ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵՄ ԴԵՍՊԱՆԸ ԴԵՌ ԿՎԵՐԱԴԱՌՆԱ

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան  Անդրեա Վիկտորինի հետ, որն ավարտում է իր դիվանագիտական կարիերան Հայաստանում եւ մյուս ամիս պետք է գնա Հայաստանից:

-Տիկին դեսպան, կա՞ Հայաստանում մի բան, որ ձեզ դուր չի եկել, որի հետ հաշտ  չեք մինչ օրս։ Ի՞նչ կառաջարկեք, ինչպե՞ս փոխել: Ձեր մոտ՝ Գերմանիայում, կարգուկանոնը առաջնային է։

-Մեքենաներ վարելու խնդիր ունենք։ Ես կուզեի, որ ավելի դանդաղ վարեինք, հատկապես կուզեմ փոխվի ոստիկանական ավտոմեքենաների վարման ձեւը: Իմ երկրում այդ ազդանշաններով մեքենաները վարում են լրիվ այլ դեպքերում, դրանք օգտագործում են այլ նպատակներով: Քանի որ մենք աշխատում ենք ոստիկանական համակարգի բարելավման ուղղությամբ, իմ առաջարկը դա կլիներ: Անհնար է շատ հաճախ հասկանալը, թե նրանք իրենց բարձրախոսով ինչ են ասում մեքենայի միջից: Ես մտածում էի՝ խնդիրն իմ մեջ է, քանի որ հայերեն չեմ հասկանում, բայց հարցնում եմ մյուսներին, նրանք եւս չեն հասկանում։

-Որպես տուրիստ կգա՞ք Հայաստան Ձեր պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո։

-Միանշանակ կվերադառնամ: Ես պետք է փոքր-ինչ դադար ունենամ եւ հաջորդող դեսպանին հնարավորություն տամ սովորելու աշխատանքին, բայց որոշակի ժամանակ անց միանշանակ կվերադառնամ Հայաստան։

Շարունակությունը՝ ArmLur.am-ի տեսանյութում:

 

 

 

 

Երեւանի ավագանու ընտրություններում իշխող ՔՊ-ն մասնակցելու է հին դեմքերով: Թեեւ դեռ որոշված են միայն առաջին 5 համարների անունները, բայց արդեն կարելի է պատկերացում կազմել, թե ինչ տեսք ունի նոր իշխանության հնացած ցուցակը: Արմեն Փամբուխչյանը՝ Փամբը, կլինի 2-րդ համարը: Նա 2001 – 2006 թվականներին սովորել է Երեւանի «Հրաչյա Աճառյան» համալսարանում եւ ծառայել է ՀՀ զինված ուժերում։ Փամբուխչյանն այն երջանիկներից է, որը մինչ հեղափոխությունն աշխատել է բանկային համակարգում եւ 2018-ից նրա մոտ սկսվել է պաշտոնական առաջխաղացման շրջանը: Հունիսի 6-ին նշանակվել է ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ, հոկտեմբերին՝ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ։ Դեկտեմբերի 9-ին կայացած ԱԺ ընտրություններում պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» դաշինքի ցուցակով: 2020 թվականի սեպտեմբերի 24-ին նշանակվել է արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ, իսկ ապրիլի 12-ին՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար։ Նրա՝ որպես նախարարի  գործունեությունից ոչինչ չի հիշվում, սակայն «Սուրմալու»-ի ողբերգական պայթյունի օրերին Արմեն Փամբուխչյանն ի ցույց դրեց իր կառավարման անկարողությունը, երբ իր օգնականի հետ մաքուր, փայլուն կոշիկներով նկարվում էր պայթյունի ֆոնին այն դեպքում, երբ պայթյունից մեկ տարի անց՝ մինչ օրս, կա մեկ անհետացած մարմին «Սուրմալու»-ից: Մենք հերթով կանդրադառնանք իշխող ՔՊ-ի կազմած ընտրացուցակի ներկայացուցիչներին:

 

 

 

 

ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ պաշտոնավարումը դադարեցված ՀՀ վճռաբեկ դատարանի դատավոր Տիգրան Պետրոսյանը հանրագիր է ներկայացրել ԲԴԽ անդամներին, որով առաջարկել է կարգապահական վարույթ հարուցել ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի նկատմամբ վերջինիս կողմից դատավորի վարքագծի կանոնի խախտման, այն է՝ դատավորների կարգապահական վարույթների ընթացքում վարույթի կողմ հանդիսացող ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հետ առանձին հանդիպումներ ունենալու համար: Հիշեցնենք, որ ԲԴԽ շենքի մոտ գտնվող, ենթադրաբար Գ. Մինասյանին պատկանող սրճարանում այդպիսի մի հանդիպման փաստին ԶԼՄ-ներն արդեն անդրադարձել են, նույնիսկ հրապարակվել է հանդիպումներից մեկի տեսանյութը, հանդիպումների փաստն իր հարցազրույցում հաստատել է Գրիգոր Մինասյանը, իսկ Կարեն Անդրեասյանն էլ այն չի ժխտել: Այսինքն՝ ակնհայտորեն կա շահերի բախում: Ժողովուրդ օրաթերթի ձեռքի տակ է հայտնվել հանրագիրը ամբողջությամբ, որտեղ փաստարկված է, թե օրենքի ինչ կետեր է խախտել։ Անդրեասյանը՝ իր ընկերոջը՝ նախարար Մինասյանին հանդիպելով: Ու հետաքրքիր է, թե  ինչ որոշում կկայացնեն ԲԴԽ անդամները: Եթե նրանք չիրացնեն օրենքով իրենց վերապահված լիազորությունները եւ Կ. Անդրեասյանի նկատմամբ կարգապահական վարույթ չհարուցեն, ապա դա կնշանակի, որ այսուհետ Հայաստանի Հանրապետությունում բոլոր դատավորները դատարանների շենքերի մերձակա հասարակական սննդի օբյեկտներում կարող են անարգել հանդիպել իրենց վարույթում գտնվող գործերով կողմերին եւ շփվել նրանց հետ, քննարկել գործի հանգամանքները: Տիգրան Պետրոսյանի կողմից ներկայացված հանրագիրը՝ ArmLur.am կայքում:

 

 

 

 

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, նախկին հաղորդավար Լուսինե Բադալյանը՝ Լուլուն, ֆինանսական վիճակը բարելավել է: Նա 2022 թվականի վերջում 48 մլն դրամի վարկ է ունեցել, որը հիփոթեքով բնակարան ձեռք բերելու համար է նախատեսված, սակայն բուն հիփոթեքով ձեռք բերված բնակարանի մասին տեղեկություններ հայտարարագրում առկա չէ։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Արարատի մարզի Այնթափ համայնքում համատեղ սեփականության իրավունքով հողամաս ունի պատգամավորը եւ Աջափնյակ վարչական շրջամում էլ կրկին համատեղ իրավունքով բնակարան ունի՝ ձեռք բերված 2013 թվականին։ ՔՊ-ական պատգամավորը մեքենա չունի։ Լուսինե Բադալյանի հայտարարագրից տեղեկանում ենք, որ բանկային հաշիվներին առկա գումարը նվազել է՝ 456 հազարից դառնալով 198 հազար դրամ, սակայն ավելացել են կանխիկ դրամական միջոցները։ Մասնավորապես, տարվա սկզբում նա ունեցել է 1500 դոլար, որը տարվա վերջում դարձել է 4 հազար դոլար, իսկ 2 մլն 600 հազար դրամն էլ դարձել է 3 մլն 500 հազար դրամ։ Մեկ տարվա ընթացքում պատգամավորը վաստակել է 10 մլն դրամ, որից 8 մլն 320 հազար դրամը նրա աշխատավարձն է, իսկ 1 մլն 680 հազար դրամ էլ նա ստացել է Ֆինանսների նախարարությունից։ Ինչի դիմաց է պատգամավորը Ֆինանսների նախարարությունից գումար ստացել, պարզ չէ. հայտարարագրում չի երեւում: Նշված է նաեւ, որ նա մեկ տարվա ընթացքում 6 մլն 600 հազար դրամ է ծախսել վարկը մարելու համար: Եւ անհասկանալի է մնում, թե այդ դեպքում ինչպես են նրա կանխիկ միջոցներն աճել:




Լրահոս