ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ ԱԿՆԿԱԼԻՔՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը հայտարարեց, որ Արցախում մեկնարկած համաժողովրդական շարժումը կծավալվի նաեւ Հայաստանում: Այս առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանի հետ:

 

-Ես կարծում եմ, որ, ընդհանրապես, առանց կոչերի արդեն Հայաստանի Հանրապետությունում եւ Սփյուռքում պետք է լինեին շարժումներ: Հասկանու՞մ եք, մեզ նայում են, ուսումնասիրում են եւ՛ թշնամիները, եւ՛ բարեկամները: Մեզ մոտ այժմ համար մեկ հարցը դա պետք է լինի: Եթե դա չլինի, դա ի՞նչ է նշանակում: Նշանակում է, որ միայն արցախցիներն են իրենց մասին մտածում: Եթե անտարբեր են բոլորը, մենք իրավունք չունենք այս պարագայում որեւէ մեկին մեղադրելու: Առաջինը հենց մեզ պետք է գնահատենք եւ ինքներս մեզ մեղադրենք բոլոր խնդիրների մեջ: Մեկը մեղադրում է ռուսին, մյուսը՝ ամերիկացուն: Ձեզ մեղադրե՛ք, Ձեզ: Այդպես չէ՞: Ուրեմն մի ամբողջ հայրենիք կորցնում ենք, ոչ մեկի պետքը չէ: Ցավալի է:

Երբ որ սկսվեց շրջափակումը դեկտեմբեր ամսին, մենք կանգնած էին ՄԱԿ-ի գրասենյակի կողքը, մեզ հետ 10 հոգի մարդ էին հավաքված, ես սրա մասին բարձրաձայնել եմ բազմիցս: Հազարավոր մարդիկ տժժում էին Հանրապետության հրապարակում, Նոր տարի էին նշում՝ դեռեւս չեկած: Ամոթ է սա, չէ՞: Մենք ի՞նչ ազգ ենք, ընդհանրապես, ո՞վ ենք մենք: Կամ մի ժողովուրդ, որն անցել է ցեղասպանության միջով, այսօր պատրաստ է հրաժարվել իր պատմական ճանապարհից, իր խորհրդանիշներից, ամեն ինչից: Սրա  վերջը գիտե՞ք՝ ինչ է: Սա ցույց է տալիս, որ պատրաստ չենք պետականություն ունենալուն, մենք չգիտենք՝ ինչ է պետականությունը, չգիտենք՝ ինչ է ազգանունը, միշտ ապրել ենք ճորտի կարգավիճակում, ու այն շարունակում է մնալ մեր մեջ: Եթե չես պայքարում քո ապագայի համար, ուրիշ մեկը չի գա պայքարի քո փոխարեն, այլ գալու է քո տարածքի համար պայքարի, քեզ ստրկացնելու համար է պայքարելու: Մենք կանգնած ենք շատ օրհասական իրավիճակի եզրին. մեր վաղվա օրն է որոշվում այսօր: Իսկ եթե այս անգամ էլձախողենք, երբեւիցե պետականություն չենք կարողանա ունենալ այլեւս, որովհետեւ անիմաստ է լինելու: Վերջին մի քանի հարյուրամյակի ընթացքում ազգային ազատագրական շարժումը սկսել է Արցախից:

-Ի՞նչ եք կարծում, Հայաստանում նախաձեռնությունը արդյունք կունենա՞:

-Եթե Հայաստանում չեղավ մասայական շարժում, ուրեմն հայ ժողովուրդը չկա, ուրեմն հայ ժողովուրդը չի այսօր ապրում Հայաստանում, կամ ավելի բան եմ ասում՝ իր իսկական դեմքն է ցույց տալիս: Սա վատագույն դեպքն է, բայց մենք ախտորոշումը հստակ պետք է դնենք:

-Այս մի քանի օրվա ընթացքում շարժումն ի՞նչ արդյունքներ է գրանցել:

-Արդյունքն այն է, որ ժողովուրդն իր կամքն արտահայտում է, կան հայտարարություններ, ու տարբեր երկրներ տեսնում են, որ այս մարդիկ վատ վիճակում են ու պատրաստ են քայլեր ձեռնարկել: Դրսից տեսնում են սա ու հաշվի են առնում:

Զրուցեց ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

 

 

 

ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ՝ ԱՐՑԱԽԱՀԱՅՈՒԹՅԱՆ ԿՈՂՔԻՆ

«Ընդդիմությունն այստեղ է. ինձնից բացի, ես տեսա, որ «Հայաստան» խմբակցությունից եւս մեկ պատգամավոր մասնակցում է այս ակցիաներին»,- հուլիսի 17-ին՝ ՌԴ դեսպանատան մոտ հանուն Արցախի բողոքի ակցիայի ժամանակ, լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ ընդդիմությունը պասիվ է եւ չի մասնակցում այս ակցիաներին:

 

«Արձակուրդների շրջան է, չեմ կարող անհատապես բոլորի համար պատասխան տալ, բայց երկու խմբակցությունների ներկայացուցիչներն այստեղ են, քաղաքական առումով ներկայացվածություն կա: Ես, բնականաբար, ինչպես նաեւ իմ մյուս ընդդիմադիր գործընկերները մշտապես եղել ենք Արցախի կողքին: Կարծում եմ՝ ինչքան բարձր գոռանք, ինչքան բարձր մեր պահանջները ներկայացնենք, այնքան լսելի կլինի: Որովհետեւ  չի կարելի անտարբերության մեջ թողնել 120 հազար մարդկանց ճակատագիրը եւ հաշտվել Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության հետ, որ Արցախն Ադրբեջանի կազմում է: Մենք բոլորվ պետք է ընդվզենք եւ բացատրենք ամբողջ աշխարհին, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, հակառակ դեպքում մենք 21-րդ դարում նոր ցեղասպանության ենք դատապարտում մեր ժողովրդին: Ինչքանո՞վ է դա տեղավորվում ՄԱԿ-ի սկզբունքների մեջ, միջազգային իրավունքի մեջ, երբ մարդկանց ապրելու իրավունքը, կյանքի իրավունքը, երեխաների, հղիների եւ մյուս բոլոր կատեգորիաների մարդկանց իրավունքները ամենօրյա ռեժիմով ոտնահարվում են»,-ասաց նա:

Թովմասյանը հիշեցրեց, որ դեռեւս մայիսից ինքը սկսել է ստորագրահավաք, որի արդյունքները շուտով կամփոփեն. «Բավականին տպավորիչ արդյունքներ են, ինչը նշանակում է, որ հայ ժողովուրդը չի վստահում Նիկոլ Փաշինյանի վարած արտաքին քաղաքական օրակարգին եւ այն քայլերին, որոնք հիմա իրականացվում են: Դրանք ուղղակի մերժվում են»:

Հիշեցնենք, որ Թագուհի Թովմասյանը մայիսի սկզբից Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից տեղադրված անցակետը հեռացնելու պահանջով ստորագրահավաք էր նախաձեռնել։ Նա նշել էր, որ այս ձեւով իր աջակցությունն է հայտնում  «ՈՉ Արցախի էթնիկ զտմանը» երիտասարդական շարժմանը։

 

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑՈՎ՝ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՈՒՄ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ աշխատանքային այցով մեկնել է Արարատի մարզ: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Արտաշատ քաղաքում կայացած խորհրդակցության ժամանակ վարչապետին ներկայացվել է Արարատի մարզպետի աշխատակազմի՝ 2022թ. գործունեության հաշվետվությունն ու ընթացիկ տարում իրականացվող ծրագրերի ընթացքը:

Պաշտոնական հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ Արարատի մարզի ներդրումները 2018թ.-ից հետո պակասել են. «2018թ. կատարվել է 136,7 մլն դրամի ներդրում, 2021-ին՝ 116,9 մլն դրամի, 2022թ.-ին` 103,4 մլն դրամի ներդրում»։

Խորհրդակցությանը մասնակից տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Պետական վերահսկողության ծառայության պետ Ռոմանոս Պետրոսյանը, էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, Արարատի մարզպետ Սեդրակ Թեւոնյանը եւ այլ պաշտոնատար անձինք քննարկել են բյուջեի ամբողջական ֆինանսավորմամբ 2018-2022թթ. իրականացված ծրագրերը՝ ջրամատակարարման, ոռոգման, ճանապարհների բարելավման, դպրոցների, մանկապարտեզների, առողջապահական հիմնարկների, մշակութային օբյեկտների հիմնանորոգման, կառուցման աշխատանքների շուրջ, եւ ոչ մի խոսք Արարատի մարզի անվտանգության մասին:

«Ժողովուրդ» օրաթերթը նկատեց, որ պաշտոնական հաղորդագրության մեջ բացակայում է տեղեկությունը, թե վարչապետը ինչ է քննարկել կամ քննարկել է արդյոք որեւէ հարց՝ կապված կրակոցների տակ ապրող Երասխի եւ Արարատի մարզի այլ բնակավայրերի հետ: Ստացվում է՝ Նիկոլ Փաշինյանը խորհրդակցություններ է անում՝ իրականությունից կտրված, չքննարկելով անգամ մեր երկրի իրական ռիսկերը:

 

 

 

ՀԱՏԵՑ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՇԵՄԸ

«Անցած շաբաթ մեր «Հայաքվե» քաղաքացիական օրենսդրական նախաձեռնությունը շարունակում էր թափ հավաքել՝ ընդարձակելով իր աշխարհագրությունը, ձեռք բերելով նորանոր աջակիցներ եւ դառնալով անմիջական գործոն, որն արդեն սկսում է ազդել գործող իշխանության կողմից վարվող քաղաքականության վրա»,- ֆեյսբուքյան իր էջում գրում է «Հայաքվե» նախաձեռնության հիմնադիր Ավետիք Չալաբյանը.

«Ստորագրահավաքի առաջին երկու շաբաթների արդյունքում մենք հատեցինք անհրաժեշտ նվազագույն շեմի կեսը, սակայն բնավ մտադիր չենք բավարարվել ձեռք բերված տեմպով: Այդ նպատակով մենք շարունակում ենք ընդլայնել «Հայաքվե»-ի աշխարհագրությունը, ընդարձակում ենք մեր ներկայությունը լրատվամիջոցներում եւ հանրային վայրերում, ավելացնում ենք մարզային այցելությունների թիվը: Բոլոր մեր այն աջակիցներին, որոնք արդեն միացել են «Հայաքվե»-ին, խնդրում ենք չբավարարվել այդքանով եւ հորդորել ձեր մտերիմներին եւ ծանոթներին եւս միանալ այս կարեւորագույն նախաձեռնությանը: Ովքեր որոշել են միանալ, բայց դեռ չեն հասցրել, խնդրում ենք չհապաղել եւ դա անել այս շաբաթ. ձեր ձայնը հիմա նոր թափ կհաղորդի այս նախաձեռնությանը եւ իր հետեւից կբերի նոր աջակիցներ: Եթե դուք դեռ երկմտում եք, ձեր մոտ դեռ կան հարցեր, մի՛ վարանեք, բարձրաձայնե՛ք դրանք, մենք սիրով պատրաստ ենք ցանկացած հարցի պատասխանել: Իսկ եթե դուք վստահ եք արդեն ձեր կատարած ընտրության մեջ եւ ցանկանում եք նաեւ օգնել մեզ, մի՛ վարանեք, կամավորագրվե՛ք «Հայաքվե»-ին, միացե՛ք մեր՝ օր օրի աճող, հայրենատեր, ժրաջան եւ համերաշխ թիմին, դարձե՛ք մեզանից մեկը եւ առաջ տարե՛ք մեր բոլորի «Հայաքվե»-ն»,- նշել է նա։




Լրահոս