Միջազգային հանրությունը (առաջին հերթին՝ ՄԱԿ Անվտանգության խորհուրդը) պետք է համապարփակ եւ շտապ միջոցներ ձեռնարկի դատարանի փետրվարի 22-ի որոշման կատարման համար, հատկապես հունիսի 15-ից հումանիտար մատակարարումների լիակատար դադարեցումից հետո։ Այս մասին իր Թելեգրամ-ալիքում գրել է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։
«Ի՞նչ է նշանակում ՄԱԿ Միջազգային դատարանի հուլիսի 6-ի որոշումը ըստ Հայաստանի դիմումի, Քաշաթաղի (Լաչինի) միջանցքում ադրբեջանական անցակետ դնելու մասին։
1. Դատարանը հաստատել է 2023թ. փետրվարի 22-ի իր որոշումը, որով Ադրբեջանին պարտավորեցրել է ձեռնարկել քաղաքացիների, տրանսպորտային միջոցների եւ բեռների անխափան երթեւեկության ապահովման բոլոր միջոցները Լաչինի միջանցքով՝ երկու ուղղությամբ։ Այս հաստատումն արդեն նշանակում է դատարանի դիրքորոշումն այն մասին, որ Ադրբեջանը չի կատարել այդ որոշումը եւ պարտավոր է կատարել այն։
2. Դատարանը համարել է, որ 2023թ. փետրվարի 22-ի որոշումը լրացման կարիք չունի։ Այլ խոսքով՝ ենթադրվում է, որ դատարանը չի նախընտրել խորանալ տարբեր քաղաքական եւ տեխնիկական պահերի մանրամասների մեջ. ցանկացած պարագայում այդ որոշման մանրամասները կարելի կլինի հստակ հասկանալ, երբ մի քանի օրից հրապարակվեն դրա պատճառները։
3. Ակնհայտ է, որ այդ որոշումը չի նշանակում ադրբեջանական անօրինական անցակետի լեգիտիմացում, բայց կարող է ունենալ եւ հակասական մեկնություն, քանի որ հաստատում է տեղաշարժի խախտման առկայությունը։ Թե ինչ միջոցներով է ադրբեջանական կողմը խախտում տեղաշարժը (անցակետ, բանակ, բետոնե պատնեշ, ահաբեկիչ ակտիվիստներ)՝ դատարանը դրան հղում չի կատարում։
Միջազգային հանրությունը (առաջին հերթին ՄԱԿ Անվտանգության խորհուրդը) պետք է ձեռնարկի համապարփակ եւ շտապ միոջցներ դատարանի փետրվարի 22-ի որոշման կատարման համար, մանավանդ հունիսի 15-ից հումանիտար մատակարարումների լիակատար դադարեցման պայմաններում»,- նշել է Բեգլարյանը։