«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը, Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը, Հանրային լրագրության ակումբը, Իրավունքի զարգացման եւ պաշտպանության հիմնադրամը, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի վանաձորյան գրասենյակը, «Հանուն հավասար իրավունքների» ՀԿ-ն եւ «Խաղաղության երկխոսություն» ՀԿ-ն համատեղ դիմում են ներկայացրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ պետություններին՝ որպես միջազգային խաղաղության եւ անվտանգության հիմնական մանդատակիրների, եւ կոչ են արել հրատապ միջամտություն ցուցաբերել՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի լիակատար շրջափակման հետեւանքով Լեռնային Ղարաբաղում սրվող հումանիտար ճգնաժամի առնչությամբ։
Լաչինի միջանցքը միակ փրկօղակն է, որը կապում է տեղի հայ ժողովրդին Հայաստանի Հանրապետությանը եւ աշխարհին:
Շրջափակումը նպատակ ունի տարածաշրջանի էթնիկ հայերի համար ստեղծել անտանելի կենսապայմաններ եւ դուրս մղել նրանց իրենց տներից։ Վերջին օրերին իրավիճակը Լեռնային Ղարաբաղում ավելի է վատթարացել, բնակիչներն այժմ կանգնած են սովի անմիջական սպառնալիքի առաջ:
Կարեւոր է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ստանձնի պատասխանատվություն պաշտպանելու Լեռնային Ղարաբաղի հայ ժողովրդին էթնիկ զտումներից եւ ցեղասպանությունից, որն իրականում տեղի է ունենում սովի ենթարկելու միջոցով:
Անվտանգության խորհուրդից, մասնավորապես, պահանջվում է՝
գ ընդունել բանաձեւ, որը կդատապարտի շրջափակումը եւ կպահանջի անհապաղ բացել Լաչինի միջանցքը մարդկանց, տրանսպորտային միջոցների եւ բեռների անարգել տեղաշարժի համար՝ համաձայն Արդարադատության միջազգային դատարանի միջանկյալ միջոցի։
գ Անհետաձգելի միջոցներ ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի եւ Լաչինի միջանցքում միջազգային խաղաղապահ մանդատ ներգրավելու համար՝ ապահովելու հայ բնակչության անվտանգությունը 2025 թվականի նոյեմբերից հետո, այսինքն՝ Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի մանդատի ավարտից հետո։
գ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարից պահանջել տարածաշրջան ուղարկել փաստահավաք առաքելություն՝ տեղում իրավիճակը գնահատելու համար, ինչպես նաեւ նշանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գծով գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ՝ տարածաշրջանում երկարաժամկետ ներկայություն ապահովելու համար։
գ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարից պահանջել փաստահավաք առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ՝ տեղում իրավիճակը գնահատելու եւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին համապարփակ զեկույց ներկայացնելու համար, ինչպես նաեւ օգտագործել ՄԱԿ-ի մարդու իրավունքների բոլոր համապատասխան մեխանիզմները, այդ թվում՝ հատուկ խորհրդականների եւ հատուկ զեկուցողների՝ Լեռնային Ղարաբաղում մարդու իրավունքների, մարդասիրական եւ մարդու անվտանգության պայմանների վերաբերյալ անհապաղ հաշվետվություններ պատրաստելու համար:
գ Դատապարտել հայերի նկատմամբ Ադրբեջանի էթնիկ ատելության քաղաքականությունը, որը վտանգի տակ է դնում տարածաշրջանում խաղաղության եւ անվտանգության հաստատմանն ուղղված ցանկացած ջանք։
ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԸ՝ ԿԱՊԱՆՈՒՄ
Ռուսաստանն ակտիվ նախապատրաստական աշխատանքներ է տանում Կապանում գլխավոր հյուպատոսություն բացելու ուղղությամբ։
ՁԸհհին տված հարցազրույցում ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ վարչության տնօրեն Դենիս Գոնչարը հայտնել է, որ ռուսաստանցի դիվանագետներն արդեն հաջորդ ամիս կմեկնեն Սյունիքի մարզ։
«Մենք ակտիվորեն պատրաստվում ենք Սյունիքի մարզի Կապան քաղաքում ՌԴ գլխավոր հյուպատոսության բացմանը՝ լիարժեք ձեւաչափով։ Այս նախաձեռնությունը հավանության է արժանացել մեր ղեկավարների կողմից մայիսի 25-ին՝ Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ: Արդեն սեպտեմբերին ռուս դիվանագետները կայցելեն տարածաշրջան՝ անմիջապես «տեղում» օպերատիվ հարցերով զբաղվելու համար», – նշել է պաշտոնյան։
Գոնչարը հավելել է, որ Ռուսաստանի եւ Հայաստանի քաղաքների միջեւ եղբայրական հարաբերությունների հաստատման հետ կապված բազմաթիվ առաջարկներ կան, եւ աշնանը Հայաստանում պլանավորված է հերթական՝ 10-րդ Միջտարածաշրջանային ֆորումը։
ԵՐԴՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի մասնակցությամբ նախագահական նստավայրում այսօր տեղի է ունեցել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գարիկ Աբելյանի, Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Արսեն Գեղամյանի, Միշա Էլոյանի, Արփինե Շտոյանի, Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անի Կարաքեհյանի, Արարատի եւ Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լիլիթ Մկրտչյանի, Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սերժ Ռուշանյանի, Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Գագիկ Հարությունյանի երդման արարողությունը:
Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է նորանշանակ դատավորներին եւ հաջողություններ մաղթել պատասխանատու աշխատանքում:
ԿԱՅՑԵԼԵՆ ԿՈՌՆԻՁՈՐ
11-րդ օրն է, ինչ ՀՀ կառավարության ուղարկած հումանիտար օգնությունը Կոռնիձորի սահմանային հատվածում է: 21 բեռնատար շարունակում է կանգնած մնալ տեղում:
Կոռնիձորի սահմանային հատված կայցելեն հումանիտար հարցերով եւ երեխաների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական եւ միջազգային կազմակերպություններ, որտեղ կանգնած են բեռնատարները: Խոսքը 15 կազմակերպությունների մասին է: Նրանց կուղեկցի ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարարը:
ՈՒ՞Մ ԵՆ ՔՎԵԱՐԿՈՒՄ
Եթե առաջիկա կիրակի օրը խորհրդարական ընտրություններ լինեին, հարցված քաղաքացիների մեծամասնությունն ընտրությունների չէր գնա։ Այս մասին օգոստոսի 4-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ, հայտնեց «GALLUP International association»-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը։ Նրա խոսքով` քաղաքացիներին հետեւյալ հարցն են տվել. «Ո՞ր կուսակցության կամ դաշինքի օգտին կքվեարկեիք»։ Հարցվածների 13,3 տոկոսը նշել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ Մյուս տոկոսները բաշխվել են տասնյակից ավելի կուսակցությունների ու դաշինքների օգտին։
«Հայաստան» դաշինքին 3,8 տոկոս ձայն է բաժին հասել, «Բարգավաճ Հայաստանին»՝ 1,8 տոկոս, «Պատիվ ունեմ»-ին՝ 1,5 տոկոս, Վարդան Ղուկասյանի («Դոգ») ղեկավարած «Հանրային ձայն» կուսակցությանը` 1,2 տոկոս, նույն արդյունքն է նաեւ «Հանրապետություն» կուսակցության դեպքում։ Հայ հեղափոխական դաշնակցության օգտին քվեարկելու պատրաստակամություն է հայտնել հարցվածների միայն 0,8 տոկոսը, «Քաղաքացու որոշում»-ին՝ 0,5 տոկոս, Հայ ազգային կոնգրեսին եւ «Սասնա ծռեր»-ին՝ 0,4 տոկոս, «Ապրելու երկիր» կուսակցությանը՝ 0,3 տոկոս, «Լուսավոր Հայաստան»-ին՝ 0,2 տոկոս, «5165»-ին` 0,1 տոկոս եւ այլն։
«Փորձել ենք ոչ մեկին չնեղացնել, եւ ստացված թեկուզ նվազագույն ցուցանիշները ներկայացրել ենք։ 36,3 տոկոսը նշել է, որ չի մասնակցի ընտրություններին, դժվարացել է պատասխանել 20,2 տոկոսը»,- նշեց Նավասարդյանը։
Թե ինչպես է ստացվում, որ ստեղծված իրավիճակում կրկին թեպետ նվազագույն, բայց ամենաշատ ձայները «Քաղաքացիական պայմանագիրն» է հավաքել, Նավասարդյանը նշում է` հարցվածների շարքում կան նաեւ պետական ծառայողներ, ոստիկաններ եւ այլն։
«Եկեք չմոռանանք, որ հարցվածների շարքում կան ահռելի մեծ, ուռճացված պետական ապարատի ծառայողները, որոնք, մենք գիտենք, հակված են մշտապես իշխող ուժին ձայն տալ կամ գոնե ասել, որ տալու են: Այստեղ կան ոստիկանական ուժերի, իրավապահ մարմինների ներկայացուցիչներ, որոնք եւս փորձում են ձայնը տալ կամ ասել, որ տալու են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը»,- ասաց Նավասարդյանը։
Նա չի բացառում, որ եթե ՔՊ-ն չունենա իշխանական լծակներ, գրեթե հավասար կամ ավելի պակաս ձայներ կստանա, քան նշված կուսակցությունների մի մասը։
Նրա խոսքով` հաջորդ շաբաթ կամփոփեն նաեւ ավագանու ընտրություններում թեկնածուների վարկանիշները։