ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի տեղակալ Արթուր Հովսեփյանը ՀՀ պետական եկամուտների կոմիտեում բաժնի պետ լինելուց հետո քայլում է այնտեղ, որտեղ Արայիկ Հարությունյանն է։ Սկզբում ԿԳՄՍ նախարարի խորհրդական էր, հետո՝ Գիտության կոմիտեի գլխավոր քարտուղար, ապա՝ 2021 թվականից, երբ Հարությունյանը նշանակվեց վարչապետի աշխատակազմի ղեկավար, Հովսեփյանը նշանակվեց աշխատակազմի ղեկավարի տեղակալ։
Հովսեփյանը թեեւ հեղափոխությունից առաջ էլ աշխատում էր Ֆինանսների նախարարությունում, այնուամենայնիվ 2019 թվականին ձեռք է բերել մեկ բնակարան եւ մեկ ավտոկայանատեղի Երեւանի Արաբկիր վարչական շրջանում։
Հովսեփյանը հայտարարագրել է մեկ մեքենա՝ 2014 թվականի արտադրության, Nissan մակնիշի, որ ձեռք է բերել 2017 թվականին։
Նրա բանկային հաշիվների մնացորդները կազմել են 190 հազար դրամ, իսկ կանխիկ դրամական միջոցները՝ 400 հազար դրամ։
Հովսեփյանի հաշվետու տարվա եկամուտները կազմել են 17 մլն 597 հազար դրամ, որից 15 մլն 459 հազարը աշխատանքի վարձատրություն է վարչապետի աշխատակազմից։
Արթուր Հովսեփյանը ձեռք է բերել հիպոտեկով բնակարան՝ 23 մլն արժողությամբ, Արաբկիր վարչական շրջանում։ Ըստ այդմ՝ ՀՀ ֆինանսների նախարարությունից ստացել է 2 մլն՝ եկամտահարկի վերադարձի օրենքի շնորհիվ։
Հովսեփյանը ծախսեր բաժնում նշել է միայն վարկի մարմանն ուղված ծախսեր՝ 4 մլն դրամ։
Արթուր Հովսեփյանի կինը՝ Աննա Ստեփանյանը, 2016 եւ 2018 թվականներին ձեռք է բերել բնակարան՝ մեկը՝ Ավանում, մյուսը՝ Կենտրոն վարչական շրջանում։ Բնակարանները համատեղ սեփականությամբ են, սակայն դրանց սեփականատեր չի համարվում Արթուր Հովսեփյանը։
Կնոջ բանկային հաշիվների մնացորդները կազմել են 773 հազար դրամ, իսկ կանխիկ գումարը՝ 1մլն 200 հազար դրամ։
Կնոջ տարեկան եկամուտները կազմել են 33 մլն 201 հազար դրամ, որից 4 մլն 296 հազար դրամը ՀՀ ֆինանսների նախարարությունից է, եւ կրկին՝ եկամտահարկի վերադարձի օրենքով։ Հիպոտեկով ձեռք բերված բնակարանն արժե 49 մլն 741 հազար դրամ. բնակարանը գտնվում է Կենտրոն վարչական շրջանում։
Հովսեփյանի կնոջ եկամուտները կազմել են 33 մլն 201 հազար դրամ, որից 28 մլն 905 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է «Սիներջի Սիսթեմս» ՍՊԸ-ից: Ըստ ամուսնու հայտարարարագրի՝ Աննա Ստեփանյանը «Սիներջի ինթերնեյշնլ սիսթըմզ» ընկերության հայկական մասնաճյուղի տնօրենն է։
ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԱՐՑԸ՝ ԱՐՓԻԻՆ
Իջեւանի գինու, կոնյակի գործարանը Աղստեւի հունը մոտ 30 մետր տեղափոխել, այդտեղ ապօրինի շինարարություն է արել, ապօրինի կենդանաբանական այգի ստեղծել, որտեղ պահվում են ջայլամ, այծյամ եւ այլ կենդանիներ։ Այդ կենդանաբանական այգու մասին հայտարարել է Իջեւանի դենդրոպարկի երկարամյա տնօրեն Մեխակ Սայադյանը։ Համացանցում այդ գործարանի վերաբերյալ գովազդային տեսահոլովակ կա, ուր ջահել, բարետես մի աղջիկ շրջայց է կատարում գինու, կոնյակի գործարանի տարածքում, նաեւ այլցելում նոր կառուցված տարածքում պահվող վայրի կենդանիներին։ Գինու, կոնյակի գործարանը, Աղստեւի հունում խոշոր քարեր շարելով, այժմ վերականգնել է գետից Իջեւանի դենդրոպարկի ոռոգման ջրի սնուցումը, սակայն դենդրոպարկում չորացած շուրջ 1500 հազվագյուտ ծառերն ու թփերը եւ 24 հազար տնկիներն այլեւս չեն կանաչի։ Դենդրոպարկի տնօրեն Մ. Սայադյանի վկայությամբ՝ դենդրոպարկին պատճառված վնասը կազմում է շուրջ 5 միլիոն դոլար։ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կողմից մասնագիտական հանձնաժողով չի ստեղծվում՝ դենդրոպարկին պատճառված վնասները գնահատելու համար։ 2023թ. հունվարի 16-ին «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի գրասենյակում կայացել է Իջեւանի դոնդրոպարկի տարածքի երկրորդ մասը՝ 5,7 հեկտարը վարձակալության տրամադրելու մրցույթ, որում հաղթել է Իջեւանի գինու, կոնյակի գործարանը։ 2023թ. փետրվարի 2-ին «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի տնօրեն (այժմ նախկին) Լեւոն Գաբրիելյանի եւ Իջեւանի գինու, կոնյակի գործարանի միջեւ կնքվել է վարձակալության պայմանագիր, 5,7 հա տարածքը, որը դենդրոպարկի մաս է, հատկացվել է գինու, կոնյակի գործարանին հանգստի գոտու վերածելու նպատակով։
Մ. Սայադյանը հայտնեց, որ այդ 5,7 հեկտարից վարարած Աղստեւը կես հեկտարը քշել-տարել է, իսկ մնացած հատվածում մոտ 50 միլիոն դրամի տնկիներ կան, որոնք պետք է իրացվեն, սակայն Իջեւանի գինու, կոնյակի գործարանը դենդրոպարկի աշխատողներին թույլ չի տալիս այդ տարածք մտնել, տնկիներն իրացնել։ «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի տնօրենի Ժ/Պ Լ. Տեր-Սիմոնյանը Մ. Սայադյանին եւ դենդրոպարկի մնացած 3 աշխատողներին գրավոր ծանուցել է, որ օգոստոսի 20-ից նրանց հաստիքները լուծարվելու են։ Սայադյանի եւ դենդրոպարկի 3 աշխատողների ամսական ընդհանուր աշխատավարձը կազմում է 470 հազար դրամ։ Մ. Սայադյանը դենդրոպարկի խնդիրները ներկայացրել է 2021թ. ամռանը դենդրոպարկ այցելած, ծննդով Իջեւանից վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Սայադյանը ցույց է տվել գետի հունում գինու, կոնյակի գործարանի կողմից կառուցող մեծ պատը եւ հարցրել, թե ինչ է լինելու այդ գործը։ Նիկոլ Փաշինյանը, որն այդ ժամանակ կապելիս է եղել իր փոքր աղջկա կոշիկի քուղը, հարցրել է երեխային.
-Հը՞, Արփի՛, ի՞նչ կարծիքի ես…
Դրանից մեկ ամիս անց Սայադյանին ազատել են աշխատանքից, սակայն նա, դատարան դիմելով, դատարանի որոշումով վերականգնվել է պաշտոնում։ Իջեւանի դենդրոպարկը 1961թ. է ստեղծվել, հետո զարգացել է Սայադյան ընտանիքի 3 սերնդի ջանքերով, այդ ընտանիքի միջոցներով. Մեխակ Սայադյանը մտադիր է մինչեւ վերջ պայքարել դենդրոպարկը փրկելու համար։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ