Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Նազարյանը պաշտոնի նշանակվել է 2021 թվականի օգոստոսի 2-ին: 2022 թվականի հայտարարատու տարում Նազարյանը հայտարարագրել է երկու բնակարան, որոնցից մեկը՝ Երեւանի Էրեբունի վարչական շրջանում, մյուսը՝ Տավուշի մարզի Կիրանց գյուղում, ընդ որում՝ երկու բնակարաններն էլ ժառանգություն է:
Որպես տրանսպորտային միջոց Նազարյանը հայտարարագրել է մեկ մարդատար մեքենա՝ SUZUKI մակնիշի, որը ձեռք է բերվել 2021 թվականին:
«Հայկական ժամանակ» օրաթերթի նախկին լրագրող Գեղամ Նազարյանը հայտարարագրել է 49 հազար դոլար կանխիկ գումար եւ որպես տարեկան եկամուտ հայտարարագրել է 7 մլն 885 հազար դրամ, որն աշխատանքի դիմաց վարձատրություն է Ազգային Ժողովի աշխատակազմի կողմից:
Նազարյանի կնոջ՝ Նաիրա Նազարյանի բանկային ավանդները տարեվերջին կազմել են 5 մլն 500 հազար դրամ, իսկ բանկային հաշիվների մնացորդը կազմել է 3 մլն 120 հազար դրամ: Կնոջ կանխիկ դրամական միջոցները կազմել են 2 մլն 400 հազար դրամ: Նշեմ նաեւ, որ կինը որեւէ եկամուտ չունի:
Գեղամ Նազարյանի որդին՝ Արմենակ Նազարյանը, ըստ հոր հայտարարագրի, հանդիսանում է «Նեոպրեսս» ՍՊԸ-ի տնօրեն, սակայն որդու հայտարարագրում այդ մասին ոչինչ չկա գրված: Նրա կանխիկ դրամական միջոցները կազմել են 2 մլն 900 հազար դրամ: Որդու եկամուտները կազմել են 1 մլն 695 հազար դրամ, որից 893 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է «Նեոպրեսս» ՍՊԸ-ից, իսկ 802 հազար 276 դրամը աշխատանքի վարձատրություն է Երեւանի Էրեբունի շախմատի մանկապատանեկան մարզադպրոցից:
Հավելենք նաեւ, որ Նազարյանի որդին՝ Արմենակ Նազարյանը, «Նեոպրեսս» ՍՊԸ-ի տնօրեն է հանդիսանում 2023 թվականի փետրվարի 21-ից: Ըկերությունը Top-news.am լրատվական կայքի պատասխանատու կազմակերպությունն է:
ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
ԴԵՆԴՈՊԱՐԿԸ ԼՈՒԾԱՐՈՒՄ ԵՆ
Իջեւանի դենդրոպարկը ստեղծվել է 1961 թվականին, այն Սայադյան ընտանիքի 3 սերունդների կողմից հարստացվել է աշխարհի տարբեր կողմերից բերված հազվագյուտ, արժեքավոր ծառերով եւ թփերով։ Դենդրոպարկը Իջեւան քաղաքի այցեքարտն է, Իջեւանի պատվարժան հյուրերին, զբոսաշրջիկներին տանում են այդ դրախտային անկյուն։ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք Իջեւանի գինու, կոնյակի գործարանի կողմից Աղստեւ գետի հունն ավերելու, այնտեղ անօրինական շինարարության հետեւանքով 2 տարի, 7 ամիս դենդրոպարկի ջրառը զրկված էր Աղստեւ գետի ոռոգման ջրից, որի հետեւանքով դենդրոպարկում չորացել են հազվագյուտ, արժեքավոր 1500 ծառ եւ թուփ, 24 000 տնկի, դենդրոպարկին պատճառվել է մոտ 4 միլիոն դոլարի վնաս։ Իջեւանի գինու, կոնյակի գործարանը, Աղստեւ գետի աջ ափին պատ կառուցելով, վերականգնել է գետից սնուցվող դենդրոպարկի ջրառը, սակայն հունիսի 28-ից գետի մակարդակի նվազման պատճառով դենդրոպարկը կրկին գետից ոռոգման ջուր չի ստանում։ Իջեւանի դենդրոպարկի տնօրեն Մեխակ Սայադյանն այդ մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է տեղադրել, մեկնաբանություն գրել։ ՀՀ քննչական կոմիտեն 2021 թվականի հոկտեմբերին հարուցած քրեական գործով Իջեւանի գինու, կոնյակի գործարանի տնօրենին մեղադրանք չի առաջադրել։ Կատարված անօրինականության հետքերը թաքցնելու համար դենդրոպարկը լուծարում են։ Դենդրոպակի երկարամյա տնօրեն Մեխակ Սայադյանը եւ դենդրոպարկի 3 այլ աշխատողներ հունիսի 21-ին «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լեւոն Տեր-Սիմոնյանից ծանուցում են ստացել, որ օգոստոսի 20-ից Իջեւանի դենդրոպարկը լուծարվում է։ Լուծարման պատճառաբանությունը հաստիքների կրճատումն է։ Մեխակ Սայադյանը եւ դենդրոպարկի 3 աշխատակիցներ գրավոր դիմել են շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանին, հայտնել, որ դենդոպարկի աշխատակազմի խնամքի եւ հսկողության տակ 50 միլիոն դրամ արժողությամբ տնկիներ կան, նաեւ շենքեր, բազում այլ գույք, եւ խնդրել են չեղյալ համարել Լեւոն Տեր-Սիմոնյանի ծանուցումները, այլապես իրենք ստիպված կլինեն դիմել դատարան։ Նախկինում «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի տնօրենի ԺՊ-ն անհիմն կերպով աշխատանքից ազատել է Մեխակ Սայադյանին, դատարան հայց ներկայացրել՝ Մ. Սայադյանի ընտանիքին պատկանող « Կանաչ Սիմֆոնիա» ՍՊԸ-ի եւ «Արգելոցապարկային համալիրի» միջեւ, դենդրոպարկի մի մասի տարածքի երկարաժամկետ վարձակալության մասին պայմանագիրը չեղյալ համարելու պահանջով, սակայն երկու դեպքում էլ «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ը դատարանում պարտվել է։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ