ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ՝ տեղի է ունեցել Կառավարության հերթական նիստը: Նիստի սկզբում վարչապետ Փաշինյանն անդրադարձել է Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի որոշմանը եւ այլ հարցերի: Մասնավորապես, վարչապետը նշել է, որ Արդարադատության միջազգային դատարանը նախորդ շաբաթ կարեւոր որոշում է կայացրել Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման վերաբերյալ: Հայաստանի Հանրապետության դիմումի հիման վրա՝ դատարանը վերահաստատել է սույն թվականի փետրվարի 22-ին կայացրած իրավական պարտադիր ուժ ունեցող որոշումը, որով Ադրբեջանին պարտավորեցրել է ձեռնարկել իր տրամադրության տակ գտնվող բոլոր միջոցները՝ ապահովելու Լաչինի միջանցքով անձանց, տրանսպորտային միջոցների եւ բեռների անխափան տեղաշարժը երկու ուղղություններով: Նման որոշմամբ դատարանը, փաստորեն, արձանագրել է, որ Ադրբեջանը չի կատարել  սույն թվականի փետրվարի 22-ի որոշումը, հակառակ դեպքում այդ նախորդ որոշումը վերահաստատելու անհրաժեշտություն չէր առաջանա: 

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ դա  կարեւոր նրբություն է.

«Հուլիսի 6-ի որոշման 28-րդ կետում դատարանը, հիշատակելով հայկական կողմից իրեն փոխանցված տեղեկատվությունը, որ այսպես կոչված բնապահպանների ակցիա այլեւս տեղի չի ունենում, բայց հիմա էլ Լաչինի միջանցքով տեղաշարժն ընդհատված է Ադրբեջանի կողմից անցակետի տեղադրման պատճառով, արձանագրել է, որ հարցի էությունը սրանից չի փոխվում, որովհետեւ Լաչինի միջանցքով տեղաշարժի ընդհատման հետեւանքները Լեռնային Ղարաբաղի հայերի համար նույնն են, ինչ 2022թ. փետրվարին, հետեւաբար դատարանի մոտեցումը եւ իրավական պարտադիր ուժ ունեցող որոշումը նույնպես մնում են նույնը:

Այնուամենայնիվ, դատարանի փետրվարի 22-ի եւ հուլիսի 6-ի նույնաբովանդակ որոշումների մեջ որոշակի նյուանսային տարբերություններ կան, որովհետեւ եթե փետրվարին Ադրբեջանի կառավարությունն ասում էր, թե բնապահպանական ակցիան իր կողմից չի կազմակերպվել, եւ դա քաղաքացիական հասարակության ինքնաբուխ գործողություն է, հիմա նման բան ասելու հնարավորություն չունի, որովհետեւ հիմա արդեն Լաչինի միջանցքն արգելափակված է Ադրբեջանի բացառապես պետական կառույցների գործողությունների պատճառով: Եվ հետեւաբար, Արդարադատության միջազգային դատարանի որոշմամբ վերահաստատվումն էլ ավելի է ամրապնդում Ադրբեջանի կառավարության պատասխանատվությունը Լեռնային Ղարաբաղում խորացող հումանիտար ճգնաժամի համար»,-ասել է նա:

Փաշինյանի խոսքով՝ Ադրբեջանի «բնապահպանական» ակտիվությունն, այնուամենայնիվ, շարունակվում է, եւ հիմա էլ այդ երկիրը փորձում է Հայաստանին բնապահպանական բնույթի մեղադրանքներ ներկայացնել պաշտոնական եւ ոչ պաշտոնական մակարդակով: Ընդ որում, սրա համար Ադրբեջանը Հայաստանին վերագրում է հանքավայրեր, որոնք պարզապես գոյություն չունեն, բարձրաձայնում է հանգամանքներ, որոնք մտացածին են, մատնանշում է որոշումներ, որոնք բոլորովին ուրիշ բանի մասին են, հիշատակում է կոնվենցիաներ, որոնք վերաբերելի չեն:

 

 

 

 

ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ՝ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՄԱՔՍԱԿԵՏՈՒՄ

«Մարգարա» մաքսակետի 1-ին փուլի շինարարական ու մոնտաժային աշխատանքները մեկնարկել են։ Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկանում է  Կառավարության համապատասխան որոշումից։

«Մաքսակետի կառուցման կապալառու «Արտկոն» ՓԲԸ-ին մաքսակետի կառուցման 1-ին փուլի շինարարական եւ մոնտաժային աշխատանքների իրականացման համար արդեն վճարվել է 140.4 մլն դրամ։ Մաքսակետի կառուցման 2-րդ փուլի նախագծանախահաշվային փաստաթղթերը ենթարկվել են պարզեցված փորձաքննության եւ ստացել դրական եզրակացություն։ Պայմանագրով սահմանված գումարի մնացած մասը՝ 110.2 մլն դրամը, փոխանցվելու է կապալառուին՝ առնվազն երեք մոդուլային տաղավարների երկաթբետոնե հիմքերի սալերի աշխատանքների իրականացման պայմանով: Մաքսակետի գործարկման համար սահմանված սեղմ ժամկետներով եւ դրա իրականացման գործընթացին առնչվող ոչ ստանդարտ մոտեցումներով պայմանավորված՝ անհրաժեշտություն է առաջացել գլխավոր կապալառու «Արտկոն» ՓԲԸ-ին տրամադրել գումար՝ 20.06.2023թ. կնքված թիվ ՊԵԿ-ՀՄԱ-ԱՇՁԲ-23/2 պայմանագրի գնի քառասունչորս տոկոսի չափով՝ առնվազն երեք մոդուլային տաղավարների երկաթբետոնե հիմքերի սալերի աշխատանքների իրականացման պայմանով», – ասված է որոշման մեջ։

 

 

 

 

 

ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԸ ԼՈՒԾԱՐՎԵՑ

Կառավարությունն իր հունիսի 13-ի նիստում որոշում ընդունեց, որով լուծարեց Ստեփանավանի արտակարգ իրավիճակների օդանավակայանը:

Որոշման նախագծում նշված է, որ դրա անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության օդանավակայանների վերագործարկման եւ Հայաստանի Հանրապետությունում փոքր ավիացիայի եւ հայաստանյան օդանավակայանների զարգացման հեռանկարով:

 

 

 

 

 

ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԱԳ ՊԵՏՆԱԽԱՐԱՐԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Գերմանիայի արտաքին գործերի պետնախարար Թոբիաս Լինդները կայցելի Հայաստան: Այս մասին հայտարարել է Ներքին գործերի փոխնախարար Արփինե Սարգսյանը՝ ԱԺ-ում «Գերմանական միջազգային համագործակցության ընկերություն (ԳՄՀԸ/GIZ) ՍՊԸ-ի եւ վերականգնման վարկերի բանկի (ՎՎԲ/KFW) տեղական գրասենյակներ հիմնելու վերաբերյալ» հայտագրերի փոխանակման ձեւով կնքված համաձայնագիրը վավերացնելու մասին հարցի քննարկման ժամանակ:

Նա ընդգծել է, որ հայ-գերմանական համագործակցության օրակարգը վերջին ժամանակահատվածում հատկապես ակտիվացել է:

 

 

 

 

 

ԱՆԴՐԱԴԱՐՁ՝ ԼԱՉԻՆԻ ՄԻՋԱՆՑՔԻՆ

Նիդերլանդների հայկական կազմակերպությունների ֆեդերացիան տեղեկացնում է, որ ԱԳ նախարար Վոպկե Հուքստրան խորհրդարանին հղված նամակում մանրամասներ է հայտնել հունիսի 26-ին կայացած ԵՄ ԱԳ նախարարների խորհրդի նիստից, որտեղ նաեւ քննարկվել է Լաչինի միջանցքի շրջափակումը եւ Արցախում խորացող հումանիտար ճգնաժամը։

Ինչպես «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկանում է Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի տարածած հաղորդագրությունից, ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը տեղեկացրել է ԵՄ երկրների արտգործնախարարներին, որ Ադրբեջանն ամբողջովին արգելափակել է Լաչինի միջանցքը, ինչը սպառնում է խորացնել Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամը։

Ըստ ԱԳ նախարարի՝ ինքը Նիդերլանդների անունից խորը մտահոգություն է հայտնել շրջափակման կապակցությամբ եւ կոչ արել ԵՄ-ին շարունակել բանակցությունները Ադրբեջանի հետ՝ իրականացնելու Արդարադատության միջազգային դատարանի որոշումը եւ ապահովելու մարդկանց եւ ապրանքների ազատ տեղաշարժը միջանցքով։

Ժոզեպ Բորելն ընդգծել է, որ կոչ է արել Ադրբեջանին՝ վերացնելու շրջափակումը: ԵՄ խորհրդի նախագահը հուլիսին նախատեսում է բանակցել Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հետ։

ԵՄ անդամ բոլոր երկրները միահամուռ աջակցություն են հայտնել ԵՄ խորհրդի նախագահին՝ խաղաղության համաձայնագրի հասնելու իր ջանքերում։

 

 

 

 

ԵՌԱԿՈՂՄ ՀԱՆԴԻՊՈՒՄ

Բրյուսելում հուլիսի 15-ին նախատեսված է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի՝ եռակողմ ձեւաչափով հանդիպումը։ Կառավարության նիստի ժամանակ այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հուլիսի 15-ին Բրյուսելում նախատեսված է իմ հանդիպումը Եվրամիության խորհրդի նախագահի եւ  Ադրբեջանի նախագահի հետ։ Ես հաստատել եմ իմ մասնակցությունը այդ հանդիպմանը։ Հույս ունեմ այդ հանդիպման ընթացքում առաջընթաց արձանագրել խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններում»,- ասաց Փաշինյանը։

 




Լրահոս