Խորհրդային կոմպոզիտոր Դավիթ Թուխմանովի թոռնուհի Զոյա Թուխմանովան ուսումնասիրել է Վենետիկի Սուրբ Ղազար հայկական կղզու երաժշտական արխիվը, տարբեր ստեղծագործողների ստեղծած նյութերը եւ, բացահայտելով Պասկալ Սինանյանին, որոշել է հայ հասարակությանը ծանոթացնել նրա ժառանգությանը: Ուսումնասիրության արդյունքում տարիներ առաջ Իտալիայում Զոյա Թուխմանովան համերգով է հանդես եկել, կատարել Սինանյանի գործերը, որոնք բարձր գնահատանքի են արժանացել:
Հուլիսի 6-ին էլ Հայաստանում ապրող երաժշտասերները համերգը վայելեցին Երեւանում՝ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Համերգից բացի, տեղի ունեցան Սինանյանին նվիրված գրքի եւ CD-ի շնորհանդեսները:
Լրագրողների հետ զրույցում Թուխմանովան ասաց՝ Պասկալ Սինանյանը հայ Շոպենն է: «Սինանյանը մեծ ընտանիք է ունեցել: Նրա հայրը եղել է Գրիգոր Սինանյանը, որը հինգ զավակ է ունեցել: Պասկալ Սինանյանը, նրա եղբայրներն ու քույրերը ստեղծել են առաջին սիմֆոնիկ նվագախումբը Ստամբուլում:
Նրանք տարբեր երաժշտական գործիքներ են նվագել՝ ջութակ, թավջութակ, դաշնամուր: Պասկալ Սինանյանին ճանաչում են որպես ջութակահարի, սակայն նա հիանալի դաշնակահար է եղել ու դաշնամուրի եւ սիմֆոնիկ նվագախմբի համար հրաշալի ստեղծագործություններ է գրել»,-պատմեց Թուխմանովան:
Նրա խոսքով՝ Սինանյանը յոթանասունից ավելի ստեղծագործությունների հեղինակ է: Պասկալ Սինանյանը գրել է վալսեր, պոլկաներ, մազուրկաներ, քայլերգեր եւ այլն: Թուխմանովան ընդգծեց՝ ինքը շատ ուրախ կլինի, եթե երիտասարդները ուսումնասիրեն ու կատարեն Սինանյանի գործերը: Զոյա Թուխմանովան ունի հայ-ռուսական արմատներ: Երաժշտության եւ հայկականության հանդեպ անմնացորդ սեր տածելով՝ Թուխմանովան իրականություն է դարձրել այդ կարեւոր գիտական աշխատանքը. անհայտ, բայց հսկայական ժառանգություն թողած Պասկալ Սինանյանի ստեղծագործությունները պեղել է արխիվից եւ վերադարձնում է իր ժողովրդին, ներկայացնում երաժշտասեր հասարակությանը։
Թուխմանովան ոսկե մեդալով ավարտել է Մոսկվայի Չայկովսկու անվան կոնսերվատորիայի դիրիժորության ֆակուլտետը, նույն հաջողությամբ ավարտել է Վենետիկի «Բենեդետտո Մարչելլո» կորնսերվատորիայի երգչախմբային երաժշտության եւ դիրիժորության ֆակուլտետը։ Աշխատել եւ համագործակցել է աշխարհահռճակ երաժիշտների հետ։ Չորս տարի աշխատելով Հայաստանի օպերայի եւ բալետի ազգային թատրոնում՝ վերադարձել է Վենետիկ, որտեղ ղեկավարում է երկու երգչախումբ, աշխատում է Վենետիկի Սան Մարկո եկեղեցու երաժշտական բաժնում։
Գրքի եւ CD-ի ստեղծման հովանավորն է «Հայոգի» հիմնադրամը:
ԽԱՄԱՃԻԿՆԵՐԻ ԹԱՏՐՈՆԸ՝ ԹԵՀՐԱՆՈՒՄ
Թեհրանի «Թեաթրե շահր» ցուցադրական արվեստների համալիրում հունիսի 29-ին մեկնարկել է «Թեհրան-մոբարաք» 19-րդ միջազգային տիկնիկային փառատոնը:
Ինչպես «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկանում է Իրանում ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրությունից, փառատոնին մասնակցելու նպատակով Թեհրան էր ժամանել Երեւանի խամաճիկների պետական թատրոնի դերասանական կազմը։
Դերասանները չորս անգամ ներկայացել են համալիրի «Ղաշղայի» դահլիճում Սամսոն Մովսիսյանի բեմադրած «Կարապի լիճը» ներկայացումով, նաեւ առանձին ներկայացումով հանդես եկել հայ մանուկների համար Հայ համալսարանականների ընդհանուր միության «Նիկոլ Աղբալյան» դահլիճում:
Հուլիսի 3-ի «Ղաշղայի» դահլիճի բեմադրությանը ներկա էին ԻԻՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանության խորհրդական Սերգեյ Գրիգորյանը, Մշակույթի նախարարության ցուցադրական արվեստների վարչության պետ Նազարին եւ Թեհրանի 19-րդ միջազգային տիկնիկային փառատոնի պատասխանատու Հեջազիֆարը:
«Թեհրան-մոբարաք» 19-րդ միջազգային տիկնիկային փառատոնը շարունակվելու է մինչեւ հուլիսի 8-ը:
ԻՆՉՈ՞Ւ ՈՏՔԻ ՉԿԱՆԳՆԵՑ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում մանրամասնեց երեկ Նազիկ Ավդալյանի մասնակցությամբ մեծ աղմուկ բարձրացած դեպքի հանգամանքները. «Նազիկ Ավդալյանի փոխանցմամբ՝ դա որեւէ ակցիա չի ենթադրել իրենից, պարզապես այդ պահին որդուց զանգ է ստացել եւ շտապել է պատասխանել նրան, քանի որ տղան տանը միայնակ է եղել: Կքանստելու հանգամանքն էլ պայմանավորված է եղել նրանով, որ հեռախոսն այդ պահին դրված է եղել լիցքավորման, լարն էլ կարճ է եղել. կքանստել է, որպեսզի կարողանա խոսել»:
Կարեն Գիլոյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Ավդալյանը խոսել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի ղեկավարության հետ, բացատրել իրավիճակը, իրենք էլ կարծես ընդունել են: «Հնարավոր է, այո, նաեւ պատիժ կիրառվի նրա նկատմամբ»,-եզրափակեց նա:
Հիշեցնենք, որ օրերս Մոլդովայի մայրաքաղաք Քիշնեւում ընթացող պատանիների (15-17 տարեկան) ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում մրցավար Նազիկ Ավդալյանը Թուրքիայի հիմնի ժամանակ ոտքի չի կանգնել։
ՄԱՐԻԱՄ ՂԱԶԱՐՅԱՆ
ՓՈԽԱՐԻՆՈՂ՝ ՄԲԱՊԵԻՆ
Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի ղեկավարությունը փոխարինող է գտել 24-ամյա ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեին, որը, ամենայն հավանականությամբ, այս ամիս կտեղափոխվի Մադրիդի «Ռեալ»։
Փարիզյան ակումբը կփորձի ձեռք բերել Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» եւ Ֆրանսիայի հավաքականի 26-ամյա հարձակվող Ուսման Դեմբելեին. հաղորդում է Footmercato-ն։
Մինչեւ հուլիսի 31-ը Դեմբելեի հրաժարագինը 50 միլիոն եվրո է։ Նրա ծառայություններով հետաքրքրված է ՊՍԺ-ի նորանշանակ իսպանացի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն։
Անցած մրցաշրջանում Դեմբելեն «Բարսելոնայի» հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 35 հանդիպման, խփել է 8 գոլ, կատարել 9 գոլային փոխանցում։ Նրա պայմանագիրը կատալոնական ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2024թ. հունիս։ Transfermarkt-ը Դեմբելեի տրանսֆերային արժեքը գնահատում է 60 միլիոն եվրո։