ԴԻՄՈՒՄ՝ ՄԱԿ-Ի ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 24-ին քաղաքացիական հասարակության մի խումբ կազմակերպություններ կոչով դիմել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտեռեշին՝ պահանջելով  շտապ քայլեր ձեռնարկել՝ Լեռնային Ղարաբաղում Լաչինի միջանցքի ամբողջական շրջափակման արդյունքում մարդու իրավունքների շուրջ ստեղծված արտակարգ իրավիճակով պայմանավորված։

 

Հակամարտության կայուն եւ խաղաղ կարգավորման գործում տարբեր միջազգային դերակատարների օժանդակությամբ ընթացող քաղաքական բանակցությունների կարեւորությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ անթերագնահատելի է։ Այնուամենայնիվ, Լեռնային Ղարաբաղում ապրող ժողովրդի համար սովից եւ հումանիտար աղետից մահանալու անմիջական սպառնալիքը իրավիճակը դարձնում է սարսափելի։ Հետեւաբար հրատապ է այս մարդասիրական աղետը կանխելու համար միջազգային արագ եւ վճռական արձագանքը։

215 օրից ավելի պաշարման մեջ գտնվող Լեռնային Ղարաբաղի տեղաբնիկ հայերի իրավունքները համակարգված խախտվում են, որպեսզի ստեղծվեն անտանելի պայմաններ, ու Ադրբեջանի կողմից ակնհայտ էթնիկ զտումների դրդապատճառներով դուրս մղեն իրենց այդ տարածքից։ Մեկը մյուսով պայմանավորված՝ խախտումների հետեւանքներն ուժգնանում են եւ ներառում են ներքոնշյալները.

գ մարդկանց եւ տրասպորտային միջոցների տեղաշարժի ազատությունը, որը բացառությամբ քչաթիվ արտակարգ դեպքերի, ամբողջությամբ արգելված է Լեռնային Ղարաբաղից եւ դեպի Լեռնային Ղարաբաղ, այդ թվում նաեւ խաթարել է հանրային տրանսորտի եւ մասնավոր փոխադրամիջոնցերի տեղաշարժը վառելիքի պակասի պատճառով:

գ Սննդի եւ ջրի հասանելիությունը, քանի որ գյուղացիները չեն կարողանում մշակել իրենց հողատարածքները եւ կերակրել իրենց անասուններին՝ հաշվի առնելով ադրբեջանցի զինվորականների հաճախակի կրակոցները, որոնք նաեւ վնասում են գյուղտեխնիկան եւ գողանում անասունները։ Սարսանգի ջրամբարը չորանում է եւ ապահովում մարդկանց գոյատեւման համար անհարժեշտ էլեկտրաէներգիան;

գ Բնապահպանական իրավունքները, որոնք պայմանավորված են դեգրադացվող Սարսանգի ջրամբարից շրջակայքի  ուտելի բույսերի, ձկնային ռեսուրսների եւ ոռոգելի հողերի կախվածությամբ:

գ Ֆիզիկական առողջության իրավունքը՝ հաշվի առնելով թերսնումը, դեղորայքի, հիգիենայի պարագաների, հագուստի եւ բժշկական ծառայությունների հասանելիության պակասը՝ պայմանավորված այս շրջանում ավելի քան 1400 ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդների անհետաձգելի վիրահատության չեղարկմամբ եւ ԿԽՄԿ-ի կողմից պատշաճ բուժօգնություն ստանալու նպատակով միայն մի քանի հիվանդի Հայաստան տեղափոխմամբ, բարձր սթրեսի ու շրջափակման պայմաններում հավասարակշռված սննդակարգի հնարավորությունից զրկված հղի կանանց շրջանում վաղ հղիության փուլում միայն անցած ամսվա ընթացքում գրանցված եռապակտված վիժումների թիվը:

գ Տնտեսական եւ սոցիալական իրավունքները՝ անհրաժեշտ ապրանքների ներկրման անհնարինությամբ, էլեկտրաէներգիայի եւ գազի սակավությամբ պայմանավորված, 860 տնտեսվարող սուբյեկտների գործունեության դադարեցմամբ եւ դրա արդյունքում շուրջ 11000 մարդու գործազրկությամբ ու եկամտի կորուստով, ինչպես նաեւ գյուղացիների կողմից հավաքված բերքը քաղաք տեղափոխելու անկարողությամբ:

գ Հոգեկան առողջության իրավունքը՝ Ադրբեջանի ղեկավարության մշտական ռազմատենչ սպառնալիքների զուգակցումը շրջափակման եւ սովամահության միջոցով մարդկանց կամքը կոտրելու փորձով, աշխատանքի հնարավորությունների բացակայությամբ, տնտեսական եւ սոցիալական անգործությամբ, անապահով եւ անորոշ վիճակով, ինչպես նաեւ պահվող եւ շարունակաբար խոշտանգվող 35 գերիների, այդ թվում՝ քաղաքացիական անձանց միջոցով ադրբեջանական զինուժի կողմից հայերի նկատմամբ գործադրվող ահաբեկչությամբ պայմանավորված։

Վերոնշյալները Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության կենցաղը խաթարելուն, կյանքի անտանելի պայմաններից դրդված հայրենիքը լքելուն հակող Ադրբեջանի ռազմավարության մասն են կազմում, որն ի վերջո էթնիկ զտումների վարվող քաղաքականություն է։

Նկատի ունենալով նման աղետները կանխելու ՄԱԿ-ի ավելի համընդգրկուն մանդատն ու պատասխանատվությունը՝ կազմակերպությունները շտապ քայլեր ձեռնարկելու կոչ են անում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին։

Կազմակերպությունները հորդորում են՝

 

գ կոչով դիմել Ադրբեջանին արդյունավետ եւ տեսանելի քայլեր ձեռնարկել՝ ապահովելու համար Արդարադատության միջազգային դատարանի կողմից 2022 թվականի դեմտեբերի եւ 2023 թվականի փետրվարի որոշումների անհապաղ կատարումը,

գ դիտարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գծով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչի նշանակման հարցը՝ հաշվի առնելով հումանիտար աղետը:

 

 

 

ՊՆ-Ի ԳՆՈՒՄՆԵՐԸ

«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը 2023 թվականի հուլիսի 7-ին  կնքված պայմանագիրով գնել է 450 հատ ձեռնաշղթա՝ 6 մլն 750 հազար դրամ արժողությամբ:

«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ ՊՆ-ից տեղեկացավ, որ այս գնումները  «Ռազմական ոստիկանության եւ պարետային ծառայության կարիքների համար» է:

ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ      

 

 

 

ՀԱՆԴԻՊՈՒՄ՝ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԵՏ

Իտալիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը «Լեւոնյան» վարժարանում հանդիպել է Հռոմի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ:

Հանդիպման ընթացքում  Խաչատուրյանն անդրադարձել է Հայաստանի ներքին ու արտաքին ընդհանուր իրադրությանը, տարածաշրջանային հիմնախնդիրներին եւ դրանց լուծման ուղղությամբ հայաստանյան իշխանությունների որդեգրած սկզբունքներին:

Նախագահն ընդգծել է, որ ներկայումս Հայաստանն ունի հստակ դիրքորոշում մեր տարածաշրջանում խաղաղության հասնելու եւ հարեւանների հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու հարցերի շուրջ:

Հանրապետության նախագահը նաեւ անդրադարձել է վերջին տարիներին երկրի ներքին կյանքի տարբեր ոլորտներում, մասնավորապես՝ տնտեսական կյանքում իրականացվող բարեփոխումներին: Վահագն Խաչատուրյանը շեշտել է, որ ներկայիս կառավարությունը առաջնորդվում է հայաստանյան տնտեսական միջավայրը ներդրումների համար առավել ճկուն ու գրավիչ դարձնելու սկզբունքներով եւ այս նպատակի համար անհրաժեշտ քայլեր է իրականացնում:

Համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման շրջանակներում հանրապետության նախագահը Երախտագիտության մեդալով է պարգեւատրել Լետիցիա Լեոնարդիին եւ Թալալ Խրաիսին՝ Հայաստանին եւ հայ ժողովրդին մատուցած ծառայությունների համար:

 

 

 

ՓԼՈՒԶՎԱԾ ԿԱՄՈՒՐՋԸ ԿՎԵՐԱՆՈՐՈԳՎԻ

Նոր կամուրջ է կառուցվում Մ3 միջպետական ճանապարհին՝ Լուսագյուղի տարածքում: Նախկինը փլուզվել էր գերբեռնված մեքենաների պատճառով, նորոգման ենթակա չէր: Այս կամուրջը 15 գյուղերի բնակիչների միակ ճանապարհն է:

Կառավարությունից «Ժողովուրդ» օրաթերթին հայտնում են, որ 133 միլիոն դրամ է կառավարությունը հատկացրել շինարարության համար:

 

 

 

ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ

2022 թվականի դեկտեմբերի 12-ից Արցախի Հանրապետության հանդեպ Ադրբեջանն իրականացնում է նոր հանցագործություն՝ շրջափակելով Արցախը: Վերջին մեկ ամսում նույնիսկ հումանիտար բեռների փոխադրման ամբողջական արգելքը, գազամատակարարման ու էլեկտրամատակարարման շարունակական խափանումները, պարբերական ռազմական ագրեսիաներն ու սադրանքները, հոգեբանական ահաբեկչությունը նպատակ ունեն ճնշել եւ կոտրել Արցախի ժողովրդի ազատ կամքն ու ինքնորոշման իրավունքը, բռնի կերպով հպատակեցնել նրան եւ, ի վերջո, հանգեցնել էթնիկ զտման: Այս մասին հայտարարություն է տարածել «Արցախ» ՀԿ-ն:

Հայտարարությունում նաեւ ասվում է. «Հարկ ենք համարում նշել, որ Արցախի Հանրապետության ներկայիս իրավաքաղաքական կարգավիճակը ձեւավորվել է համաժողովրդական կամքի արտահայտությամբ՝ երեք հանրաքվեների, դրանց արդյունքում ընդունված Սահմանադրությամբ եւ պետական իշխանությունների կայացման ճանապարհով։ Արցախի պետականությունը եւ պատմական հայրենիքում ազատ ու անկախ ապրելու արցախցիների իրավունքը բացարձակ արժեքներ են, որոնցից անգամ պատերազմի սպառնալիքը չի կարող արցախցիներին հետ պահել:

Պահանջում ենք Հայաստանի Հանրապետության իշխանություններից հրաժարվել աղետալի դիրքորոշումից եւ առաջնորդվել բացառապես նշված արժեքներով: Ոչ մի իշխանություն իրավունք չունի  «խաղաղության» իմիտացիայով Արցախի համար անընդունելի կարգավիճակի, ինչպես նաեւ միջազգայնորեն ճանաչված ինքնորոշման իրավունքի բանակցային սկզբունքի նշաձողն իջեցնել: ՀՀ իշխանությունները պարտավոր են առաջնորդվել Անկախության հռչակագրով, ՀՀ Սահմանադրությամբ եւ ՀՀ գերագույն խորհրդի՝ 1992թ. հուլիսի 8-ի որոշումով:

Հարգելի՛ հայրենակիցներ, Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման եւ Արցախի Հանրապետության կայացման սուրբ գործի համար կոչով դիմում ենք Ձեզ՝ միացե՛ք «Հայաքվե» նախաձեռնությանը, դարձե՛ք նրա շարժիչ ուժը, ակտիվ մասնակցե՛ք եւ մասնակից դարձրե՛ք ստորագրահավաքին Ձեր շրջապատի հայրենասեր մարդկանց, քանի որ այն համահայկական նախագիծ է՝ առանց որեւէ սահմանափակման կամ կուսակցական պատկանելության։

 

 




Լրահոս