Հայաստանցի մի քանի տասնյակ գիտնականներ եւ հետազոտողներ Արցախում տիրող իրավիճակի վերաբերկալ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ ՀՀ կառավարությանն ու Նիկոլ Փաշինյանին ներկայացնելով մի շարք պահանջներ։
Հայտարարության մեջ ասված է.
«Մենք` ներքոստորագրյալներս, մեր անհանգստությունն ենք հայտնում Արցախում ստեղծված օրհասական վիճակի վերաբերյալ՝ դիմելով ՀՀ կառավարությանը։
Ադրբեջանի կողմից ավելի քան 7 ամիս շրջափակման մեջ գտնվող Արցախի ավելի քան 120 000 քաղաքացի սովամահ է լինում։ Ստեղծված իրավիճակը, Ադրբեջանի հայտարարությունները, օգտագործվող գործիքակազմը եւ քայլերը ցույց են տալիս, որ Ադրբեջանի անմարդկային, ահաբեկիչներին հատուկ քաղաքականության վերջնանպատակն արցախահայության էթնիկ զտմանը հասնելն է, նրանց հազարամյակների ընթացքում անփոփոխ բնօրրանից զրկելն է։
Ակնհայտ է, որ խախտված են մարդու տարրական իրավունքները, այդ թվում՝ ազատ տեղաշարժը, առաջին անհրաժեշտության ապրանքների եւ առողջապահական ծառայությունների հասանելիությունը, կրթության հասանելիությունը եւ այլն: Նաեւ ակնհայտ է, որ ստեղծված իրավիճակը չկանխելու դեպքում ականատես ենք լինելու եւս մեկ ցեղասպանության՝ հաշվի առնելով Ադրբեջանի ահաբեկող հայտարարություններն ու ֆիզիկական բռնությունների անհերքելի փաստերը։
Համաձայն 1948 թվականին ընդունված ՄԱԿ Ցեղասպանության հանցագործության կանխարգելման եւ նրա պատժի մասին կոնվենցիայի 2-րդ հոդվածի՝ ցեղասպանություն են համարվում այն գործողությունները, որոնք կատարվում են մի որեւէ ազգային, ցեղային կամ կրոնական խմբի լիակատար կամ մասնակի ոչնչացման մտադրությամբ։ Այնուհետեւ հաջորդ հինգ կետերում թվարկվում են այդ գործողությունները, որոնցից յուրաքանչյուրը համարվում է ցեղասպանության ակտ։ Մասնավորապես, հետեւյալ ցեղասպանական գործողություններն առկա են այսօր Արցախում.
(գ) խմբի համար այնպիսի կենսապայմանների ստեղծումը, որոնց նպատակն է այդ խմբի լիակատար կամ մասնակի ֆիզիկական ոչնչացումը,
(դ) խմբի ներսում ծննդաբերության կանխման միջոցառումները։
Արդարադատության միջազգային դատարանի (ԱՄԴ) 2023 թվականի փետրվարի միջանկյալ որոշումը (վերահաստատված 2023 թվականի հուլիսին) հաստատում է Բերձորի միջանցքը մարդկանց, ապրանքների եւ տրանսպորտային միջոցների ազատ անցման համար բաց պահելու կարեւորությունը։
Սովը, հոգեւոր ու ֆիզիկական ահաբեկումը որպես բանակցային մարտավարություն օգտագործելը չպետք է հանդուրժել։ Եթե ամբողջական շրջափակման ներկայիս իրավիճակը պահպանվի, Ակնայի (Աղդամի) միջոցով սննդամթերք եւ պաշարներ առաջարկելու ակտը կարելի է բնութագրել իբրեւ ահաբեկչության եւ պատանդառության սպառնալիքի տակ պարտադրանք։ Ուստի, Բերձորի միջանցքն այլընտրանք չունի։
Հաշվի առնելով վերոշարադրյալը՝ մենք՝ առաջին հերթին որպես ՀՀ քաղաքացիներ, պահանջում ենք ՀՀ իշխանություններից՝ ի դեմս վարչապետ Նիկոլ Փաշինյանի.
հանձն առնել իր վրա դրված հիմնական պարտավորությունը՝ ցույց տալ եւ ուղղորդել ՀՀ քաղաքացիներին եւ սփյուռքի հայությանը՝ ինչպես իրենց ամենօրյա քայլերով նպաստեն ներկայիս օրհասական վիճակից դուրս գալուն,
անհապաղ մշակել եւ ներկայացնել թիրախային գործողությունների ծրագիր՝ ներգրավելով հասարակության բոլոր հիմնական շերտերը՝ կարճաժամկետ եւ երկարաժամկետ նպատակների իրականացման ճանապարհային քարտեզով,
դիմել բոլոր միջազգային կառույցներին, ներգրավել մասնագետների եւ այլ կարող ուժերի, Հայաստանից եւ Սփյուռքից՝ Արցախ տանող Բերձորի միակ ճանապարհն անհապաղ ապաշրջափակելու համար՝ համաձայն ԱՄԴ վճռի,
միավորել ջանքերը՝ նպաստելով Ադրբեջանի կողմից բոլոր ռազմագերիների եւ այլ կալանավորված անձանց անհապաղ եւ անվերապահ ազատմանը:
Կոչ ենք անում բոլոր գիտնականներին ու հետազոտողներին միանալ այս հայտարարությանը»։
Հայտարարությանը միանում են՝
Հռիփսիմե Մկրտչյան (ֆ.մ.գ.թ.)
Հայկ Զաքարյան (ֆ.մ.գ.թ.)
Գeuորգ Տեփանոսյան (կ.գ.թ.)
Նարինե Հայրապետյան (ասպիրանտ)
Մարիամ Մովսիսյան (գիտաշխատող-ասպիրանտ)
Հասմիկ Խաչատրյան (ք.գ.թ., դոցենտ)
Դավիթ Պիպոյան (սննդագիտ. դոկտոր (շն. Իտալիա)
Մարիամ Գեւորգյան (հետազոտող, ավագ լաբորանտ)
Նոնա Մովսիսյան (գիտաշխատող)
Սուսաննա Գագինյան (գիտաշխատող)
Գեւորգ Նազարյան (գիտաշխատող)
Գայանե Կարապետյան (ասպիրանտ)
Հասմիկ Անդրեասյան (ֆ.մ.գ.թ)
Արմեն Դանիելյան (հետազոտող)
Արփինե Հարությունյան (ք.գ.թ.)
Էլյա Սաֆարյան (հետազոտող)
Միշա Աղամալյան (ֆ.մ.գ.թ.)
Գեւորգ Շահխաթունի (գիտաշխատող)
Սուրեն Մանուկյան (պ.գ.թ., ցեղասպանագետ)
Անի Գրիգորյան (հետազոտող)
Արմինե Պետրոսյան (հետազոտող)
Սոֆյա Գեղամյան (բ.գ.դ.)
Վաչիկ Խաչատրյան(ֆ.մ.գ.թ.)
Արեգ Աշոտի Հունանյան (ֆ.մ.գ.թ.)
Քրիստինե Մարգարյան (բ.գ.թ., ավագ գիտաշխատող)
Մարգարիտա Հովհաննիսյան (կ.գ.թ.)
Կարեն Քեռյան (ֆ.մ.գ.դ)
Ռոբերտ Հակոբյան (ք.գ.թ.)
Արմեն Սարգսյան (կ.գ.թ.)
Օլիմպիա Գեղամյան (ի.գ.թ.)
Զաքարյան Մարիետա (ք.գ.թ.)
Մուշեղ Ռաֆայելյան (ֆ.մ.գ.թ.)
Մաքսիմ Սարգսյան (հետազոտող)
Սուսաննա Գեւորգյան (ասպիրանտ)
Աշոտ Աբրահամյան (տ.գ.թ.)
Ռոքսանա Զախարյան (ֆ.մ.գ.թ.)
Գայանե Ստեփանյան (հետազոտող)
Տիգրանուհի Կարապետյան (հետազոտող)
Սիրաս Հակոբյան (հետազոտող)
Տիգրանուհի Նիկողոսյան (հետազոտող)
Անի Հակոբյան (Արվեստագիտության թեկնածու, գիտաշխատող)
Արսեն Առաքելյան (կ.գ.դ.թ.)
Արփինե Փիլոյան (ֆ.մ.գ.թ.)
Միքայել Մալխասյան (պ.գ.թ., դոց.)
Արամ Բուտավյան (հետազոտող)
Նիկոլայ Ավթանդիլյան (կ.գ.թ.)
Արամ Միքայելյան (ք.գ.թ., դոց.)
Անի Հասրաթյան (ք.գ.թ., դոց.)
Աստղիկ Շահխաթունի (ք.գ.թ.)
ԹԱՔՑՐԵԼ ԵՆ ԻՐԱԿԱՆ ԱՐԺԵՔԸ
ՀՀ ՊԵԿ հետաքննության եւ օպերատիվ-հետախուզության վարչության ոլորտային թիվ 8 բաժնի աշխատակիցներն օպերատիվ տեղեկություններ էին ստացել,
որ Երեւանի Անաստաս Միկոյան փողոցի հասցեներից մեկում բազմաբնակարան շենքերի կառուցապատման գործունեություն իրականացնող ՍՊ ընկերության կողմից բնակարանների գնման իրավունքների պայմանագրերում բնակարանների արժեքները ցածր նշելու, ինչպես նաեւ բնակարանները ֆիզիկական անձանց անվամբ ձեւական գրանցելու եւ հետագայում առավել բարձր արժեքներով այլ անձանց օտարելու միջոցով պայմաններ են ստեղծվում հարկման օբյեկտները թաքցնելու միջոցով առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու համար։
Իրականացվող օպերատիվ հետախուզական միջոցառումների ընթացքում ՍՊ ընկերության վաճառքի գծով փոխտնօրեն Հ.Ս.-ի հետ ենթադրյալ գնորդը ձեռք է բերել պայմանավորվածություն առ այն, որ 110 քմ մակերեսով բնակարանի գնման իրավունքի արժեքը կազմելու է 176.000 ԱՄՆ դոլար, որից 38.000 ԱՄՆ դոլարը պետք է վճարել կանխիկ եղանակով։
Նույն օրը Երեւանի նոտարական գրասենյակներից մեկի մոտ ենթադրյալ գնորդը 38.000 ԱՄՆ դոլարը կանխիկ եղանակով վճարել է բնակարանի գնման իրավունքի ձեւականորեն սեփականատիրոջը` Մ.Ա.-ին, որը գումարը փոխանցել է իր հետ գործարքի կատարման վայր ներկայացած Գ.Ս.-ին, որը հանդիսանում է ՍՊ ընկերության վաճառքի գծով փոխտնօրենի հայրը։
«Հսկիչ գնում» օպերատիվ հետախուզական միջոցառումն իրականացնելուց հետո մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ՍՊ ընկերության առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու նախապատրաստությանն օժանդակելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով՝ նոտարական գրասենյակի մոտակայքից Մ.Ա.-ն եւ Գ.Ս.-ն, իսկ ՍՊ ընկերության գրասենյակից՝ Հ.Ս.-ն օպերատիվ տարբեր խմբերի կողմից անմիջապես ձերբակալվել եւ բերվել են ՊԵԿ ՀՕՀ վարչություն:
ՇԻՆԱՐԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՎԱԾ Է
Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի սահմանամերձ Դովեղ գյուղի դպրոցի շինարարությունն ավելի քան մեկ ամիս դադարեցված է, շինարարները չեն աշխատում, որովհետեւ երկու ամսվա աշխատավարձերը չեն ստացել։ Դպրոցի շինարարությունը պետական բյուջեի ֆինանսավորմամբ իրականացնում է «Կանժինստրոյ» ընկերությունը։ Դպրոցի շինարարությունում աշխատող բանվորները այս տարվա գարնանը, անձրեւային եղանակին մեծ թափով աշխատել են, իսկ հիմա, երբ կայուն արեւային եղանակ է, ավելի քան ամիս ստիպված դադարեցրել են աշխատանքը։ Նրանք, որպեսզի իրենց ընտանիքների հոգսերը լուծեն, ստիպված տարբեր տեղերում աշխատանքի են անցել, որոշակի դժվարություններ են լինելու Դովեղի դպրոցի շինարարությունում նրանց նորից ընդգրկելու համար։ Դովեղի դպրոցի շինարարները կրթօջախի կառուցման մեջ օգտագործած շինանյութերի համար պարտքեր ունեն Նոյեմբերյան համայնքի շինանյութերի խանութներում։ Դովեղի դպրոցի շինարարության աշխղեկ, Նոյեմբերյանի նախկին քաղաքապետ Սերյոժա Ամիրաղյանը մոտ մեկ շաբաթ առաջ մեկնել է Երեւան, կառավարությունում դիմում է գրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ուր ներկայացրել է Դովեղի դպրոցի շինարարությունում առկա խնդիրները, Նիկոլ Փաշինյանին հիշեցրել է, որ այս տարվա ապրիլի 29-ին Տավուշի մարզ կատարած այցի շրջանակներում վարչապետն այցելել է Դովեղի դպրոցի շինհրապարակ, բանվորներին հորդորել է ետ չմնալ շինարարության ժամանակացույցից, հավաստիացրել է, որ դպրոցի շինարարության ֆինանսավորման գործում խնդիրներ չեն առաջանա։ Դովեղի դպրոցի շինարարությունում գոյություն ունեցող խնդիրների մասին տեղյակ են նաեւ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, Տավուշի նախկին մարզպետ, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը։ Դովեղի դպրոցի շինարարության պետական ֆինանսավորման գործում խնդիրները երկուսն են՝ կատարված, նախագծով նախատեսված աշխատանքների դիմաց ֆինանսավորում չի կատարվել, մյուս խնդիրն այն է, որ դպրոցի շինարարության տարածքը ոչ թե 3-րդ կարգի, փափուկ գրանտ է, ինչպես նշված է դպրոցի շինարարության նախագծում, այլ 5-րդ կարգի, ժայռոտ գրունտ, որը քանդելու համար շինարարական տեխնիկա է աշխատել, մեծ ծավալի գործ է կատարվել, որի համար պահանջվում է լրացուցիչ ֆինանսավորում։ Քաղաքաշինության կոմիետեն դպրոցի հիմքի ժայռոտ գրունտում կատարված աշխատանքների մասին պետք է հայտնի կառավարություն, որպեսզի դպրոցի շինարարությունն իրականացնող ընկերությանը լրացուցիչ ֆինանսավորում կատարվի։ Դովեղի դպրոցի շինարարության աշխղեկ Սերյոժա Ամիրաղյանը ակնկալում է, որ առաջիկայում դպրոցի շինարարությունում կատարված աշխատանքների դիմաց պետական բյուջեից իրենց մոտավորապես 13 միլիոն դրամի ֆինանսավորում կարվի։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ