ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆ՝ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մեր կառավարության եւ՛ 2018, եւ՛ 2021 թվականի ծրագրում հատուկ տեղ է տրվում արժեթղթերի շուկայի զարգացմանը, եւ ուրախ եմ արձանագրել, որ մենք այդ ճանապարհին քայլեր ենք արել՝ օրենսդրական որոշ փոփոխություններ»,-  Կառավարության նիստին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 

«Կառավարության նախորդ նիստում մենք որոշում կայացրինք, որ աջակցություն կցուցաբերենք այն ընկերություններին, որոնք կգնան ցուցակման, բաց բաժնետիրացման, այսինքն՝ բաժնետոմսեր եւ պարտատոմսեր բորսայում թողարկելու ճանապարհով, երբ որ ընկերություններն իրենց որոշակի մասնաբաժինը բորսայում հանում են վաճառքի, այսինքն՝ հնարավորություն են տալիս, որպեսզի քաղաքացիները, կազմակերպությունները կա՛մ պարտատոմսեր ձեռք բերեն, կա՛մ բաժնետոմսեր ձեռք բերեն»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ աջակցության որոշակի մեխանիզմ է ստեղծվել: «Մասնավորապես, պարտատոմսերի թողարկման, տեղաբաշխման եւ բորսայում ցուցակման համար տեղաբաշխման անվանական ծավալի 2 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 30 մլն դրամը, մենք օժանդություն ենք տրամադրում ընկերություններին մի կետով՝ պարտատոմսերի շրջանառության համար տեղաբաշխման անվանական ծավալի 3-ական տոկոսի չափով 1-ին 3 տարիների համար, բայց ոչ ավել, քան 45 մլն դրամի օժանդակություն՝ շրջանառության յուրաքանչյուր 12 ամսի համար: Բաժնետոմսերի թողարկման համար փաստացի կատարման ծախսերի 80 տոկոսի չափով օժանդակություն արտաքին աուդիտի բանկային եւ բորսայական ծառայությունների ծախսերը կապված թողարկման, տեղաբաշխման եւ բորսայում ցուցակման հետ փոխհատուցելու կամ օժանդակելու համար, միջազգային վարկանիշային գործակալություններից վարկանիշի ստացման եւ սպասարկման առաջին տարվա ծախսերի 50 տոկոսի չափով սուբսիդավորում, սակայն ՀՀ-ում գործունեություն իրականացնող ֆոնդային բորսայում ցուցակման դեպքում՝ 1-ին տարվա ծախսերի մինչեւ 80 տոկոսի չափով սուբսիդավորում, 30 տոկոս՝ ի հավելումն նախորդ 50 տոկոսի, եթե պահպանվել են պարտատոմսերի վերաբերյալ նախագծով նախատեսված պահանջները: Ահա, ցուցակման գնացող ընկերությունների համար Կառավարության նախորդ նիստում այսպիսի օժանդակության փաթեթ էինք ընդունել»,- ասաց նա:

«2018 թվականի եւ հետագա մեր քննարկումներում առանցքային տեղ է զբաղեցնում այն, որ արժեթղթերի շուկայի զարգացումը կարող է դառնալ այն նոր կոմպոնենտը, որը ոչ միայն տնտեսական զարգացման նոր խթան կդառնա, այլեւ մարդկանց սոցիալական եւ տնտեսական ակտիվության եւ սոցիալական պաշտպանվածության նոր մեխանիզմ կդառնա»,- նշեց Փաշինյանը:

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը նշեց, որ Կառավարությունը եւ Ֆինանսների նախարարությունը կապիտալ շուկայի զարգացման մեջ էական դեր են  խաղում այն իմաստով, որ պետական գանձապետական պարտատոմսերի լիկվիդայնությունը եւ նրանց շուկայի զարգացումը էական ազդեցություն են ունենում, եւ շուկա է ձեւավորվում: «Նույն վարկանշային կազմակերպություններն ուղղորդվում են սուվերեն վարկանիշով, եւ մեր պարտատոմսերի գնանշումները հետագայում ուղենիշ են հանդիսանում մասնավոր ընկերությունների համար: Այստեղ պետք է մեծ ուրախությամբ նշեմ, որ մեր պարտատոմսերի նկատմամբ հետաքրքրությունը վերջին ամիսներին էականորեն փոխվել է, եւ մենք ունենք մեծ հետաքրքրություն աշխարհի խոշորագույն ներդրումային կազմակերպությունների եւ բանկերի կողմից, ովքեր մեծ ցանկություն ունեն ներդրում կատարել պետական գանձապետական պարտատոմսերով՝ դրամով գնանշված»,- ասաց նա:

 

 

 

 

ՎԱՃԱՌՔԸ ԿԱՐԳԵԼՎԻ

Հուլիսի 13-ին ԱԺ արտահերթ նստաշրջանում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ««Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը եւ կից օրենքների նախագծերի փաթեթը:

Հիմնական զեկուցող, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, օրենսդրական նախաձեռնության հեղինակ Սիսակ Գաբրիելյանը նշել է, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում կատարվել են մի շարք փոփոխություններ: Մասնավորապես, կարգելվի հրավառությունների ներմուծումը՝ բացառությամբ պետական կամ համայնքային նշանակության տոների կամ պետական կամ համայնքային մասնակցության միջոցառումների ընթացքում: Նախատեսվում են նաեւ տուգանքներ՝ ներմուծման հետ կապված պահանջները խախտելու դեպքերում: Կարգելվի 16 տարին չլրացած անձանց բոլոր դասերի հրագործական արտադրատեսակի վաճառքը:

Հարակից զեկուցող, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ծովինար Վարդանյանը նշել է, որ օրենսդրական փաթեթը քննարկվել է հանձնաժողովում եւ ստացել դրական եզրակացություն: Նա կոչ է արել գործընկերներին կողմ քվեարկել:

Հարակից զեկուցող, ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանը տեղեկացրել է, որ առաջինից երկրորդ ընթերցման ժամանակահատվածում Կառավարությունը ներկայացրել է առաջարկներ, որոնք ընդունվել են:

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանն իր ելույթում նշել է, որ նախագծի ընդունումից հետո հանրության շահը վեր է դասվելու մասնավորի շահից: Նա նաեւ նշել է, որ ընդունվող սահմանափակումները հնարավորություն կտան չխախտել քաղաքացիների հանգիստը, կանխել մանկահասակ երեխաների խեղումները, ինչպես նաեւ կանխարգելել տեխնածին աղետները:

Օրենսդրական նախաձեռնությունն ընդունվել է երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ:

 

 

 

 

ՈՒՆԵՆՔ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանն ունի շատ լավ հնարավորություն առաջին հինգ ամսվա ցուցանիշներով 2023 թվականին նույնպես ապահովել բարձր տնտեսական աճ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս մասին հայտարարեց Կառավարության նիստի ժամանակ։

«Ունենք շատ լավ հնարավորություն առաջիկա  հինգ ամսվա ցուցանիշներով 2023 թվականին նույնպես ապահովել բարձր տնտեսական աճ։

Այս առումով ուզում եմ ուշադրություն հրավիրել կապիտալ ծախսերի իրականացման մեր տեմպին ու որակին։ Ծախսերի մասին խոսելիս երբեք չպետք է մոռանալ որակի մասին, որովհետեւ ծախսն առանց որակի միջոցների վատնում է. դա պետք է բացառել»,- ասաց նա։

 

 




Լրահոս