ՆԱՀԱՆՋ՝ ՎԱՐԿԱՆԻՇԱՅԻՆ ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է օրերս Համաշխարհային տնտեսական համաժողովի կողմից հրապարակված «Էներգիայի արդյունավետ վերափոխման խթանում – 2023» զեկույցը, որում հաշվարկված է 120 երկրների, այդ թվում նաեւ Հայաստանի էներգիայի վերափոխման ինդեքսը (ԷՎԻ)։

 

Հայաստանում 2023թ. էներգիայի վերափոխման ինդեքսը կազմել է 53.6 միավոր, որը 3.0 միավորով ցածր է 2022թ.-ի ցուցանիշից։ Հայաստանն այս ցուցանիշով 120 երկրներ ներառող վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 72-րդ հորիզոնականը։ Ի դեպ, 2022թ.-ի արդյունքներով Հայաստանը զբաղեցնում էր 54-րդ հորիզոնականը, այսինքն՝ նախորդ տարվա համեմատ՝ Հայաստանը նահանջել է 18 հորիզոնականով։

Առաջին զեկույցի հրապարակման տարվա (2012թ.) համեմատ՝ Հայաստանում (ինչպես եւ երկրների ճնշող մեծամասնությունում) ԷՎԻ-ն աճել է, սակայն 2022 եւ 2023թթ.-ին Հայաստանում արձանագրված հետընթացի արդյունքում ներկայումս այն ցածր է նույնիսկ 5 տարի առաջվա՝ 2018թ. մակարդակից։

Նախորդ տարվա համեմատ՝ 2023թ. նվազել են թե՛ «Համակարգի արդյունավետություն» եւ թե՛ «Վերափոխման պատրաստականություն» ենթաինդեքսները:

«Վերափոխման պատրաստականություն» ենթաինդեքսի գծով վերջին 3 տարիների զարգացումները մտահոգության տեղիք են տալիս. 2022-ին 2021-ի համեմատ՝ ենթաինդեքսն աճել էր 3.9 միավորով, սակայն հաջորդ տարում այն նվազել է միանգամից 6.3 միավորով: Հայաստանում 2023թ.-ին, նախորդ տարվա համեմատ, խոշոր նվազում է արձանագրվել «Ֆինանսներ եւ ներդրումներ», «Նորարարություններ» եւ «Կրթություն եւ մարդկային կապիտալ» ուղղություններով։ Հարկ է նշել, որ «Ֆինանսներ եւ ներդրումներ» ուղղությամբ վատթարացման հիմնական պատճառը «Վերականգնվող էներգետիկայում ներդրումների տեսակարար կշիռը ՀՆԱ-ում» ցուցանիշի մեկ տարվա ընթացքում շուրջ 12 անգամ նվազումն է։ «Նորարարություններ» ուղղությամբ բացասական զարգացումները հետեւանք են «Նորարարական բիզնես միջավայր» եւ «Էկոլոգիական տեխնոլոգիաների տեսակարար կշիռը բոլոր տեխնոլոգիաների մեջ» ցուցանիշների նվազման՝ համապատասխանաբար 5%-ով եւ 3.3 անգամ։ «Կրթություն եւ մարդկային կապիտալ» ուղղությամբ վատթարացումը պայմանավորված է «Կրթության որակ» ցուցանիշի 6.4%-ով եւ «Որակավորված աշխատուժի առկայություն» ցուցանիշի 19.7%-ով նվազմամբ։ Բերված փաստարկները խիստ տարակուսելի են, քանի որ գործող իշխանությունը, որպես ոլորտում իր գործունեության կարեւոր ձեռքբերում, նշում է հենց այս ուղղություններով բարելավումը։

Աշխարհում զբաղեցրած դիրքով Ադրբեջանը Հայաստանից առաջ է 40, Վրաստանը` 10, իսկ Թուրքիան՝ 7 հորիզոնականով:

 

 

 

ՓՈՐՁՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ

Հաշմանդամություն ունեցող անձանց ոլորտում իրականացվող բարեփոխումների շրջանակում մեկնարկել են անձնական օգնականի ծառայության փորձնական ծրագրի դասընթացները։

Անձնական օգնականի ծառայությունն ուղղված է հենաշարժական, տեսողական եւ հոգեկան խնդիրներով ֆունկցիոնալության սահմանափակում ունեցող անձանց միջավայրային արգելքների հաղթահարմանը՝ ապահովելով նրանց անկախ ապրելու եւ համայնքում ներառվելու իրավունքի իրացումը։

Դասընթացի ընթացքում շուրջ 15 մասնակից կծանոթանա հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրենսդրական կարգավորումներին, մասնավորապես՝ անձնական օգնականի ծառայության ներդրման իրավական հիմքերին, շահառուների եւ տրամադրվող ծառայությունների շրջանակին, ծրագրի առանձնահատկություններին, ինչպես նաեւ առաջին բուժօգնության ու խնամքի բաղադրիչներին։

Դասընթացի ավարտին մասնակիցները կստանան անձնական օգնականի ծառայության վերապատրաստում անցնելու վերաբերյալ վկայական։

 

 

 

ՆԵՐԿԱՅԱՑՐԻՆ ՆՈՐ ՀԱՄԱԿԱՐԳԸ

Շվեյցարական GSP համակարգը զգալի հնարավորություն է ընձեռելու Հայաստանի եւ Շվեյցարիայի միջեւ առեւտրի ընդլայնմանը.  Հայաստանի արտահանողները կկարողանան ավելի հեշտությամբ մուտք գործել շվեյցարական շուկա, դիվերսիֆիկացնել իրենց արտահանման ուղղությունները, ամրապնդել տնտեսական կապերը՝ խթանելով տնտեսական աճը եւ կայուն զարգացումը։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Էկոնոմիկայի նախարարությունում տեղի ունեցավ «Արտահանման խթանման գործիքներ՝ շվեյցարական GSP հայկական արտահանողների համար» խորագրով իրազեկման միջոցառումը, որը նպատակ ունի ներկայացնել Շվեյցարիայի կողմից տրամադրվող GSP արտոնյալ առեւտրային համակարգի հիմնական սկզբունքները, բարձրացնել գործարար համայնքի իրազեկվածությունը, նպաստել համակարգի կիրառման ընդլայնմանը, գործարարներին մանրամասն տեղեկատվություն տրամադրել Շվեյցարիա արտահանման հնարավորությունների վերաբերյալ, ներկայացնել «Գրանցված արտահանողի համակարգը» («REX») եւ դրա կիրառությունը:

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գեւորգյանը նշեց, որ Հայաստանի համար կարեւոր է ապրանքների դիվերսիֆիկացումը աշխարհի տարբեր շուկաներ։

«Ներկայումս մշակում ենք արտահանման համապարփակ ռազմավարությունը, որը առաջիկայում կներկայացնենք հանրային քննարկման։ Այդ ռազմավարության հիմնական առանցքը արտահանման դիվերսիֆիկացումն է, քանի որ մենք չենք ուզում կախված լինել որեւէ  շուկայից»,- ասաց Գեւորգյանը։

 




Լրահոս