Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը վերջին երկու տարվա ընթացքում դրամաշնորհային ծրագրով ՀՀ դիվանագիտական դպրոցին հատկացրել է 449 մլն 098 հազար դրամ: Մինչ այդ որեւէ հատկացում չկա, համենայնդեպս պետական գնումների մասին առցանց հարթակում այդ մասին ոչինչ նշված չէ:
Տեղեկացնեք, որ ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցը կամ Հայաստանի դիվանագիտական դպրոցը հիմնվել է ՀՀ կառավարության որոշմամբ 2009 թվականի սեպտեմբերին: Դպրոցի առաջնային նպատակներն են Արտաքին գործերի նախարարության համակարգի համար դիվանագիտական կադրերի պատրաստումը:
Արդեն 14 տարի է, ինչ գործում է դիվանագիտական դպրոցը: Այս ընթացքում հայաստանյան դիվանագիտությունը որեւէ շոշափելի արդյունք չի ունեցել: Այն ժամանակահատվածում, երբ Հայաստանը պատերազմական գործողությունների թատերաբեմում էր, դիվանագիտական լուրջ հարաբերություններ ծավալելու փոխարեն, փրփուրներից էր կախվում իշխանությունը: Այն ժամանակ, երբ ճիշտ դիվանագիտական քայլերն ամենաանհրաժեշտն էին Հայաստանի համար, մենք չտեսանք 10 տարուց ավել գործող կառույցի «արտադրած ռեսուրսները»: Հայաստանի եղած եւ արդեն քայքայված դիվանագիտության ներկայացուցիչները իշխանական դրածոներն են, ովքեր անցյալում նույնիսկ որեւէ կապ չեն ունեցել դիվանագիտական բանակցությունների հետ:
Օրինակ՝ ԱԳՆ նախարար Արարատ Միրզոյանը, նրա տեղակալ Վահե Գրիգորյանը, Մնացական Սաֆարյանը, Պարույր Հովհաննիսյանը, Վահան Կոստանյանը, Ամերիկայում դիվանագիտական ծառայություն կատարող Լիլիթ Մակունցը, Իսպանիայում՝ Սոս Ավետիսյանը, Գերմանիայում Վիկտոր Ենգիբարյանը ներկայացնում են Հայաստանը, սակայն չունեն դիվանագիտական կրթություն: Մինչդեռ, համակարգում ներկայացուցիչների մեծ մասի աստիճանը արտակարգ եւ լիազոր դեսպան է, սակայն նրանք ոչ մի կապ չունեն դիվանագիտության հետ` ո՛չ կրթություն ունեն, ո՛չ մասնագիտացում։
Ո՞ւր է այն ռեսուրսը, որը պետք է օգտագործվեր Հայաստան-Թուրքիա բանակցությունների համար, եւ ինչո՞ւ պիտի Հայաստանի անունից թուրք դեսպան Սերդար Քըլըչի հետ հանդիպմանը հայաստանյան ներկայացուցիչը լիներ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը, որը դիվանագիտություն բառի հետ անգամ կապ չունի։
Այսպիսով, ինչի՞ համար է այն կառույցը, որը նպատակին չի ծառայում, ինչի՞ համար են ՀՀ պետական բյուջեից ներկայիս իշխանությունների օրոք միլիոնավոր ներդրումներ արվում, որոնք անարդյունք են մնում, եւ վերջապես ինչի՞ համար է դեռ կանգուն այն կառույցը, որն իր առաջնային նպատակը չի իրականացնում: Դիվանագիտությունը չի լուծում ո՛չ Հայաստաի, ո՛չ Արցախի առջեւ ծառացած լրջագույն մարտահրավերները, եւ շարունակ կրակոցն է իր «գործն անում»:
Չնայած որ ամառային հանգստի շրջան է, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում այս օրերը բուռն աշխատանքային են: Նաեւ վերանորոգումների փուլում են իշխանությունները՝ պայմանավորված աշնանը սպասվող ավագանու ընտրություններով: Այս պահին վերանորոգվում է ՔՊ նախընտրական գլխավոր շտաբը, որը գտնվում է Հյուսիսային պողոտայում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ շտաբը օգոստոսի սկզբից արդեն պաշտոնապես կգործի: Գլխավոր շտաբը պատրաստ լինելուց հետո արդեն ամեն վարչական շրջանում շտաբներ կբացվեն, եւ կսկսվի բուն քարոզարշավը: Թեեւ խորհրդարանն ավարտել է իր աշխատանքները, բայց ՔՊ-ական պատգամավորները ամեն շաբաթ վարչության եւ նախաձեռնող խմբի նիստեր են անում, հանդիպումներ կազմակերպում, որի ընթացքում Նիկոլ Փաշինյանի ու իրենց քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանի հետ քննարկում են ավագանու ընտրությունների հետ կապված հարցերը: Այս ընթացքում ՔՊ-ականների համար օրակարգային է նաեւ ՔՊ նախընտրական շտաբի ղեկավարի՝ Արմեն Փամբուխչյանի տեղակալների հարցը, բայց այդ մասով դեռ վերջնական որոշում չունեն: Բացի սա, այս ընթացքում վերանորոգվում է նաեւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակը, որը Սայաթ-Նովա պողոտայից տեղափոխվելու է Հանրապետության փողոց՝ Հանրապետական եւ «Դաշնակցություն» կուսակցությունների հարեւանությամբ: Կարճ ասած, ՔՊ-ն խրոխտ քայլերով գնում է նախկինների ճանապարհով:
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը, որ քաղհասարակությունից է խորհրդարան մտել, իր կարողություններն է մեծացնում: Պատգամավորը հեղափոխությունից հետո՝ 2019 թվականին, բնակարան եւ ավտոկայանատեղի է գնել։ Երկուսն էլ գնվել են նույն օրում՝ մարտի 20-ին, Արաբկիր վարչական շրջանում: Նկատենք, որ մեկ տարվա ընթացքում պատգամավորը վաստակել է 10 մլն դրամից ավելի գումար, որից 90 հազարը «Ժուռնալիստների ասպարեզ» ակումբից է ստացել, 24 հազարը՝ «Կանանց իրավունքների տուն» կազմակերպությունից, իսկ մնացածն էլ նրա աշխատավարձն է։ Թե ինչի դիմաց է դրամաշնորհներով աշխատող այդ կազմակերպություններից գումար ստացել Տիգրանյանը, հայտարարագրում չի երեւում: «Թրանսփերփնսի ինտթերնեշնլ» հակակոռուպցիոն կազմակերպության նախկին աշխատակիցը շատ բաներ փակել է հայտարարագրում: Բանն այն է, որ, «Պատգամավորի երաշխիքների մասին» ՀՀ օրենքի համաձայն, պատգամավորը կարող է միայն գիտամանկավարժական գործունեություն ծավալել: Թե այս ՀԿ-ները ինչ կապ ունեն գիտամանկավարժության հետ, ինչի դիմաց են վճարել Տիգրանյանին, դա էլ չի երեւում հայտարարագրում: Կարծում ենք՝ այստեղ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն անելիք ունի: Հավելենք, որ ՔՊ-ական պատգամավորը նաեւ վարկ ունի, որը հիփոթեք է՝ բնակարան ձեռք բերելու համար։ Հիփոթեքի գումարը տարվա վերջում կազմել է 22 մլն 212 հազար դրամ, սակայն վարկի մարման ծախսերի վերաբերյալ նախկինում թափանցիկության մասին զեկույցներ ներկայացնող Տիգրանյանի հայտարարագրում տեղեկություններ չկան՝ որքան է մարել, ինչ միջոցներից:
Երեկ Հակակոռուպցիոն դատարանում քննարկվում էր ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի միջնորդությունը՝ ԱԺ քննիչ հանձնաժողով ներկայանալու մասին: «Ժողովուրդ» օրաթերթին այդ դռնփակ նիստից մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, պարզեցինք, որ միջնորդությունը անձամբ դատարանում ներկայացրել է ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանը եւ պահանջել, որ իրեն առանց ձեռնաշղթաների կամ ԱԱԾ ուղեկցող խմբի դատարանը թույլ տա ԱԱԾ մեկուսարանից դուրս գալ եւ գնալ Ազգային ժողով, ինչը սովորաբար կիրառվում է կարճատեւ այցերի ժամանակ։ Դատավոր Վահե Դոլմազյանը նմանօրինակ դեպքերի համար ասել է, թե կալանավորին ԱԺ քննիչ հանձնաժողով ինչ կարգով պետք է թույլ տալ ներկայանալու. համապատասխան ընթացակարգ չկա: Բայց, չնայած դրան, այսօր Հակակոռուպցիոն դատարանը կհրապարակի նախկին նախարարին ԱԺ մտնելու թույլտվություն շնորհելու մասին որոշումը։ Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր՝ Հակակոռուպցիոն դատարանը, ամենայն հավանականությամբ, թույլ կտա ՀՀ նախկին ՊՆ Դավիթ Տոնոյանին ԱԱԾ մեկուսարանից գնալ ԱԺ քննիչ հանձնաժողով եւ իր տեսածն ու լսածը հայտնել քննիչ հանձնաժողովին։ Բանն այն է, որ քաղաքական իշխանությունները բացատրել են դատարանին, որ քննիչ հանձնաժողովում քննվում է պետության համար կարեւորագույն հարց, ու թեեւ նախադեպ չկա, ամեն դեպքում, Դավիթ Տոնոյանի ցանկացած խոսքը կարող է լինել նոր քննության առարկա, եւ նրա ներկայանալը հանձնաժողով խիստ անհրաժեշտ է։