«ԼՈՒՅՍ» հիմնադրամն ուսումնասիրել է 2022թ. ՀՀ տնտեսության արտահանման կառուցվածքը, վեր հանել դիտարկվող ժամանակահատվածում արտահանման աճի պատճառ հանդիսացող հիմնական գործոնները, ինչպես նաեւ այդ գործոնների բացակայության պայմաններում ՀՀ-ում տնտեսական աճի հնարավորությունները։
ՀՀ տնտեսության արտահանման կտրուկ աճը հիմնականում պայմանավորված է արտածին գործոնների ազդեցությամբ եւ պարունակում է էական ռիսկեր։
2022թ.-ին ՀՀ տնտեսության արտահանման կազմում որոշ ապրանքախմբերի գծով նշանակալի աճ է արձանագրվել թե՛ արտահանման եւ թե՛ ներմուծման կառուցվածքում։ Արտահանման ծավալների զգալի աճ գրանցած ապրանքների մի մասի արտադրությունը Հայաստանում ընդհանրապես բացակայում է, իսկ որոշների արտադրության ծավալները էապես զիջում են դրանց արտահանման ծավալներին։
Այսպես, 2022թ. արտահանման ընդհանուր ծավալի գրեթե 2/3-ը կազմում է 5 ապրանքախմբերի գծով արտահանումը՝ «մեքենաներ, սարքավորումներ, մեխանիզմներ», «փոխադրամիջոցներ», «թանկարժեք ու ոչ թանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ եւ դրանցից արտադրանք», «պատրաստի սննդամթերք, ալկոլոհալային եւ ոչ ալկոհոլային խմիչքներ, ծխախոտ», «ոչ թանկարժեք մետաղներ եւ արտադրանք»։ Վերլուծությունը ցույց է տվել, որ 2022թ.-ին առկա են մի շարք գործունեության ոլորտներ, որոնցում արտադրված ապրանքների ծավալներն էապես զիջում են արտահանման ծավալներին։ Էական շեղումներ կան «համակարգիչների, էլեկտրոնային եւ օպտիկական սարքավորանքի արտադրություն», «հիմնային մետաղների արտադրություն», «ավտոմեքենաների արտադրություն» եւ այլ ճյուղերում։ Ընդ որում՝ նաեւ 2021թ. տվյալներից կարելի է նկատել, որ արտահանման՝ արդյունաբերության ծավալները գերազանցող մասը հիմնականում չի բացատրվում 2021թ. արտադրության ծավալներով (այսինքն՝ 2022թ? արտահանված ապրանքները չէին կարող արտադրված լինել 2021թ.-ին)։ Հետեւաբար, այդ տարբերությունները կարող են բացատրվել միայն վերարտահանման երեւույթի առկայությամբ։ Եթե հաշվարկենք վերոնշյալ գործունեության տեսակների արտահանման ծավալների աճը, ապա կստացվի շուրջ 1.88 մլրդ ԱՄՆ դոլար այն դեպքում, երբ այդ նույն ոլորտներում արտադրության ծավալների աճը կազմել է շուրջ 587.8 մլն ԱՄՆ դոլար։ Ստացվում է, որ առնվազն դրանց տարբերության չափով` շուրջ 1.3 մլրդ ԱՄՆ դոլարի չափով, տեղի է ունեցել վերարտահանում։
Այս հանգամանքները, ըստ էության, հիմք են տալիս եզրահանգելու, որ 2022թ.-ի արտահանման կազմում զգալի մաս է կազմել վերարտահանումը։ Ընդ որում, վիճակագրական տվյալների վերլուծությունը վկայում է, որ 2022թ.-ին վերարտահանումն առավելապես պայմանավորված է ռուս-ուկրաինական հակամարտության հետեւանքներով, մասնավորապես՝ Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցներով։
2022թ. ՀՀ տնտեսության արտահանման առնվազն 24.8%-ը (շուրջ 1.3 մլրդ ԱՄՆ դոլար) կազմում է վերարտահանումը, առանց որի արտահանման աճի տեմպը ավելի քան 2 անգամ ավելի ցածր կլիներ։ Ավելին, վերարտահանումը էական նպաստում է ունեցել նաեւ տնտեսական աճին՝ ապահովելով 12.6% տնտեսական աճի շուրջ 2.6 տոկոսային կետը։ Ընդ որում՝ 2022թ.-ին կտրուկ աճել է արտահանման առումով առաջատար առեւտրային գործընկեր ՌԴ արտահանման տեսակարար կշիռը ՀՀ-ից դեպի Ռուսաստան արտահանման պահանջարկի ավելացման արդյունքում, ինչը, բնականաբար, հանգեցրել է արտահանման դիվերսիֆիկացիայի նվազման՝ ավելացնելով ՌԴ շուկայից հայաստանյան արտահանողների կախվածության ռիսկերը։ Դեպի ՌԴ արտահանման տեսակարար կշիռը մեկ տարվա ընթացքում աճել է զգալիորեն՝ 17.1 տոկոսային կետով՝ 2022-ի արդյունքներով կազմելով 45.0% (դեպի ՌԴ արտահանման ծավալը 2022-ին, 2021-ի համեմատ, աճել է 186.8%-ով կամ 1,570.3 մլն ԱՄՆ դոլարով)։
Հարկ է նշել, որ վերարտահանումը տնտեսական աճի վրա, բացի ուղղակի ազդեցությունից, ունի նաեւ անուղղակի ազդեցություն (բազմաթիվ տնտեսական սուբյեկտների տնտեսական ակտիվության աճ, վերարտահանման գործընթացներում ընդգրկված տնտեսական սուբյեկտների տնօրինվող եկամուտների աճ, որը հանգեցնում է նրանց սպառման մուլտիպլիկատիվ աճի, այդ գործընթացներում ընդգրկված տնտեսավարողների կողմից ներդրումային ծախսերի աճ, բյուջետային մուտքերի աճ, որը կնպաստի պետական ծախսերի աճին եւ այլն)։ Սույն հետազոտությունում տնտեսական աճի վրա նման անուղղակի ազդեցությունը չի գնահատվել։
ԶՈՎ ԵՂԱՆԱԿ՝ ՕԳՈՍՏՈՍԻՆ
Հայաստանն օգոստոսի 4-ի դրությամբ գտնվում է Սեւ ծովից ներթափանցած ցիկլոնի ազդեցության գոտում։ Դրա հետեւանքով հանրապետության մի շարք շրջաններում առկա են հորդառատ անձրեւներ: ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը նշեց հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ, որ խիստ ինտենսիվ անձրեւներ են գրանցվել Գավառի հատվածում։
«Այս օրերին հյուսիս-արեւմուտքից առկա է նաեւ սառը օդի ներթափանցում մեր երկիր։ Օգոստոսի 3-ի համեմատ՝ օգոստոսի 4-ին օդի ջերմաստիճանը նվազել է 6-10 աստիճանով։ Եթե երեկ Արարատյան դաշտավայրում օդի ջերմաստիճանը հասել է մինչեւ 38 աստիճանի, ապա այսօր Երեւանում, Արարատյան դաշտում օդի ջերմաստիճանը չի գերազանցի 32 աստիճանը։ Զով եղանակային պայմանները կպահպանվեն մինչեւ օգոստոսի 6-ը»,-ասաց Գագիկ Սուրենյանը։
Օգոստոսի 6-8-ն ընկած ժամանակահատվածում օդի ջերմաստիճանը կբարձրանա։ Հանրապետության ամենատաք հատվածներում, ըստ կանխատեսումների, օդի ջերմաստիճանը 38-ից բարձր չի կանխատեսվում։ Գագիկ Սուրենյանը տեղեկացրեց, որ օգոստոսին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում։ Օդի ջերմաստիճանը կանխատեսվում է կլիմայական նորմայից 1 աստիճան բարձր։ Նա ընդգծեց, որ օգոստոսին հանրապետության առանձին շրջաններում կդիտվեն ամպրոպային բնույթի կարճատեւ անձրեւներ։
Անդրադառնալով այս տարվա ամռան ամիսներին գրանցված եղանակին՝ Գագիկ Սուրենյանը նշեց, որ նախորդ տարվա համեմատ՝ բավական զով ու տեղումնառատ է եղել։ Վերջին օրերին հանրապետությունում օդի ջերմաստիճանի բարձրացում է նկատվել. օգոստոսի 2-ին միայն մեկ կետում է 40 աստիճան տաքություն եղել՝ Արարատ-Ուրցաձոր հատվածում, իսկ Վայոց ձորի ցածրադիր հատվածներում գրանցվել է +39։ Այս օրերին հանրապետության տարբեր հատվածներում գրանցվել են տեղումներ, իսկ Լոռիում, Տավուշում եղել են տեղատարափ անձրեւներ, խոշոր տրամաչափի կարկուտ։
ՎՆԱՍՆԵՐ՝ ԿԱՐԿՈՒՏԻՑ
Օգոստոսի 2-ի երեկոյան՝ ժամը 22-ի սահմաններում, շուրջ կես ժամ տեղացած կարկուտը ոչնչացրել է Իջեւան համայնքի Լուսաձոր գյուղի խաղողի, պտղատու այգիների, բանջարանոցների բերքը, ջարդել գյուղացիների տների շիֆերից տանիքներ, ապակե պատուհաններ, վնասել ավտոմեքենաների ծածկեր, լուսաձորցիների արեւային մարտկոցները։ Գյուղի բնակիչներից ոմանք ասում են, որ կարկուտի վնասած տանիքներից անձրեւը տուն է թափանցել, վնասել տան գույքը։ Լուսաձորի վարչական ղեկավար Վարդան Սարդարյանը հայտնեց, որ կարկտի պատճառած վնասները գնահատող հանձնաժողով է ստեղծվելու։ Մայիսի 31-ին կարկուտ է տեղացել Նոյեմբերյան խոշոր համայնքի սահմանամերձ Ոսկեպար գյուղում, նաեւ Իջեւան խոշոր համայնքի Կիրանց եւ Աճարկուտ բնակավայրերում։ Այդ կարկտահարություններից հետո բնական տարերքից տուժած գյուղացիներին պետական աջակցություն կամ փոխհատուցում չի եղել: Տավուշի մարզում ընդհանուր առմամբ գործում է 14 հակակարկտային կայան, որոնք բոլորն էլ տեղակայված են Նոյեմբերյան խոշոր համայնքում։ Մարզի մյուս 3 խոշոր համայնքներում՝ Իջեւանում, Դիլիջանում, Բերդում հակակարկտային կայաններ չկան։ Նիկոլ Փաշինյանի իշխանության 5 տարիներին Տավուշի մարզում ոչ մի հակակարկտային կայան չի ավելացել։
ՄԵՂԱԴՐՈՒՄ Է ՓԱՇԻՆՅԱՆԻՆ
Իջեւանի դենդրոպարկի երկարամյա տնօրեն Մեխակ Սայադյանը հանդես է եկել տեսաուղերձով, որի մեջ դենդրոպարկի ներկայիս ծանր վիճակի համար մեղադրում է իջեւանցի Նիկոլ Փաշինյանին եւ ՔՊ-ական պաշտոնյաներին։ Սայադյանը հայտնել է, որ նախկինում Նիկոլ Փաշինյանն իր ընտանիքի անդամներով կամ ընկերներով հաճախ էր այցելում դենդրոպարկ։ Նա ասել է , որ ամեն ինչ սկսվեց 3 տարի առաջ, երբ շրջակա միջավայրի նախարար նշանակվեց Ռոմանոս Պետրոսյանը։ Այդ ժամանակ Իջեւանի գինու, կոնյակի գործարանն Իջեւանի համայնքապետարանից վարձակալած ջրային հողերում, Աղստեւ գետի հունում ապօրինի շինարարություն իրականացրեց, ավերեց գետի հունը։ Գետից խլված այդ տարածքում Իջեւանի գինու, կոնյակի գործարանը կառուցել է տաղավարներ, եռահարկ մեծ շենք, մեծ երկարությամբ եւ բարձրությամբ պատ։ Իջեւանի գինու, կոնյակի գործարանն այդ տարածքում ապօրինի կենդանաբանական այգի է գործարկել, այնտեղ պահում է ջայլամ, այծյամ եւ այլն։ Աղստեւի հունն ավերելու հետեւանքով գետի մակարդակը իջել է, երկու տարի յոթ ամիս դենդրոպարկը զրկվել էր գետից ինքնահոս եղանակով ջուր ստանալու հնարավորությունից: Դրա հետեւանքով դենդրոպարկում չորացել են 1500 հազվագյուտ, արժեքավոր ծառեր ու թուփ, 24 հազար տնկի։ 2021 թվականին հոկտեմբերին քրեական գործ է հարուցվել, սակայն մինչեւ հիմա փորձագիտական հանձնաժողով չի ստեղծվել, որը կճշտեր, կհաշվարկեր Իջեւանի դենդրոպարկին պատճառված միլիոնավոր դոլարների վնասը։ Մեխակ Սայադյանը հայտարարել է, որ պատրաստ է մինչեւ վերջ պայքարել իր հոր՝ Լյուդվիգ Սայադյանի կողմից 1961 թվականին ստեղծված դենդրոպարկը փրկելու համար։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ