Երեկ դատավորների միության նախագահ Ալեքսանդր Ազարյանը հայտարարություն էր տարածել, որում ասվում էր. «Հարգելի՛ դատավորներ, իմ կողմից ավելի վաղ արված հայտարարություններով անդրադարձ է կատարվել ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի՝ մինչեւ սույն թվականի ապրիլն ընկած ժամանակահատվածի անօրինական գործողություններին՝ 20-ից ավելի դատավորների պաշտոնավարման դադարեցում, սեփական շահերին վերաբերող օրենսդրական փոփոխությունների ընդունում, ԲԴԽ դատավոր անդամի ընտրություններին միջամտություն եւ այլն:
2023 թվականի ապրիլից հուլիսի 3-ը Բարձրագույն դատական խորհրդի նախագահը ֆինանսական անքակտելի կապերով փոխկապակցված ընկերոջ՝ Գրիգոր Մինասյանի հետ համակատարմամբ, այլ անձանց ներգրավմամբ ու օժանդակությամբ շարունակել են սահմանադրական կարգի, դատական իշխանության դեմ ոտնձգությունները, որպիսի գործողությունները դրսեւորվել են հետեւյալում.
այսպես,
Կ.Անդրեասյանը, շարունակել է արդարադատության նախարար Գ. Մինասյանի հետ տնօրինել ֆինանսական միջոցներ եւ գույք, միջազգային համընդհանուր ու հատկապես ներպետական օրենսդրության արգելքի պայմաններում առանձնակի հանդգնությամբ ու հրապարակային կիսելով տնտեսական գործունեության շահույթը, որը գերազանցել է վերջիններիս պետական աշխատավարձի առնվազն կրկնապատիկը, մեկը մյուսի գործողությունները լրացնելով՝ ձեռնամուխ են եղել նախկինում եւ տվյալ ժամանակահատվածում տարբեր եղանակներով դատավորների անկախության, անփոփոխելիության, խոսքի ազատության սահմանադրական երաշխիքները, սկզբունքները սահմանափակող օրենսդրական փոփոխությունների ընդունմանը, մի շարք դատավորների նկատմամբ ընտրողական եւ կամայական կարգապահական վարույթների հարուցմանը, պատասխանատվության ենթարկելուն ու իրավաբանական համայնքում հեղինակություն վայելող դատավորների լիազորությունները դադարեցնելուն:
Մասնավորապես՝ ապրիլին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին վարույթներ են հարուցվել դատավորներ Ա. Խառատյանի, Տ. Պետրոսյանի, Ա. Բարսեղյանի եւ Ս. Թադեւոսյանի նկատմամբ՝ ՄԻԵԴ որոշումների արդյունքում ենթադրյալ խախտումների հիմքով, այն պայմաններում, երբ նշված օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ եղել է Կարեն Անդրեասյանի կողմից «Եվրոպայի իմաստություն» որակված Վենետիկի հանձնաժողովի՝ իր իսկ կողմից հայցած, սակայն խիստ բացասական արձագանքի արժանացած կարծիքը՝ պետությանը՝ ՄԻԵԴ վճիռների տեսքով մարտահրավերների առջեւ կանգնեցնելու անխուսափելի վտանգի մասին:
Հարկ է նկատել, որ դատավորների նկատմամբ խտրական վերաբերմունքի փաստն արձանագրվել է նաեւ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից միայն դատավորների լիազորությունները դադարեցնելու հաջորդ օրը՝ հուլիսի 4-ին:
Հուլիսի 3-ին դադարեցվել են նաեւ դատական իշխանությանը վերաբերող հարցերի մասին արտահայտվելու իրավասությունը պարբերաբար իրացրած դատավոր Դավիթ Հարությունյանի լիազորությունները: ԲԴԽ-ն, առանց դատավորի կարծիքը հաշվի առնելու, նախարար Մինասյանի միջնորդության հիման վրա՝ որոշում է կայացրել: Դատավորին զրկել են վերագրվող խախտման ու մյուս հարցերի վերաբերյալ հրապարակային դիրքորոշում հայտնելու հնարավորությունից:
Հարկ է նշել, որ վարույթի քննությունն իրականացվել է ԲԴԽ ոչ օրինական կազմով՝ 4 ոչ դատավոր անդամի եւ 2 դատավոր անդամի մասնակցությամբ, Կարեն Անդրեասյանի սահմանած ու ընթացքում փոփոխվող կամայական կանոններով:
Կարեն Անդրեասյանը, ամբողջ վարույթի ընթացքում դատավորին զրկելով վերագրվող խախտման վերաբերյալ դիրքորոշում հայտնելու հնարավորությունից, ԲԴԽ անդամների թողտվությամբ անհարգալից վերաբերմունք է դրսեւորել նաեւ վերջիններիս նկատմամբ՝ նրանց բնորոշելով որպես ոչ ինքնուրույն, հանելով նրանց տված հարցերը եւ առաջարկությունները: Արդյունքում ԲԴԽ նախագահն ու մյուսները հավանաբար հիմք են ընդունել դատավորի՝ դատական համակարգին վերաբերող մտահոգությունների կապակցությամբ բազմիցս գրավոր եւ հրապարակային արտահայտված դիրքորոշումների վերաբերյալ բացառապես ֆինանսական գործընկերոջ՝ վարույթ հարուցելու որոշմամբ արված մեկնաբանությունը: Դատավորների նկատմամբ վրեժխնդրությունն իրացնելուց զատ, Կարեն Անդրեասյանը հուլիսի 3-ին հանդուգն ու բացահայտ անհարգալից վերաբերմունք է դրսեւորել լրագրողների մասնագիտական գործունեության նկատմամբ. օրենքի ուժով դռնբաց դատական նիստում ակտերը հրապարակելու պարտականության ընթացքում դատական նիստերի դահլիճը պարտադրանքով փորձել են լցնել ԲԴԽ աշխատակազմի, ԲԴԽ անդամների օգնականներով եւ դեպարտամենտի աշխատակիցներով, իսկ դեպի նիստերի դահլիճ տանող ճանապարհն արգելափակել են կարգադրիչների երկշարք պատնեշով, լեփ-լեցուն դահլիճի կեղծ պատրվակով արգելել են ներկա բոլոր լրատվամիջոցների եւ դատավորի ներկայացուցիչներից մեկի մուտքը դատական նիստերի դահլիճ:
Ամփոփելով՝ հարկ եմ համարում կրկին ընդգծել, որ Կ. Անդրեասյանը բարձրագույն դատական խորհրդի ժամանակավոր անդամ է, խորհրդի գործունեության բացասական հետեւանքները զգացնել են տալու տարիներ շարունակ, եւ այդ հետեւանքների առաջին կրողները դատավորներն են ու հանրությունը, ուստի այսօր (երեկ-խմբ.)՝ Սահմանադրության օրը, կոչ եմ անում դատավորներին գործել բացառապես երկրի գլխավոր օրենքին համահունչ եւ կասկածելի ու հանցավոր արկածախնդիր, ոչ պրոֆեսիոնալ մարդկանց ձեռքին մանրադրամ չդառնալ»։
ՍՊԱՌՆՈՒՄ ԷՐ ՑԱԾ ՆԵՏՎԵԼ
Հուլիսի 5-ին հերթական անգամ ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երեւանի թիվ 7-րդ հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները, ՓԾ փրկարար հոգեբանը, Ոստիկանության պարեկային ծառայության Երեւանի գնդի 2-րդ գումարտակի պարեկները, Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները, Երեւանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն ու սրտացավ քաղաքացիները համատեղ ուժերով կանխել են արդեն «ավանդույթ» դարձած՝ Արարատի մարզի բնակիչ 42-ամյա Խաժակ Հայրապետյանի ինքնասպանության փորձը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 00։55-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի անցել է Կիեւյան կամրջի վտանգավոր եզրագիծն ու սպառնում է ցած նետվել։
Տեւական ժամանակ օպերատիվ ծառայություններն ու քաղաքացիները նրա հետ բանակցություններ վարելու արդյունքում կարողացել են համոզել նրան, եւ հերթական անգամ նա հրաժարվել է դիմել այդ ծայրահեղ քայլին։
Խ. Հայրապետյանը տեղափոխվել է Ոստիկանության Մաշտոցի բաժին։
Լուսանկարը՝ Կարեն Գրիգորյանի
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ՆԱԽԿԻՆ ՄԱՐԶՊԵՏԻ ՈՐԴԻՆ
«Ժողովուրդ» օրաթերթի ձեռքում է հայտնվել Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տրդատ Խաչատրյանի եւ փաստաբան Վահագն Քեշիշյանի դիմումը, որտեղ նրանք նախաքննական մարմնից պահանջում են Վահագն Քեշիշյանին ներգրավել որպես եղբոր՝ Տիգրան Խաչատրյանի պաշտպան։ Նախաքննական մարմինը փաստացի հրաժարվել է պաշտպան ներգրավել, ուստի անձը զրկված է անհրաժեշտ պաշտպանությունից, ինչի արդյունքում էլ խախտվում է նրա՝ արդար դատաքննության իրավունքը:
Հիշեցնենք, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի (Լիսկա) որդու` Տիգրան Խաչատրյանի նկատմամբ դատարանը որոշում էր կայացրել կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։ Ինչպես հայտնել էր ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը, դատարանը բավարարել էր ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունից ներկայացված միջնորդությունը։ Բանն այն է, որ Տիգրան Խաչատրյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցված hրազենի ապօրինի շրջանառության եւ խուլիգանության համար, որը կատարվել է զենքի գործադրմամբ։
Ըստ նախաքննությամբ ստացված փաստական տվյալների՝ Խաչատրյանը հունիսի 19-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, իրեն պատկանող Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենայով երկու մտերիմների հետ գնացել է ավտոտեխսպասարկման կետ, որտեղ պարզաբանումներ կատարելու ընթացքում չնչին առիթն օգտագործելով եւ հանդուգն վարքագիծ դրսեւորելով՝ խուլիգանական դրդումներով վիճաբանություն է հրահրել աշխատակիցների հետ, նրանց հասցեին հնչեցրել սեռական բնույթի հայհոյանքներ։
Ապա ավտոտեխսպասարկման կետի հարեւանությամբ գտնվող քաղաքացիների, թաղամասի բնակիչների, սպասարկման կետերի անդորրը խախտելով՝ իր մոտ ապօրինի կրած հրազենով կրակոց է արձակել 46-ամյա տղամարդու ուղղությամբ` վերջինիս պատճառելով մարմնական վնասվածք, եւ հեռացել է դեպքի վայրից: Հիշեցնենք` Տիգրան Խաչատրյանին 2022 թվականի մայիսի 30-ին ձերբակալել էին՝ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի առաջին մասի հիմքով (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը)։ Հուլիսի 30-ին նա ազատ էր արձակվել։
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ