7 անձ մաքսատուրքը չվճարելու հետեւանքով պետությանը պատճառել է շուրջ 268 մլն. ՀՀ դրամի վնաս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ավարտվել է մի շարք քաղաքացիների կողմից տեւական ժամանակ հարկեր եւ մաքսատուրք չվճարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Այս մասին տեղեկանում ենք Քննչական կոմիտեից։

Իրականացված քննչական եւ վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ երեք եղբայրները ստեղծել, կազմակերպել եւ ղեկավարել են հանցավոր մեխանիզմ, որի միջոցով երկար ժամանակ ավելացված արժեքի հարկը եւ մաքսատուրքը չվճարելով, պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 267. 974.520 ՀՀ դրամի չափով վնաս:

Մասնավորապես, հիշյալ երեք եղբայրները եւ ՍՊ 4 ընկերությունների տնօրեններ, Վրաստանի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետության տարածք ոչ հավաստի հայտարարագրման եղանակով հագուստներ ներմուծելու շուրջ ձեռք բերված նախնական պայմանավորվածության համաձայն, առանձնապես խոշոր չափերով ավելացված արժեքի հարկը եւ մաքսատուրքը չվճարելու նպատակով, օրենքով նախատեսված հայտարարագրի մեջ խեղաթյուրված տվյալներ ներառելով, բեռնատար ավտոմեքենաների վարորդների օժանդակությամբ, Վրաստանի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետության տարածք ապօրինի ներմուծել են հագուստներ:

Վերջիններս, բեռնատար ավտոմեքենայի 4 վարորդների օժանդակությամբ, նրանց վարած բեռնատար ավտոմեքենաներով 2022թ. հունիսի 24-ից մինչեւ դեկտեմբերի 16-ը ներառյալ, պարբերաբար Վրաստանի Հանրապետությունից արտահանել են հագուստներ՝ որպես ՀՀ-ում գրանցված ՍՊ ընկերությունների անվամբ մատակարարվող ապրանքներ: Յուրաքանչյուր անգամ Արեւելյան մաքսատուն-վարչության Գոգավան-Պրիվոլնոյե մաքսային կետ-բաժին է մոտեցել միրգ-բանջարեղենով եւ հագուստով բեռնված երկու բեռնատար ավտոմեքենա: Սկզբում ռենտգեն զննության է ենթարկվել միրգ-բանջարեղենով բեռնված ավտոմեքենան, որից հետո դրա վրա փակցվել են հագուստով բեռնված ավտոմեքենայի հաշվառման համարանիշերը, եւ նույն ավտոմեքենան կրկին ենթարկվել է ռենտգեն զննության՝ հագուստով բեռնված ավտոմեքենայի փոխարեն:

Բացի այդ, հիշյալ անձինք մաքսային մարմիններին ներկայացված մաքսային հայտարարագրերում ներառել են կեղծ տվյալներ՝ հագուստները ձեւակերպելով որպես ՍՊ ընկերությունների անվամբ ներմուծվող ձմերուկ, կարտոֆիլ, արքայանարինջ եւ մանդարին: Երեք եղբայրների կողմից փաստացի ղեկավարվել է նաեւ հիշյալ 4 ՍՊ ընկերությունների գործունեությունը:

Նկարագրված եղանակով հանցավոր խումբը Վրաստանի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն ապօրինի ներմուծել է ընդհանուր 437.436.905.52 ՀՀ դրամին համարժեք 1,078,569 ԱՄՆ դոլար մաքսային արժեքով 209.404 կգ հագուստ, որի արդյունքում պետական բյուջե չի վճարվել առանձնապես խոշոր չափերով՝ 154,632.772 ՀՀ դրամի մաքսատուրք եւ 113,341,748 ՀՀ դրամի ավելացված արժեքի հարկ:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա հիշյալ երեք եղբայրներին եւ ՍՊ 4 ընկերությունների տնօրեններին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով: Եղբայրներից երկուսի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, մյուսի նկատմամբ՝ տնային կալանքը: ՍՊ ընկերությունների տնօրեններից 3-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը, մյուսի նկատմամբ՝ վարչական հսկողությունը:

Հիշյալ 7 մեղադրյալների վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է, քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ հաստատելու եւ դատարան ուղարկելու համար:

Պատճառված վնասը վերականգնելու իրավական երաշխիքներ ապահովելու նպատակով, վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ, մեղադրյալների անշարժ եւ շարժական գույքի նկատմամբ արգելանք է կիրառվել:

Բեռնատար ավտոմեքենաների 4 վարորդների մասով նախաքննությունը շարունակվում է: Վերջիններիս նկատմամբ եւս հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-290-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը, եւ հայտարարվել է հետախուզում:




Լրահոս