ԱՀԱԶԱՆԳՈՒՄ ԵՆ ԱՐՑԱԽԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Արցախի՝ 7 ամիս շարունակվող ամբողջական շրջափակումը հասել է օրհասական կետի, երբ այլեւս լրջագույնս վտանգված է 120 հազար մարդու, այդ թվում՝ 30 հազար երեխաների, 20 հազար տարեցների կյանքը»,- հուլիսի 14-ին Ստեփանակերտում համաժողովրդական շարժման հանրահավաքում հայտարարեց Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:

 

«Երբ այլեւս մի ողջ ժողովրդի գլխին կախված է գոյաբանական սպառնալիքներ, որոնք անհերքելի են եւ ընդգծված: Գտնվելով շրջափակման մեջ եւ հունիսի 15-ից ամբողջությամբ կտրվելով հումանիտար հասանելիությունից՝ մեր ժողովուրդը կանգնել է թերսնուցման, սովի, Ադրբեջանի կողմից անթաքույց իրականացվող էթնիկ զտման, բռնի հպատակեցման  եւ ցեղասպանության իրականացման անհերքելի սպառնալիքի ներքո:

Այսօր ահազանգի կոչնակը հնչեցնելու հերթական պահն է: Դիմում եմ միջազգային հանրության բոլոր դերակատարներին: Մարդու իրավունքնե՞ր, ասում եք. ուրեմն ասեք ինձ՝ ես ինչպես նայեմ այս ժողովրդի աչքերին  եւ ասեմ, որ իրենք էլ ունեն իրավունքներ: Ես ինչպե՞ս նայեմ թերսնուցման մեջ գտնվողն հղի կնոջ աչքերին, որի երեխան կարող է արատներով ծնվել: Ես ինչպե՞ս նայեմ այն մայրերի աչքերին, որոնց օրվա ամենամեծ  երազանքը իրենց երեխայի համար մի բուռ միրգ կամ քաղցրավենիք  հայթայթելն է:

Ես ինչպե՞ս նայեմ հերթերում կանգնած հազարավոր մարդկանց աչքերին, որոնք ժամերով հերթ են կանգնում մի բուռ շաքարավազ  կամ ձեթ ստանալու համար: Եվ, վերջապես, ես ինչպե՞ս նայեմ այս հողակտորի համար իր ամենաթանկը տված, զոհված մոր աչքերին, որը ահաբեկված աչքերով նայում է ինձ՝ վախենալով, որ կկորցնի իրեն մնացած վերջին սրբությունը՝ որդու գերեզմանը:

Ես ուզում եմ, որ դուք նայեք նրանց աչքերին, դուք պատասխանեք նրանց, որովհետեւ ես այլեւս պատասխաններ չեմ գտնում:

Գեղեցիկ ու շքեղ դահլիճներում մարդու իրավունքներից խոսելը մի բան է,  այդ իրավունքների պաշտպանությունը գործնական քայլերով ապացուցելը՝ մեկ այլ բան:

Մտահոգված ենք, խիստ մտահոգված ենք, խորապես մտահոգված ենք, կոչ ենք անում  եւ նմանատիպ այլ հայտարարություններ:

Բավ է, հերիք է: Մինչ դուք մերկապարանոց մտահոգություններ եք հայտնում, 120 հազար մարդ մատնվում է անմարդկային զրկանքների»,-ասաց Գեղամ Ստեփանյանը: Նա նաեւ դիմեց ռուս խաղաղապահներին, որոնց 2020 թվականի եռակողմ հայտարարությամբ վերապահվել է Արցախի ժողովրդի կյանքի իրավունքի  եւ ֆիզիկական գոյության հիմնական երաշխավորի դերը. «Մեզ խաղաղություն էր խոստացվել: Խաղաղությունը ամեն օր տեղեկագրերում հրադադարի ռեժիմի խախտումների արձանագրումը չէ: Խաղաղությունը ամենօրյա հաց հայթայթելով ֆիզիկական գոյություն քարշ տալը չէ, խաղաղությունը սեփական հայրենիքում պատանդառված եւ ամեն ինչից զրկված լինելը չէ: Խաղաղությունն ամեն օր հոգեբանական հարձակումների եւ մեզ վրա թափվող անորոշությունները չեն:

Տե՛ր կանգնեք ձեր մանդատին՝ ապահովելու իրական խաղաղություն, ապահովելու բարեկեցիկ կյանք, որ խոստացել եք մեր ժողովրդին ամենաբարձր մակարդակով»:

Նա դիմեց նաեւ Հայաստանի ժողովրդին՝ եւս մեկ անգամ Արցախին ի պաշտպանություն լինելու, մենակ  չթողնելու  Արցախում ապրող հային իր սրբագույն երազանքի հետ մեն-միայնակ:

Վարդանյանը կոչ է արել Սփյուռքում ապրող համերկրացիներին հիշել իրենց անցյալը, քանի որ շատերը իրենց նախնիների օրինակով գիտեն, թե ինչ է նշանակում ցեղասպանվել, հայրենազրկվել, ինչ է նշանակում ապրել հայրենիքից հեռու, հայրենիքի կարոտը սրտում անթեղած, եւ պետք է վեր կենալ՝ կանխելու հայ ժողովրդի  նոր ցեղասպանությունը, պարտադրելու աշխարհին գոնե այս անգամ պատասխանատվություն ստանձնել հայի ճակատագրի համար:

«Մենք չենք կարող լինել Ադրբեջանի կազմում եւ վերջ: Վերջապես հասկացե՛ք: Բոլոր նրանք, որոնք դեռ իլյուզիաներ ունեն այս առիթով, թող պատասխանեն՝ արդյոք հնարավո՞ր էր պատկերացնել հրեաներին կյանքը նացիստական Գերմանիայում: Այո, Ադրբեջանն այդ նույն նացիստական երկիրն է, որտեղ հասարակությունն ամբողջությամբ ներծծված է հայատյացությամբ»:

Նշենք, որ Արցախում երեկ՝ հուլիսի 14-ին, մեկնարկել է համաժողովրդական շարժումը. Ստեփանակերտի Վերածննդի հրպարակում հազարավոր արցախցիներ են հավաքվել: Շարժման մեկնարկի մասին նախօրեին հայտարարել էր Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը: Հանրահավաքին մասնակցում է նաեւ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

Ավելի ուշ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը հանդես էր եկել տեսաուղերձով եւ հայտարարել, որ միանում է շարժմանը:

Շարժման նպատակն է հասնել Լաչինի միջանցքի ապաշրջափակմանը:

 

 

 

 

 

 

 

ՀԵՏԱՊՆԴՈՒՄ՝ ԱՇՈՏՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ

Արմեն Աշոտյանի նկատմամբ քաղաքական հետապնդումն անմիջականորեն իրականացնում է Արգիշտի Քարամյանը. այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ինչպես գրել էի մի քանի օր առաջ, քաղաքական բանտարկյալ Արմեն Աշոտյանի կալանքի որոշման դեմ վերաքննիչ բողոքը քննվելու է ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Արթուր Նահապետյանի կողմից:

Արմեն Աշոտյանի նկատմամբ քաղաքական հետապնդումը իրականացնում է երկրի ղեկավարի ղեկին հայտնված մի կենդանի, ում անունը իմ էջում որոշել եմ էլ երբեք չգրել՝ առնվազն հիգիենայի նկատառումներից ելնելով:

Քաղաքական հետապնդումը անմիջականորեն իրականացնում է Ա.Քարամյանը, ում մտերիմ ընկերը եւ սանիկն է հանդիսանում նշված դատավորը:

Այդ հիմնավորմամբ այսօր բացարկ եմ ներկայացրել դատավորին:

Իհարկե, միամտություն չունեմ մտածելու, որ բացարկը դատավորի կողմից կընդունվի, կամ վերաքննիչ բողոքը կարող է բավարարվել:

Արմեն Աշոտյանի ազատության գրավականը  նրա եւ նրան աջակցող մարդկանց անզիջում պայքարն է, որը կստիպի հակահիգիենիկ կենդանուն ազատել Արմենին եւ հեռանալ երկրի ղեկավարի ղեկից»:

 

 

 

9 ՊԱՏԳԱՄԱՎՈՐ՝ ԻՐԿՈՒՏՍԿՈՒՄ

Հայ-ռուսական համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 37-րդ նիստը տեղի կունենա հաջորդ շաբաթ Իրկուտսկում։ Այս մասին նշված է ԱԺ նախագահի համապատասխան կարգադրության մեջ:

«Հուլիսի 19-22-ը Իրկուտսկ կգործուղվի Ազգային ժողովի փոխխոսնակ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը՝ մասնակցելու Հայաստանի Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 37-րդ նիստին»,- նշված է հաղորդագրության մեջ։

ԱԺ մամուլի ծառայությունից հայտնում են, որ, բացի փոխխոսնակից, պատվիրակության կազմում են ութ պատգամավորներ, այդ թվում՝ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունից։

Արշակյանը հայկական կողմից միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահն է։

Մասնավորապես, պատվիրակության կազմում են ՔՊ-ից Վլադիմիր Վարդանյանը,  Վահե Ղալումյանը, Բաբկեն Թունյանը, Վաղարշակ Հակոբյանը, Ալեքսեյ Սանդիկովը, Միքայել Թումասյանը, Շիրակ Թորոսյանը, «Հայաստան» խմբակցությունից Գեղամ Մանուկյանը:




Լրահոս