ՄԻԼԻՈՆՆԵՐՈՎ ԱՇԽԱՏԱՎԱՐՁ՝ ԱՌԱՆՑ ԾԱԽՍԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը պաշտոնի նշանակվել է 2022 թվականի ապրիլի 27-ին: Նախարարը հայտարարագիրը ներկայացրել է ուշացումով. ներկայացնելու վերջնաժամկետը մայիսի  31-ն էր, իսկ նա ներկայացրել է հունիսի 7-ին:

 

«Ժողովուրդ» օրաթերթը պարզաբանումների համար կապվեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանի հետ, եւ պարզվեց, որ նման դեպքերում ոչ մի տույժ եւ տուգանք չկա սահմանված:

Նախարարը ոչ մի անշարժ գույք չի ներկայացրել, սակայն հայտարարագրել է TOYOTA մակնիշի, 2008 թվականի արտադրության մեկ մեքենա, որը ձեռք է բերել 2011 թվականին: Խաչատրյանի բաժնային արժեթղթերը եւ այլ ներդրումները կազմել են 500 հազար դրամ է, որը նվիրատվություն է Վահան Հարությունյանից: Հանձնված եւ վերադարձված փոխառությունները կազմել են 4 մլն 580 հազար դրամ եւ 2 մլն 744 հազար դրամ, որոնք  «Սիմարտեկ Ինտեգրեյթիդ Սոլյուշնս» ՓԲԸ-ից եւ «Սիմարտեկ» ՓԲԸ-ից են: Նրա բանկային հաշիվների մնացորդները կազմել են  3 մլն 060 հազար, իսկ կանխիկ դրամական միջոցները՝  4 մլն, 10 հազար եվրո եւ 30 հազար դոլար:

Նրա տարեկան եկամուտները կազմել են  24 մլն 680 հազար դրամ: Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը, որը ներկայացնում է Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը, հենց նույն նախարարությունից ստացել է 18 մլն 024 հազար դրամ աշխատանքի վարձատրություն, 6 մլն 513 հազար դրամը վարկ է «Կոնվերս» բանկից, իսկ 142 հազարը «Սիմարտեկ» ՓԲԸ-ից ստացված շահաբաժին է:

Ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 6 մլն 513 հազար դրամ:

Ավելացնենք նաեւ, որ  «Սիմարտեկ» ՓԲԸ-ն տնօրինում է նախարարի հայրը՝  Նորայր Խաչատրյանը, սակայն այս կազմակերպության  բաժնետերեր համարվում են Գեւորգ Հարությունյանը՝ 50%, եւ Ռոբերտ Խաչատրյանը՝ 50% բաժնեմասով:

Խաչատրյանը նման եկամուտներ է ներկայացրել, սակայն ոչ մի ծախս չի հայտարարագրել:

Խաչատրյանի հետ նույն հասցեում գրանցված է 6 անձ, որոնք, լինելով նախարարի ընտանիքի անդամներ, հայտարարագիր չեն ներկայացրել:

 ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 

 

 

2 ԵՐԹՈՒՂԻ՝ ԱՐՑԱԽՈՒՄ

Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում սահմանափակվում է հասարակական տրանսպորտի շահագործումը. մայրաքաղաքի բնակչությանը կշարունակեն սպասարկել միայն ծայրամասային թաղամասերը սպասարկող երկու երթուղիները։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի ներքին գործերի նախարարությունը:

«Հանրապետությունում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ վառելիքի սղության եւ հանրային տրանսպորտի բացակայության պատճառով մայրաքաղաքում, բացի երկու երթուղիներից, որոնք ծայրամասային թաղամասերն են սպասարկում, դադարեցված է հասարակայան տրանսպորտի շահագործումը:

Այս օրերին մի խումբ քաղաքացիներ, այդ թվում՝ անչափահասներ, որպես այլընտրանքային միջոց օգտագործում են հեծանիվներ, մոպեդներ եւ կամ ինքնագլորներ:

Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է ծնողներին ուշադիր լինել երեխաների նկատմամբ եւ տրանսպորտի այլընտրանքային միջոցները կիրառել նախատեսված վայրերում՝ առանց վտանգելու սեփական կյանքը, բացառելու վթարների դեպքերը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքն ապօրինի արգելափակելու հետեւանքով Արցախում հումանիտար իրավիճակը սրվում է ժամ առ ժամ։ Գրեթե դատարկ են խանութները, կա սննդի, առաջին անհրաժեշտության ապրանքների, այդ թվում՝ վառելիքի պակաս։

 

 

 

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԱՃ

Հայաստանում գյուղատնտեսությունը պետք է արդիականանա: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը այս մասին շեշտեց կառավարության  նիստում նախագծերից մեկի քննարկման շրջանակում, որը վերաբերում էր առաջիկա 3 տարում գյուղատնտեսության ոլորտի անելիքներին:

«Տնտեսական աճի ֆոնին գյուղատնտեսության ոլորտում մեր ցուցանիշներն առնվազն տպավորիչ չեն: Մենք երբեմն անկման գործընթաց ենք ունենում: Մենք այդ թեմայի մասին շատ ենք մտածել, քննարկել: Մեզ մոտ անկում է ապրում ավանդական գյուղատնտեսությունը, իսկ ժամանակակից ինտենսիվ գյուղատնտեսությունն աճ է ապրում, այդ թվում՝ կառավարության ծրագրերով»,-ասաց Փաշինյանը: Կառավարության աջակցության այդ ծրագրերը, ըստ նրա, իրենց կողմից ցանկալի մասշտաբներ չունեն, սակայն, մյուս կողմից, նկատում են, որ ինտենսիվ այգիների հիմնադրման, կաթիլային ոռոգման, խելացի անասնագոմերի կառուցման գործընթացը թեկուզ դժվարությամբ, բայց առաջ է գնում:

Վարչապետը նկատեց՝ հիմա մարզերում իսկապես հիմնվում են խելացի անասնագոմեր: «Գյուղատնտեսությունը պետք է արդիականանա»,-նշեց վարչապետը:

Վարչապետը նաեւ շեշտեց, որ Հայաստանում արտադրված սննդամթերքը պետք է որոշակի անվտանգային եւ որակական չափանիշների համապատասխանի: Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն էլ խոսեց «Գյուղատնտեսության  մասին» օրենքի մշակումից: Նա կարեւորեց դա՝ օրենսդրական կարգավորումներով գյուղատնտեսական ոլորտը գրավիչ դարձնելու առումով:

 

 

ԴԱՏ՝ ԽԱՐԴԱԽՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

Իջեւան քաղաքի բնակիչ Նառա Ղազումյանին  մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2006-2009թթ. ընթացքում աշխատելով «Ապավեն համայնքներին» բարեգործական հիմնադրամում որպես մարզային կազմակերպչի օգնական, ապա ՝ կազմակերպիչ, ուրիշի գույքը խարդախությամբ հափշատակելու դիտավորությամբ Արա Սիմոնյանի, Ստելլա Դավիդյանի եւ Ջեմմա Ֆրանգուլյանի օժանդակությամբ, չարաշահելով մի շարք քաղաքացիների վստահությունը, վերջիններիս նշված գործունեությունը դադարեցված բարեգործական հիմնադրամում  բարձր վարձատրվող տարբեր աշխատանքների ընդունելու, թանկարժեք ավտոմեքենաներ եւ բնակարաններ հատկացնելու, շինություն վարձակալելու պատրվակով խաբեությամբ հափշտակել է առանձնապես  խոշոր չափի գումարներ։

Ն. Ղազումյանին  մեղադրանք է առաջադրվել՝  ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով եւ 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, Արա Սիմոնյանին, Ստելլա Դավիդյանին եւ Ջեմմա Ֆրանգուլյանին՝ քրեական օրենսգրքի  36-178 հոդվածի  3-րդ մասի 1-ին կետով։

Ղազումյանը գտնվում է կալանքի տակ, մնացած 3-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։ Քրեական  գործում խարդախության դրվագները բազմաթիվ են, դրանցից մեկով Ղազումյանը, ներկայանալով իբրեւ «Ապավեն համայնքներին» բարեգործական հիմնադրամի  ղեկավար պաշտոնյա, իր ազգական Հակոբ Խոսրովյանին հայտնելով Արարատի մարզում գյուղատնտեսության ոլորտում հիմնադրամի կողմից իբր նախաձեռնվող  մեծածավալ բարեգործական ծրագրի մասին, նրան առաջարկել է ներգրավվել հիմնադրամի աշխատանքներում, խոստացել է միջնորդել հիմնադրամի ղեկավարությանը նրան՝ որպես Արարատի մարզի համակարգող, իսկ նրա ընտանիքի անդամներին տարբեր այլ պաշտոնների նշանակելու, ինչպես նրան «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենա տրամադրելու հարցում։  Ղազումյանը հիշյալ պատրվակներով 2018թ. հոկտեմբերից մինչեւ 2019թ.-ի  փետրվարն ընկած ժամանակահատվածում Հակոբ Խոսրովյանից հափշտակել է 28.980.000 ՀՀ դրամին համարժեք 60 հազար ԱՄՆ դոլար։ 2023թ. հունիսի 6-ին Սեւան քաղաքում Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Դ. Սարգսյանը որոշել է քրեական գործի ընդդատությունը փոխել եւ գործն ուղարկել Տավուշի մարզի  առաջին ատյանի դատարան։

Ղազումյանը, Տավուշի մարզի Չինչին համայնքում տարբեր ծրագրեր իրականացնելու կեղծ խոստումներ տալով, 2016թ. դեկտեմբերի 29-ից մինչեւ 2017-ի փետրվարի 20-ը  Չինչին համայնքի ղեկավար Կարեն Դարբինյանից  հափշտակել է 200 հազար դոլար։ 2020թ. փետրվարի 7-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանը  Ղազումյանին մեղավոր է ճանաչել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, եւ դատապարտել 7 տարի ժամկետով ազատազրկման։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 




Լրահոս