Տեւական ժամանակ է՝ իշխանության ամենաբարձր օղակների կողմից տարածվում է տեղեկություն, թե Հայաստանի քաղաքացիները այսուհետ կարող են մուտք գործել Վրաստանի սահման առանց կապույտ անձնագրի եւ մուտքի վիզայի՝ միայն ID քարտով:
Հունվարի 12-ին Նիկոլ Փաշինյանը այս մասին հայտարարել էր. «Իսկապես շատ կարեւոր է փոխադարձ այցելությունները դյուրացնելու առումով, բայց նաեւ որոշակի հարակից ռիսկեր կլինեն, որոնք կառավարելու հարցում մեր վրաց գործընկերների հետ կաշխատենք։ Հաճույքով ուզում եմ նշել, որ այսօր մենք սպասում ենք Վրաստանի պատվիրակությանը՝ վարչապետ Ղարիբաշվիլիի ղեկավարությամբ։ Եվ Երեւանում տեղի է ունենալու Հայաստանի եւ Վրաստանի միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը։ Այդ նիստի շրջանակներում մենք հույս ունենք նաեւ այս համաձայնագիրը ստորագրել»:
Փաշինյանի հայտարարութունից ամիսներ անց Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն էր տարածել, որ Հայաստանի եւ Վրաստանի միջեւ երկու պետությունների քաղաքացիների համար փոխադարձ առանց մուտքի արտոնագրի ճամփորդելու մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնելու հուլիսի 1-ից:
«Քաղաքացին կարող է ճամփորդել նույնականացման քարտով, եթե Հայաստանի Հանրապետության սահմանային անցակետը հատելիս Հայաստանի Հանրապետության համապատասխան էլեկտրոնային շտեմարանում երեւում է, որ վերջինս ունի ՀՀ քաղաքացու վավեր անձնագիր՝ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում օտարերկրյա պետությունում վավերականության ժամկետի նշումով», – ասված է հայտարարության մեջ: Նշվում է, որ ՀՀ քաղաքացիների համար Վրաստանի տարածք մուտք գործելու, գտնվելու, տարանցիկ երթեւեկելու եւ այնտեղից դուրս գալու համար պահանջվող փաստաթղթերի ցանկը հետեւյալն է՝ ՀՀ քաղաքացու անձնագիր կամ նույնականացման քարտ՝ միայն երկու կողմերի տարածքների միջեւ ճամփորդելիս, այդ թվում՝ ուղիղ թռիչքներից օգտվելու դեպքում: Այսինքն՝ Հայաստանից Վրաստան եւ հակառակ ուղղությամբ քաղաքացիները կարող են գնալ ID քարտով: ԱԳՆ-ի այս հայտարարությունից հետո Հայաստանի բազմաթիվ քաղաքցիներ փորձել են առանց անձնագրի՝ միայն ID քարտով սահմանը հատել եւ գնալ Վրաստան, սակայն վերջիններիս թույլ չեն տվել մուտք գործել վրացական սահման առանց կապույտ անձնագրի եւ ելքի վիզայի. տեղում մերժում են ստացել սահմանապահներից։ Հայ-վրացական սահմանը նույնականացման քարտով հատելու հնարավորության մասին վարչապետի հայտարարությունից կես տարի անց Արտգործնախարարությունը պաշտոնապես տեղեկացրեց, որ համաձայնագիրն ուժի մեջ է մտել, ու հուլիսի 1-ից Հայաստանի ու Վրաստանի քաղաքացիները կարող են սահմանը հատել նույնականացման քարտով։ Արի ու տես, համաձայնագիրը փաստացի չի գործում: Եվ այն հայտարարությունները, թե Հայաստանի եւ Վրաստանի միջեւ վիզայի ռեժիմ չկա, բացարձակ անհիմն են եւ ստահոդ, ինչպես շատ այլ հայտարարություններ, իսկ իրականությունը ավելի քան հիասթափեցնող է: Ինչպես միշտ, հայրենի իշխանությունները հանդես են եկել ուռճացված հայտարարությամբ, իսկ իրականությունը բացարձակ այլ է:
«Ժողովուրդ» օրաթերթը տեւական ժամանակ է՝ փորձում է հասկանալ, թե, ի վերջո, այս հայտարարությունները միայն «բոցաշունչ» բնույթ ունեն, թե գուցե մի օր իրականություն կարող են դառնալ, սակայն ոչ մի գերատեսչական մարմին այս հարցերին չի կարողանում պատասխանել: ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանից փորձեցինք պարզել, թե օրենքը ինչու դե ֆակտո չի գործում, սակայն Բադալյանը որեւէ կերպ չարձագանեց ո՛չ մեր զանգերին, ո՛չ էլ նամակներին: Ստացվում է՝ քաղաքացին կրկին իր հարցերով ու խնդիրներով միայնակ է մնում սահմանը հատելիս, իսկ հայրենի իշխանությունը մատը մատին չի ցանկանում տալ:
ՄԱՇԱ ՄԵԼՔՈՆՅԱՆ
ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ՝ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻՑ
Հուլիսի 2-13-ը Ճապոնիայի Չիբա քաղաքում կայացել է «Մաթեմատիկա» առարկայի 64-րդ միջազգային օլիմպիադան, որին մասնակցել է 112 երկրի 618 աշակերտ։ Օլիմպիադան անցկացվել է երկու տեսական փուլերով։
«Ժողովուրդ» օրաթերթը ԿԳՄՍՆ-ից տեղեկանում է, որ Հայաստանի թիմը ներկայացել է վեց աշակերտով՝ չորս դպրոցական՝ Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցից, իսկ երկուսը՝ «Քվանտ» վարժարանից:
Ֆիզմաթ հատուկ դպրոցի 11-րդ դասարանի սաներ Կամո Միրաքյանը եւ Արեգ Մկրտչյանն արժանացել են արծաթե, նույն դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Վահան Բաղդասարյանը եւ «Քվանտ» վարժարանի սաներ Համլետ Պետրոսյանն (12-րդ դասարան) ու Աղասի Դարբինյանը (10-րդ դասարան)՝ բրոնզե մեդալների, իսկ ֆիզմաթ հատուկ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտ Ծովակ Եգորյանը՝ գովասանագրի։ Թիմային հաշվարկում Հայաստանի թիմը զբաղեցրել է 32-րդ հորիզոնականը։
Հայաստանի թիմը ղեկավարել են Սմբատ Գոգյանը (ԳԱԱ, «Քառակուսի» կրթական հիմնադրամ), Գուրգեն Ասատրյանը (ՀՊՄՀ) եւ Տիգրան Մարգարյանը (Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց)։ Հիշեցնենք, որ Մաթեմատիկայի 63-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել է առցանց ձեւաչափով, Հայաստանի թիմն արժանացել էր 2 արծաթե եւ 4 բրոնզե մեդալների։
ՄԻՋԲՈՒՀԱԿԱՆ ԿԱՊԵՐԸ ԿԶԱՐԳԱՑՆԵՆ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հնդկաստանի Լոք Սաբհայի պատգամավոր, Կալինգայի Արդյունաբերական տեխնոլոգիայի համալսարանի հիմնադիր, պրոֆեսոր Աչուտա Սամանտայի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են, մասնավորապես, միջբուհական համագործակցության զարգացման հնարավորությունները՝ ուսանողների, հետազոտողների եւ դասավանդողների փոխանակման ծրագրեր, համատեղ կրթագիտական նախաձեռնություններ իրականացնելու առումով:
Նախարարը ներկայացրել է ՀՀ բարձրագույն կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումները՝ այդ համատեքստում ընդգծելով, որ մեր երկրում հնդիկ ուսանողների թիվը բավական մեծ է, եւ կան հնարավորություններ զարգացնելու միջբուհական կապերը:
Հնդկաստանի Կալինգայի արդյունաբերական տեխնոլոգիայի (KIIT) եւ սոցիալական գիտության (KISS) համալսարանի հիմնադիր պրոֆեսոր Աչուտա Սամանտան շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար ու ներկայացրել մասնագիտական ուսուցման առաջադեմ կենտրոնների գործունեության մանրամասները:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Հնդկաստանի Լոք Սաբհայի պատգամավոր, պրոֆեսոր Աչուտա Սամանտայի ուշադրությունն է հրավիրել նաեւ Լաչինի միջանցքի արգելափակման հետեւանքով Լեռնային Ղարաբաղի ուսանողների՝ Հայաստանում ուսումը շարունակելու եւ սկսելու անհնարինության փաստի վրա:
«Ակնկալում ենք, որ կբարձրացնեք ձեր ձայնը՝ ի աջակցություն ուսանողների կրթության իրավունքի լիարժեք իրացման»,- նշել է ԿԳՄՍ նախարարը:
ՀՈՂԱՄԱՍԻՑ ՀՐԱԺԱՐՎԵԼ Է
Արարատի մարզի Դաշտավան գյուղի բնակուհի Ռուզաննա Միրզոյանը 2023թ. հունիսի 19-ին դիմել է Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանին՝ իր եւ Դիլիջան համայնքի միջեւ 2009թ. հունիսի 9-ին Դիլիջան քաղաքի Կամոյի փողոցի 72/4 հասցեի 19,8 քառակուսի մետր մակերեսով, կառուցապատման իրավունքով տրամադրված հողամասի պայմանագիրը լուծելու խնդրանքով։ Դիլիջան համայնքի ավագանու 2023թ. հունիսի 28-ի «Արտոնություն սահմանելու մասին» թիվ 356-Ա որոշմամբ՝ Ռուզաննա Միրզոյանին կառուցապատման իրավունքով տրամադրված հողամասի նկատմամբ առաջացած ապառքի եւ տույժի նկատմամբ սահմանվել է արտոնություն, եւ առաջարկվել է լուծել կառուցապատման իրավունքով տրամադրված հողամասի պայմանագիրը։ Հուլիսի 3-ին Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանը որոշել է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով լուծել Դիլիջան համայնքի եւ Ռուզաննա Միրզոյանի միջեւ 2009թ. հունիսի 5-ին կնքված պայմանագիրը։ Դիլիջանի Կամոյի փողոցը քաղաքի հիմնական փողոցներից է, Դիլիջան քաղաքի հողամասերն էլ պահանջարկ են վայելում, ինչպե՞ս է ստացվել, որ Արարատի մարզի Դաշտավան գյուղի բնակչուհին Դիլիջան քաղաքում հողամաս է ձեռք բերել, կառուցապատման իրավունքով ձեռք բերած հողամասի համար անցած 14 տարում ապառք ու տույժ է գոյացել, համայնքի ավագանին դրանց համար արտոնություն է սահմանել եւ, ի վերջո, լուծվել է համայնքի եւ Ռ. Միրզոյանի միջեւ 2009-ին կնքված պայմանագիրը։ Դիլիջանի համայնքապետարանից լրագրողիս պարզաբանեցին, որ Ռուզաննա Միրզոյանը ծննդով Դիլիջան քաղաքից է, նրա ամուսինը եղել է 1990-ական թվականների սկզբի ազատամարտի մասակից, նրանք այդ հողամասը ձեռք են բերել կառուցապատման նպատակով, սակայն Ռ. Միրզոյանի ամուսնու մահից հետո հողամասի կառուցապատման ծրագիրն անկատար է մնացել, առաջացել են ապառք եւ տույժ, եւ Ռ. Միրզոյանը որոշել է լուծել Դիլիջան համայնքի հետ 2009-ին կնքված պայմանագիրը։
ՓՆՏՐՈՒՄ ԵՆ
Հուլիսի 12-ին, Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ, Տավուշի մարզպետարանում «ՀՀ 8 մարզերի կոշտ թափոնների կառավարման ինտեգրված համակարգի ներդրում» ծրագրի շրջանակներում տեղի է ունեցել քննարկում։ Տավուշի մարզպետարանից հայտնում են, որ ավստրիական ինժեներական խորհրդատվական ընկերության ծրագրի ղեկավար Ռոբերտ Լաուշմանը եւ «Ջինջ» ընկերության ծրագրի տեղական ղեկավար Ալիսա Սավադյանը ներկայացրել են ծրագրի նպատակները եւ խնդիրները, դրանց հնարավոր լուծումները։ Հանդիպման նպատակը եղել է եվրոպական վերակառուցման եւ զարգացման բանկի աջակցությամբ ժամանակակից ստանդարտներին համապատասխան տարածաշրջանային աղբավայրերի կառուցման հնարավորությունների իրական փնտրտուքը։ Նշեմ, որ այդ փնտրտուքը տարիներ շարունակ տարբեր ծրագրերով արվում է, սակայն ոչ միայն Տավուշում, այլեւ Երեւանում նման աղբավայրեր չեն կառուցվում։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ