑԹԻ թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանի ուղեկցությամբ ծանոթացել են մշտական եւ ժամանակավոր ցուցադրություններին, որից հետո տիկին Քեթրին դը Բոլը գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում: