ԲԱՆԱԿԱՅԻՆ ԽԱՂԵՐԸ ՄԵԿՆԱՐԿԵՑԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում տեղի  ունեցավ  ուժային կառույցների միջեւ առաջին անգամ անցկացվող բանակային խաղերի բացման հանդիսավոր արարողությունը։

 

«Ժողովուրդ» օրաթերթի փոխանցմամբ՝ միջոցառմանը ներկա էին ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, ուժային գերատեսչությունների ներկայացուցիչներ ու պաշտոնատար այլ անձինք:

Հաջողություն եւ ազնիվ մրցապայքար մաղթելով խաղերի մասնակիցներին՝ նախարար Ժաննա Անդրեասյանը եւ գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը համոզմունք են հայտնել, որ այս խաղերն առավել կամրապնդեն ուժային կառույցների ներկայացուցիչների մարզական մրցակցության ոգին եւ գործընկերային փոխգործակցությունը, իսկ առաջին անգամ անցկացվող այսօրինակ բանակային մրցաշարը կդառնա ամենամյա եւ ավանդական:

Բանակային խաղերին մասնակցում են ՀՀ պաշտպանության, ներքին գործերի, արդարադատության նախարարությունների, Ազգային անվտանգության ծառայության, Պետական եկամուտների եւ Քննչական կոմիտեների, դատախազության եւ Պետական պահպանության ծառայության հավաքական թիմերը, որոնք շուրջ մեկ շաբաթ կպայքարեն մի քանի մրցաձեւերում:

Բանակային խաղերի բացման արարողությունը եզրափակվեց հավաքական թիմերի hանդիսավոր երթով եւ ՀՀ ԶՈՒ երգի եւ պարի համույթի ելույթով։

Հիշեցնենք՝ բանակային խաղերում ներառված են լինելու հետեւյալ մարզաձեւերը՝ բանակային քառամարտ, որն ընդգրկում է ձգումներ պտտաձողից (կանանց դեպքում՝ իրանի ծալում եւ տարածում), վազք՝ 100 մ եւ 3000 մ (կանանց համար՝ 1000 մ) եւ նռնակի նետում նշանակետին մրցաձեւերը, ռազմականացված կրոսավազք (փոխանցումավազք), որը կիրականացվի թե՛ անհատական, թե՛ թիմային ձեւերով, այս պարագայում արդեն փոխանցումավազքով, ամեն կառույցից՝ 3-ական մասնակից: Մարզաձեւի էությունը վազքն է, այնուհետեւ թիրախի խոցումն ավտոմատով, նորից վազք, ապա նռնակի նետում վարժությունների կատարումը, կողմնորոշում, որն իրականացվելու է որոշակի տեղանքի համար տրվող քարտեզով, տեղանքում առանձնացվելու են ստուգողական կետեր, քարտեզով տրվելու են նաեւ դրանք գտնելու հերթականությունը, եւ էլեկտրոնային կրիչով գրանցվելու է յուրաքանչյուր կետին մոտենալու հանգամանքը: Մասնակիցները, ինչը կարեւոր է, կարող են օգտագործել միայն ոչ էլեկտրոնային կողմնացույց, 3 տարբեր հրաձգության ձեւեր են՝ տարբեր դիրքերով՝ հրաձգություն «ԱԿ 74» ինքնաձիգից, հրաձգություն «ՊՄ» ատրճանակից, հրաձգություն «ԴԴՀ» հրացանից: Հրաձգությունը պետք է կազմակերպվի՝ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի կողմից հաստատված հրաձգության ձեռնարկի համաձայն:

Նշենք նաեւ, որ բանակային խաղերի մրցանակային ֆոնդը 30 միլիոն դրամ է կազմում: Առաջին, երկրորդ, երրորդ տեղերը զբաղեցրած մասնակիցները կպարգեւատրվեն հավաստագրերով, մեդալներով եւ դրամական պարգեւներով, առաջին տեղը գրաված թիմերը՝ գավաթներով: Առաջին տեղի համար նախատեսված է 1 մլն դրամ պարգեւ, 2-րդ տեղի համար՝ 500 հազար դրամ, 3-րդ տեղի համար՝ 300 հազար դրամ: Փոխանցումավազքի մրցանակակիր թիմերը կպարգեւատրվեն համապատասխան գավաթով, իսկ յուրաքանչյուր մասնակից՝ մեդալներով, պատվոգրերով եւ դրամական պարգեւներով: 1-ին տեղի համար յուրաքանչյուր մասնակից կստանա 300 հազար դրամ, 2-րդ տեղի համար՝ 200 հազար դրամ, 3-րդ տեղի համար՝ 150 հազար դրամ:

 

 

 

 

ԴԻՄՈՒՄՆԵՐ՝ ՍՆՆԴԻ ՀԱՄԱՐ

ԼՂ սոցիալական զարգացման եւ միգրացիայի նախարարությունը տեղեկացնում է, որ ս.թ. օգոստոսի 22-ից կվերսկսվի սննդամթերքի տրամադրման համար գրավոր դիմումների ընդունման գործընթացը:

«Հաշվի առնելով նախարարության պահեստներում առկա սննդամթերքի սակավությունը, աշխատակիցների ծանրաբեռնվածությունը, դիմումների մշակման եւ ապրանքների տեսակավորման աշխատատարությունը՝ գերատեսչությունից խնդրում են.

l նախարարություն ներկայանալ՝ նախօրոք ունենալով պատրաստի դիմում,

l դիմումի մեջ լրացնել բոլոր պարտադիր պահանջները ( անուն, ազգանուն, հայրանուն եւ հանրային ծառայությունների համարանիշը (սոցիալական քարտի համարը)),

l դիմումին կցել դիմումատուի անձնագրի եւ հանրային ծառայությունների համարանիշի պատճենը,

l դիմումը հանձնելուց հետո սպասել նախարարության կողմից հեռախոսազանգի,

l յուրաքանչյուր ընտանիքի կողմից ներկայացնել միայն մեկ դիմում՝ նշելով ընտանիքի մյուս անդամների անձնական տվյալները (անուն, ազգանուն, հայրանուն եւ հանրային ծառայությունների համարանիշը),

l դիմում ներկայացնելուց հետո կրկնակի դիմում չներկայացնել,

l դիմում ներկայացնել սննդամթերքի խիստ անհրաժեշտության դեպքում:

Հուսով ենք՝ ըմբռնումով կմոտենաք ստեղծված իրավիճակին»,-ասվում է հաղորդագրության մեջ:

 

 

 

ԵՐԵՎԱՆԸ՝ ԱՄԵՆԱՏԱՐԱԾՎԱԾ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆ

Թավշյա սեզոնի ընթացքում արտերկրում հանգիստը կազմակերպող ռուսաստանցիների շրջանում Երեւանը դարձել է երկրորդ ամենատարածված ուղղությունը։ Այս մասին հաղորդում է թՈջպՑՈ պարբերականը՝ վկայակոչելով OneTwoTrip-ի վերլուծաբանների ուսումնասիրությունը:

Նախընտրելի ուղղությունների շարքում Երեւանը զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը. դեպի Հայաստանի մայրաքաղաք կատարվել է ամրագրումների 4,3 %-ը։ Ըստ ուսումնասիրության արդյունքների՝ Երեւանն այս տարի 34,4 %-ով ավելի պահանջված է դարձել։

Առաջին հորիզոնականում է Ստամբուլը, որին բաժին է ընկնում արտասահմանյան բոլոր ամրագրումների 8,9 %-ը, սակայն տարվա ընթացքում քաղաքի մասնաբաժինը նվազել է 3,3 %-ով։ Եռյակը եզրափակում է Հռոմը (3,5 %), որտեղ հյուրանոցների պահանջարկը, 2022 թվականի համեմատ, աճել է 43,5 %-ով։

Լավագույն տասնյակում են նաեւ Փարիզը (մասնաբաժինը կազմում է 3,1 %, պահանջարկն աճել է 63,2 %-ով), Ռիմինին (2,9 %, պահանջարկն աճել է գրեթե 10 անգամ), Դուբայը (2,5 %, պահանջարկը նվազել է 7,4 %-ով) Անթալիան (2,1%, պահանջարկը նվազել է 36,4%-ով), Բանգկոկը (1,9 %, պահանջարկն ավելացել է 80 %-ով), Բուդապեշտը (1,7%, պահանջարկն աճել է գրեթե 3 անգամ) եւ Միլանը (1,6%, պահանջարկը նվազել է 30,4 %-ով): Անցյալ տարվա թավշյա սեզոնի համեմատ՝ Ռիմինիում կացարանների պահանջարկն ամենաշատն է աճել. իտալական զբոսաշրջային այս քաղաքում ամրագրումների թիվն ավելացել է 9,7 անգամ: Աճել է նաեւ Սեուլի (4,6 անգամ), Աթենքի (2,8 անգամ), Բուդապեշտի (2,3 անգամ) եւ Մադրիդի (2,2 անգամ) հյուրանոցների նկատմամբ հետաքրքրությունը։ Երկու անգամ աճել է ամրագրումների թիվը Աբու Դաբիում, Բաթումիում, Բելգրադում եւ Բաքվում։

 

 

 

 

33 ԱՂԲԱՎԱՅՐ՝ ՏԱՎՈՒՇՈՒՄ

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին տեղեկատվական հարցում եմ ուղարկել՝ նրան հարցնելով, թե Տավուշի մարզում ներկայումս քանի աղբավայր է գործում, դրանցից քանիսն ունի համապատասխան հողահատկացում, քանիսն է համապատասխանում ՀՀ օրենքներով աղբավայրերին ներկայացվող պահանջներին։ Մարզպետարանից ստացված պատասխանում  գրված է. «Մարզի տարածքում գործում է 33 աղբավայր, ինչը տարածքային եւ շահագործման հնարավորությունների տեսանկյունից բավարարում է մարզի բակչության եւ տնտեսավարող սուբյեկտների կողմից առաջացրած կոմունալ-կենցաղային թափոնների, աղբի տեղափոխման եւ աղբավայրում տեղադրման պահանջները: Աղբավայրերի տարածքները համայնքների խոշորացումից առաջ, նախկին 32 համայնքների ավագանիների նիստերի որոշումներով, հատկացված են որպես աղբավայր՝ բացառությամբ Իջեւան համայնքի վարչական տարածքում գտնվող Լուսաձոր-3 աղբավայրի, ինչի տարածքը մասնավոր սեփականություն է եւ վարձակալված է Իջեւանի համայնքապետարանի կողմից: Աղբավայրը սպասարկում է Իջեւան քաղաքի, Ենոքավան, Լուսաձոր եւ Ակնաղբյուր բնակավայրերի կոմունալ-կենցաղային կարիքները: Աղբավայրերը մասամբ են համապատասխանում ՀՀ օրենքներով եւ այլ իրավական ակտերով նախատեսված նորմատիվատեխնիկական պահանջներին: Այդ պահանջներին առավել համապատասխանում է վերջին ժամանակներս Նոյեմբերյան համայնքի Այրում բնակավայրի հարակից տարածքում կառուցված աղբավայրը»:

 

 

 

ՈՉ ՄԻ ՍՊԱՆԴԱՆՈՑ ՉԿԱ

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին տեղեկատվական հարցում եմ ուղարկել՝ հարցնելով, թե մարզի համայնքներում քանի սպանդանոց է գործում։ Մարզպետարանից ստացված պատասխանում նշված է. «Մարզում գործում է 3 սպանդանոց Նոյեմբերյան (ք. Նոյեմբերյան), Բերդ (ք. Բերդ), Իջեւան (Գետահովիտ) համայնքներում։ Դիլիջան համայնքում սպանդանոց չկա, ֆերմերներն օգտվում են Իջեւանի սպանդանոցի ծառայություններից»։ Մարզպետարանի հայտնած տեղեկատվությանը հավելեմ, որ Բերդ համայնքի Նավուր գյուղում սպանդանոցի շինարարությունն ավարտին է մոտենում, սակայն սպանդանոցի սեփականատեր, երկար տարիներ Նավուր համայնքը ղեկավարած Արամ Նիգոյանն ասում է, որ իր  սպանդանոցը կգործի, եթե անասունների մորթն անպայման սպանդանոցներում  կատարելու պահանջի հարցում իշխանությունը հետեւողական լինի։ Տավուշի մարզպետի այն պնդումը, թե Դիլիջանի ֆերմերներն օգտվում են Իջեւանի սպանդանոցից, իրականությանը չի համապատասխանում. անհավատալի է, որ եթե Դիլիջան քաղաքում մի ոչխար, այծ, խոզ կամ կով են մորթում, այդ անասունը բարձում են բեռնատարին, քշում 34 կիլոմետր, հասնում Իջեւանի սպանդանոց, անասունն այնտեղ մորթում եւ վերադառնում Դիլիջան։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ




Լրահոս