Վանաձորի Սարի թաղ կոչվող թաղամասում կրկին սողանք է տեղի ունեցել քաղաքը Դարպաս համայնքին միացնող ճանապարհի վրա: Թաղամասը գտնվում է սողանքավտանգ գոտում: Այն քաղաքի ծայրամասի բարձրադիր վայրում է, եւ հատկապես 2-րդ փողոցի տները գտնվում են ուղիղ ձորի պռնկին:
Սարի թաղը կոյուղատար համակարգ չունի, տարածքով անցնող խմելու ջրի խողովակներն էլ վթարված են, եւ ջուրը հոսում է դեպի ձորը, ներծծվում հողաշերտի մեջ, ինչն իր հերթին իրավիճակն առավել վտանգավոր է դարձնում: Նույն տարածքում պարբերաբար տեղի ունեցող փոքր ծավալի սողանքները հող ու քարաբեկորներ են լցնում Վանաձորը Դարպաս համայնքին կապող ճանապարհին: Գրանցվել է նաեւ մահվան դեպք:
Ջիլավյանների ընտանիքն ապրում է Սարի թաղի ամենավտանգավոր գոտում: Ամեն Աստծո օր բազմանդամ ընտանիքն ու թաղամասի բնակչությունը քնում եւ արթնանում է սարսափով, որ մի օր կարող են հայտնվել հողազանգվածի տակ: «Երկար ժամանակ ա` բնակվում ենք էստեղ, վթարային գոտի ա, անձրեւաջրերը գալիս են, փլվում ա, կոյուղի ենք քցել, էդ էլ ա վնաս տալի: Հաջղարից եկող ջրի տրուբեն էլ ա վնասված, խմելու ջուրն էլ ա լցվում: Զանգել եմ ջրմուղ, ասել են կգանք»,-ասում է թաղամասի բնակիչ Մարտուն Ջիլավյանը, հարեւանուհի Գրետա Թաթոսյանն էլ ավելացնում է. «Թաղամասը շատ լուրջ վտանգի առաջ ա կանգնած: Հնարավոր ա` ամբողջ թաղամասը նստի, ու բնակիչները մնան հողածածկույթի տակ: Խնդրում ենք պետությանը, օգնե՛ք մեզ»: Հաշվի առնելով իրավիճակի վտանգավորությունը` Դարպասի համայնքապետ Սամվել Ավետյանը դիմել է մարզային իշխանություններին, ԱԻՆ ՀՓԾ Լոռու մարզի փրկարարական վարչությանը: «Դիմել ենք մարզպետին, ինքն էլ դիմել ա կառավարությանը, կառավարությունն էլ նախահաշիվները կազմեց, անցած տարի գրություն եկավ, որ տնտեսական ճգնաժամի պատճառով անորոշ ժամանակով հետաձգվում ա: Հիմա կրկին գրություն եմ ուղարկել: Էս վերջին սողանքից հետո ժողովուրդը պահանջում ա ճանապարհը փակել: Մարզպետը խոստացել ա մոտ օրերս այցելել»,-հույս է հայտնում Դարպասի գյուղապետը: Սողանքի վայրում էին նաեւ Լոռու մարզի փրկարարական վարչության աշխատակիցները` իրավիճակին տեղում ծանոթանալու նպատակով: Վարչության բնակչության պաշտպանության բաժնի պետ Սեյրան Խաչատրյանն ասում է. «Այս պահին ջրատարից կա արտահոսք, բնակիչների կոյուղիները նույնպես լցվում են հողի մեջ: Սողանքի հիմնական նպաստող պայմաններից մեկը ջրի ներթափանցումն է հողաշերտի մեջ: Մարզպետի կողմից ստեղծվել է հանձնաժողով, որը կուսումնասիրի եւ կտա իր գնահատականը»: Նշենք, որ Դարպաս համայնքը Վանաձորին միանում է 2 ճանապարհներով, որոնցից մեկին սպառնում է սողանքը, մյուսն էլ անցնում է կամրջի վրայով, որը խիստ վթարային է եւ ոչ պակաս վտանգավոր: Մեքենաների երթեւեկության պահին ճանապարհը երերում է:
Վանաձոր