ԿՀՐԱՊԱՐԱԿՎԵՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱԿՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունում տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստը` նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ: ԿԳՄՍ նախարարության հաղորդմամբ՝ նիստին մասնակցել են նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, բուհերի ռեկտորներ, Գնահատման եւ թեստավորման կենտրոնի ներկայացուցիչներ։

 

ԿԳՄՍՆ-ից  հայտնում են, որ հաստատելով օրակարգը` ընդունող հանձնաժողովը քննարկել եւ հաստատել է ՀՀ պետական եւ ոչ պետական բուհերի առկա ուսուցման 2023-2024 ուստարվա ընդունելության հիմնական փուլի արդյունքները` բակալավրի ու անընդհատ եւ ինտեգրացված կրթական ծրագրերով:

Գնահատման եւ թեստավորման կենտրոնն ընդունելության քննությունների արդյունքները կհրապարակի հուլիսի 18-ին: Ընդունելության հիմնական փուլի նախնական արդյունքները ներկայացրել է Գնահատման եւ թեստավորման կենտրոնի տնօրեն Արմեն Փաշայանը:

Ինչպես հայտնի է, 2023/2024 ուստարվա դիմորդները հնարավորություն են ունեցել ընդունելության միասնական քննություններ հանձնել 2 անգամ՝ համաձայն ՀՀ կառավարության 597-Ն որոշմամբ սահմանված կարգի: Ըստ այդմ` միասնական քննությունների առաջին փուլը կազմակերպվել է հունվարին, իսկ երկրորդ փուլի քննություններն անցկացվել են հունիսի 1-ից հուլիսի 10-ն ընկած ժամանակահատվածում: Դիմորդները հանձնել են առավելագույնը երկու միասնական քննություն:

Արմեն Փաշայանը տեղեկացրել է, որ բուհերին տրամադրված 2128 անվճար տեղերից համալրվել է 1778-ը, իսկ 15984 վճարովի տեղերից՝ 7220-ը:

«Քննական գործընթացը բավական հանգիստ է անցել: Դրա մասին է փաստում բողոքարկումների սակավությունը. առաջին եւ երկրորդ փուլերի արդյունքներով ունեցել ենք ընդամենը 252 բողոքարկում, որից ավելի քան 180-ը վերաբերել է ընթացակարգային, տեխնիկական հարցերին: 15 հոգու պարագայում, ընդունող հանձնաժողովի որոշմամբ, գնահատականի փոփոխություն է տեղի ունեցել: Ինչ վերաբերում է քննական գործընթացը երկու փուլով կազմակերպելուն, նշեմ, որ բազմաթիվ դիմորդներ երկրորդ փուլում միայն մեկ առարկայի քննություն են հանձնել՝ պահպանելով իրենց գնահատականը»,- ասել է Արմեն Փաշայանը:

Անդրադառնալով պահուստային եւ թափուր տեղերի վերաբաշխման հարցին՝ նիստի մասնակիցները որոշել են քննարկումները ծավալել միասնական քննությունների լրացուցիչ փուլի արդյունքների ամփոփումից հետո:

Նիստի ընթացքում քննարկվել են ընդունելության քննություններին առնչվող այլ հարցեր:

ԿԳՄՍ նախարարն առաջարկել է քննարկել բուհերին հատկացվող տեղերի ընդհանուր մոտեցումը վերանայելու հարցը՝ բուհին տալով ավելի մեծ ազատություն վճարովի տեղերն օգտագործելու առումով: Ժաննա Անդրեասյանի դիտարկմամբ՝ պետությունը պետք է վերահսկի միայն բյուջետային միջոցներից ֆինանսավորվող տեղերը` բուհին վերապահելով գործունեության ազատություն` ակադեմիական ազատության շրջանակում:

Բուհերի ռեկտորների հետ հանդիպման ընթացքում Ժաննա Անդրեասյանն անդրադարձ է կատարել նաեւ նոր կազմավորվող Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեին, Ակադեմիական քաղաքի ծրագրին: Քննարկման ընթացքում անդրադարձ է եղել նաեւ ՀՀ պետական բուհերի խոշորացման եւ գիտահետազոտական կազմակերպությունների հետ միավորման գործընթացին՝ կարեւորելով ոլորտի ներկայացուցիչների մասնակցայնությունը հայեցակարգի մշակմանը:

 

 

 

 

ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐԸ ՍՐՎԵԼ Է

Երեւանի որոշ վարչական շրջաններում աղբահանության խնդիրը սրվել է, առկա են աղբահանության տեխնիկայի հետ կապված խնդիրներ:

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում այս մասին խոսեցին քաղաքային իշխանության ներկայացուցիչները:

«Մենք ունենք որոշակի խնդիրներ՝ աղբահանության տեխնիկայի հետ կապված: Կարծում եմ՝ առաջին հերթին պետք է խոսենք այդ խնդիրների մասին, նաեւ երեւանցիներին որոշակի ժամանակացույց ասենք,  թե որ տեխնիկան ինչ ժամկետում է լինելու, որովհետեւ կան վարչական շրջաններ, որտեղ աղբահանության հետ խնդիրներ ունենք այս պահի դրությամբ»,-ասաց փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ կարեւորելով, որ քաղաքացիներն իմանան պատճառը:

Երեւանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանն էլ ներկայացրեց 3 օր անընդմեջ իրականացրած շրջայցի արդյունքները:

«Որոշ վարչական շրջաններում ու թաղամասերում սրվել է աղբահանության խնդիրը, խախտվել է ժամանակացույցը, կա աղբամանների գերբեռնվածություն եւ կուտակումներ»,-ասաց Արեյանը:

Նա վստահեցրեց՝ ամեն ինչ արել են այս 3 օրերի ընթացքում, որ թույլ չտան՝ խնդիրը խորանա: «Այս պահին էլ դեռեւս վիճակը բարվոք չէ, բայց հիմնական պատճառը տեխնիկան է»,- հավելեց Արեյանը:

Նա ասաց՝ անձամբ է եղել պարկում. այն, ինչ նկատելի է, առանձին քննարկման առարկա է: «Պատճառները տարբեր են, մտահոգությունը՝ մեկը, որ այդ հիմնարկում պետք է խստացվի տեխնիկայի մասնագիտական շահագործման նկատմամբ հսկողությունը, ամենօրյա սպասարկումը: Դա վերաբերում է նաեւ ձնամաքրման տեխնիկային, աղբատարներին,  փոշեկուլներին»,-նշեց նա:

Քաղաքապետի խորհրդականի հավաստմամբ՝ տնօրենի հետ պայմանավորվել են, որ հուլիսի 17-ից կներկայացվի յուրաքանչյուր անսարք մեքենայի վերականգնման ժամկետը, որ կարողանան լիարժեք շարժակազմով սպասարկել քաղաքը: Արեյանը շեշտեց՝ ամեն ինչ պետք է անեն՝ ժամ առաջ կանխելու այս երեւույթը:

Ավինյանն էլ հավելեց՝ առանձին քննարկում պետք է ունենան այդ թեմայով:  Նա նշեց՝ այն տեխնիկան, որ ձեռք էր բերվել, ենթադրվում է, որ առնվազն 10 տարի պետք է ծառայեր: Եվ փչանալու ցուցանիշը շատ մեծ մտահոգությունների տեղիք է տալիս: Փոխքաղաքապետը տեղեկացրեց նաեւ, որ կա 4 հավելյալ մեքենա, որոնք ճանապարհին են, Հայաստան հասնելուն պես դուրս կգան փողոցներ:  Ավինյանը հավելեց՝ առկա դժվարությունները վստահաբար ինչ-որ ժամանակում կլուծեն, սակայն սա ահազանգ է նրա մասին, որ այս տեխնիկայով հեռու չեն գնալու: Այս թեմայով քաղաքապետարանում քննարկում կունենան՝ մշակելու հետագա զարգացման պլան:

 

 

 

ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՑԱՆՑԸ ԿԲԱՐԵԼԱՎՎԻ

Երեւանի Գարեգին Նժդեհ փողոցում նախատեսվում է առանձնացնել ավտոբուսային գծեր: Քաղաքապետարանի գործակարգավարական նիստում այս մասին հայտնեց Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատար Վազգեն Հարությունյանը:

«Հասարակական տրանսպորտի համար առանձնացված նոր երթեւեկելի գոտիների ներդրմամբ աշխատանքների շրջանակում ներկայումս իրականացվում են Գարեգին Նժդեհ փողոցի երթեւեկության կազմակերպման փոփոխության սխեմաների մշակման աշխատանքներ, որը նախատեսում է նշված փողոցում առանձնացված ավտոբուսային գծի ներդրում»,-ասաց Հարությունյանը:

Գարեգին Նժդեհ փողոցի ընտրությունը նա պայմանավորեց նշված հատվածով թվով 21 հասարակական տրանսպորտի երթուղիների սպասարկմամբ, երթուղիների ինտենսիվությամբ: Առաջիկա շաբաթների ընթացքում կհրապարակվեն Գարեգին Նժդեհ փողոցի երթեւեկության կազմակերպման փոփոխության նոր սխեմաները, կսկսեն իրականացվել գծանշման աշխատանքները, ինչպես նաեւ կահավորումը՝ համապատասխան ճանապարհային նշաններով:

«Այս փոփոխությունը հնարավորություն կտա հասարակական տրանսպորտից օգտվողներին խուսափել նշված փողոցի տրանսպորտային հոսքերի խցանումներից եւ  կնվազեցնի ուղեւորության միջին տեւողությունը տվյալ փողոցը սպասարկող երթուղիների համար»,-ասաց Հարությունյանը:

Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ հիշեցրեց՝ ինչպես խոստացել էին՝ տրանսպորտային բարեփոխման կարեւորագույն մաս են ավտոբուսային առանձնացված գծերը, որով հասարակական տրանսպորտին տալիս են առավելություն՝ մարդատար մյուս ավտոմեքենաների նկատմամբ:

«Դա, իհարկե, որոշ անհարմարություններ պատճառում է ավտոմեքենա վարողներին: Այնուամենայնիվ, սա է այն ճանապարհը, որով պետք է հասարակական տրանսպորտը զարգանա ե՛ւ որակապես,  ե՛ւ ժամանակային առումով: Տրանսպորտը պետք է լինի Երեւան քաղաքով ամենաարագ տեղաշարժվողը: Հուսով եմ՝ շատ շատերս վաղ թե ուշ մեր ավտոմեքենաներից տեղափոխվելու ենք դեպի հարամարվետ եւ առանձնացված գծերով երթեւեկող, օնլայն վճարելու հնարավորություն տվող ավտոբուսներ»,-ասաց փոխքաղաքապետը:




Լրահոս