ԱԶԳԱՅԻՆ ԵՐԳՆ ՈՒ ՊԱՐԸ՝ ԱՄՐՈՑՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արագածոտնի մարզի Դաշտադեմի ամրոցը հուլիսի 21-ին հյուրընկալել էր ազգային պարին նվիրված «Զարկ-ֆեստ» փառատոնը, որի ընթացքում տեղացիներին եւ Հայաստան այցելած հյուրերին համերգային ծրագրով ու տեսանյութերով ներկայացվեց հայ ժողովրդի պարը:

 

«Ցանկանում ենք ակտիվացնել մարզային մշակութային կյանքը, որովհետեւ մարզերի բնակիչները մշակույթի հետ հաղորդակցվելու սուղ հնարավորություններ ունեն: Մեր նպատակներից է նաեւ Դաշտադեմի հրաշալի պատմական ամրոցը հանրահռչակելը: Ուզում ենք ակտիվացնել զբոսաշրջիկների հոսքը»,- նշել է  Ժողովրդական երաժշտության եւ պարի ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Սարգսյանը:

Նրա խոսքով՝ հիմնականում զբոսաշրջիկները ցանկանում են ճանաչել երկրի պատմամշակութային հուշարձաններն ու ծանոթանալ ժողովրդական արվեստին: Ըստ Սարգսյանի՝ կարելի է այդ երկուսը կազմակերպել մեկ հարթակում, եւ այդպես կակտիվանա Դաշտադեմի ամրոցը:

«Պետք է զարկ տալ դրան, հենց այդ նպատակով էլ փառատոնը կրում է «Զարկ-ֆեստ» անունը»,-շեշտեց Արմեն Սարգսյանը:

Արագածոտնի մարզպետի աշխատակազմի զարգացման ծրագրերի մշակման եւ իրականացման բաժնի ղեկավար Գագիկ Պողոսյանը հիշեցրեց, որ մարզը հիմնականում բնակեցված է Սասունից, Մուշից, Ալաշկերտից գաղթած բնակիչներով, որոնք բերել են իրենց երգը, պարը, մշակույթը:

«Մեր մարզը բազմազան է իր մշակութային շերտերով, գանձերով: Ցանկանում ենք այդ հարստությունը փոխանցել երիտասարդներին: Համագործակցելով տարածքային կառավարման մարմինների, նախարարությունների հետ՝ փորձում ենք միջոցառումներ կազմակերպել, որոնք կպահպանեն մշակութային արժեքները»,- ընդգծեց նա եւ հավելեց՝  մի քանի օր առաջ Բյուրականում ազգային նվագարաններին նվիրված միջոցառում են անցկացրել, իսկ այժմ՝ «Զարկ-ֆեստ»-ը:

Անդրադառնալով Դաշտադեմի ամրոցին, որը պատմամշակութային ժառանգության հրաշագեղ միջնաբերդ-դղյակ է, Պողոսյանն ասաց՝ ցավոք, նույնիսկ Հայաստանում այն շատ հայտնի չէ, ուստի փառատոնը կարեւոր քայլ է ամրոցը ճանաչելի դարձնելու առումով:

Փառատոնին ելույթ ունեցան «Ալթունյան» պետական անսամբլը, «Ակունք», «Կարին», «Սասնա ծռեր» ազգագրական խմբերը, Վարդան Բադալյանը, Մավր Մկրտչյանը, Ռուբեն Սասունցին եւ այլք: Էկրանին տեսաշարերի տեսքով անդրադարձ արվեց մարզի կենցաղին, եկեղեցիներին ու անհատականություններին, մարզի բնակիչների ծագումնաբանությանն ու բանահյուսությանը:

«Ժողովրդական երգը մեր անձնագիրն է, մեր ինքնությունն է, իսկ նման փառատոններն առաջին հերթին հնարավորություն են տալիս ճանաչել մեր թաքնված գանձերը: Ես լսել էի Դաշտադեմի ամրոցի մասին, սակայն առաջին անգամ եմ այցելում այստեղ: Եկել եմ տղայիս հետ: Հաճախ կգանք այստեղ, մեր հյուրերին կբերենք»,-ասաց Վարդան Բադալյանը:

Երգչի համոզմամբ՝ Հայաստանում նման վայրեր շատ կան, պարզապես պետք է բացահայտել դրանք, իսկ փառատոններն այդ անելու լավագույն միջոցն են:

Միջոցառման շրջանակում տարածքում գործում էին նաեւ տաղավարներ, որոնցում հնարավոր էր գտնել համեղ մրգեր եւ ուտեստներ: Ներկաները հնարավորություն ունեին անվճար խնոցու թան վայելել: Տաղավարներից երկուսը ծառայում էին էթնոգրաֆիկ լուսանկարահանմանը:

Փառատոնն անցկացվեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության աջակցությամբ։

 




Լրահոս