ԲԺՇԿԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ՝ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում ներդրվել են բժշկական նոր տեխնոլոգիաներ, որոնք նպաստում են սրտանոթային հիվանդությունների ավելի հեշտ եւ արդյունավետ բուժմանը: Սոցիալապես կարեւոր գլխավոր խնդիրը նոր տեխնոլոգիաների տարածումն է Հայաստանի բոլոր մարզերում, եւ այդ գործընթացն արդեն մեկնարկել է։ Այս մասին Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական կոնգրեսի շրջանակներում ասաց սրտանոթային հիվանդությունների ռենտգենէնդովասկուլյար ախտորոշման եւ բուժման մասնագետների ռուսական գիտական հանրության նախագահ Բագրատ Ալեքյանը։

 

Ինչպես նշեց Ալեքյանը, ներդրվել է սրտի փականային հիվանդություններով հիվանդների բուժման նոր միջոց։ Մինչեւ վերջերս փականի փոխարինման վիրահատությունն իրականացվում էր բաց եղանակով՝ հերձադանակով եւ անզգայացմամբ,  սրտի ամբողջական կանգով եւ արյան արհեստական շրջանառությամբ:

«Այսօրվա բժշկության ձեռքբերումների շնորհիվ՝ հնարավոր է դարձել բուժել սրտի շատ հիվանդություններ տրանս-կաթետերային եղանակով, այսինքն՝ առանց անզգայացման եւ առանց հերձադանակի։ Այս եղանակով կարելի է վիրահատություն կատարել 80, 90 եւ նույնիսկ 100 տարեկան հիվանդների մոտ։ Հայաստանում կատարվել են առաջին քայլերն, ու կատարվել են առաջին նման վիրահատությունները։ Ես հույս ունեմ, որ դրանց ծավալը կավելանա եւ կկրկնապատկվի»,-ասաց Ալեքյանը։

«Ժողովուրդ» օրաթերթի փոխանցմամբ՝ նա հիշեցրեց, որ Հայաստանում Stent for life ծրագրի ներդրմանը գործուն մասնակցություն է ունեցել առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանի հետ, եւ այսօր այդ համակարգն աշխատում է, եւ Հայաստանը մեկ միլիոն բնակչության համար կատարում է ավելի քան երեք հազար ստենտավորում: «Սա պրակտիկ եվրոպական բարձրագույն մակարդակ է, եւ ծրագիրը կունենա իր շարունակությունը»,-ասաց նա։ Մյուս շատ կարեւոր պետական ծրագիրը, որն արդեն մեկնարկել է Հայաստանում, իշեմիկ ինսուլտով հիվանդների բուժումն է։ «Սա մի ծրագիր է, որն արդեն իրականացվում է, բայց պետք է այնպես անել, որ Հայաստանի բոլոր մարզերում հասանելի լինի այդ օգնությունը, ինչն այսօր սոցիալական նշանակություն ունեցող գլխավոր խնդիրներից մեկն է։

Կարծում եմ՝ շատ կարեւոր է, որ այսօր Հայաստանում 6-րդ կոնգրեսի աշխատանքներին մասնակցող բժիշկները կլսեն այս նոր տեխնոլոգիաների մասին։ Շատ սերտ կապեր են ստեղծվել արեւմտյան սփյուռքի եւ Հայաստանի միջեւ, որոնք նպաստում են մեր երկրում այդ բոլոր ուղղությունների զարգացմանը»,-հավելեց Բագրատ Ալեքյանը։

Նշենք նաեւ, որ Բագրատ Ալեքյանը՝ որպես խոսնակ, մասնակցում է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական կոնգրեսին: Նրա զեկույցի թեման է՝ «Սրտանոթային հիվանդությունների տրանսկաթետերային բուժման ընթացիկ նվաճումները. փականի հիվանդություններ՝ մեծահասակների մոտ»: Բագրատ Ալեքյանի խոսքով՝ 6-րդ բժշկական համագումարի (6imca) նպատակն է ցույց տալ այն հնարավորությունները, որոնք գոյություն ունեն աշխարհում բժշկության ոլորտում: Նիստի ընթացքում ելույթ են ունենում տարբեր ուղղությունների առաջնորդներ, հայկական Սփյուռքի ներկայացուցիչներ, որոնք զեկուցում են բժշկության վերջին ձեռքբերումների մասին:

 

 

 

 

ՆՇՈՒՄ Է՝ ԲԱՆԿԵՐՆ ԵՆ ՄԵՂԱՎՈՐ

Հուլիսի 1-ից բարձրացված կենսաթոշակը համապատասխանում է նվազագույն պարենային զամբյուղին։ Այս մասին հուլիսի 6-ին՝ կառավարության նիստի ժամանակ, հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

 

Ըստ նրա` մեր երկրի պատմության մեջ առաջին անգամ ունենք մի իրավիճակ, երբ նվազագույն կենսաթոշակն իր չափով համապատասխանում է Համաշխարհային բանկի մեթոդաբանությամբ ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից սահմանված նվազագույն պարենային զամբյուղին։

«Սա նշանակում է, որ այդ մեթոդաբանությամբ մեր կողմից տրվող բոլոր թոշակառուներն իրենց նվազագույն պարենային կարիքները կարող են հոգալ։ Առավել եւս, եթե մեր սիրելի կենսաթոշակառուներն օգտվում են հետվճարի ծրագրից, ապա ավելի բարձր ցուցանիշ կունենան»,- հայտարարեց նա։

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամկոչյանն իր հերթին նշեց, որ հուլիսի 4-ին իրենց կողմից բոլոր վճարումները, փոխանցումները կատարվել են բոլոր բանկերին եւ Հայփոստին։

«Թոշակներն ու նպաստերը տալիս ենք նույն ամսում, հետեւաբար մարդիկ ստանում են հուլիսի` արդեն իսկ բարձրացված դրույքաչափերով կենսաթոշակները»,- ընդգծեց նա։

Փաշինյանը միաժամանակ նշեց, որ շարունակում են բանկերի հետ կապված ահազանգեր ստանալ, որ շատ թոշակառուներն անկանխիկ են ստանում գումարը, սակայն ամսվա վերջում հետվճար չեն ստանում։

Ըստ վարչապետի` դրա պատճառն այն է, որ դեռ կան բանկեր, որոնք որոշել են չմասնակցել սոցիալական այդ ծրագրին, ինչը շատ վատ է եւ անհասկանալի։

Նշենք, որ 2023 թ. հուլիսի 1-ից միջին ամսական եւ նվազագույն կենսաթոշակների, ինչպես նաեւ ծերության, հաշմանդամության եւ կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը բարձրացել են։ Ըստ այդմ՝ նվազագույն կենսաթոշակի չափը սահմանվել է 36,000 դրամ` 31,600 դրամի փոխարեն, աշխատանքային կենսաթոշակի չափը սահմանվել է 24,000 դրամ` 21,000 դրամի փոխարեն, զինվորական ծառայության ստաժի մեկ տարվա արժեքը սահմանվել է 1,750 դրամ` 1,600 դրամի փոխարեն։

Կառավարության ծրագրի համաձայն` պետական կենսաթոշակների չափերը մինչեւ 2026 թվականը պարբերաբար կբարձրացվեն:

 

 

 

 

ՈՒՐԻՇՆԵՐԻՆ ԲԱՆԱԿ ՈՒՂԱՐԿՈՂԸ

Տավուշի մարզպետարանից հայտնում են, որ հուլիսի 4-ին տեղի է ունեցել 2023 թվականի ամառային զորակոչի Տավուշի մարզային զորակոչային հանձնաժողովի առաջին նիստը, որը վարել է Տավուշի մարզպետ, զորակոչային հանձնաժողովի նախագահ Հայկ Ղալումյանը։ Նիկոլ Փաշինյանի դասընկեր, հարսանիքի քավոր, Նիկոլ Փաշինյանի որոշումներով 2019թ. սեպտեմբերի 12-ին Իջեւան համայնքի ղեկավարի պաշտոնակատար, 2021թ. ապրիլի 8-ին Տավուշի մարզպետ նշանակված Հայկ Ղալումյանը անհայտ պատճառներով ժամկետային զինծառայություն չի անցել, 1990-ական թվականների ազատամարտին չի մասնակցել։ 2020թ. հոկտեմբերի 22-ին՝ Նիկոլ Փաշինյանի հայտնի կոչից հետո առաջնագիծ մարտնչելու մեկնելու նպատակով Հայկ Ղալումյանը ստեղծել է «Իջեւան» կամավորական ջոկատը, որի անդամները մոտ մի շաբաթ Տավուշի մարզի անտառներում մարզվելուց հետո ո՛չ Արցախ են մեկնել, ո՛չ էլ Տավուշի սահմանագոտի, սակայն ջոկատի անդամները դրա դիմաց պետական բյուջեից երեք ամսվա աշխատավարձ են ստացել՝ մեկ լրիվ եւ երկու կիսատ ամսվա հաշվարկով։

 

 

 

 

ԲՌՆԱԳԱՆՁՈՒՄ՝ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻՑ

«Վեոլիա ջուր»  ՓԲԸ  ներկայացուցիչը 2022թ. մայիսի 16-ին Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան հայցադիմում է  ներկայացրել՝ ընդդեմ «ՀՀ Տավուշի մարզի Այրումի համայնքապետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի, 2 միլիոն 389 հազար 900 ՀՀ դրամ գումար բռնագանձելու պահանջով։ Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի՝ 2022թ. հունիսի 3-ի որոշմամբ՝ հայցադիմումն ընդունվել է վարույթ։ Այդ դատարանի՝ նույն օրվա մեկ այլ որոշմամբ՝ հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը մերժվել է։ 2023թ. հունվարի 24-ին կայացած նախնական դատական նիստի ժամանակ դատարանն արձանագրային որոշմամբ կատարել է պատասխանող կողմի փոփոխություն՝ իրավահաջորդության հիմքով՝ ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքին ներառելով որպես պատասխանող կողմ։ 2023թ. փետրվարի 21-ին հայցվոր ընկերության ներկայացուցչի կողմից  դատարան են մուտքագրվել առարկություններ Նոյեմբերյանի համայնքապետարանի կողմից ներկայացրած դիրքորոշման վերաբերյալ։ 2023թ. ապրիլի 5-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանը որոշում է կայացրել ապացուցման պարտականությունը բաշխելու մասին եւ գործին մասնակից անձանց կողմից ապացույցներ եւ դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ դատարան ներկայացելու համար տրամադրել է ժամկետ՝ մինչեւ հաջորդ դատական նիստը՝ 2023թ. հունիսի 6-ը։ Հունիսի 6-ին Տավուշ մարզի առաջին ատյանի դատարանի Դիլիջանի նստավայրում դատավոր Նանա Դալլաքյանը որոշել է սույն քաղաքացիական գործով նախնական դատական նիստն ավարտել եւ գործով նշանակել դատաքննություն։

 ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 




Լրահոս