Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարին, որ այս տարի կայանալու է հուլիսի 6-8-ը, ներկա չեն լինի Արցախի բժիշկները շրջափակման պատճառով: Համագումարին արցախցի բժիշկները կմասնակցեն հեռավար:
Հուլիսի 5-ին կալացած մամուլի ասուլիսի ժամանակ համագումարի համանախագահ, ԱՄՆ-ում ապրող բժիշկ Գեւորգ Յաղջյանը նշեց, որ դեռեւս 2019-ին համագումարի համար առաջարկվել է ֆորմատ, որտեղ լինելու են երեք համանախագահներ՝ մեկը Հայաստանից, երկրորդը կներկայացներ Սփյուռքը, եւ երրորդը կհամակարգեր Արցախի մասը:
«Համագումարի նպատակն էր միավորել այս երեք մասերը: Հուլիսի 8-ը ամբողջությամբ նվիրված է լինելու Հայաստան-Արցախ-Սփյուռք համագործակցությանը: Ցավոք սրտի, չենք կարող բերել Արցախի բժիշկներին, սակայն համագումարը պատրաստ է նրան, որ բոլոր պլենար սեկցիաները, սիմպոզիումները հեռարձակեն Արցախում: Բժիշկները հավաքվելու են մեկ տեղում, հնարավորություն են ունենալու միանալ, հետեւել»,- ասաց նա:
Հարցին, թե արդյոք համագումարի մասնակիցների կողմից կլինի առաջարկ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով մեկնել Արցախ եւ այնտեղ կատարել վիրահատություններ, որի կարիքն ունեն շրջափակման մեջ գտնվող մեր հայրենակիցները, եւ արդյոք համագումարը այս առիթով հանդես կգա հայտարարությամբ՝ դիմելով աշխարհում իր գործընկերներին, բժիշկ Յաղջյանը պատասխանեց. «Ամեն ինչ պատրաստ է, քննարկված է, խոսել ենք դեսպանների հետ: Մենք հուլիսի 8-ին՝ համագումարի փակման ժամանակ, կոմյունիկեով հանդես կգանք, որը կուղարկվի բոլոր միջազգային կառույցներին, այդ թվում՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպություն, «ՅՈՒՆԻՍԵՖ» եւ այլն: Բոլոր բժիշկները, որ ներկա կլինեն դահլիճում, կստորագրեն:
Բացի այդ, հանդիպում ենք ունենալու ամսի 6-ին Արցախի ԱԳ նախարարի հետ: 15 հոգով ենք գնալու, ամեն երկրից վերցնելու ենք մեկ բժիշկ: Նախարարը կներկայացնի այսօրվա վիճակը, կներկայացնի, թե երբ բժիշկները վերադառնան իրենց երկրները, ինչպես ներկայացնեն իրավիճակը: Եթե կարողանանք տարբեր երկրների դեսպանատներին խնդրեինք, որ իրենց երկրների բժիշկներին հանդիպեն եւ նրանցից ստանան այդ կոմյունիկեն, դա հրաշալի կլինի: Պատկերացրե՛ք, Հարվարդի համալարանի պրոֆեսոր Ռոջեր Հաջարը հանդիպի իր դեսպանին եւ ասի այդ ամենի մասին: Սա կարեւոր բաղադրիչ է»:
Նա նաեւ հավելեց, որ առաջին անգամ որոշել են մրցանակներ տալ, որոնց շարքում լինելու է հումանիտար մրցանակ՝ Արցախի եւ դրա բնակիչների համար կատարված աշխատանքի համար. «Չենք ասում անունը, թե ով է ստանալու: Անունը պարզ կլինի համագումարի բացման ժամանակ»:
Իր հերթին համագումարի պատվավոր նախագահ, պրոֆեսոր Արա Բաբլոյանը նշեց, որ մենք լռելու իրավունք չունենք: Նա հիշեցրեց, որ երբ բետոնե պատնեշներով փակվեց Արցախի ճանապարհը, բժիշկների համայնքը հասավ նրան, որ դրա հաջորդ օրը ռուս խաղաղապահների ուղղաթիռով երեխա տեղափոխվեց Արցախից Հայաստան. «Երկու օր հետո Հայաստանից բժիշկը գնաց Արցախ: Սա նշանակում է, որ մենք պայքարում ենք բոլորի հետ հավասար՝ հանուն Արցախի»:
Հիշեցնենք, որ Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարը կկայանա Երեւանում հուլիսի 6-8-ը:
Մեր տեղեկություններով՝ համագումարին ու դրա շրջանակում տեղի ունեցող 23 սատելիտային սիմպոզիումներին մասնակցելու են առողջապահական եւ բժշկական ոլորտի շուրջ 2000 ներկայացուցիչներ Հայաստանից եւ Սփյուռքից։
Համագումարի պլենար բանախոսների թվում են համաշխարհային հռչակ վայելող մասնագետներ Ջոն Բիլեզիկյանը, Վիկեն Բաբիկյանը, Ռոջեր Հաջարը, Նոռա Փաշայանը, Յակոպո Բաուսսանոն, Շարոն Չեքիջյանը, Շանթ Շեխերդիմյանը, Ուէյն Գրոդին, Բագրատ Ալեքյանը, Արմեն Հարությունյանը, Ավագ Գահվեջյանը եւ Ռուբեն Վարդանյանը։ Արցախի բժիշկները համագումարին մասնակցելու են առցանց ձեւաչափով։
ԱԽ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՈՒՆԵՑՎԱԾՔԸ
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, որը պաշտոնը ստանձնել է 2020 թվականի պատերազմից հետո, հայտարարագրել է բնակարան, որը ձեռք է բերել 2020 թվականին կնոջ՝ Մանե Մինասյանի հետ համատեղ սեփականությամբ։ Այն գտնվում է Երեւանի Արաբկիր վարչական շրջանում:
Գրիգորյանը հայտարարագրել է LEXUS մակնիշի մեքենա, որը ձեռք է բերվել 2019 թվականին: Անվտանգության խորհրդի քարտուղարի բանկային հաշիվների մնացորդները կազմել են 1 մլն 685 հազար դրամ: Կանխիկ դրամական միջոցներ պատգամավորի հայտարարագրում առկա չեն, այնինչ նրա հաշվետու տարվա եկամուտները կազմել են 27 մլն 454 հազար դրամ, որից 21 մլն 909 հազար դրամն աշխատանքի վարձատրություն է վարչապետի աշխատակազմից: Նա 5 մլն 545 հազար 278 դրամ ստացել է Պետական եկամուտների կոմիտեից՝ որպես եկամտահարկ, ձեռք բերված բնակարանի հիփոտթեքը մարելու համար:
Ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 47 մլն 018 հազար դրամ: Գրիգորյանի՝ վարկերի մարմանն ուղված ծախսերը կազմել են 6 մլն 429 հազար դրամ:
Գրիգորյանի կինը, որը Հաշվեքննիչ պալատի նախագահի օգնականն է, հայտարարագրել է 434 հազար 290 դրամ բանկային հաշիվների մնացորդ եւ 2 մլն 058 հազար դրամ աշխատանքի վարձատրություն Հաշվեքննիչ պալատից: Գրիգորյանի կինը որեւէ ծախս չի նշել:
ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
ԱՐԺԵՔՆ ԱՐՑԱԽՈՒՄ ԱՃԵԼ Է
Բժշկական նորմաներով հաշվարկված նվազագույն սպառողական զամբյուղի արժեքն Արցախում առ ընթացիկ տարվա հունիսի 30-ը ընթացիկ գներով կազմել է 88 հազար 86 դրամ, իսկ պարենային զամբյուղի արժեքը` 49 հազար 766 դրամ: Այս մասին հայտնում են Արցախի ազգային վիճակագրական ծառայությունից՝ մանրամասնելով, որ ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ աճել է 15,4 տոկոսով, նախորդ ամսվա նկատմամբ՝ 6,9 տոկոսով:
ՇԻՆԱՐԱՐՆԵՐԸ ԳՈՐԾԱԴՈՒԼ ԵՆ ԱՆՈՒՄ
Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի սահմանամերձ Դովեղ գյուղի դպրոցի շինարարությունն արդեն 15 օր դադարեցված է, շինարարները գործադուլի են դիմել, որովհետեւ արդեն երկրորդ ամիսն է, ինչ աշխատավարձ չեն ստանում։ Դպրոցի շինարարությունը պետական բյուջեի ֆինանսավորմամբ իրականացնում է «Կանժինստրոյ» ընկերությունը։ Դպրոցի շինարարությունում աշխատող բանվորները դժգոհեցին, որ իրենք անձրեւային եղանակին աշխատել են, իսկ հիմա, երբ արեւային եղանակ է, ստիպված դադարեցրել են աշխատանքը։ Խնդրի մասին տեղյակ է նաեւ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այս տարվա ապրիլի 29-ին Տավուշի մարզ կատարած այցի շրջանակներում այցելել է Դովեղի դպրոցի շինհրապարակ, բանվորներին հորդորել ետ չմնալ շինարարության ժամանակացույցից։ Հեռախոսազրույց ունեցա դպրոցի շինարարության աշխղեկ, Նոյեմբերյանի նախկին քաղաքապետ Սերյոժա Ամիրաղյանի հետ։ Նա հայտնեց, որ նախկինում կատարված աշխատանքների համար, որոնք կատարվել են պահանջվող որակով, պետական բյուջեից ֆինանսավորում չի կատարվել: Մյուս խնդիրն այն է, որ դպրոցի շինարարության տարածքը ոչ թե 3-րդ կարգի փափուկ գրանտ է, այլ 5-րդ կարգի ժայտոտ գրունտ, որը քանդելու համար շինարարական տեխնիկա է աշխատել, մեծ ծավալի գործ է կատարվել, որի համար պահանջվում է լրացուցիչ ֆինանսավորում։ Դպրոցի շինարարները դպրոցի կառուցման մեջ օգտագործած շինանյութերի համար պարտքեր ունեն Նոյեմբերյան համայնքի շինանյութերի խանութներում։
938 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄ՝ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՄԱՆ ՀԱՄԱՐ
Տավուշի մարզպետարանը հայտնում է, որ հուլիսի 3-ին Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը մարզպետի աշխատակազմի համապատասխան ոլորտի աշխատակիցների ուղեկցությամբ ծանոթացել է Մ-16 միջպետական նշանակության ավտոճանապարհի Մայիսյան կամուրջ – Սարիգյուղ 7 կիլոմետր ճանապարահատվածի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին: Հիմնանորոգումն իրականացվում է «Սիսիանի ԲՈՒԱՏ» ճանապարհաշինական ընկերության կողմից` ՀՀ ՏԿԵՆ Ճանապարհային դեպարտամենտի պատվերով։ Ճանապարհի հիմնանորոգման համար ՀՀ պետական բյուջեից հատկացվել է 938 միլիոն դրամ։ Հիշյալ ավտոճանապարհը ոչ վատ վիճակում է, այդ հատվածի նորոգման համար 938 միլիոն դրամը խիստ ուռճացած գումար է, այդտեղ կոռուպցիոն ռիսկեր կան։ Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի Սպիտակ-Վանաձոր հատվածը շատ փոսառատ է, այդ ճանապարհը շատ վատ վիճակում է, սակայն այն չեն հիմնանորոգվում։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ