Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը 2022 թվականին երկու հողամաս է վաճառել։ Հետաքրքիր է, որ օգոստոսի 15-ին կատարված գործարքի վերաբերյալ տվյալներում օտարված գույքերից մեկի դիմաց գրված է 155 դրամ, մյուսինը՝ 2,28 դրամ։ Թե ինչ են նշանակում այս թվերը, կարելի է ենթադրել. կեղծ գործարք: Իսկ, ահա, տարեվերջին Սերգեյ Բագրատյանի միակ անշարժ գույքը եղել է Երեւանի կենտրոնում գտնվող համատեղ սեփականությամբ բնակարանը, որը նա ձեռք էր բերել դեռ 2009 թվականին։ Սերգեյ Բագրատյանը մեքենա չունի՝ ըստ փաստաթղթերի, հայտարարագրում միայն նշված է «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի մասին։ Խոսքը հայտարարատուի կողմից տվյալ տարվա ընթացքում 90 օրից ավելի փաստացի տիրապետվող տրանսպորտի միջոց կամ հայտարարատուի անունից, օգտին կամ հաշվին ձեռք բերված, երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող տրանսպորտի միջոցի մասին է, որից փաստացի օգուտ է ստանում կամ այն տնօրինում է հայտարարատուն։ Պատգամավորի բանկային հաշիվներին տարվա վերջում 2 մլն 687 հազար դրամ է եղել, իսկ կանխիկ դրամի մասին տեղեկություններ առհասարակ առկա չեն։ Մեկ տարվա ընթացքում պատգամավորի եկամուտը կազմել է 8 մլն 445 հազար դրամ, որից 8 մլն 316 հազարը նրա պատգամավորական աշխատավարձն է, 42 հազար դրամը նա ստացել է Ավետիք Մկրտչյանի անվան տնտեսաիրավագիտական համալսարանից եւ եւս 86 հազար դրամ էլ նա ստացել է «ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոն» հիմնարկից։ Պատգամավորի ծախսերի մասին տեղեկություններ առհասարակ հայտարարագրում առկա չեն։ Ինչ է ծախսել, ինչպես է ապրել՝ չի երեւում: Նշվում է, որ Սերգեյ Բագրատյանը 2002 թվականից հանդիսանում է «Սերգեյ Գրուպ» ՍՊԸ-ի 100 տոկոս բաժնետեր եւ 1,98 տոկոս բաժնեմաս ունի «ԲիէսԲի» ՍՊԸ-ից։ Սերգեյ Բագրատյանը հայաստանյան քաղաքական դաշտում եզակի գործիչներից է, որ «ղազագիր» էր գրել… Հիշեցնենք, որ համացանցում հայտնվել էր օպերատիվ նկարահանումից բացառիկ փաստաթղթերի կադրեր, որտեղ ԲՀԿ-կան պատգամավորները, երդում ու հայհոյանք ուտելով, իրենց պատրաստակամությունն են հայտնել Ծառուկյանին աջակցելու։
«Ես՝ Սերգեյ Բագրատյանս, առաջադրվելով ԲՀԿ ռեյտինգային ցուցակով, պարտավորվում եմ ապահովել 7000 ձայն իմ անունով։
Այս պայմանավորվածությունից հրաժարավողը անբարոյականի զավակ է»։ Նա, սակայն, նետվեց Փաշինյանի գիրկը։
Հուլիսի 25-ին տեղի էր ունեցել ՔՊ վարչության նիստ՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: «Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել ՔՊ փակ նիստից: Նախ՝ տեղեկացանք, որ նիստը 2 ժամից ավելի է տեւել ու բավականին թեժ է անցել՝ կապված հատկապես ավագանու ընտրությունների հետ: Բանն այն է, որ ՔՊ-ականներին դեռ չի հաջողվում վերջնական որոշում կայացնել Արմեն Փամբուխչյանի տեղակալների հարցով. տարբեր անուններ շրջանառվում են, բայց դեռ հստակ որոշում չունեն։ Ինչպես մեր աղբյուրներն ասացին, այս հարցում վերջնական խոսքն Ավինյանինն է: ՔՊ վարչության նիստին, որքան էլ տարօրինակ է, որեւէ անդրադարձ չի եղել Արցախում ստեղծված աղետալի իրավիճակին, անվտանգային հարցերին եւս անդրադարձ չի եղել, քննարկվել են բացառապես ներկուսակցական հարցեր՝ կուսակցության անդամակցության եւ ավագանու ընտրությունների հետ կապված: Հիշեցնենք, որ ՔՊ կուսակցականները 3000 հոգի են՝ ըստ ԿԸՀ կայքի: ՔՊ-ին չի հաջողվում այդ թիվը մեծացնել:
Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությունը 2023 թվականի հունվարից հունիս ամիսները ընկած ժամանակահատվածում «Սեւան» ազգային պարկ ՊՈԱԿ-ին որպես դրամաշնորհ փոխանցել է 359 մլն 191 հազար դրամ: Նախորդ տարի՝ 2022 թվականին, դրամաշնորհային ծրագրով «Սեւան» ազգային պարկ ՊՈԱԿ-ին նույն ծրագրով փոխանցել են 565 մլն 390 հազար դրամ: Կառավարության որոշումներով նման միլիոններ ուղղում են ազգային պարկերին, որոնց արդյունավետությունը նկատելի չէ: Օրեր առաջ ArmLur.am-ը անդրադարձել էր «Սեւան» ազգային պարկի տարածքում ծառերի վիճակին. դրանք պատված էին թրթուռներով եւ վարակված էին, ծառերը կանգնած են ոչնչացման վտանգի առաջ: Այդ իրավիճակում անհասկանալի է, թե ինչի համար են բյուջեից անարդյունք մսխվող ծախսերը, որոնք իրենց նպատակին չեն ծառայում: Իսկ ««Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ին Շրջակա միջավայրի նախարարությունը վերջին երկու տարվա ընթացքում փոխանցել է 330 մլն 892 հազար դրամ է հատկացրել անվերադարձ: Թվում էր, թե այսպիսի գումարներից հետո բարեկարգ վիճակի ականատես պետք է լինենք, բայց փոխարենը հաճախ ազգային պարկում ականատես ենք լինում կերուխումից հետո թողած թափոնների, նշված տարածքում հանգստյան գոտիների կառուցման, ծառահատումների: Այսինքն՝ նախարարությունը կարեւորն անկարեւորից չի տարանջատում, եւ գումարները, որ պետք է ծառայեն՝ ի նպաստ բնության, հօդս են ցնդում:
Վերջին օրերին ակնհայտ է, որ Երեւանի քաղաքային իշխանությունները չեն կարողանում կառավարել աղբահանության հարցը եւ գրեթե ամենուր նկատվում են աղբի կուտակումներ: Քաղաքապետարանի մեր աղբյուրները պատճառաբանում են, որ իրավիճակի «մեղավորը» դեռեւս 2019թ-ին ձեռք բերված «Կամազ» մակնիշի ավտոմեքենաներն են, որոնց տվյալ մոդիֆիկացիան մեր պայմաններին հարմար չէ: Ըստ նույն աղբյուրի՝ մեքենաների անհամապատասխանության մասին դեռեւս այն ժամանակ զգուշացնում էին Հայկ Մարությանի թիմին, որտեղ, սակայն, հավաքված էին հիմնականում քաղաքային տնտեսության առանձնահատկություններից անտեղյակ մարդիկ: Փողոցում աղբահանությամբ զբաղվող աշխատակիցներից մեկը մեզ կես կատակ, կես լուրջ ասաց, որ լավ է՝ էս ավտոները գոնե 2 տարի աշխատեցին, դրա հույսն էլ չկար, որովհետեւ հենց նոր բերեցին, «արդեն մեջները չաշխատողներ կային»: Ի դեպ, ըստ որոշ տեղեկությունների՝ տեխնիկայի ձեռք բերման նպատակահարմարության մասով, հնարավոր է, գործն ուղարկվի իրավապահ մարմիններին: Հիշեցնենք, որ Հայկ Մարությանի ժամանակ ձեռք բերված այս մեքենաների մասով մամուլում եւ սոցցանցերում եղան բազմաթիվ հրապարակումներ, մի մասն, ըստ էության, հաղորդում էր հանցագործության մասին, մասնավորապես՝ Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը նշում էր, որ 60 մլն դրամ անհետացել է ՌԴ-ից 5 հատ «Կամազ» մակնիշի ավտոմեքենաներ գնելու գործարքի հետեւանքով: