ՀՅՈՒՐԱՆՈՑԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

V2021 թվականի դեկտեմբերի 22-ին Երեւանի քաղաքապետ ընտրված Հրաչյա Սարգսյանը պաշտոնավարման առաջին երեք ամիսների ընթացքում հասցրել է օրինականացրել Հայաստանի ամենաթանկ ծառայություններից մեկը մատուցող «Դվին» հյուրանոցային համալիրի անօրինական կառուցված մոտ 16 հազար քառակուսի մետր տարածքը:

Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ Երեւանի քաղաքապետարանից:

2021 թվականի սեպտեմբերի 14-ին Երեւանի դերասան քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարեց, որ ապօրինի շինություն կա «Դվին» հյուրանոցի վրա: «Ասեմ ավելին՝ բացի այդ ապօրինի կառուցված երկու հարկից, հենց համալիրի վրա տարօրինակ երկուհարկանի մի կառույց էլ է ավելացել՝ ապակեպատ: «Դվին» հյուրանոցի հետեւում գտնվող շենքի վրա են հարկեր ավելացվել, եւ դրա հետ կապված կառուցապատողը երկու ճանապարհ ունի՝ կա՛մ երկու հարկերը պետք է վերացնի, կա՛մ ամբողջ շենքը որպես ինքնակամ կառույց պետք է օրինականացվի»,- վճռական հայտարարեց Հայկ Մարությանը, ու այլեւս չիմացվեց՝ հարցն ինչպես լուծվեց։

«Ժողովուրդ» օրաթերթը հարցում ուղարկեց Երեւանի քաղաքապետարան՝ պահանջելով հայտնել, թե ինչպես լուծվեց ապօրինի կառուցված հարկերի հարցը:

Ի պատասխան՝ քաղաքապետարանից հայտնել են. «26.11.2021թ. Երեւանի քաղաքապետարան է դիմել ««Դվին» հյուրանոցային համալիր» ՓԲԸ-ն՝ կապված ՀՀ կառավարության՝ 18.05.2006թ. «Ինքնակամ կառույցների օրինականացման եւ տնօրինման կարգը հաստատելու մասին» հ.912-Ն որոշման շրջանակներում Երեւան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Պարոնյան փողոց հ.40 հասցեում նախագծային շեղումներով կառուցվող եւ ինքնակամ կարգավիճակ ձեռք բերած շինության օրինականացման հետ: Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչության կողմից 06.12.2021թ. տրվել է մասնագիտական եզրակացություն, որի հիման վրա՝ կայացվել է Երեւանի քաղաքապետի 03.02.2022թ. հ.330-Ա որոշումը՝ ինքնակամ կառույցն օրինականացնելու մասին:

Որոշմանը կից տրամադրվել է համապատասխան նախագծման թույլտվություն (ճարտարապետահատակագծային առաջադրանք) օրինականացվող կիսակառույց շինությունը ավարտին հասցնելու նպատակով»: Տեղեկացանք նաեւ, որ ընդհանուր օրինականացվել է ապօրինի կառուցված  15823.85 քառ. մետր կառույց, որի համար  228654633 (երկու հարյուր քսանութ միլիոն վեց հարյուր հիսունչորս հազար վեց հարյուր երեսուներեք) դրամ 09.03.2022թ. ««Դվին» հյուրանոցային համալիր» ՓԲԸ-ն վճարել է Երեւան համայնքի բյուջե:

Այսպիսով, ստացվում է, որ երբ Արտակ Թովմասյանը Հայրենիքի փրկության շարժման օրերին Բաղրամյան փողոցում սպիտակ վրաններ էր տեղադրել ու պայքարում էր հայրենիքի փրկության համար, ՔՊ-ական քաղաքապետը սպառնաց նրան քանդել «Դվին»-ի ապօրինությունները, իսկ երբ Արտակ Թովմասյանի դրած վրանները «քամին տարավ», ինքն էլ մոռացավ հայրենիքի փրկությունը, ոչ միայն օրինականացվեցին ապօրինի տարածքները, այլեւ շինթույլտվություն տրվեց ապօրինությունը մինչեւ վերջ կատարելու համար:

Շարունակելի…

 

 

 

 

Եթե որեւէ դատարանում նախատեսված է դռնբաց դատական նիստ, նշանակում է, որ լրագրողները ազատ կարող են մասնակցել, լուսաբանել եւ հանրայնացնել այն: Հայաստանի որեւէ ներպետական օրենքով կամ միջազգային կոնվենցիաներով արգելված չէ դռնբաց նիստի լուսաբանումը: Այս տարրական ճշմարտությունը ՀՀ օմբուդսմեն Անահիտ Մանասյանը չգիտի կամ չի ցանկանում իմանալ, դրա համար երեկ, պատասխանելով լրագրողների հարցի, թե ինչ իրավունքով է ԲԴԽ-ն արգելել իր դատական նիստի լուսաբանումը, որտեղ քնվում էր դատավոր Դավիթ Հարությունյանի լիազորությունների դադարեցման հարցը, ասել է. «Լրագրողների աշխատանքը պետք է լինի երաշխավորված պետական մարմիններում։ Ես չեմ խոսի ԲԴԽ-ի մասին, որովհետեւ խոսքը դատական վարույթի մասին է, եւ Մարդու իրավունքների պաշտպանի տեսանկյունից կարող է  խնդրահարույց իրավիճակ ձեւավորվել։ Պետք է լինի հստակ կանոնակարգ, որը կուղղի լրագրողների եւ քաղաքացիների ներկայացվածության պրոցեսը։ Մենք հիմա միջազգային չափանիշների ուսումնասիրություն ենք իրականացնում»։ Հատուկ օմբուդսմենի համար ընդգծենք, որ արդարադատության իրականացումն ապահովելու կարեւորագույն բաղադրիչներից է արդարադատության իրականացման հրապարակայնությունը: Վերահսկողություն պետք է լինի դատական իշխանության նկատմամբ, եւ, ամենակարեւորը, դատական իշխանությունը հաշվետու պետք է լինի հասարակությանը: ՀՀ-ն` որպես մի շարք միջազգային կազմակերպությունների անդամ, ստորագրել է մարդու իրավունքներին վերաբերող կարեւորագույն միջազգային փաստաթղթեր, որով պարտավորվել է հարգել մարդու իրավունքները, այդ թվում` արդար դատաքննության իրավունքը, որն իր մեջ պարունակում է հրապարակային դատաքննության իրավունքը: Ի՞նչ միջազգային չափանիշներ է ուսումնասիրում օմբուդսմենը, երբ դրանք վաղուց կան, գրված են, պարզապես պետք է պահպանվեն, ինչը Նիկոլ Փաշինյանի իշխանության պայմաններում չի արվում:

 

 

 

 

Մեկ շաբաթից կլրանա  մեկ տարին՝ հաշված այն ողբերգական օրվանից, երբ պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը դատարանի դահլիճում մահացավ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ մինչ օրս պրոդյուսերի մահվան մեղավորները հայտնաբերված չեն, ու մինչ օրս մահվան այս դեպքի համար որեւէ մեկը պատասխանատվության չի կանչվել։  Հիշեցնենք, որ Արմեն Գրիգորյանը մահացել էր 2022 թվականի հուլիսի 15-ին Երեւան քաղաքի Կենտրոնի դատարանի դահլիճում: Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի «Կենտրոն» նստավայրում նրա գործով նախնական դատալսումների ժամանակ Արմեն Գրիգորյանը հանկարծ կորցրել էր գիտակցությունը եւ ընկել աթոռից: Կարճ ժամանակ անց հայտնի էր դարձել, որ Արմեն Գրիգորյանը մահացել է: Արմեն Գրիգորյանը պահվում էր անազատության մեջ 2022 թվականի մայիսի 17-ից։ Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Քրեական վարույթը նախաձեռնվել է՝ ՀՀ ՔՕ 187-րդ հոդվածով, որը վերաբերում է բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելուն կամ ոչ պատշաճ կատարելուն։ Այսինքն՝ իրավապահ համակարգը պրոդյուսերի մահվան մեղքը փորձում է բարդել  ՔԿՀ-ի եւ սպասարկող բուժանձնակազմի վրա։ Իրավապահների համար քննության առարկա չդարձավ ամենակարեւոր հարցը՝ արդյոք Արմեն Գրիգորյանի կալանավորումը հիմնավո՞ր էր, թե՞ ոչ: Ամեն դեպքում, «Ժողովուրդ» օրաթերթը Գրիգորյանի մահվանից մեկ տարի անց դիմեց ՀՀ քննչական կոմիտե՝ հասկանալու, թե գործով կա արդյոք մեղադրյալ, թե ոչ։ Ի պատասխան՝ լրատվականից հայտնեցին. «Վարույթով նշանակված է դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություն, որի եզրակացությունը դեռեւս չի ստացվել»։ Մեզ հասած լուրերի համաձայն՝ այս հանձնաժողովի եզրակացությունից հետո նախաքննական մարմինը կորոշի՝ պրոդյուսերի մահվան մեջ կան մեղավորներ, թե ոչ։

 

 

 

 

2008 -2022 թվականներին Պետական եկամուտների կոմիտեում տարբեր պաշտոններ զբաղեցրած Արմեն Մհերյանը, որն այժմ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարն է, 2022 թվականին 1 մլն 900 հազար դրամով ավտոտնակ է վաճառել։ Տարվա վերջում նա ունեցել է մեկ բնակարան եւ մեկ ավտոտնակ, որոնք բոլորն էլ ձեռք են բերվել 2019 թվականին,  երբ նա դեռ աշխատում էր ՊԵԿ-ում։ Մհերյանն իր պաշտոնին նշանակվել է անցյալ տարի: Այդ նույն տարում նա ձեռք է բերել «Մազդա» մակնիշի ավտոմեքենա եւ վճարել դրա համար 2 մլն 388 հազար դրամ, սակայն ունի նաեւ չորս այլ ավտոմեքենա, որոնք գնվել են տարբեր տարիներին։ Այսինքն՝ վարչական շրջանի ղեկավարն ունի հինգ մեքենա։ Մհերյանը բանկային հաշվին գումար չի ունեցել, կանխիկ ունեցել է 1 մլն 900 հազար դրամ եւ 35 հազար դոլար։ Մեկ տարվա ընթացքում նրա եկամուտը 13 մլն դրամ է եղել, որը գոյացել է աշխատավարձերից եւ գույքն օտարելուց ստացված եկամուտից։ Այս եկամուտների պայմաններում նա ունի նաեւ 62 մլն դրամի վարկ, որից 14 միլիոնը բնակարանի հիփոթեք է, իսկ մյուս տվյալները պաշտպանված են, մեզ հասանելի չեն։

 




Լրահոս