ԼՅՈՒԴՄԻԼԱ ՍԱՐԳՍՅԱՆԸ՝ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի ավագանու նախկին անդամ Լյուդմիլա Սարգսյանը թեեւ դուրս է եկել քաղաքականությունից, սակայն «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում խոսեց Երեւանի քաղաքապետի սպասվելիք ընտրությունների մասին: 

 

-Տիկի՛ն Սարգսյան, ի՞նչ կարծիք ունեք քաղաքապետի ընտրությունների մասին, ի՞նչ սպասելիքներ ունեք:

-Ես կարծում եմ՝ ինչքան շատ լինեն թեկնածուները եւ ամուր թիմեր ունենան, այնքան հետաքրքիր պայքար կլինի: Բայց առայժմ չեմ տեսնում շատ ուժեղ թիմեր, որոնք կարող են իրապես մրցակցություն վարել իշխող թիմի հանդեպ:

-Տիգրան Ավինյանը հավակնում է լինել Երեւանի քաղաքապետ. այս մասին ի՞նչ կարծիք ունեք, արժանի՞ հավակնորդ է:

-Տիգրան Ավինյանը ռեալ հաղթանակ տանելու հնարավորություններ ունի: Մյուսների հարցն այլ է, որ եթե չհաղթեն, գոնե մասնակցություն ապահովեն: Ցանկալի է՝ ոչ թե 3, այլ 4-5 քաղաքական ուժ լինի, որովհետեւ  էդպես ավելի ճիշտ կլինի, կարծիքների բախում է տեղի ունենում, ընդդիմությունն ավելի լավ է ներկայացված լինում  քաղաքապետարանում, եւ, վերջապես, այդ նույն թիմերը հետագայում պատրաստվելու են խորհրդարանական ընտրություններին, շատ լավ կլինի, որ քաղաքապետի ընտրություններում որոշակի կայացվածություն ունենան, որպեսզի կարողանան լուրջ պայքարի մեջ մտնել: Հայաստանի քաղաքական դաշտը, կարծես,  ամայացած լինի, եւ լավ կլիներ, որ նորաստեղծ ուժերը լուրջ պայքարի մեջ կարողանային մտնել: Հիմա ռեալ սերնդափոխություն է տեղի ունենում քաղաքական դաշտում:

-Տիկի՛ն Սարգսյան, ի՞նչ կասեք Հայկ Մարությանի՝ քաղաքականություն վերադարձի մասին:

-Կարող եմ ասել, որ Հայկ Մարությանը թիմ չունի, այսինքն՝ քաղաքական պայքարի մեջ մտնելու համար նախ պետք է կուսակցություն ունենալ, եւ այդ կուսակցությունը պետք է կազմված լինի քաղաքական մարդկանցով: Ես որքան գիտեմ, Հակ Մարությանը նման հնարավորություն դեռ չունի. եթե նույնիսկ ստեղծի էլ, նա լուրջ քաղաքական պայքար չի կարող տանել, որովհետեւ էդ քաղաքական փորձը չկա թիմում:

-Ըստ Ձեզ՝ ո՞վ կարող է լինել Երեւանի քաղաքապետ, որը կբավարարի նշված պահանջները:

-Միայն Տիգրան Ավինյանն ունի նման քաղաքական թիմ, առայժմ այլ քաղաքական ուժ չեմ տեսնում: Մյուս թիմերը որոշակի մրցակցություն կապահովեն, բայց ռեալ հաղթանակ տանել չեն կարողանա: Դավիթ Խաժակյանն էլ բավականին հաջող թեկնածու է, բայց, միեւնույնն է,  մրցակից չէ Տիգրան Ավինյանին:

 

 

 

 

ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՍԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Նախօրեին Ազգային Ժողովում միաձայն ընդունվեց  ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանին լիազորություններից զրկելու մասին նախագիծը: «Ժողովուրդ» օրաթերթն այս առնչությամբ զրուցել է ««Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցության կենտրոն» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանի հետ՝ հասկանալու համար, թե նա ինչ կարծիք ունի ստեղծված իրավիճակի մասին:

 

«Կարծում եմ՝ գործընթացը խնդրահարույց էր, քանի որ չէր ապահովվել Թագուհի Թովմասյանի մասնակցությունն իրեն վերաբերող հարցի քննարկմանը: Որեւէ մեկի հարց չպետք է քննարկել իր բացակայությամբ, եթե նա հարգելի պատճառ ունի նիստից բացակայելու: Այնպես որ, Թագուհի Թովմասյանի հարցը պետք էր քննարկվեր ամսի 15-ից հետո, երբ կվերականգնվեր նրա աշխատունակությունը՝ հնարավորություն տալով նրան ներկայանալու քննարկմանը եւ ներկայացնելու իր հակափաստարկները եւ հիմնավորումները»,- նշեց նա։

Որոշ քաղաքագետներ ասում են, որ Թագուհի Թովմասյանի հետ կատարվողը ժողովրդավարության, այլակարծության դեմ քայլ է, իսկ Խուրշուդյանը կարծում է, որ ԱԺ-ն պետք է ավելի ներառական ընթացակարգով որոշումներ ընդուներ:

«Իհարկե, ՔՊ-ի փաստարկումը պատգամավորի, հանձնաժողովի նախագահի՝ 46 նիստերից 38-ին  բացակայելու մասին եւս ընկալելի է, եւ ես էլ եմ այդքան բացակայություններն անընդունելի համարում, սակայն ինձ համար տարօրինակ էր այն արագացված ընթացակարգը, որով տիկին Թովմասյանը զրկվեց հանձնաժողովի նախագահի իր պաշտոնից: Հարցի վերաբերյալ Հովիկ Աղազարյանի՝ 9 րոպե տեւած զեկույցին ի պատասխան՝ նրան որեւէ մեկը ՔՊ խմբակցությունից անգամ հարց չուղղեց: Որպես ՀՀ քաղաքացի՝ կգերադասեի, որ ՀՀ Ազգային ժողովն ավելի ներառական ընթացակարգով որոշումներ ընդուներ, մանավանդ երբ խոսքը գնում է նման կարեւոր հանձնաժողովի նախագահին պաշտոնանկ անելու մասին»,- ասաց Խուրշուդյանը:

Նյութերը՝ ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻ

 

 

 

 

 

ԱՆԴՐԱԴԱՐՁ՝ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱԴԱՐԵՑՄԱՆԸ

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը սոցցանցի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Թագուհի Թովմասյանի լիազորությունների դադարեցմանը. «Վերջապես իշխող կուսակցությունը լիարժեքորեն, իր սրտի ուզածով կարգավորեց Հայաստանում մարդու իրավունքների ոլորտը։

Այլեւս չի գտնվի մեկը, որը սույն հանձնաժողովում կբարձրաձայնի ՔՊ-աականների սանձարձակ պահվածքը։ Երբ ուզեն, կթքեն, միջնադարյան սպառնալիքներով հանդես կգան՝ լեզուդ, ականջներդ կկտրենք։ Ինչպես հայտարարում են, հանձնաժողովի նախագահի պաշտոնում նոր թեկնածու էլ չեն առաջադրի. նախագահի պարտականությունները կկատարի հանձնաժողովի իշխանական փոխնախագահը։ Փառք աստծո, նա էլ բռնություն կրող է»։

 

 

 

 

ԿԻՆԸ ԾՊՏՅԱԼ ՔԱՂԱՔԱՊԵՏՆ ԷՐ

«Քաղաքապետը»  մոնոներկայացման տոմսերը միանգամից սպառվեցին, ինչը խոսում է այն մասին, որ մարդիկ իրապես կարոտել էին դերասան Հայկ Մարությանին:

Վերջերս հյուրախաղերից վերադարձած Մարությանը, ասում են, ցանկանում է վերադառնալ քաղաքական դաշտ: Եւ մինչ պարզ կդառնա, թե արդյոք նա կմիանա ինչ-որ քաղաքական ուժի կամ կհիմնի նորը (քանի որ պայմանավորվածությունները արագ փոխում է), մարդկանց մի մասը ափսոսանք է հայտնում՝ լսելով Մարությանի՝ քաղաքականություն վերադառնալու մասին:

Կհարցնեք՝ ինչու. պատասխանը պարզ է. Մարությանը լավ դերասան է, եւ դա է իր կոչումը կյանքում: Կարծիք էլ կա, թե նա, այնուամենայնիվ, ոչ արդյունավետ եւ թույլ ղեկավար էր: Որպես հիմնավորում՝ մատնանշվում է, որ չնայած 2018 թվականին ժառանգած՝ առանց այդ էլ խարխլված ենթակառուցվածքներով քաղաքին, այո’, Մարությանին հաջողվեց լուծել աղբահանության խնդիրները: Բայց իրականում Երեւանի քաղաքապետը կոմունալ վարչության պետը չէ. քաղաքն ուներ բազմաթիվ այլ շատ կարեւոր, ուշադրության արժանի խնդիրներ, որոնց հավասարապես պետք է տրվեին լուծումներ, բայց չեն արվել։ Վերջնարդյունքում Երեւանը չդարձավ հարմարավետ եւ բարեկարգ:  Միգուցե նախընտրական խոստումներ իրականացնելուն խանգարեց նաեւ պարոն Մարությանի կինը՝ Իվա Մարությանը, ում անունը սկսեց շահարկվել՝ որպես նախկին քաղաքապետի փոխարեն որոշումներ կայացնողի: Համացանցում կան բազմաթիվ աղմուկ հանած հոլովակներ՝ քաղաքապետարանի աշխատակիցների դժգոհություններով տիկին Մարությանի որոշումերից՝ երբ ում եւ որտեղ նշանակել, ում աշխատանքից ազատել: Ասում են նաեւ, որ նա ուներ հասանելիություն քաղաքապետարանի ներքին փաստաթղթերին եւ իրականում ուներ շատ ավելի մեծ որոշումներ կայացնելու աղդեցություն կառույցի ներսում, քան դրա մասին խոսում էին: Մարությանը ինքն էլ չի հերքել, որ իր կինն օգնում է իրականացնել իր քաղաքական թիմի տված խոստումները: Ինչ վերաբերում է Հայկ Մարությանի քաղաքական թիմին, այդպես էլ պարզ չդարձավ, թե կոնկրետ ինչ հակասություններ կային իր եւ ՔՊ-ի միջեւ: Թերեւս այս հարցի պատասխանն ինչ-որ պահի ջրի երես դուրս կգա եւ կառաջացնի նոր հարցեր՝ ուղղված Հայկ Մարությանին:

 




Լրահոս