ԹԱՂԱՊԵՏԻ ՊԱՏԿԱՌԵԼԻ ՈՒՆԵՑՎԱԾՔԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2012 թվականից Երեւանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետի պաշտոնը զբաղեցնող Կամսար Բաբինյանը պատկառելի ունեցվածք ունի, եթե հաշվի առնենք, որ նա երկար տարիների պաշտոնյա է եւ համեստ աշխատավարձ է ստացել: Իհարկե, «թղթերով ամեն ինչ կարգին է» ձեւակերպումը միանշանակ համապատասխանում է թաղապետի վարքագծին:

Ըստ նրա պաշտոնական հայտարարագրի՝ Երեւանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Կամսար Բաբինյանը հայտարարագրել է 3 բնակարան եւ 1 ավտոտնակ: Իհարկե, բնակարաններից երկուսը եւ ավտոտնակը, որոնք գտնվում են Մալաթիա-Սեբաստիա եւ Աջափնյակ վարչական շրջաններում, ժառանգություն է ստացել թաղապետը, իսկ մյուս բնակարանը գնել է Կենտրոն վարչական շրջանում: Բաբինյանի ստացած վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է  17 մլն 269 հազար դրամ, որից  15 մլն 069 հազարը բնակարանի հիփոթեկ է:

2012 նշանակվելով Երեւանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետ՝ Բաբիկյանը 2015 թվականին ձեռք է բերել բնակարան, այժմ այդ բնակարանի հիփոթեկի մայր գումարը կազմում է 15 միլիոն։ Եթե հաշվի առնենք, որ 7 տարի առաջ Բաբինյանը ստանում էր շատ համեստ աշխատավարձ, քան այս պահին՝ լինելով վարչական շրջանի ղեկավար, ինչպե՞ս է իրեն թույլ տվել նման արժողությամբ բնակարան ձեռք բերել։

Տեղեկացնենք, որ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի կանխիկ դրամական միջոցները նախորդ տարի կազմել են 3 մլն դրամ, 75 հազար դոլար եւ 7 հազար եվրո, իսկ հաշվետու տարվա եկամուտները կազմել են 9 մլն 100 հազար դրամ, որը աշխատանքի վարձատրություն է Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի համայնքային կառավարչական հիմնարկից:

Իսկ ամենաուշագրավն այն է, որ պատերազմից մեկ տարի անց՝ 2021-ին, Բաբինյանը նոր՝ 1 տարվա վաղեմության MERCEDES-BENZ  մակնիշի մեքենա է գնել:

Եթե ամփոփելու լինենք, պետք է նկատել, որ ապօրինի ծագման գույքով հետաքրքրված ՀՀ գլխավոր դատախազությունը տարօրինակ կերպով չի հետաքրքրվում՝ նախկին, իսկ այժմ ներկաների հետ նույն թիմով աշխատող թաղապետը ինչպես է ձեռք բերել իր ունեցվածքը:

 

 

 

 

 

Իշխանական էլիտան հինգշաբթի օրը՝ հուլիսի 6-ին, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ հավաքվել էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում կուսակցության նախաձեռնող խմբի նիստին: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ դռնփակ նիստին քննարկվել են բացառապես կուսակցական հարցեր, իսկ Հայաստանի եւ Արցախի առջեւ ծառացած անվտանգային լրջագույն մարտահրավերները կամ Ադրբեջանի նախագահի կողմից հնչեցրած վերջին սպառնալիքները ՔՊ-ականները չեն էլ քննարկել, մղել են երկրորդ պլան: ՔՊ-ականների համար ավելի առաջնային են ներքաղաքական ու ներկուսակցական հարցերը, օրինակ՝ քննարկել են՝ ինչպես ուժեղացնել կուսակցական կառույցները, ինչպես ավելի շատ երիտասարդների եւ կանանց ներգրավեն կուսակցության շարքերում: Քննարկվել է նաեւ Մալաթիա-Սեբաստիայի ՔՊ գրասենյակի գործունեության հարցը, որը ընտրակեղծիքների համար փաստացի կասեցված է: Նախաձեռնող խմբի նիստի ժամանակ ելույթ են ունեցել Նիկոլ Փաշինյանը եւ ՔՊ վարչության անդամները, հարցուպատասխան չի եղել: Ստացվում է՝ ՔՊ-ականների համար այս իրավիճակում, երբ թշնամին պարբերաբար կրակում է Արցախի եւ Հայաստանի սահմանների ուղղությամբ, անվտանգային կարեւոր հարցերն այլեւս երկրորդական են, տարված են միայն իրենց կուսակցական հարցերով:

 

 

 

 

 

Համացանցում երեկ  կադրեր հայտնվեցին, որտեղ երեւում է, թե ինչպես են ռուս խաղաղապահները հեռացնում Հակարի կամրջի մուտքի մոտ տեղադրված ադրբեջանական դրոշ: Թե երբ է արվել տեսանյութը, արդյոք նոր միջադեպ է եղել Հակարիի կամրջի հատվածում, այս մասին որեւէ տեղեկություն չկար: «Ժողովուրդ» օրաթերթին հաջողվեց պարզել, որ տեսանյութը նոր չէ, այն արվել է հունիսի 15-ին, երբ Ադրբեջանի սահմանապահ ծառայության մի խումբ զինծառայողներ Հակարիի կամրջի ուղղությամբ առաջխաղացման փորձ էին կատարել Հայաստանի տարածքով դրոշ տեղակայելու նպատակով: Հայկական կողմի ձեռնարկած միջոցների արդյունքում ադրբեջանցի զինծառայողների առաջխաղացման եւ դրոշ տեղադրելու փորձը  կանխվել էր:

 

 

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել, թե 1 տոննա հերոինը ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանին պատկանող ընկերությունից ում միջոցով եւ ինչ ճանապարհով է տեղափոխվել ԱԱԾ շենք։ Մասնավորապես, 1 տոննա հերոինը ԱԱԾ աշխատակիցների ուղեկցությամբ սեփական մեքենայով ԱԱԾ շենք է տեղափոխել Միհրան Պողոսյանին պատկանող «Մրգենի» ընկերության պահեստապետ Սամվել Գալստյանը,  ու այս ամենից հետո տարօրինակ է, որ իրավապահները նրան կալանավորվել են։ Նախաքննական մարմինը այս կալանավորումներից հետո խիստ լռություն է պահպանում, կալանավորված անձինք շարունակում են պնդել նախաքննական մարմնում, որ նկատել են տարօրինակ զանգված, տեղյակ են պահել ղեկավար կազմին ու այլ բանից տեղյակ չեն։ Նշենք, որ մոտ 250 միլիոն եվրոյի արժողությամբ՝ Հայաստան ներմուծված 1 տոննա կոկաինի դեպքի մասին Ազգային անվտանգության ծառայությունը հայտնել էր մեկ շաբաթ առաջ՝ մայիսի 17-ին։ ԱԱԾ-ի տարածած հաղորդագրությունում ասվում էր, որ 2023 թվականի մայիսի 13-ին նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ Հայաստանում գործող եւ մրգերի ներմուծմամբ զբաղվող ընկերության կողմից Էկվադորում գտնվող ընկերությունից պատվիրված ապրանքատեսակի հետ տարանցիկ երկրների՝ Պանամայի Հանրապետության, Իտալիայի Հանրապետության եւ Վրաստանի տարածքով Հայաստանի Հանրապետություն է ներմուծվել կոկաին տեսակի շուրջ 1 տոննա քաշով թմրամիջոց (շուրջ 250 միլիոն եվրո արժողությամբ), որը հայտնաբերվել եւ գտնվում է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում։ Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն «Մրգենի» ՍՊ ընկերության փաստացի սեփականատիրոջ՝ Միհրան Պողոսյանի, նույն ընկերության տնօրեն Լեւոն Աթաջանյանի եւ պահեստապետ Սամվել Գալստյանի նկատմամբ խմբի կազմում, նախնական համաձայնությամբ, առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց ապօրինի իրացնելու եւ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի մաքսանենգություն կատարելու համար ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշում է կայացրել: Վերջիններիս նկատմամբ, որպես խափանման միջոց, ընտրվել է կալանքը, Պողոսյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:




Լրահոս