ՆՈՐ ԿՈՅՈՒՂԻ ԵՎ ՀԵՂԵՂԱՏԱՐ՝ ԵՐԵՒԱՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Էրեբունու Մուշական թաղամասն ունի շուրջ 1600 բնակչություն: Այստեղ կոյուղի երբեւէ չի եղել: Տարիների ընթացքում բնակիչներից ամեն մեկն իր ձեւով է ժամանակավոր լուծում գտել: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկանում է Երեւանի քաղաքապետարանից:

 

«Ավելի քան 40 տարի ապրում ենք այստեղ, բայց կոյուղի չունենք ու ստիպված հորեր էինք փորել, այդպես էինք օգտվում: Շատերը առվին էին միացնում։ Տասնամյակներ շարունակ բարձրացրել ենք խնդիրը, բայց այդպես էլ չէր լուծվում»,-ասում են բնակիչները:

Երեւանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ Մուշականում այժմ կառուցվում է նոր կոյուղատար համակարգ: 4.6 կմ երկարությամբ ցանցը հնարավորություն կտա ամբողջությամբ լուծել թաղամասի ամենակարեւոր խնդիրը:

«Սկսում ենք մոտ 4600 մետր կոյուղագծի՝ ամբողջությամբ զրոյից կառուցումը: Տարածքը երբեւէ չի ունեցել կոյուղագիծ: Այս գիծը հասնելու է մինչեւ Աթոյան փողոց: Կառավարության ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերից է սա: Նպատակ ունենք հետագայում հարակից տարածքների կոյուղագծերը եւս զրոյից կառուցել եւ միացնել այս ցանցին: Քաղաքում հիմնովին նոր աշխատանքներ են իրականացվում», – նշում է Երեւանի քաղաքապետարանի շինարարության եւ բարեկարգման վարչության պետ Խորեն Գրիգորյանը:

Աշխատանքները նախատեսվում է ավարտել եւ ցանցը շահագործման հանձնել մինչեւ տարեվերջ: Զուգահեռաբար բնակիչները կկարողանան ներքին միացումներն անել: Ծրագիրն էապես կբարձրացնի բնակիչների կյանքի որակը:

«Կոյուղագիծը սանիտարական հիգիենայի կարեւոր պայմաններից մեկն է: Մոտ 240 մլն դրամ արժողությամբ ծրագիրը հիմնովին է լուծում կոյուղագծի հարցը, եւ սա երկար պետք է ծառայի բնակիչներին: Մոտ 50-60 տարի կծառայեն»,-նշում է Խորեն Գրիգորյանը:

Երեւանում ընթանում է նաեւ կոյուղատար համակարգերի վերակառուցում: Խաղաղ Դոնի 23 հասցեն քաղաքի ամենամեծ շենքն է: Տարիներ շարունակ այստեղ կոյուղաջրերը լցվում էին նկուղներ, բնակիչների տներ: Այսօր արդեն տեխնիկան աշխատում է բակում:

«Խնդիրը բնակիչները բազմիցս բարձրաձայնել էին, նույնիսկ առաջին հարկի բնակարաններ էր լցվում: Այժմ հարցը լուծում է ստանում»,- նշում է Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Հակոբ Բալայանը:

2020-2022թթ. Երեւանում կառուցվել ու վերակառուցվել է 11 կմ կոյուղագիծ ու հեղեղատար համակարգ: Միայն այս տարի ծավալները շուրջ 14 կմ են:

«Այս տարի ծավալային առումով ամենամեծ ծրագրերն ենք իրականացնում: 26 հասցեներում 12 կմ երկարությամբ կոյուղատար համակարգ է վերակառուցվում: Ծրագիրը կազմվել է՝ հաշվի առնելով ցանցի վթարայնությունը, բնակչության պահանջարկը: Երկրորդ ծրագիրն իրականացնում է «Վիոլեա ջուր» ընկերությունը (1.4 կմ երկարությամբ, 10 հասցեներում)»,- ասում է Երեւանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը:

Հատուկ հսկողություն է սահմանված աշխատանքների որակի նկատմամբ: Հնամաշ մետաղական խողովակները փոխարինվում են նոր ու հատուկ պոլիէթիլենային՝ ավելի շատ թողունակությամբ խողովակներով:

Երեւանի ներքաղաքային կուղատար համակարգի երկարությունը 1200կմ է, որի մոտ 80 տոկոսն այսօր փոխարինման կարիք ունի: Ցանցի արդիականացումը պահանջում է լուրջ ներդրումներ, իսկ համայնքային միջոցները բավարար չեն: Երեւանի քաղաքապետարանը գրանցել է ոլորտի առաջնահերթ եւ հեռանկարային խնդիրները, կազմել ծրագրային փաթեթ:

«Առաջիկայում քննարկում կունենանք, եւ հավանաբար ամփոփ առաջարկ կներակայացվի կառավարություն այս առնչությամբ»,- ասում է Արեյանը:

Երեւանի զարգացումը պետք է նպաստի նաեւ քաղաքացիների համար հարմարավետ միջավայրի ստեղծմանն ու պաահովմանը: Փուլ առ փուլ համայնքը լուծում է մայրաքաղաքի՝ տարիներ շարունակ չլուծված խնդիրները:

 

 

 

 

ԿԱՅԾԱԿԻ ՀԱՐՎԱԾ՝ ՆԱԽՔԱՆ ՍՈՒԶՎԵԼԸ

2018թ. հերթական ջրասուզման ընթացքում «Տիտանը» ենթարկվել էր կայծակի հարվածի. տեղեկացրել է Insider պորտալը՝ հղում կատարելով OceanGate Expeditions ընկերության ղեկավար Սթոկտոն Ռաշի հայտնաբերված հարցազրույցին։

Նշվել է, որ հարցազրույցը Ռաշը տվել էր վերջին սուզումից առաջ։

«Բարեբախտաբար, դա ուղիղ հարված չէր։ Ուղիղ հարվածը, հավանաբար, մեզ լրիվ շարքից դուրս կբերեր։ Ընդամենը մեկ-երկու օրում մենք կարողացանք փոխել այդ բոլոր բաղադրիչները»,- այն ժամանակ ասել էր Ռաշը։

Հարցազրույցում նա ասել էր, որ կայծակի հարվածի պատճառով վնասվել է սուզանավի բոլոր սարքավորումների 70 տոկոսը։

«Տիտան» սուզանավի հինգ ուղեւորներն իրենց կյանքի վերջին րոպեներն անցկացրել են՝ գրեթե լիակատար մթության մեջ երաժշտություն լսելով։ Ստորջրյա արշավի մասնակիցներին առաջարկել են ներբեռնել իրենց սիրելի երաժշտությունը հեռախոսներում, որպեսզի այն վերարտադրվի Bluetooth դինամիկով։

 

 

 

 

ՆՈՐ ԳԱԼԱԿՏԻԿԱ՝ ՏԻԵԶԵՐՔՈՒՄ

James Webb տիեզերական աստղադիտակը հերթական ուշագրավ լուսանկարն է արել, որում երեւում է NGC 3256-ը՝ արտաքինից հանգիստ գալակտիկա, որը ձեւավորվել է 500 միլիոն տարի առաջ երկու այլ գալակտիկաների բախման արդյունքում. տեղեկացնում է Space.com-ը:

NGC 3256 գալակտիկան գտնվում է Երկրից մոտ 120 միլիոն լուսատարի հեռավորության վրա եւ պատկանում է Hydra-Centaurus սուպեր կլաստերին։ Օբյեկտի բուռն անցյալի մասին են ակնարկում փոշու եւ աստղերի պայծառ, երկար թեւքերը, որոնք տարածվում են գալակտիկայի հիմնական զանգվածից:

Տիեզերական նման բախումների ուսումնասիրությունը գիտնականներին կարող է պատմել աճի մեխանիզմների մասին գալակտիկաների եւ դրանց միջուկներում գտնվող եւ Արեգակի միլիոնավոր եւ միլիարդավոր չափերի հասնող գերզանգվածային սեւ խոռոչների միաձուլման ժամանակ։

Միաձուլումը, որի արդյունքում ստեղծվել է NGC 3256-ը, առաջացրել է աստղերի ձեւավորման ինտենսիվ պայթյուն: Նման գործընթացներում արդեն ձեւավորված աստղերը հաճախ խուսափում են միմյանց հետ բախվելուց. դրանց միջեւ ընկած տարածությունն արդեն չափազանց մեծ է լինում:

Սակայն գազի եւ փոշու ամպերը միավորվում են ավելի խիտ կազմավորումների մեջ, եւ այստեղ սկսում են նոր աստղեր ծնվել: Այս գործընթացում արտադրվում է ինտենսիվ ինֆրակարմիր լուսավորում, իսկ James Webb-ը, որը նախատեսված է հենց այս տիրույթում աշխատելու համար, պարզվում է՝ ամենահարմար գործիքն է նման իրադարձությունները դիտարկելու համար:

 

 

 

 

ՁԵՌՆԵՐԵՑՈՒԹՅԱՆԸ ԿԱՋԱԿՑԵՆ ՆԱԵՎ ՀԱՅ ԿԱՆԱՅՔ

Մեծ Բրիտանիա կատարած աշխատանքային այցի շրջանակում աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերի տիկնոջ՝ Շերի Բլերի հետ, որը ղեկավարում է Կանանց հիմնադրամը։  Ինչպես «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկանում է նախարարության տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են կանանց եւ տղամարդկանց իրավունքների հավասարության, գենդերային քաղաքականության, կանանց տնտեսական զորեղացման ու վերջիններիս կայուն զբաղվածության ապահովման, ընտանեկան բռնության ենթարկված անձանց մատուցվող ծառայություններին առնչվող մի շարք հարցեր։

Նախարար Նարեկ Մկրտչյանը խոսել է կնոջ դերի բարձրացմանն ուղղված շարունակական միջոցառումների եւ կանանց տնտեսական հզորացմանն ուղղված ծրագրերի մասին։ Այս համատեքստում ներկայացրել է նախարարության եւ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հետ համատեղ ջանքերով իրականացված «Պլատֆորմ #5» հարթակի, Աքսելերատոր եւ Պրե-աքսելերատոր ծրագրերի մանրամասներն ու արձանագրված արդյունքները. երեւանաբնակ ու մարզաբնակ կանանց հնարավորություն է տրվել դասընթացների միջոցով զարգացնել իրենց ձեռնարկատիրական հմտություններն ու իրագործել բիզնես գաղափարներ: Շուրջ 1400 կին մասնակցել է թվային մարքեթինգի դասընթացների եւ կատարելագործել իրենց հմտությունները։

Շերի Բլերն անդրադարձել է իր կողմից ղեկավարած հիմնադրամի գործունեությանը, իրականացված քարոզարշավներին, որոնց շրջանակում աշխարհի բազմաթիվ կանայք ստացել են ձեռներեցության եւ բիզնես գաղափարների իրագործման գիտելիքներ, զարգացրել իրենց կարողությունները։ Հիմնադրամի շնորհիվ, 2008 թվականից սկսած, աշխարհի հարյուրից ավելի երկրում ձեռներեցությամբ է զբաղվել շուրջ 230000 կին։ Նախատեսվում է մինչեւ 2030 թվականը եւս մեկ քարոզարշավի իրականացում՝ ներգրավելով շուրջ մեկ միլիոն կանանց։

Նախարար Մկրտչյանը պատրաստակամություն է հայտնել միանալ այդ նախաձեռնությանը եւ Հայաստանում եւս իրագործել այդ ծրագիրը՝ ընդգծելով կանանց տնտեսական զորեղացմանն ուղղված նախաձեռնությունների իրականացման գործում համատեղ ջանքերի մեկտեղման անհրաժեշտությունը, որոնք կարող են առանցքային հարթակներ լինել վերջիններիս ինքնազարգացման ու ինքնադրսեւորման համար։




Լրահոս