Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում պատանդ է պահում 120 հազար մարդու, Ադրբեջանը մարտահրավեր է նետում առաջին հերթին Հայաստանի եւ միջազգային հանրության ջանքերին՝ ուղղված տարածաշրջանում իրական խաղաղության հաստատմանը։ Այս մասին օգոստոսի 22-ին Երեւանում Բելգիայի ԱԳ նախարարի հետ համատեղ ճեպազրույցում ասել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանը միջազգային գործընկերներից ակնկալում է քաղաքական կամք դրսեւորել եւ իրական քայլեր ձեռնարկել՝ փոխելու Ադրբեջանի ռազմատենչ, անմարդկային, ապակառուցողական պահվածքը։
«Մենք շարունակում ենք հայտարարել, որ Բաքվի գործողությունները հիմնված են Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների բաց քաղաքականության վրա։
Ես գործընկերոջս ասացի, որ Ադրբեջանը պարբերաբար խախտում է հրադադարը Լեռնային Ղարաբաղում եւ թիրախավորում է հայկական դիրքերը Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին։ Այս մասին հայտարարել է նաեւ Հայաստանում ԵՄ առաքելությունը։
Ադրբեջանը շարունակում է խախտել 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության բոլոր դրույթները՝ ներառյալ հայ ռազմագերիներին, իր կողմից կալանավորված խաղաղ բնակիչներին վերադարձնելու պարտավորությունը եւ անհայտ կորածների ճակատագիրը պարզելու ջանքերը։
Հայաստանը հավատարիմ է բանակցությունների միջոցով տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հասնելուն»,- հավելեց Միրզոյանը։
Նա ընդգծեց, որ Բելգիայի արտգործնախարարի հետ հանդիպմանը կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղում սրված ճգնաժամը, որը ստեղծվել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի անօրինական շրջափակման արդյունքում եւ շարունակվում է ավելի քան 8 ամիս։
«Մենք քննարկել ենք Լեռնային Ղարաբաղում անդառնալի հետեւանքները։ Անդրադարձանք Բելգիայի եւ ԵՄ այլ երկրների, ինչպես նաեւ միջազգային գործընկերների հասցեական գնահատականներին։ Չնայած դրան, ինչպես նաեւ Արդարադատության միջազգային դատարանի որոշմանը՝ Ադրբեջանը շարունակում է Լաչինի միջանցքի շրջափակումը»,- հավելել է արտգործնախարարը։
Բացի այդ, նրա խոսքով՝ հանդիպմանը նշվել է երկրների միջեւ քաղաքական երկխոսության բարձր մակարդակը, զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ գործընկերության ընդլայնման հեռանկարներին։
Պատրաստակամություն է հայտնվել ակտիվացնել համագործակցությունը տնտեսության, գիտության, կրթության եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտներում։
Միրզոյանը ողջունել է Երեւանում դեսպանություն բացելու՝ Բելգիայի կառավարության որոշումը, որը նոր լիցք կհաղորդի երկու երկրների միջեւ դինամիկ զարգացող հարաբերություններին։
«Մենք կարեւորել ենք համագործակցությունը նաեւ խորհրդարանական մակարդակում՝ հաշվի առնելով Բելգիայի օրենսդիր մարմնի համերաշխությունը մեզ համար կարեւոր հարցերի շուրջ։
Քննարկեցինք նաեւ համագործակցությունը միջազգային մակարդակով, Հայաստան-ԵՄ մակարդակով։ Այստեղ շահերի շրջանակը նույնպես բավականին լայն է՝ սկսած ժողովրդավարական բարեփոխումների աջակցությունից մինչեւ տնտեսական զարգացում, ինչպես նաեւ անվտանգության հարցերի շուրջ երկխոսություն եւ Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեությունը»,- ընդգծել է արտգործնախարարը։
Միրզոյանը շնորհակալություն հայտնեց Բելգիային այս առաքելությանը մասնակցելու համար։
ՀԱՆԴԻՊՈՒՄ՝ ԵՄ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐԻ ՀԵՏ
«Կեղծ ժողովրդավարություն է ՀՀ-ում». Թագուհի Թովմասյանը հանդիպել է Եվրամիության դեսպանի հետ:
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ լիազորություններից ապօրինաբար զրկված նախագահ Թագուհի Թովմասյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Ն. Գ. Անդրեա Վիկտորինի հետ։
«Դեսպանի հետ քննարկեցինք Հայաստանի եւ Արցախի անվտանգային մարտահրավերները: Ներկայացրի Հայաստանում կեղծ ժողովրդավարության իրական պատկերը եւ խորհրդարանական ժողովրդավարության խնդիրները»,- գրել է Թագուհի Թովմասյանը:
ԱԺ պատգամավորը հավելել է. «Իհարկե, տիկին Վիկտորինն ամենատեղեկացվածն է հայաստանյան խնդիրներից, բայց ես կարեւոր եմ համարում հստակ փաստերի ներկայացումը միջազգային մեր բոլոր գործընկերների շրջանում»,- ընդգծել է ընդդիմադիր պատգամավորը:
ԱՐՑԱԽԻՑ՝ ՀԱՅԱՍՏԱՆ
«Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 7 բուժառուներ ուղեկցողների հետ միասին անհետաձգելի մասնագիտացված բժշկական օգնություն ստանալու համար Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ եւ ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Այս մասին հայտնում է Արցախի առողջապահության նախարարությունը։
Նախատեսվում է օրվա ընթացքում ԿԽՄԿ մեքենաներով Արցախ վերադարձնել 7 բուժառուների ուղեկցողների հետ միասին, որոնք ժամանակին պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար։
Ադրբեջանական կողմը շարունակաբար արգելում է Կարմիր խաչի մեքենաներով խիստ անհրաժեշտ դեղորայքի եւ բժշկական պարագանների մատակարարումը Արցախ։
«Արեւիկ» բուժմիավորումում այս պահին ստացիոնար բուժում է ստանում 28 երեխա, 4-ը գտնվում է նորածնային եւ վերակենդանացման բաժանմունքում:
«Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում ստացիոնար բուժում է ստանում 85 հիվանդ, 3 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որից 2-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում։
Ո՞Վ Է ՄԱՄՈՒԼԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական շտաբի մամուլի քարտուղարի պարտականությունները վաղվանից կկատարի Երեւանի քաղաքապետարանի խոսնակ Հայկ Կոստանյանը: Նա մինչ ընտրությունների ավարտը լինելու է արձակուրդում, որպեսզի կատարի ՔՊ շտաբի քարտուղարի պարտականությունները:
Հիշեցնենք, որ մինչ այս ՔՊ շտաբի մամուլի քարտուղարի պարտականությունները կատարում էր Տաթեւ Հակոբյանը:
ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆ
ԴԵՍՊԱՆԸ՝ ՇԻՐԱԿՈՒՄ
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն աշխատակազմի պատասխանատուների հետ այսօր հյուրընկալեց ճանաչողական այցով Գյումրիում գտնվող ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին։
Շիրակի մարզպետը շնորհավորեց դեսպանին պատասխանատու պաշտոնում նշանակվելու առթիվ՝ մաղթելով հաջողություններ նախաձեռնություններում. «Ուրախ եմ Ձեզ հյուրընկալելու Շիրակի մարզում։ Գիտեմ, որ առաջին անգամ եք Գյումրիում, վստահ եմ՝ մեր մարզն ու քաղաքը կհավանեք»։
Մարզպետը դեսպանին ներկայացրել է Շիրակի մարզն ու մարզի հնարավորությունները, ներուժն ու անդրադարձել հիմնախնդիրներին ու առաջիկա անելիքներին. «Լինելով արդյունաբերական լուրջ կենտրոն՝ երկրաշարժից հետո Շիրակը կորցրեց երբեմնի հզորություններն ու տասնամյակներ շարունակ վերականգնման ու կառուցման ճանապարհով անցավ, բազմաթիվ ծրագրեր են իրականացվել, սակայն դեռ անելիքներ ունենք։ Որքան էլ դժվար ճանապարհ է անցել մեր մարզը, պահպանել է իր առանձնահատուկ ոգին, ունի մեծ պոտենցիալ ինչպես զբոսաշրջության եւ մշակույթի զարգացման, այնպես էլ տարբեր բնագավառներում զարգացման նոր ուղի բռնելու համար։ Լիահույս եմ, որ հայ-ֆրանսիական միջմարզային հարաբերություններն այսուհետ էլ կշարունակեն դինամիկ զարգանալ, իսկ մենք կկարողանանք համատեղ ջանքերով դրանց սերտացմանը նպաստել։ Շիրակի մարզն ու համայնքներն արդեն ունեն համագործակցության փորձ Ֆրանսիայի տարբեր շրջանների հետ, վստահ եմ՝ համատեղ ջանքերով այդ գործակցությանը նոր շունչ ու թափ կհաղորդենք»։
Դեսպանը շնորհակալություն հայտնեց մարզպետին ջերմ ու անմիջական ընդունելության համար՝ նշելով, որ, որպես դեսպան, ջանք չի խնայելու ապակենտրոնացված համագործակցության ամրապնդման համար. «Պարո՛ն մարզպետ, ուրախ եմ Ձեզ հետ հանդիպելու եւ Ձեր անմիջականության համար շնորհակալ եմ։ Դուք ճիշտ եք՝ Շիրակի մարզի հետ Ֆրանսիայի տարբեր շրջաններ ու քաղաքներ արդեն բարեկամություն են հաստատել, ես իմ կողմից վստահեցնում եմ, որ ամեն ինչ անելու եմ մեր հագործակցությունը նոր հարթություն տեղափոխելու, նոր ուղղություններով զարգացնելու համար, խոսքս թե՛ տնտեսական, թե՛ մշակութային համագործակցությանն է առնչվում»։
Հանդիպման ժամանակ անդրադարձ կատարվեց նաեւ տնտեսական, մշակութային, առողջապահական, կրթական բնագավառներում համագործակցությանն ու համայնքների միջեւ ապակենտրոնացված գործակցության նոր հեռանկարներին։
Հանդիպման ավարտին մարզպետը հուշանվեր փոխանցեց դեսպանին՝ վստահություն հայտնելով որ հանդիպումները կկրեն պարբերական բնույթ, որոնց արդյունքում կնախանշվեն ու կիրականացվեն նոր ծրագրեր։